«Որոշումը Մենք Ենք Կայացրել Ելնելով Մեր Պետական Շահերից»

0906conference

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ

 

Վարեց՝ ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ

 

0906conferenceԱՐՄԻԵՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Հաշուի առնելով աշխարհաքաղաքական օրէցօր լարուող իրադրութիւնը, ժամանակը չէ՞, որ Հայաստանը նոր շեշտադրումներ հաղորդի իր արտաքին քաղաքականութեանը. ՀՅԴի հրաւիրած ներկայացուցչական խորհրդաժողովը՝ «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարութիւնն ու մեր անելիքները» կարգախօսով, պայմանաւորուած էր ա՞յս անհրաժեշտութեամբ:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ձեր հարցում տեղ գտած շեշտադրումներն, անշուշտ, գոյութիւն ունեն: Նախ՝ Ադրբեջանի որդեգրած մարտավարութիւնը դժուարին վիճակ է ստեղծել մեզ համար՝ սահմանային բախումներ, զոհեր, ինչը չի կարող չանհանգստացնել: Հետեւաբար, մենք ոչ միայն հակազդողի դերում պէտք է լինենք, այլեւ իրականացնենք նախաձեռնողական քաղաքականութիւն, ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի նախաձեռնութիւնը մեր ձեռքը վերցնենք, եւ դա պէտք է լինի տարբեր բնագաւառներում:

Մենք մեր հերթին պէտք է փորձենք Ադրբեջանին նեղը գցել: Մեզ համար ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, մենք Արցախեան հիմնահարցի լուծումը տեսնում ենք բանակցային սեղանի շուրջ: Բայց դէ ֆակտօ պատերազմ է տեղի ունենում մեր սահմաններին, ուրեմն եթէ հարկ լինի, պէտք է դիմացինի ագրեսիան (յարձակումը-Խմբ.) կանխելու համար դիմենք նաեւ յարձակողական քայլերի:

Ադրբեջանը, որի նպատակն է ռազմական ճանապարհով լուծել Արցախեան խնդիրը, իր հերթին պէտք է սպասի հայկական կողմից նախայարձակ քայլերին ու գիտակցի, որ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու դէպքում ինքն է վատ վիճակում յայտնուելու՝ կորցնելով նորանոր տարածքներ:

Երկրորդ՝ Արցախեան հարցը շարունակում է մնալ մեր ազգային գերխնդիրը, հետեւաբար հայ քաղաքական միտքը ժամանակ առ ժամանակ պէտք է մղել խնդրի առնչութեամբ նոր գաղափարների, նոր դիրքորոշումների արտայայտման: Իսկ դրան նպաստում է հարցի շուրջ մտքերի փոխանակումը:

Միաժամանակ կար Դաշնակցութեան որոշ դիրքորոշումների ու որոշումների մասին հասարակութեանն իրազեկելու, ինչպէս նաեւ, հասարակական տարբեր շերտերի տեսակէտները լսելու, քննարկելու անհրաժեշտութիւն:

Եւ վերջապէս, Արցախի Հանրապետութեան անկախութեան տարեդարձն է, իսկ Դաշնակցութիւնն ամէն տարի նշում է այն՝ դա նաեւ առիթ ծառայեցնելով սեփական դիքորոշումներն արծարծելու: Խորհրդաժողովը ծառայեց իր նպատակին, նոր մօտեցումներ, նոր շեշտադրումներ հնչեցին: Կարծում եմ, համապատասխան մարմինները պէտք է ուշադրութիւն դարձնեն այս ամէնի վրայ:

 

ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Ապրիլեան պատերազմից յետոյ առաւել քան յստակ դարձաւ, որ «Մադրիդեան սկզբունքներն» այլեւս ժամանակավրէպ փաստաթուղթ է, եւ ուրեմն, ժամանակը չէ՞ առաջ մղել Արցախի որպէս բանակցային կողմ հանդէս գալու անհրաժեշտութիւնը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Իրականում զրոյական վիճակ է՝ բանակցային սեղանին ոչ կոնկրետ փաստաթուղթ կայ, ոչ էլ որեւէ համաձայնութիւն:

Իսկ «Մադրիդեան սկզբունքներ» ասուածը Դաշնակցութեան համար անընդունելի է: Ադրբեջանի հիմնական ռազմավարութիւնն է հարցը ռազմական ճանապարհով լուծելը: Նա բանակցային գործընթացն օգտագործում է իր այդ ռազմավարութիւնը յաջողեցնելու համար: Այսինքն՝ բանակցութիւնները Ադրբեջանի ռազմական քաղաքականութեան մաս են կազմում: Այս առումով, այո, մենք պէտք է կարողանանք վերաթարմացնել, վերանորոգել մեր մօտեցումները:

 

ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Վերաթարմացում ասելով հասկանանք բանակցութիւններին չմասնակցելն ու Մադրիդեան փաստաթղթից հրաժարուելը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Կարծում եմ, չպէտք է դիմել այնպիսի գործողութեան, որը կը նշանակի, թէ մենք դուրս ենք գալիս բանակցութիւններից: Իսկ Մադրիդեան փաստաթղթից հրաժարման տարբեր ձեւեր կան, ամէն դէպքում ինձ համար բանակցութիւններից հրաժարումը չէ այդ ճանապարհը:

