«Հայաստանի Ջրային Սիրտը Շարունակում Է Վտանգուած Մնալ»

1007haroutbronozian

«ՀՐԱՊԱՐԱԿ»Ի ԶՐՈՅՑԸ ՔԻՄԻԱԳԷՏ ՅԱՐՈՒԹ ԲՐՈՆՈԶԵԱՆԻ ՀԵՏ

 

ՍՈՆԱ ԱԴԱՄԵԱՆ

 

1007haroutbronozianԼոս Անջելեսում ապրող քիմիկոս (քիմիագէտ-Խմբ.) Յարութ Բրոնոզեանը վերջին 2 տարին նամակագրութիւն է վարում «Լիդիան Արմէնիան» ընկերութեան եւ բնապահպանութեան նախարարութեան ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապուած:

Բրոնոզեանը, մօտիկից ծանօթանալով ծրագրին, տեսել է, որ այն շատ թերութիւններ ունի, ընկերութիւնն անհրաժեշտ ուսումնասիրութիւններ չի կատարել, եւ մինչեւ հիմա հանքարդիւնաբերութեան ջրերի մաքրման սիստեմը (համակարգը-Խմբ.) չեն ուսումնասիրել:

Ինչպէս ընդգծում է Բրոնոզեանը, այս ծրագիրը վտանգելու է Արփա, Որոտան, Դարբ գետերը, Սպանդարեանի եւ Կեչուտի ջրամբարը, Որոտան-Արփա թունելն ու Սեւանայ լիճը, ինչպէս նաեւ Ջերմուկի հանքային ջրերը: «Բայց տեսէք, թէ ոսկու քանակն ինչքան ցածր է. 0.8 գրամ՝ 1 տոննայի մէջ: Երեւակայէք, թէ որքան պէտք է քանդուի այդ շրջանը, երբ այդտեղ սուլֆատ կայ, իսկ երբ քանդես ժայռը, տեղի կ՛ունենայ օքսիդացում՝ օդի հետ կապուած, եւ երբ անձրեւ գայ, այդ ջրերը ծանր մետաղներով կը վնասեն բոլոր ջրային պաշարները: Ու քանի որ հարկաւոր ուսումնասիրութիւնն արուած չէ, չգիտենք, թէ մինչեւ ուր դա կը հասնի, եւ վնասների ինչ չափի մասին է խօսքը: Դժբախտաբար, բնապահպանութեան նախարարութիւնը եւ Հայաստանի մասնագէտներն անհրաժեշտ ուսումնասիրութիւնը պրոֆեսիոնալ (մասնգիտական-Խմբ.) ձեւով չեն արել, եւ նրանք «Լիդիան»ի ծրագրի անգլերէն փաստաթղթերը չեն ուսումնասիրել, իսկ ես դրանք ուղարկեցի 3 տարբեր մասնագէտների, բոլորն էլ՝ դոկտոր, մէկը՝ Աւստրալիայից, մէկը՝ Կանադայից, միւսը՝ Ամերիկայից, եւ 160 էջանոց ուսումնասիրութիւն արեցին, եւ ես դա ուղարկեցի բնապահպանութեան նախարարութիւն եւ «Լիդիան» ընկերութիւն: 2017ի Մարտի 30ի իրենց փաստաթղթի մէջ ասում են, որ մինչեւ հիմա որեւէ ուսումնասիրութիւն չենք արել, թէ ինչ ձեւի մաքրման կայան պէտք է դրուի, իսկ այդ մաքրման կայանի ուսումնասիրութիւնն արժէ 405 հազար դոլար, եւ յետոյ՝ իրենք փոքրացնում են պրոբլեմները (խնդիրները-Խմբ.): Այս երկու հիմնական հարցերն են, որ եթէ լաւ չես ուսումնասիրել, չես կարող իմանալ, թէ ինչ որակով եւ ինչ քանակով աղտոտուածութիւն պէտք է լինի: Իրենք ասում են, որ հանքարդիւնաբերութեան սկսելուց յետոյ պէտք է անեն այդ բոլորը, ու չեն ասում, թէ ինչքան երկար կը տեւի այդ ուսումնասիրութիւնը եւ երբ կը վերջանայ: Այսինքն՝ նման անորոշ իրավիճակ է, եւ քանի որ նախարարութիւնն անհրաժեշտ մասնագէտները չունի, ես փորձում եմ այդ մասնագէտների ուսումնասիրութիւններն իրենց ուղարկել, որպէսզի իրենք արթնանան, օգտագործեն այդ տեղեկութիւնը, որոնց համար ես գումար կը ծախսեմ», ասում է Յարութ Բրոնոզեանը, ով պատրաստւում է 2րդ նամակը, փաստաթղթերով հանդերձ, ուղարկել «Լիդիան»ին, որից յետոյ աւելի յստակ կ՛երեւայ նրանց դիրքորոշումը:

