«Ես Բիթիասցոյ Եմ, Բիթիուս Ծնուուծ, Բիթիուս Ապրուծ…». Յովհաննէս Պալապանեան

0827bitias

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

0827bitiasՅաղթական մուսալեռցիներից քչերն են այսօր ապրում. այդ նշխարներից մէկը՝ 106 տարեկան Յովհաննէս Պալապանեանն, ապրում է Էջմիածնում: Մեր աշխատանքային խումբը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի գլխաւորութեամբ, եղաւ Էջմիածնում, ուր մեզ դիմաւորեցին Յովհաննէս Պալապանեանի աղջիկն ու փեսան. Յովհաննէս պապիկը մեզ սպասում էր կամարաձեւ շինութեան ներսում: Աղջիկը՝ Պէատրիսն ասաց, որ, իմանալով մեր այցելութեան լուրը, պապիկը վաղ առաւօտից պատրաստուել էր, նստել իր սիրած անկիւնում եւ անհանգստացած կրկնել‘ ե՞րբ կը գան… չգիտեմ՝ ինչպէս, ինչ բառերով նկարագրել այն ուրախութիւնն ու յուզմունքը, որը պատել էր ժողովրդիս մի պատառ նշխար, դարից աւել ապրած ծերունուն, ով, ի դէպ, գրեթէ կնճիռներ չունէր մանկական դիմագծերով, սպիտակ ու վարդագոյն մաշկով գեղեցիկ, ազնուափայլ դէմքին… ծայր առաւ մի երկար ու հաճելի զրոյց. առանց մի փոքրիկ դրուագ անգամ շրջանցելու՝ Յովհաննէս Պալապանեանը պատմեց իր կեանքի ողջ պատմութիւնը՝ հայի պատմութիւնը, քաջ մուսալեռցիների պատմութիւնը:

«Ես ծնուել եմ Բիթիասում՝ մի հրաշք վայրում. ծովից ամենահեռուն էր այն, մեր գիւղից յետոյ գալիս էին միւս գիւղերը՝ Ադիասը, Եօղընոլուքը, Խդըրբէյը, Մակըֆը, Քաբուսիէն: Ին՜չ սառնորակ աղբիւրներ կային մեր գիւղում, ի՜նչ համեղ մրգեր… ես 1939 թուականին 29ը տարեկան էի, երբ ելանք Մուսա լեռից: 1919 թուականին, երբ պատերազմը վերջացաւ, հայ կամաւորներին տարան Ադանա, հայրս էլ էր կամաւոր. Ադանայից յետոյ կամաւորները ոտքի ելան եւ ասացին, որ եթէ մինչեւ Մայիսի 1ն իրենց չազատեն, իրենք կը փախչեն բանակից: Պատերազմից յետոյ մի սրբազան է եկել, ելոյթ ունեցել տղաների մօտ եւ ասել, որ մենք պարտէզ ենք սարքել, ծառ ենք տնկել, պտուղը հասունացրել, պիտի վայելենք… կամաւորներն ասել են, որ իրենք 4 տարի ծառայել են բանակում, թող իրենցից յետոյ եկողները վայելեն այդ պտուղները եւ պնդել են, որ մինչեւ Մայիսի 1ը պէտք է իրենց ազատեն բանակից, հակառակ դէպքում՝ կը լքեն բանակը: Այնուհետեւ սկսել են գրել, պատրաստել հայ կամաւորների փաստաթղթերը: Կամաւորներն իրենց զինուորական հագուստներով դուրս են գալիս, ուղղւում դէպի  Մուսա լեռ եւ հասնում մեր Բիթիաս գիւղը: 1919 թուին յայտարարում են, որ պատերազմը վերջացել է, եւ աքսորեալներն էլ կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը: Հօրական ու մօրական պապերս նոյնպէս աքսորուած են եղել թուրքերի կողմից. նրանց տարել էին Համա քաղաք, որտեղ 4 տարի մնալուց յետոյ վերադարձել են: Հայրս վերադարձել է բանակից, մայրս էլ՝ աքսորավայրից: Ֆրանսիացիները Պորտ Սայիդում եղածներին առաջարկել են ապրել Ֆրանսիայում, ասել են, որ  Մուսա լեռ անունով մի բնակավայր կը սարքեն, եւ մուսալեռցիներին կը տան, սակայն մուսալեռցիները չեն համաձայնել՝ ասելով, որ իրենք ցանկանում են իրենց հողին ու տներին տէր կանգնել: 1919 թուից մինչեւ 1939 թիւը ապրել են այնտեղ: 1938ին թուրքական զօրքերը մտնում են Անտիոք քաղաք. ասում էին, որ Սանջախը՝ Սիրիային կից այդ նահանգն էլ պէտք է վերցնեն: Թուրքերը վերցրեցին նաեւ Սանջախը: Մինչեւ 1935 թուականը Հալէպից միշտ գալիս էին մեր գիւղում օդափոխուելու, սակայն 35ից յետոյ այլեւս չեկան, որովհետեւ թուրքերը մաքս էին դրել եւ մուտքի ու ելքի վիզա էին պարտադրում: Մեր դպրոցներին թուրքական ալֆաբեթ բերին  բաժանեցին, բայց դասատուներ չկային. ուզեցին մեր գիւղ վարժապետներ բերել, բայց թուրքական գրքերը կարդացող էլ չկար… 1939 թ. Վարդավառին հեռացանք Մուսա լեռից, սահմանն անցանք: Թուրքիայի նաւը՝ Թուրքիայի դրօշը գլխին, 7 անգամ  մեզ բերեց-տարաւ, մեր իրերը տարան նաւով: Մենք անասուններ ունէինք, ուստի ոտքով գնացինք, հասանք Քեսաբ:

