«ԱՐՄԷՆՓՐԷՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆԻ ՀԵՏ

1006aramhamparian

1006aramhamparian

 

 

«ԱՄՆը Պատժամիջոցներով Կարող Է Արձագանգել Ադրբեջանի Տարածաշրջանային Ագրեսիային»

 

Վարեց՝ ՍԻՒԶԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ

 

ԱՄՆ կոնգրեսականների՝ Սեպտեմբերին Հայաստան կատարած այցի, հայ-ամերիկեան յարաբերութիւնների, Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղուած նախագծերի, ինչպէս նաեւ մի շարք այլ հարցերի մասին «Արմէնփրէս»ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի հետ:

 

ՍԻՒԶԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Պրն. Համբարեան, վերջերս ԱՄՆ կոնգրեսականների պատուիրակութիւնը Հայաստանում էր:  Ամփոփելով ընդհանուր արդիւնքները՝ ի՞նչ կ՛ասէք այդ այցի մասին, ինչպէ՞ս այն կ՛անդրադառնայ հայ-ամերիկեան յարաբերութիւնների վրայ:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Նման այցելութիւնները կառուցողական դեր ունեն հայ-ամերիկեան յարաբերութիւնների ամրապնդման հարցում: Այն նաեւ հնարաւորութիւն էր օրէնսդիրների համար աւելի ընդգրկուն պատկերացում ձեւաւորելու անվտանգութեան լուրջ մարտահրաւէրների մասին, որոնք գալիս են Անկարայից եւ Բաքուից:

 

ՍԻՒԶԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Այցի շրջանակում անցկացուած քննարկումների ընթացքում յատկապէս շեշտուեց երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման հարցը: Անդրադառնալով, մասնաւորապէս, ԱՄՆի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրին՝ ըստ ձեզ, ինչ հեռանկարներ կան դրա ստորագրման համար, եւ ինչպէս այն կը նպաստի երկկողմ տնտեսական յարաբերութիւնների առաջխաղացմանը:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Ինչպէս ցոյց է տալիս ԱՄՆ ընկերութիւնների աշխատանքը, անհրաժեշտ է կրկնակի հարկումից խուսափելու մասին ժամանակակից, գործող պայմանագիր՝ հայ-ամերիկեան երկկողմ փոխշահաւէտ առեւտրի եւ ներդրումների խթանման գործընթացում արհեստական խոչընդոտները վերացնելու համար: Սա «յաղթող-յաղթող» սցենար կը լինի. գործնական, նուաճելի առաջնահերթութիւն, որը կարող է իրականացուել եւ կ՛իրականացուի Վաշինգտոնի եւ Երեւանի պաշտօնեաների, ինչպէս նաեւ հայ-ամերիկեան առեւտրային գործընկերութեամբ շահագրգիռ կարեւոր անձանց կառուցողական ներգրաւուածութեամբ:

 

ՍԻՒԶԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Քննարկումների մէկ այլ կարեւոր թեման Արցախի Հանրապետութիւնն էր: Կոնգրեսականները եղան այնտեղ, նշեցին, որ շարունակելու են ջանքերն՝ ուղղուած Արցախի միջազգային ճանաչմանը, սակայն այցից յետոյ կոնգրեսականներից մի քանիսը, ոչ զարմանալիօրէն, յայտնուեցին Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Այնուամենայնիւ, ինչպէ՞ս կը բնութագրէք Ադրբեջանի նման պահուածքը, արդեօք այն կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդեցութիւն ունենալ Ամերիկայի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների վրայ:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Մենք շատ ոգեւորուած ենք Միչիգանում Հայ Դատի յանձնախմբի կատարած աշխատանքով առ այն, որ նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը շարունակելու են ցուցաբերել աջակցութիւն Արցախին, ինչպէս նաեւ Հայաստանին: Այս ջանքերը քոյր քաղաքների նախագծերին եւ Արցախի ճանաչմանն ուղղուած այլ նախաձեռնութիւններին զուգահեռ բախւում են Ադրբեջանի հզօր դիմադրութեանը, սակայն դանդաղ, բայց վստահաբար կենտրոնացնում են ԱՄՆ քաղաքականութիւնը ժողովրդավարական ինքնորոշման վերաբերեալ Ամերիկայի հիմնական արժէքի շուրջ:

 

ՍԻՒԶԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Այս տարիների ընթացքում Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մշտապէս իրականացրել է տարբեր նախագծեր՝ ուղղուած թէ՛ Հայոց  Ցեղասպանութեան,  թէ՛ Արցախի միջազգային ճանաչմանը: Այդ նախագծերը պարբերաբար ունեցել են աջակիցներ: Կը ցանկանայի իմանալ՝ վերջին ժամանակներում ինչ աշխատանքներ են տարուել  այս երկու հարցի ուղղութեամբ:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Այս տարի կոնգրեսականների համար մենք նախաձեռնեցինք «Խոստումը» ֆիլմի ցուցադրութիւնը: Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կազմակերպեցինք «Ուրացման Ճարտարապետները» ֆիլմի ցուցադրութիւնը, եւ կոնգրեսականների հետ հանդիպումներին մեզ միացան գործադիր արտադրողներ Դին Քէյնը եւ Մոնթել Ուիլիամսը: ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու նախագծի համահովանաւորների թիւը շուրջ 100 է, եւ Սենատում աջակցութիւնը շարունակում է աճել:

 

ՍԻՒԶԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Սեպտեմբերի 27ին էլ տեղեկացանք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳաւերնի նախաձեռնութեամբ օրէնքի նախագիծ է առաջադրուել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել այս ուղղութեամբ, պրն. Համբարեան:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.-  Մենք ոգեւորուած ենք, որ Սենատի յատկացումների յանձնաժողովի կողմից Բաքուի դէմ Դուրբինի (ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբին-«ԱՓ».) լրացումներով նախատեսուող պատժամիջոցների ընդունումից յետոյ մենք կը տեսնենք կոնգրեսականների աջակցութիւնը՝ աւելի բաց ու հաստատակամ կերպով Ադրբեջանում աճող ճնշումներին մարտահրաւէր նետելու հարցում: Ադրբեջանի տարածաշրջանային փորձակման պատասխան կը տրուի նոյն կերպ՝ պատժամիջոցներ, վիզայի սահմանափակումներ, այլ ծախսեր ու հետեւանքներ:

 

ՍԻՒԶԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Կը ցանկանայի անդրադառնալ եւս մի հարցի՝ Մայիսի 16ին ԱՄՆում թուրքական դեսպանութեան շէնքի դիմաց կազմակերպուած բողոքի ակցիայի մասնակիցների վրայ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների յարձակման դէպքին, որից յետոյ այդ խմբից 12 անձի ձերբակալութեան հրաման տրուեց Վաշինգտոնում: Ո՞ր փուլում է իրաւական գործընթացն այժմ:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Զարմանալիօրէն, Թուրքիայի արտգործնախարարն Ամերիկա կատարած իր վերջին այցի ժամանակ լուսանկարուել էր եւ խրախուսել յարձակման գործում իրենց դերն ունենալու համար ձերբակալուած երկու անձի: Կարեկցանք յայտնելու փոխարէն՝ Էրդողանի կառավարութիւնը այդ մարդկանց դարձնում է հերոսներ եւ պախարակում նրանց, ում միակ յանցագործութիւնը Ամերիկայի հողում խաղաղ ցոյցի մասնակցելն էր:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top