Մասնագէտը կարծում է, որ շատ կարեւոր է, որ մարդիկ գիտական մօտեցումով այդ հարցերը լուծեն, ոչ թէ քաղաքական կամ բիզնես շահերով: Դժբախտաբար, հաշուարկուած չեն նաեւ այս ծրագրի վնասները, քանի որ դրա վնասները բազմաթիւ անգամ աւելի շատ պէտք է լինեն, քան շահերը, մինչդեռ Ջերմուկը զբօսաշրջութեան շատ լաւ կենտրոն է, եւ կարելի է այդ բնագաւառները զօրացնել։ «Այդ ծրագրի միջոցով Հայաստանի կառավարութիւնը 500 մլն. դոլար պէտք է ստանայ 10 տարուայ մէջ, իսկ 10 տարուայ ընթացքում նրանց ստացած ոսկու եւ արծաթի արժէքը կազմելու է մօտաւորապէս 3.2 միլիարդ դոլար, անշուշտ, եթէ ամէն ինչ լաւ ընթանայ: Սարքաւորումների եւ շինարարութեան ծախսերը կազմելու են 370 մլն. դոլար: Աշխատավարձերը, իմ առատաձեռն հաշուարկով (իւրաքանչիւր աշխատողի հաշուով՝ տարեկան 15,000 դոլար, իսկ 2016-18 թուականների համար՝ կրկնակի աշխատավարձով եւ 1300 աշխատողի հաշուարկով), կը կազմեն շուրջ 600 միլիոն դոլար՝ 12 տարուայ համար: Եւս 300 միլիոն դոլար էլ հաշուենք մարքեթինգի (ծանուցման-Խմբ.), ոսկու վերամշակման, տրանսպորտային եւ այլ ծախսերի համար: Ստացւում է, որ մաքուր եկամուտը (3.2 միլիարդ դոլարից հանած բոլոր ծախսերը) կազմելու է մօտ 1.4 միլիարդ դոլար, ինչը, փաստօրէն, այնքան գրաւիչ է ներդրողների համար, որ վերջիններս արհամարհում են բնապահպանական, լանդշաֆտային (բնավայրին հետ կապուած-Խմբ.), ձեռնարկատիրական, դեմոգրաֆիական (ժողովրդագրական-Խմբ.) եւ այլ հետեւանքները Հայաստանի համար: Իսկ ՀՀ կառավարութիւնն ստանալու է մօտ 500 միլիոն դոլար, այսինքն՝ ընդամէնը 15 տոկոս: Բայց 500 մլն. դոլարը դու կարող ես շահել՝ նաեւ պարզապէս Ջերմուկի ջրերն օգտագործելով, զբօսաշրջութիւնը զարգացնելով, այսինքն՝ ալտերնատիւ (այլընտրանք-Խմբ.) ծրագիր ուսումնասիրուած չէ»:

Բրոնոզեանը նկատում է՝ սա ընդամէնը 15 տարուայ ծրագիր է, մինչդեռ մենք պէտք է ծրագրենք երկարաժամկէտ, 100աւոր տարիների համար ծրագիր, որովհետեւ, եթէ այս ծրագիրը լինի, դրա վնասները յատկապէս ջրային պաշարների մասով հարիւրաւոր տարիներ պիտի զգանք:

«Եթէ այս ծրագիրը 10-15 տարի յետոյ աւարտուի, այդ հազար մարդը, որ կ՛աշխատի այդտեղ, այլեւս գործ չի ունենայ: Սխալ որոշումների արդիւնքում աւելի վատ արդիւնքներ կարող ենք ստանալ, եւ ժողովուրդը դրա հետեւանքներն առաջինը պէտք է զգայ: Այդ հատուածը Հայաստանի ջրային սիրտն է, եւ ընկերութիւնը, լինելով անփորձ, քանի որ հանքարդիւնաբերութեան ոլորտում մինչ այս որեւէ ծրագիր չի արել, եւ սա նրա առաջին էքսպերիմենտը (փորձարկութիւնը-Խմբ.) պէտք է լինի, այն էլ այնպիսի զգայուն տեղում, որը նաեւ Սեւանի վրայ կարող է ազդել: Անվտանգութեան ոչ մի երաշխիք չկայ, իսկ եթէ դրանք չկան, Հայաստանի կառավարութիւնը, բնապահպանութեան նախարարութիւնը չպէտք է թոյլտուութիւն տան, քանի որ այսպիսի փոքր ընկերութիւնները գնում են փոքր երկրներ, որտեղ օրէնքները թոյլ են, եւ որտեղ կը կարողանան շարունակել իրենց անպարտաճանաչ աշխատանքը: Չեմ կարծում, որ Ամերիկայում այսպիսի մի ընկերութիւն նման փաստաթղթերով կարողանար գործը յաջողել»:

 

«ՀՐԱՊԱՐԱԿ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top