Լիբանանահայ Ընտրական Յանձնախումբը Յորդորում Է Օգտուել Լիբանանի Խորհրդարանական Ընտրութիւններին Մասնակցելու Իրաւունքից եւ Արձանագրուել Մինչեւ Նոյեմբերի 20ը

1110karokhanjian

1110karokhanjian

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Լիբանանում 2018թ.ի Մայիսի 6ին նախատեսուած են խոհրդարանական ընտրութիւններ, որոնք աննախադէպ են բնոյթով՝ առաջին անգամ այդ երկրի օրէնսդիր մարմնի ներկայացուցիչներին կարող են ընտրել նաեւ այլ երկրներում բնակուող Լիբանանի քաղաքացիներն իրենց իսկ բնակութեան վայրից: Իրենց ընտրական իրաւունքից օգտուելու համար, Լիբանանի հայ քաղաքացիները պէտք է արձանագրուեն մինչեւ Նոյեմբերի 20ը: Ամերիկաբնակ լիբանանահայերին ընտրութիւնների մասին տեղեկութիւններ տրամադրելու, եւ արձանագրման գործընթացում աջակցելու նպատակով ստեղծուել է Լիբանանահայ ընտրական յանձնախումբ, որի ատենապետ Գարօ Խանճեանը մանրամասներ է տրամադրել «Ասպարզ»ին:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պրն. Խանջեան, ի՞նչ նպատակով է ստեղծուել յանձնախումբը:

ԳԱՐՕ ԽԱՆՃԵԱՆ.- Պատմութեան մէջ առաջին անգամ Լիբանանի կառավարութիւնը որոշեց, որ Լիբանանից դուրս բնակուող քաղաքացիները կարող են իրենց բնակութեան վայրից քուէարկել խորհրդարանական ընտրութիւններում: Մինչ 2018թ.ի Մայիսի 6ը, սակայն, անհրաժեշտ է, որ ընտրութեան իրաւունք ունեցող քաղաքացիներն արձանագրուեն: Այդ նպատակով, ստեղծուել է յատուկ կայքէջ՝ https://diasporavote.mfa.gov.lb/, որտեղ մանրամասն, քայլ առ քայլ ներկայացուած է, թէ ինչպէ՛ս պէտք է գրանցուել: Հաշուի առնելով, որ այս ընտրութիւնները կենսական նշանակութիւն ունեն Լիբանանի մեր հայ համայնքի համար, որոշուեց ստեղծել յանձնախումբ, որ տեղեկութիւններ կը տրամադրի գործընթացի մասին, եւ անհրաժեշտ օգնութիւն կը ցուցաբերի այն անհատներին, ովքեր կը դժուարանան արձանագրուելիս:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է յանձնախումբն իրականացնում իր աշխատանքները:

ԳԱՐՕ ԽԱՆՃԵԱՆ.- Լիբանանի քաղաքացիների ընտրելու իրաւունքի մասին յայտարարուեց բոլորովին վերջերս, եւ մինչեւ Նոյեմբերի 20ը երկար ժամանակ չի մնացել: Ըստ այդմ, որոշուեց տարբեր քաղաքներում բացել ներկայացուցչութիւններ՝ Լիբանանահայ ընտրողներին օգնելու համար: Գլենդելի Երիտասարդական կենտրոնում՝ (211 Վեսթ Չեսնաթ) Երեքշաբթի եւ Հինգշաբթի, Փասադենայի Հայ կենտրոնում՝ (2242 Իսթ Ֆութհիլ բլվ.) Երկուշաբթի եւ Ուրբաթ, եւ Էնսինոյում՝ Ֆերահեան Ազգային վարժարանում՝ (5300 Ուայթ Օք) ժամը 6-9ը, Լիբանանահայ ընտրական յանձնախումբի անդամներն ընդունում են, եւ կամ հեռախօսով օգնում են քաղաքացիներին արձանագրուել:

Մեզ կարող են զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով՝ 818-590-1419:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ արձանագրուելիս:

ԳԱՐՕ ԽԱՆՃԵԱՆ.- Արձանագրուելու համար, անհրաժեշտ է ունենալ Լիբանանի անձնագիր կամ ինքնութիւնը հաստատող «իխրաժ քայտ»՝ հին կամ նոր, կարեւոր չէ: Միաժամանակ, հարկաւոր է ունենալ ամերիկեան անձնագիր, կամ ինքնութեան վկայականի, որը կը հատստատի, որ տուեալ անձն ապրում է Միացեալ Նահանգներում, կամ ցանկացած այլ երկրում: Այս արձանագրման գործընթացը միայն այն անձերի համար է, ովքեր մշտական բնակութիւն են հաստատել այլ երկրում, իսկ նրանք, ովքեր բնակւում են Լիբանանում՝ պէտք է վերադառնան եւ այնտեղ քուէարկեն:

Արձանագրուել կարող է այն քաղաքացին, ում 21 տարին լրանում է մինչեւ 2018թ.ի Մայիսի 6ը՝ խորհրդարանական ընտրութիւնների օրը: Այսինքն՝ արձանագրուելու իրաւունք ունեն նաեւ այն անհատները, ովքեր այս պահին դեռ 20 տարեկան են:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչո՞ւ է կարեւոր, որ աշխարհի տարբեր հատուածներում բնակուող լիբանանահայերը մասնակցեն այս ընտրութիւններին:

ԳԱՐՕ ԽԱՆՃԵԱՆ.- Որպէս լիբանանահայ, մենք մեր զօրակցութիւնը պէտք է յայտնենք Լիբանանի մեր հայրենակիցներին, նկատի ունենալով, որ այդ երկրում մեր հայրենակիցները ստեղծել են զօրաւոր համայնք՝ ազգային կառոյցներ, դպրոցներ, եկեղեցիներ, եւ անհրաժեշտ է, որ մեր աջակցութեամբ նաեւ շարունակեն զօրանալ: Այսօր, երբ Լիբանանի կառավարութիւնն իր երկրի քաղաքացիներին հնարաւորութիւն է տուել աշխարհի տարբեր ծագերից քուէարկելու, այդ երկրի ներսում ուժերի վերադասաւորում է սպասւում, եւ շատ կարեւոր է, որ հայ համայնքը, որ նաեւ բաւական ներգրաւուած է քաղաքական գործընթացներում, կառավարութեան մէջ զգալի ներկայութիւն ունի՝ պահպանի եւ աւելին՝ զօրացնի իր ներկայութիւնն ու ուժը:

Լիբանանահայ մեր հայրենակիցներին յորդորում եմ, որ արձանագրուեն եւ մասնակցեն, քանզի մէկ ձայնն էլ կարող է որոշիչ լինել ընտրութիւններում: Մեր զօրակցութիւնը յայտնենք Լիբանանի հայ համայնքին:

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top