Մօտակայքի մի ուրիշ գիւղում հօրեղբօր տղաներ ունէինք, այդ գիւղում կանգ առանք, գիշերը մնացինք մեր բարեկամի տանը: Երկու ամիս մնացինք, որից յետոյ նոյն նաւը, որով մեր իրերը Թուրքիայից Սիրիա անցկացրեց, եկաւ եւ մեզ ասացին, որ ովքեր պատրաստ են, լցուեն նաւը. գիւղ-գիւղ, առանձին–առանձին այդ նաւը 6 անգամ հայերին տեղափոխեց սկզբում Տրիպոլի քաղաք, մի քիչ հանգստացանք, նստեցինք գնացք, մի գիշեր յետոյ հասանք Բեքքայի հովիտ, որտեղից մեքենաներով մեզ տարան հասցրեցին Այնճար: Նստեցինք, բոլոր գիւղացիները հաւաքուեցին եւ ասացին, որ մեր ապրած վրանների կողքերի բոլոր քարերը հաւաքենք, աղանք: Գլխաւոր յատակագիծը գծող ճարտարապետը գիւղերի արանքում գտնուող տարածքը որոշել էր ծաղկացնել, այդպէս էլ եղաւ. կառուցեցին, շէնացրին Այնճարը, այն դարձաւ մի ծառաստան ու ծաղկաստան, ջուր ունեցաւ: Այդպէս ապրեցինք մինչեւ 1945 թուականը: Այդ ժամանակ տեղեկացրին, որ ցանկացողները կարող են տեղափոխուել Հայաստան. մեր ընտանիքն էլ հերթագրուեց: 1946ին եկաւ «Ռոսիա» նաւը, մի քաղաքի չափ մարդ կար նաւում՝ տարբեր երկրներից: Միջերկրական ծովով հասանք Դարդանել, յետոյ՝ Մարմարայի ծով, որից յետոյ՝ Բոսֆորի նեղուց, մտանք Սեւ ծով, օրը մթնեց… հասանք Բաթում, ուր մնացինք 12 օր, այնուհետեւ մեզ ուղարկեցին Էջմիածին, մի մասին՝ Երեւան. 15 ընտանիք մուսալեռցիներ տեղաւորուեցին Էջմիածնում:

…հարցնում էք Մուսալեռան հերոսամարտի մասին. ես փոքրիկ եմ եղել, աղօտ եմ յիշում… Թուրքական բանակից փախած կամաւոր մեր տղաները գալիս են իրենց գիւղեր եւ առաջարկում դիմադրել, չյանձնուել: Մուսալեռցիները որոշում են՝ մահ կամ ազատութիւն… կազմակերպում են դիմադրութիւն՝ որոշելով սարը բարձրանալ եւ ժողովրդին սկսում են բարձրացնել Մուսա լեռ: Մեր գիւղում երկու ջրաղաց կար. ով ցորեն ունէր, սար են հասցնում, ուտելիքի ահագին պաշար են տանում, զէնք-զինամթերք, անասուններ, եւ պատսպարւում լեռան վրայ: 40 օր քաջ մուսալեռցիները դիմադրում են, որից յետոյ ֆրանսիական նաւն է գալիս, մերոնք գրած են լինում՝ հայերը վտանգի մէջ են… քարքարոտ տեղ է լինում, նաւի անձնակազմը դժուարանում է մօտենալ ծովի ափերին, մի քանի տղաներ նետւում են ծովը եւ լողալով հասնում նաւին: Ֆրանսիացիները օգնում են հայերին, բոլորը փրկւում են:

…Բիթիասը դրախտ է եղել՝ ջրերը առատ, պտուղները՝ համեղ, օդը՝ լաւ. մեր գիւղում հարիսայ էինք եփում՝ ինչպէս հիմա Էջմիածնում: Շատերն ասում էին, որ Բիթիասը իսկական Եւրոպա է… երա՜զ է Բիթիասը… երկար տարիներ ապրեցի Էջմիածնում, բայց իմ շատ վաղ մանկական աղօտ յիշողութիւններում մնացել է Բիթիաս-հրաշքը: Մեր ընտանիքը պահպանել է մուսալեռցիների բոլոր աւանդոյթները, ճաշատեսակները, մեր հարսները բոլորն էլ մուսալեռցիներ են, խօսում ենք մեր բարբառով… ես բիթիասցոյ եմ, Բիթիուս ծնուուծ, Բիթիուս ապրուծ… երգե՞մ Մուսա լեռան մասին երգը՝ «Այգում, այգում՝ իմ խցկի մօտ, լուսաժպիտ՝ մինչ առաւօտ, երգէ՛ բլբուլ զիմ Մուսա լեռ, Մուսա լե՜ռ (երգում է զարմանալի զուլալ ձայնով, կարօտով, հպարտութեամբ, որից յետոյ  շարունակում է մեզ զարմացնել միւս  «Հալա-հալա Նինոյ է» երգի կատարմամբ)»:

Յովհաննէս պապիկին ձայնակցում են բոլորը. նրա ուրախութիւնը կրկնապատկւում է, երբ մուսալեռցու ժառանգ Վահագն Գարագաշեանը նրա հետ խօսում է Մուսա լեռան բարբառով, յետոյ զրոյցի ընթացքում նաեւ պարզւում է, որ Գարագաշեանը ճանաչում է Ամերիկայում ապրող Պալապանեանի եղբօր՝ Եղիայի զաւակներին… կարօտի մի փոքրիկ, քաղցր պատառիկ Յովհաննէս Պալապանեանի դէմքին աննկարագրելի ժպիտ ու լոյս է սփռում, որով էլ լցւում է մեր ստեղծագործական խմբի աշխատանքային առօրեան, եւ մենք հրաժեշտ ենք տալիս Սուրբ Էջմիածնին ու դարից աւել ապրած Յովհաննէս պապիկին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top