Ըստ իս, այսօրուայ գործընթացը մեր օգտին է, որովհետեւ Ադրբեջանն է իր մերժողական կեցուածքով յայտնուել  յիմար վիճակում: Պարզապէս մենք պէտք է շեշտադրումները յստակեցնենք, պէտք է նախ հասնենք նրան, որ իրականանան 2016ին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայմանաւորուածութիւնները միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ներդրման հետ կապուած:

Եթէ անգամ Ադրբեջանը շարունակում է հրաժարուել, հայկական կողմը պէտք է դրանք կիրառի: Դա մեզ հնարաւորութիւն կը տայ ի ցոյց դնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութիւնը, ներազդել միջազգային հանրային կարծիքի վրայ, դրանով իսկ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ:

 

ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Մերօրեայ հարցադրումներն են «ոչ մի թիզ հող», թէ՞ «զիջումներ Արցախի կարգավիճակի դիմաց».Դաշնակցութեան դիրքորոշումը մնո՞ւմ է նոյնը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Իհարկէ, ոչ մի թիզ հող եւ ոչ մի զիջում. սա ինձ համար իմաստ կ՛ունենայ այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ անկախութեան փաստը չի ընդունուել բոլորի կողմից: Իսկ ամէն մի երկիր պէտք է իրաւունք ունենայ իր պատմական տարածքների վրայ իր կենսունակութեան ու անվտանգութեան պայմանները ստեղծել: Այդ կենսունակութեան, անվտանգութեան ու պատմական իրաւունքի սկզբունքների հիման վրայ էլ պէտք է ձեւաւորուեն Արցախի վաղուայ  պետական սահմանները:

Ազատագրուած տարածքները մեր անվտանգութեան երաշխաւորն են: Արցախը պէտք է իր ամբողջ սահմանի երկայնքով Հայաստանի հետ սահման ունենայ, ինչպէս նաեւ սահման ունենայ երրորդ երկրի հետ: Արցախը պէտք է վերականգնի հողային ամբողջականութիւնը, այսինքն՝ պէտք է վերամիանան Շահումեանը, Մարտակերտի դաշտային շրջանը: Սա է մեր պատկերացումը: Բայց խնդրի լուծման հիմքը կամ սկիզբը Արցախի անկախութեան ճանաչումն է բոլորի կողմից:

 

ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Ինչո՞ւ Հայաստանը որոշեց չմասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕի «Agile Spirit 2017» զօրավարժութիւններին:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Դա շատ բնական քայլ է, Հայաստանն անկախ երկիր է, մենք ենք որոշում՝ ինչի՞ն մասնակցել, ինչին՝ ոչ: Այնպէս որ, կարող էինք մասնակցել, կարող էինք նաեւ չմասնակցել: Իսկ չմասնակցութեան պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, կայ պատրաստուածութեան հանգամանքը:

ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Դա Հայաստանի՞ որոշումն էր, թէ կայ, ինչպէս արեւմտամէտ վերլուծաբաններն են ասում, ռուսական կողմի ճնշումը, կամ էլ գուցէ Ադրբեջանի մասնակցութեան հանգամանքն է իր դերակատարութիւնը ունեցել:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Կարծում եմ, սա եղել է մեր պետութեան կայացրած որոշումը: Բայց հնարաւոր է, որ հաշուարկի մէջ հաշուի է առնուել Հայաստանի ՀԱՊԿի անդամակցութիւնը: Ես դրան նորմալ եմ վերաբերւում: Նա, ով Հայաստանի այս քայլից փորձում է խնդիր ստեղծել, դա իր գործն է, իր խնդիրն է: Այս որոշումն ինձ համար քաղաքական որոշում չէ, այլ նպատակայարմարութեան հարց, ժամանակի ու պահի անհրաժեշտութեամբ թելադրուած քայլ:

 

ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Փաստօրէն որքան էլ մենք կարեւորում ենք «եւ… եւ»ի քաղաքականութիւնը, այնուհանդերձ գալիս է մի պահ, երբ ծանրութեան նժարը հարկ է լինում թեքել այն կողմը, որտեղ Հայաստանի անվտանգութեան երաշխիքներ են:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Իհարկէ, ՀԱՊԿ, հայ-ռուսական տարբեր ռազմավարական պայմանագրեր եւ այլն, եւ դա իրողութիւն է: Իւրաքանչիւր երկիր գտնւում է որեւէ ռազմաքաղաքական դաշինքի մէջ: Հայաստանն էլ այս ռազմաքաղաքական ճամբարի մէջ է: Բայց, դրանով հանդերձ, մենք չենք մերժում միւս ճամբարների հետ մեր համագործակցութիւնը, չենք խզում մեր կապերը, չենք հակադրւում:

Սակայն յարաբերութիւններ չխզել չի նշանակում երկու ճամբարները հաւասար հարթութեան վրայ դնել, չէ որ մենք մէկի հետ համագործակցում ենք, բայց միւսի մի մասն ենք կազմում, նրա անդամն ենք: Ի վերջոյ, պէտք է հասկանալ, որ գոյութիւն ունեցող իրողութիւնը մեզանից համապատասխան կեցուածք է պահանջում: Եւ վերջապէս, նման իրավիճակներում պէտք է գիտակցել, որ ամէն մի քայլ արւում է մեր պետական շահերից ելնելով:

 

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top