Ռուս-Արեւմտեան Մրցակցութեան Նոր Սրացումներ

0912Ruzan

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

 

0912Ruzan

Օգոստոսի սկզբներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաւերացրեց Կոնգրեսի կողմից ներկայացուած՝ Ռուսաստանի Դաշնութեան, Հիւսիսային Կորէայի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ գործող պատժամիջոցների փաթեթը ընդլայնող օրինագիծ: Վերջինիս մէջ զգալի տեղ է յատկացուած ՌԴի նկատմամբ կիրառուող նոր տնտեսական սահմանափակումներին: Ամերիկեան կողմը դա մեկնաբանել է որպէս պատասխան 2016ին ԱՄՆում անցկացուած նախագահական ընտրութիւններին ռուսաստանեան յատուկ ծառայութիւնների միջամտութեանը: Դրանից զատ՝ առկայ է նաեւ ուկրաինական հակամարտութիւնում ռուսական կողմի ազդեցութեան ու դերակատարութեան գործօնը:

Հայ քաղաքական ու տնտեսական փորձագէտներն իրենց մեկնաբանութիւններում ընդգծեցին, որ նման պատժամիջոցները, թէկուզեւ անուղղակիօրէն, չեն կարող իրենց ազդեցութիւնը չունենալ նաեւ ՀՀի վրայ: Եւրոպայից նոյնպէս ակնարկ եղաւ, որ տարածաշրջանը զերծ չի մնայ նման զարգացումների ազդեցութիւնից: Նախագահ Թրամփի նախաձեռնութիւնը որակուեց որպէս դասական ժողովրդավարութեան դրսեւորում, այն իմաստով, որ նա կեանքի կոչեց իր այն գաղափարը, որը չէին կիսում ո՛չ ամերիկեան խորհրդարանը, ո՛չ էլ նրա որոշ կուսակիցներ: Ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահի քայլը բաւականաչափ ռիսկային էր, ինչը պիտի յանգեցնէր ռուս-ամերիկեան յարաբերութիւններում մրցակցութեան նոր սրացման: Համաշխարհային այս երկու ուժային կենտրոնների միջեւ ահագնացող մրցակցութիւնը, բնականաբար, իր ազդեցութիւնը պիտի թողնի ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի վրայ, քանի որ երկու գերտերութիւններն էլ այս հակամարտութիւնում միջնորդական առաքելութիւն իրականացնողներ են: Այս առումով միանգամայն ուշագրաւ են երկու կողմերից հնչող յայտարարութիւններն ու մեկնաբանութիւնները:

Օգոստոսի 16ին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հանդէս եկաւ յայտարարութեամբ՝ յոյս յայտնելով, որ առաջիկայում հնարաւոր կը լինի կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նա ասել էր, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմամբ զբաղուող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Նիւ Եորքում ՄԱԿի Գլխաւոր ասամբլէայի շրջանակում անցկացնել ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Յուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շուտով կը վերսկսեն բանակցութիւնները, ընդգծել է նա եւ յաւելել, որ նրանց հանդիպումը Նիւ Եորքում կազմակերպելու վերաբերեալ տեղեկատուութիւն առայժմ չկայ:

Այս անգամ էլ, ինչպէս միշտ, իրեն զգացնել տուեց ռուսական եւ ամերիկեան կողմերի միջեւ նախաձեռնութիւնների մրցակցութիւնը: Նոյն օրը «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով ՌԴ արտգործնախարարութեան իր աղբիւրին, իրազեկեց, որ Ռուսաստանը կը դառնայ Սարգսեան-Ալիեւ հերթական հանդիպման գլխաւոր կազմակերպիչը, որը պէտք է տեղի ունենայ  մինչեւ տարեվերջ:

Ռուս-արեւմտեան աշխարհաքաղաքական մրցակցութիւնը թողնենք մի կողմ, քանի որ մեզ համար առաջնահերթ են ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում հրադադարի ռեժիմի պահպանումն ու ադրբեջանական կողմի ռազմական սադրանքների կանխարգելումը: Այս առումով անհրաժեշտ ենք համարում յետադարձ հայեացք ձգել նախորդ տարուայ ընթացքում արձանագրուած գլխաւոր փաստերին: Նախ՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները կեանքի չկոչուեցին Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականութեան պատճառով: Փաստօրէն Բաքուն ԵԱՀԿում արգելափակեց գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարաւորութիւնների ընդլայնման նպատակով բիւջետային աւելացումները՝ խափանելով ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների միջեւ նախապէս ձեռք բերուած համաձայնութիւնը: Ի տես միջազգային հանրութեան՝ պաշտօնական Բաքուն արհամարհեց շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ներդրումը:

Միջնորդական ջանքերի շարքում կարեւոր տեղ է գրաւում անցեալ տարուայ Դեկտեմբերին Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23րդ նիստի շրջանակներում համանախագահ պետութիւնների պատուիրակութիւնների ղեկավարներ Սերգէյ Լաւրովի, Ջոն Քերրիի եւ Ժան Մարկ Էյրոյի համատեղ յայտարարութիւնը: Դրանում կային մի քանի շեշտադրումներ, մասնաւորապէս ընդգծուած էր, որ ղարաբաղեան հակամարտութիւնը ռազմական լուծում չունի: Բացի այդ, համանախագահող երկրների արտգործնախարարները կոչ արեցին կողմերին յարգել նախկին պայմանաւորուածութիւնները: Կարելի է ասել՝ յատուկ ադրբեջանական կողմի համար շեշտեցին, որ հակամարտութեան հանգուցալուծումը պէտք է հիմնուած լինի միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների՝ ուժի չկիրառման, ժողովրդի ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների վրայ:

Ի՞նչ արեց Ադրբեջանը վերոնշեալ պայմանաւորուածութիւններից, յայտարարութիւններից ու կոչերից յետոյ: Շփման գծում նա շարունակեց հրադադարի ռեժիմի ինտենսիւ խախտումների եւ ռազմական սադրանքների պրակտիկան (վարժութիւնը, սովորութիւնը-Խմբ.): ԱՀ Պաշտպանութեան բանակի հաղորդագրութիւնների համաձայն՝ ամէն շաբաթ հակառակորդը հարիւրաւոր անգամներ խախտում է հրադադարի ռեժիմը: Անցած Դեկտեմբերին ադրբեջանական զինուած ուժերի կողմից նոյնիսկ ՀՀ պետական սահմանին դիւերսիոն (խոտորման յարձակում-Խմբ.) ներխուժման փորձ ձեռնարկուեց, ինչի կապակցութեամբ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը հանդէս եկաւ յայտարարութեամբ՝ սադրանք որակելով ՀԱՊԿ անդամ պետութեան տարածքում տեղի ունեցածը:

Վկայակոչելով վերջին զարգացումները՝ անհնար է շրջանցել Օգոստոսի 23ին Սոչիում տեղի ունեցած Պուտին-Սարգսեան հանդիպումը: Պաշտօնական աղբիւրների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի խօսքում կարեւորուել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ինտենսիւ (արագացուած, խտացեալ-Խմբ.) քաղաքական երկխօսութիւնը, երկկողմ համագործակցութիւնը տնտեսութեան, անվտանգութեան եւ ռազմական ոլորտներում, ինչպէս նաեւ ակտիւ փոխգործակցութիւնը միջազգային կազմակերպութիւնների եւ ինտեգրացիոն (համարկման-Խմբ.)  միաւորումների շրջանակներում: Այս հանդիպումից մէկ օր անց լրատուամիջոցները տարածեցին տեղեկատուութիւն Վաշինգտոնի արտերկրեայ լրագրողների մամուլի ակումբում ամերիկացի համանախագահ Ռ. Հոգլանդի հետ կայացած հանդիպման մասին, ինչը կապուած էր Մինսկի խմբում նրա աշխատանքի աւարտի հետ: Նա յիշեցրել է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման «6 հիմնական կէտերը», որոնք դեռեւս 2014ին ներկայացրել է նախկին համանախագահ Ջէյմս Ուորլիքը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի սկսուել նախկին խորհրդային հանրապետութիւնների անկախացումից յետոյ, այդ խնդիրը շարունակուել է տասնամեակներ, եթէ ոչ դարեր, ասել է նա: Ընդ որում, նա ղարաբաղեան խնդիրը տարբերակել է Աբխազիայի, Հարաւային Օսիայի եւ Մերձդնեստրի հակամարտութիւններից: Կողմերը պէտք է սահմանեն ԼՂ վերջնական իրաւական կարգավիճակը՝ ապագայում փոխադարձ համաձայնութեամբ եւ իրաւական պարտաւորեցնող կամարտայայտմամբ:

Այդուհանդերձ, ըստ ամերիկացի համանախագահի, գոյութիւն չունի սցենար, որում խաղաղութիւնը կարող է ապահովուած լինել առանց լաւ նախապատրաստուած խաղաղ գործողութիւնների, որոնք վայելում են կողմերի վստահութիւնը: Վկայակոչելով Մադրիդեան սկզբունքները, որոնք ընդունուել են որպէս հակամարտութեան խաղաղ կարգաւորման հիմք, Հոգլանդն ասել է, որ սա երկարատեւ քաղաքականութիւն է եւ կապուած չէ այս կամ այն համանախագահի հետ:

Հարկ է նկատել, որ Հոգլանդը, լաւ պատկերացնելով հակամարտող կողմերի դիրքորոշումների անհամատեղելիութիւնը, ստիպուած էր իր խօսքում ընդգծել, որ եթէ կողմերը համաձայն չեն առաջարկուող ծրագրի առանձին կէտերին, գոնէ համաձայն են քննարկել այն: Նրա կարծիքով՝ հէնց դա է կարեւորը:

Հանդիպմանը ներկայ ադրբեջանցի լրագրողներին անհանգստացրել է այն փաստը, որ ամերիկացի համանախագահի ներկայացրած կէտերում ոչինչ նշուած չէր Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին: Կարծում ենք, դիւանագիտական այս հնարքն ինքնանպատակ չէր. միջնորդական առաքելութեամբ զբաղուող իւրաքանչիւր լուրջ գործիչ պարտաւոր է տեղ թողնել արցախեան կողմի համար: Ոչ միայն նա, այլեւ միւս համանախագահները քաջատեղեակ են պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշմանը, համաձայն որի՝ առանց Արցախի Հանրապետութեան անմիջական մասնակցութեան հնարաւոր չէ պատկերացնել հակամարտութեան հանգուցալուծումը եւ առհասարակ որեւէ փաստաթղթի ստորագրումը:

Վերոշարադրեալն ամբողջացնելու նպատակով յատուկ ընդգծենք, որ, այսպէս կոչուած, Մադրիդեան սկզբունքներն իրենց սպառել են ապրիլեան պատերազմից յետոյ, երբ ադրբեջանական վայրագութիւններին ականատես միջնորդների համար ընկալելի է դարձել Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովման առաջնահերթութիւնը: Իսկ դա այն հարցն է, որը ձեւափոխման չի ենթարկւում անգամ համաշխարհային ուժային կենտրոնների մրցակցութեան սրացումների պարագայում:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top