«Հոսփիսը Կեանքի Մասին Է»

211

Maximum Care Hospice Inc.

5301 Laurel Canyon Boulevard, suite 230

Valley Village. CA 91607

(818) 495-8853

www.maximumcarehospice.com


 

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՄԱՔՍԻՄՈՒՄ ՔԷՅՐ ՀՈՍՓԻՍ»Ի ՀԻՄՆԱԴԻՐ-ՏՆՕՐԷՆ ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆԻ ՀԵՏ

«Հոսփիսը Կեանքի Մասին Է»

 

Հոսփիսը՝ hիւանդապահական կենտրոնը, յաճախ ընդունուած է համարել ծանր հիւանդութեամբ տառապող մարդու վերջին օրերի համար նախատեսուած վայր: Ոլորտի ներկայացուցիչները սակայն հաւաստիացնում են, որ նշուած բնորոշումը զուտ կարծրատիպ է. իրականում, հոսփիսն առաջարկում է բժշկական հոգատար խնամք, ուղղուած հիւանդի վիճակի բարելաւմանը, նրա ֆիզիկական, զգայական եւ հոգեւոր ցաւերը մեղմելուն, ծանր հիւանդների դէպքում էլ՝ հոգում է նրանց կեանքի վերջին օրերի արժանավայել անցկացումը:

«Մաքսիմում Քէյր Հոսփիս»ում անհատական մօտեցում է ցուցաբերւում իւրաքանչիւր յաճախորդի՝ հաշուի առնելով նաեւ ազգային, մշակութային առանձնայատկութիւնները: Հայախօս անձնակազմի շնորհիւ էլ, այս հաստատութիւնը մեծ վստահութիւն եւ հեղինակութիւն ունի նաեւ հայ համայնքի շրջանում: Առաջիկայ շաբաթների ընթացքում կը ներկայացնենք հարցազրոյցների շարք «Մաքսիմում Քէյր Հոսփիս»ի ղեկավար Մաքսիմ Լաբուտինի հետ, ով մանրամասն տեղեկութիւններ է հաղորդում Հոսփիս ծրագրի եւ իր ղեկավարած ընկերութեան կողմից առաջարկուող ծառայութիւնների մասին:

 

 

 

Հարցազրոյցը վարեց՝

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆԸ

Ռուսերէնից թարգմանեց՝

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

 

211

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ՝ «Մաքսիմում Քէյր Հոսփիս»ի գլխաւոր տնօրէն

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Շատերի մօտ մինչ այժմ առասպելական, մտացածին պատկերացում կայ այդ «սարսափազդու» բառի մասին: Ասէք, խնդրեմ Մաքսիմ, ի՞նչ է «հոսփիս»ը՝ հիւանդապահական կենտրոնը, եւ ինչո՞ւ է այն անհրաժեշտ:

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Հոսփիսը նախատեսուած է խրոնիկական հիւանդութիւններ ունեցող մարդկանց համար եւ յատկապէս նրանց, ովքեր առանց բժշկական օգնութեան հնարաւոր է, որ մահանան մէկ տարուայ ընթացքում: Նպատակը՝ նուազեցնել մարդու՝ հի-ւանդանոցում յայտնուելու ռիսկերը: Շատ յաճախ,  այսինքն՝ 60 տոկոս դէպքերում, սրտանօթային, թոքային հիւանդութիւնների, ուռուցքների դէպքում, հիւանդը յայտնւում է հիւանդանոցում միայն այն պատճառով, որ տանը չի ստացել որակեալ համապատասխան բժշկական օգնութիւն: Ոչ բոլորն են տեղեակ, որ մենք կարող ենք ապահովել 24 ժամեայ խնամք՝ ներառեալ դեղամիջոցները: Աւելին, մեր ծրագիրը նաեւ նախատեսում է բժշկի այց հիւանդի տուն, ինչի շնորհիւ ծանր հիւանդին կարիք չկայ տանել բժշկի գրասենեակ կամ հիւանդանոց, որտեղ նա ստիպուած պիտի լինի տանջալի հերթ կանգնել: Բժիշկն այցելում է տուն, դառնում իւրային, եւ տուեալ ընտանիքը գիտի, որ նրան կարող է դիմել ամէն պահի:  Մեր կազմում կան բուժքոյրեր, բժիշկ, սոցիալական ոլորտի աշխատող: Մեր գրասենեակը սերտօրէն համագործակցում է հիւանդին բուժող բժշկի հետ, ում մենք մշտապէս տեղեկացնում ենք հիւանդի մօտ նկատուող փոփոխութիւնների մասին: Մեր նպատակն է, որպէսզի հիւանդն ու իր հարազատները վստահ լինեն, որ մենք նրանց կը լսենք եւ կ՛օգնենք իւրաքանչիւր իրավիճակի դէպքում:

