«Համաշխարհային Բանկը Հայաստանի Առանցքային Գործընկերներից Է». Վարչապետ

0912WB

 

0912WBԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Վարչապետ Կարէն Կարապետեանը 11 Սեպտեմբերին մասնակցել է Հայաստանի Հանրապետութեան եւ Համաշխարհային բանկի գործընկերութեան 25ամեակին նուիրուած համաժողովի բացմանը:

Ողջոյնի խօսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Համաշխարհային բանկի հետ սերտ եւ շարունակական բնոյթ կրող համագործակցութիւնը, որը զարգացման միտում ունի:

«Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետութեան առանցքային գործընկերներից է: Մենք յաջողութեամբ համագործակցում ենք տնտեսութեան կառավարման բոլոր ոլորտներում: Այս 25 տարուայ ընթացքում ՀԲ աջակցութեամբ իրականացուել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ժամանակակից ինստիտուտների ձեւաւորմանն ուղղուած բազմաթիւ ծրագրեր: ՀԲ խմբի տարբեր կառոյցների կողմից տրամադրուած գործիքներն օգնել են ապահովելու տնտեսական աճ, զարգացում եւ առաջընթաց: 2014 թուականից մենք թեւակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալութեան ծրագրերից անցում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին: Ներկայումս Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը նախաձեռնել եւ իրականացնում է մեր տնտեսութեան արմատական բարեփոխումներին եւ արդիականացմանն ուղղուած համակարգային ծրագիր, որը պահանջում է առկայ ռեսուրսների մոբիլիզացում (միջոցներու կեդրոնացում-Խմբ.), դրանց օգտագործման արդիւնաւէտութեան բարձրացում եւ է՛լ աւելի սերտ համագործակցութիւն մեր հիմնական գործընկերների հետ», ասել է Կարէն Կարապետեանը:

Վարչապետը նշել է, որ կառավարութեան ծրագիրը նման գնահատականի է արժանացել նաեւ Հայաստանի գործընկերների կողմից եւ գոհունակութեամբ փաստել, որ ՀՀ կառավարութեան եւ Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են:

«Ապագային ուղղուած մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար եւ խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պէտք է հանդիսանայ Հայաստանի եւ Համաշխարհային բանկի համագործակցութեան առանցքային յենասիւնը: ՀԲ լայնածաւալ փորձը եւ գիտելիքների բազան կ՛օժանդակեն կառավարութեանը ռեսուրսների արդիւնաւէտ եւ խելացի օգտագործմամբ եւ մրցունակութեան բարձրացմամբ՝ ապահովելու տասնամեակների առաջանցիկ զարգացումը: Այս տեսանկիւնից Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարուայ ընթացքում ցուցաբերած աջակցութիւնը շատ տպաւորիչ է. նախաձեռնուել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական (դրամական-Խմբ.) հոսքը կազմել է 2.3 մլրդ. ԱՄՆ դոլար: Այժմ բանկի վարկային պորտֆելը (թղթապանակը-Խմբ.) Հայաստանի Հանրապետութիւնում 620 մլն. ԱՄՆ դոլարի սահմաններում է», ասել է կառավարութեան ղեկավարը:

Վարչապետ Կարապետեանի խօսքով՝ համաշխարհային տնտեսութեան պայմաններում զարգացման եւ առկայ մարտահրաւէրների յաղթահարման համար անհրաժեշտ է ժամանակակից մրցունակ տնտեսութիւն եւ արդիւնաւէտ պետական կառավարում, եւ ապագայում յաջողութեան կարող են հասնել միայն այն տնտեսական համակարգերը, որոնք կը կարողանան ժամանակին համընթաց ձեւափոխել տնտեսական աճի մոդելը (նա-խատիպը) եւ ապահովել առաջանցիկ, կայուն, երկարաժամկէտ տնտեսական աճ:

«Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգութիւնն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ եւ նորարար տնտեսութիւն: 21րդ դարի այսպիսի տնտեսութիւնը պէտք է զարգանայ շնորհիւ դինամիկ (շարժուն-Խմբ.) թուայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացուելով (յարմարելով-Խմբ.): Դա հնարաւոր կը լինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակաւորում ունեցող, մոտիվացուած (մղում ունեցող-Խմբ.) աշխատուժի առկայութեան դէպքում: Ապագայ Հայաստանի հիմքը պէտք է դրուի հէնց դպրոցից եւ շարունակուի անընդհատ», ընդգծել է Կարէն Կարապետեանը:

Վարչապետը համոզմունք է յայտնել, որ նորանկախ Հայաստանի տնտեսական համակարգի կայացման եւ զարգացման գործընթացում ինչպէս ՀԲ թիմից, այնպէս էլ Հայաստանից ներգրաւուած մասնակիցները կը շարունակեն համատեղ ջանքերով իրենց փորձառութիւնն ու գիտելիքները լաւագոյնս ծառայեցնել ապագայ Հայաստանի տեսլականի իրագործմանը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top