Բաքուն Իր Վրայ Նոր Պատմուճան Է Փորձում

0000AZAT-ARTSAKH

0000AZAT-ARTSAKH

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի

 

Ինչպէս յայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութիւնից հիասթափուած, որը, ի դէպ, ինքն է մինչ օրս սաբոտաժի (խափանարարութեան-Խմբ.) ենթարկում, պաշտօնական Բաքուն չէր թաքցնում ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացն այլ ատեաններ, մասնաւորապէս՝ ՄԱԿ տեղափոխելու իր մտադրութիւնները: Աւելին, Ադրբեջանն անգամ փորձում էր ռեվիզիայի (վերանայման-Խմն.) ենթարկել հակամարտութեան կարգաւորման մասով ԵԱՀԿ հիմնարարար փաստաթղթերն ու սկզբունքները՝ առաջարկելով հիմնախնդիրը լուծել ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի յայտնի չորս բանաձեւերի հիման վրայ, որոնք ընդունուել են 1993թ. Ապրիլից մինչեւ Նոյեմբեր: Պէտք է նկատել՝ արդէն առաջին տարին չէ, որ ալիեւեան ռեժիմը (վարչակարգը-Խմբ.) շահարկում է այս բանաձեւերը՝ չափազանց ընտրովի ձեւով դրանցից պոկելով այն դրոյթները, որոնք բխում են լոկ իր շահերից: Ինչպէս դժուար չէ կռահել՝ ադրբեջանական կողմը շեշտադրում է անում, այսպէս կոչուած՝ գրաւուած տարածքներից հայկական ուժերի դուրսբերման վրայ՝ լիովին անտեսելով ՄԱԿի բանաձեւերի միւս պահանջները:

Մինչդեռ բանաձեւերն իրենցից ներկայացնում են պահանջների համալիր, ուստի դրանց մի մասի կատարումն ու միւսների անտեսումը խաթարում է բանաձեւի կատարումն ընդհանուր առմամբ: Այս կապակցութեամբ անհրաժեշտ է նշել, որ դրանց կարեւորագոյն պահանջը բոլոր տեսակի ռազմական գործողութիւնների եւ թշնամական քայլերի անյապաղ դադարեցումն էր կայուն հրադադար հաստատելու նպատակով: Ինչպէս անհրաժեշտ է նշել եւ միւս՝ ոչ պակաս կարեւորութիւն ունեցող հանգամանքը, այն է՝ ինքնավստահ կերպով յոյսեր կապելով հակամարտութեան ուժային լուծման հետ, հէնց Ադրբեջանն էր հրաժարւում կատարել այդ հրամայական պահանջը, ինչի պատճառով տուեալ դրոյթը «շրջում էր» մի բանաձեւից միւսը:

Աւելորդ չէր լինի նշել, որ անգամ ՄԱԿի ԱԽ վերջին՝ ղարաբաղեան չորրորդ բանաձեւի ընդունումից գրեթէ քառորդ դար անց Բաքուի իշխանութիւնները չեն դադարեցնում ռազմական գործողութիւններն ու թշնամական քայլերը, ինչը հաստատում են հրադադարի ռեժիմի մշտական կոպիտ խախտումներն ու զինուած դիւերսիաները (խոտորեցման յարձակումները-Խմբ.), որոնց գագաթնակէտը դարձաւ անցեալ տարուայ ապրիլեան պատերազմը: Եւ ահա այս համապատկերին Ադրբեջանն իրեն թոյլ է տալիս վիրաւորուածի դիրք ընդունել ու Հայաստանին մեղադրել զօրքերի դուրսբերմանը վերաբերող բանաձեւերի պահանջները չկատարելու, իսկ ողջ քաղաքակիրթ աշխարհին՝ երկակի չափորոշիչներ կիրառելու մէջ: Այն դէպքում, երբ բանաձեւերից Ո՜Չ ՄԷԿԻ ՄԷՋ Երեւանին ուղղուած նման պահանջ չկայ, միայն երկրորդն ու չորրորդն ընդամէնը կոչ են պարունակում Հայաստանի կառավարութեանը՝ օգտագործելու իր ազդեցութիւնը Լեռնային Ղարաբաղի հայերի վրայ՝ բանաձեւերի դրոյթների կատարումն ապահովելու համար:

Արդեօք այս մասին գիտե՞ն Ադրբեջանում: Բնականաբար՝ գիտեն, ինչը, սակայն, Բաքուին չի խանգարում տարէցտարի միջազգային տարբեր ամբիոններից տարածել կեղծիք՝ խեղաթիւրելով ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերի էութիւնը: Բայց գոնէ ՄԱԿում սեփական բանաձեւերին քաջ ծանօթ են: Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից յիշեալ փաստաթղթերի փարիսեցիաբար վկայակոչումը Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան կողմից բացարձակապէս որեւէ արձագանգ չի ստանում: Եւ հակառակը՝ Բաքուի իշխանութիւնների համար ՄԱԿի վիրաւորական լռութիւնը յարուցեց Ադրբեջանի ղեկավարութեան ոչ-համարժէք արձագանգը: Ծիծաղելի է թւում, բայց ալիեւեան ռեժիմը, որը մի ժամանակ որոշել էր փոխել կողմնորոշումը եւ ջանքեր չէր խնայում հակամարտութեան կարգաւորման գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափից տեղափոխելու ՄԱԿի հովանու ներքոյ, այժմ արդէն չի թաքցնում իր ահաւոր վիրաւորանքը միջազգային այդ կազմակերպութեան հանդէպ:

Հոկտեմբերի 4ին Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը ՄԱԿի Ժնեւի բաժնի ղեկավար Միխաել Միւլլերի հետ հանդիպմանը սրտնեղած գանգատուել է, որ «ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի՝ լեռնայինղարաբաղեան հակամարտութեան հարցով ընդունուած բանաձեւերը մնում են չկատարուած, եւ, դժբախտաբար, միջազգային հանրութիւնը աչք է փակում դրա վրայ»: Ընդսմին, առանց սեփական աչքը թարթելու, չկարողացաւ առաջարկել աւելի լաւ բան, քան… ՄԱԿում կառուցուածքային փոփոխութիւններ եւ բարեփոխումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւերի կատարման համար: Յեղափոխական գաղափար է, խօսք չկայ: Իսկ եթէ աւելի պարզ արտայայտուենք, ապա Բաքուն բռնկուել է նոր խելառութեամբ՝ բարեփոխումներ ՄԱԿի պատերի ներքոյ:

Միանանք ալիեւեան ռեժիմի համարձակ երեւակայութեանը եւ զուտ ենթադրաբար հնարաւոր համարենք, որ ՄԱԿի նոր ղեկավարութիւնը յօգուտ Ադրբեջանի որոշել է բարեփոխուել, որպէսզի հասնի սեփական բանաձեւերի կատարմանը: Բայց դրա համար որպէս սկիզբ ՄԱԿի պաշտօնեաները ստիպուած կը լինեն վերընթերցել այդ փաստաթղթերի բովանդակութիւնը պարզելու համար՝ ով եւ ինչպէս է կատարել, կամ չի կատարել նրանց պահանջները: Ինչպէս իւր ժամանակ նշել է 1992-1996թթ. Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելութեան ղեկավար, հակամարտութեան կարգաւորման գծով ՌԴ նախագահի լիազօր ներկայացուցիչ եւ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ Անվտանգութեան խորհրդի բանաձեւերը չկատարելու հարցում «առաջնութեան արմաւենին» անվիճելիօրէն պատկանում է ադրբեջանական կողմին: Եւ նման իրավիճակում ի՞նչ կը ներկայացնի Ադրբեջանը որպէս փաստարկ: Վերը շարադրուածի լոյսի ներքոյ, հաւանաբար՝ ոչինչ. նրա յանցաւորութեան հետքերն ակնյայտ են: Բայց ահա ինչը նա հաստատ կարող է ստանալ՝ միջազգային հերթական սկանդալն (գայթակղութիւնը-Խմբ.) է, որը նրա յայտնի «խաւիարային դիւանագիտութեան», Մերձաւոր Արեւելքում ահաբեկչական խմբաւորումներին սպառազինութեան օդային մատակարարումների հետ կապուած պատմութեան եւ աղմուկ հանած կոռուպցիոն (կաշառակերութեան-Խմբ.) «Ադրբեջանական լուացարան»ի հետ մէկտեղ կարող է մի լաւ արատաւորել իշխող ռեժիմի առանց այդ էլ կեղտոտ վարկանիշը: Ու այդ կեղտը հազիւ թէ ի վիճակի է լուանալ անգամ «Ադրբեջանական լուացարան»ը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top