 

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Այսպիսով, «հոսփիս» բառը չի՞ նշանակում, որ խօսքը վերաբերում է այնպիսի հիւանդի, ում կեանքի աւարտին մի քանի շաբաթ է մնացել, չի՞ ենթադրում ճակատագրական կարգավիճակ:

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Հոսփիսը, կրկնում եմ, խրոնիկական հիւանդութիւններ ունեցող մարդկանց համար է: Հիւանդութիւններ, որոնք այսօր դեռ բուժում չունեն, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ մեզ դիմող մարդը դատապարտուած է: Օրինակ, Ալցհէյմերի հիւանդութիւնն աստիճանաբար վատթարացնում է առողջութիւնը, եւ բուժման միջոցներ դեռ չկան: Սակայն մարդը, պէտք է դրա հետ ապրի, եւ չմահանայ: Եթէ այդ հիւանդների նկատմամբ ճիշդ խնամք տարուի, խօսքը կարող է լինել տարիների մասին: Մենք օգնում ենք մարդկանց հոգ տանել իրենց մասին, ապահովում ենք աջակցութիւն, ինչի կարիքը նրանք ունեն, օգնում ենք ընտանիքին, քանի որ մարդիկ երբեմն չեն գիտակցում, թէ ինչ է նրանց հետ կատարւում, իսկ ընտանիքը՝ շփոթութեան մէջ է յայտնւում՝ չիմանալով, թէ տուեալ իրավիճակում ինչ անել: Այդ պատճառով, աւելի լաւ է ու հանգիստ, երբ մեր ծրագիրն է գործի դրւում՝ աւելի շուտ, քան հիւանդութիւնը ծանրանում է: Մենք գնահատում ենք հիւանդի վիճակը, հետեւում ենք հիւանդութեան ընթացքին եւ օգնում ենք մեղմելու ցաւը:

 

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Իսկ ո՞վ է մեր օրերում որոշում կայացնում հիւանդի վիճակի մասին, եւ յատկապէս խնամքի ի՞նչ ծրագիր է նրան անհրաժեշտ:

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Որոշում կարող է ընդունել բժիշկը, ընտանիքը կամ հիւանդն ինքը:  Շատերը լսում են ընտանեկան բժշկի խորհրդին, սակայն յաճախ մարդիկ ուղիղ դիմում են մեզ՝ զանգահարելով մեր գրասենեակ:

 

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Իսկ եթէ չունեն այդպիսի ընտանեկան կամ այլ մշտական բժիշկ:

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Ոչ մի սարսափելի բան չկայ: Այդ դէպքում, մեր բժիշկը կ՛այցելի հիւանդի տուն, կը պարզի նրա առողջական վիճակը, եւ թէ ինչ օգնութեան կարիք ունի կ՛որոշի, թէ արդեօք մեր ծրագիրը համապատասպանո՞ւմ է նրան թէ ոչ:

 

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Այս դէպքում շատ են ոչ միայն փիլիսոփայական, նաեւ աւելի հրատապ՝ հոգեբանական հարցերը: Եթէ մարդն անգիտակից վիճակում է, պարզ է, որ հարցեր էլ չունի, իսկ եթէ գիտակցութիւնը տեղում է, ապա իմանալով, որ գտնւում է «հոսփիսում», կարող է վախենալ՝ մտածելով, որ առողջութիւնը շատ վատ է: Ինչ որ մէկը բարոյա-հոգեբանական օգնութիւն տրամադրո՞ւմ է: Ունէ՞ք նման մասնագէտ:

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Այո, իւրաքանչիւր հիւանդի հետ աշխատում է յատուկ աշխատակից: Եթէ ընտանիքի անդամներից մէկն ունի իր քահանան, ով իրեն լաւ գիտի եւ վայելում է վստահութիւնը, փորձում ենք աշխատել միասին: Իսկ եթէ չունի, ապա ընտանիքի ցանկութեամբ կարող ենք դիմել մեր հոգեւոր ներկայացուցչին: Երբեմն, ընտանիքին էլ անհրաժեշտ է  բարոյական աջակցութիւն, երբ հարազատ մարդը մահանում է: Սակայն, ամենագլխաւորը, որ մարդիկ պէտք է իմանան՝ հոսփիսը գոյութիւն ունի ոչ թէ նրա համար, որ օգնի մահանալու. մենք օգնում ենք ապրել արժանավայել այն ժամանակը, որ մնացել է մարդուն: Ոչ ոք չգիտի, թէ որքան է մնացել: Մենք անում ենք հնարաւորինը եւ յաճախ ենք տեսնում, որ մարդկանց վիճակը ոչ միայն չի վատթարանում, այլ նոյնիսկ բարելաւում է: Հոսփիսը մահի մասին չէ, այլ՝ կեանքի:

 

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Լոս Անջելեսում արդեօք շա՞տ է հոսփիսների թիւը, եւ ինչո՞վ է ձեր կենտրոնը տարբերւում միւսներից:

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Վերջին շրջանում շատ հոսփիսներ են բացուել: Սակայն շատ քիչ է պատահում այնպէս, ինչպէս մեզ մօտ՝ ես ծանօթ եմ իւրաքանչիւր ընտանիքի հետ, ում հետ մենք աշխատում ենք, եւ միշտ, երբ էլ որ զանգահարեն մեզ՝ մենք տեղում ենք լինում: Ձեզ կը պատասխանեն առաւօտ կանուխ եւ գիշերը՝ բուժքոյրը կամ ես անձամբ: Եւ այս հարցում շատ կարեւոր է, որ ձեր հեռախօսազանգին պատասխանողը լինեն նոյն մարդիկ, ովքեր ճանաչում են տուեալ ընտանիքին եւ հիւանդին: Չկայ մէկ ընդհանուր մեթոդ կամ դեղատոմս բոլորի համար, իւրաքանչիւր կոնկրետ հիւանդի դէպքում մենք համապատասխան, անհատական մօտեցում ենք մշակում: Այսինքն, աշխատում ենք, ես կ՛ասէի՝ կառուցել ընտանեկան, անձնական յարաբերութիւններ մեզ դիմողների հետ, եւ այս հանգամանքն էլ մեր կենտրոնը բացառիկ է դարձնում, այսպէս ենք տարբերւում շատերից: Մեր հիմնական նպատակներից մէկն է՝ մարդկանց ապահովել հոսփիսի ծրագրով նախատեսուած բոլոր հնարաւորութիւններով:

 

71

ԺԱԿԼԻՆ ՆԱԶԱՐԵԱՆ՝ «Մաքսիմում Քէյր Հոսփիս»ի 24/7 արտակարգ պատահարների հեռախօսազանգերի եւ այցելութիւնների բուժքոյր

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Իսկ եթէ մարդը մի շարք հիւանդութիւններ ունի, օրինակ ասենք՝ Ալցհայմեր, շաքարախտ եւ սրտային խնդիրներ: Ձեր հոսփիսը կարո՞ղ է համապարփակ մօտեցում ցուցաբերել նման դէպքում եւ օգնել տուեալ հիւանդին:

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Նման հիւանդները մեզ մօտ հազուադէպ չեն, եւ ի հարկէ, մենք հետեւում ենք նրանց արեան ճնշմանը, արեան մէջ շաքարի պարունակութեանը, շնչառական խնդիրներին, սրտի ցաւերին: Սակայն կրկնեմ, մենք չենք զբաղւում բուժմամբ, այլ՝ մարդու կեանքը դարձնում ենք այնքան յարմարաւէտ, որքան դա հնարաւոր է: Մենք նուազեցնում ենք տանջանքն ու անհանգստութիւնը՝ ապահովելով բժշկական այնպիսի խնամք տան պայմաններում, որ հիւանդանոց տանելու հարց առաջանայ միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում:

 

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Կա՞յ արդեօք հիւանդին անհրաժեշտ որեւէ բուժում, ինչը ձեր հոսփիսը չի կարող տրամադրել:

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Կան որոշակի սահմանափակումներ: Մեր ծրագրում գտնուելով, հիւանդը չի կարող անցնել քիմիոթերապիայի, ռադիօթերապիայի կուրսեր, կախուած լինի կեանքի պահպանմանն աջակցող մեքենայից (life support machine) կամ արհեստական շնչառութեան մեքենայից: Սակայն այստեղ եւս լինում են բացառութիւններ: Եթէ մարդը, օրինակ, քաղցկեղ ունի, եւ բժիշկը կարծում է, որ նա պէտք է շարունակի քիմիոթերապիա ընդունել ոչ թէ որպէս բուժման միջոց, այլ՝ իրավիճակի կայունացման, ցաւը մեղմելու նպատակով: Ի վերջոյ, մեր հիմնական խնդիրն է՝ ապահովել յարմարաւէտ պայմաններ հիւանդի համար:

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top