«ԱԿՈՒՆՔ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՊԱԼԵԱՆՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀՈՎԱՆԱՒՈՐԱԾ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆԻ ՀԵՏ

1205kermezian1

 

«Իմ Նպատակը Յիշելն Ու Յիշեցնելն Է»

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

 

Վերջերս, Կոստանդնուպոլսում հանդիսաւոր կերպով բացուեց Քըրմըզեան եղբայրների հովանաւորութեամբ կառուցուած Պալեանների դամբարանը: Քըրմըզեանները Նոյեմբեր ամսին գտնւում էին Լոս Անջելեսում: Քանի որ մեր այցերը ժամանակային առումով համընկան, որոշեցի, առիթն օգտագործելով, հանդիպել ու զրուցել մեծ եղբօր՝ 95ամեայ Անուշաւան Հրաչ Քըրմըզեանի հետ:

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.-Խնդրում եմ պատմէք ձեր եւ ձեր գերդաստանի մասին:

ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆ.- Հայրս ծնուել է Սեբաստիայում, իսկ մայրս՝ Չանաքքալէում, այսինքն՝ Դարդանելում: Սակայն 1915թ. յետոյ նրանց ընտանիքները եկել ու հաստատուել են Կոստանդնուպոլսի Սկիւտար շրջանում: Թէ՛ հօրս եւ թէ մօրս երիտասարդութիւնն անցել է Սկիւտարում: 1926թ. հայրս 21 տարեկան հասակում, այն ժամանակուայ քաղաքական իրադրութիւնից ելնելով, որոշել է մշտական բնակութիւն հաստատել Ռումինիայում: Մինչ այդ մայրս ու հայրս արդէն հասցրել էին ծանօթանալ եւ սիրել իրար: Հայրս Ռումինիայում հիւանդացել է: Մայրս այս մասին տեղեկանալով՝ գնացել է Ռումինիա, որպէսզի հօրս կողքին լինի: Նրանք ամուսնացել են այստեղ: Ես եւ եղբայրս՝ Յակոբը, ծնուել ենք Ռումինիայում: Մեր երիտասարդութիւնը եւս այնտեղ է անցել: Յետագայում ռումինահայերի մի մասը Հայաստան է գաղթել: Նրանց մէջ էր նաեւ մեր ընկերներից քո մեծ հայրիկը (Քըրմըզեան եղբայրները մօրական կողմից պապիկիս՝ Արամ Յովակիմեանի մտերիմ ընկերներն են եղել-Մ. Ա.), իսկ Ռումինիայում մնացածներս, չդիմանալով այնտեղի խորհրդային ռեժիմին (վարչակարգին-Խմբ.), մէկ այլ վայր տեղափոխուելու ուղիներ էինք որոնում: Այդպիսով՝ ես ու եղբայրս փոխադրուեցինք Կ. Պոլիս: Այսինքն՝ մեր ծնողները ծնուել են Թուրքիայում, աւելի ճիշդ՝ հայրս ծնուել է Արեւմտեան Հայաստանում, մենք ծնուել ենք Ռումինիայում, սակայն վերստին վերադարձանք Կ. Պոլիս: Մեր ծնողներին թոյլ չէին տուել հեռանալ Ռումիանիայից, եւ մենք 5 տարի հարկադրուած եղանք առանձին ապրել: 5 տարի անց միայն հայրս իրաւունք ստացաւ արտասահման գնալու: Մօրական կողմից ազգականներս եւս այն ժամանակ Կ. Պոլսում էին՝ մեծ մայրս, մեծ հայրս, մօրաքոյրս, մօրեղբայրս: Եղբայրս՝ Յակոբը, Պոլսում 3 տարի մնաց, իսկ ես՝ 11: Ուսանեցի Ստամբուլի տեխնիկական համալսարանում: Ես ու Յակոբը, որպէս սպայ, ծառայեցինք թուրքական բանակում, քանի որ համալսարանում էինք սովորել: Ես ամուսնացայ Կ. Պոլսում: Կինս՝ Սեդան, պոլսահայ է: Այսինքն՝ իմ կեանքում եւ ընդհանրապէս իւրաքանչիւր տղամարդու կեանքում երեք կարեւոր գործերը՝ ուսումս, բանակում ծառայութիւնս եւ ամուսնութիւնս, իրականացուել են Կ. Պոլսում:

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Այսինքն՝ ձեզ լիովին պոլսահա՞յ էք համարում:

ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆ.- Չէ, համարում եմ, որ պոլսահայերը որդեգրել են ինձ (ծիծաղում է)…

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ձեզ ա-ռաւելապէս ռումինահա՞յ էք համարում, պոլսահա՞յ, թէ ֆրանսահայ:

ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆ.- Ուզեմ թէ չուզեմ՝ ռումինահայ եմ, քանի որ Ռումինիայում եմ ծնուել: Այդ բազմամշակութայնութիւնը հարստութիւն եմ համարում: Մենք զանազան մշակոյթներով ենք շաղախուել. նախ՝ առնչուել ենք ռումինական մշակոյթի հետ, ապա՝ Կ. Պոլսի, որը արեւմտահայութեան մշակութային կենտրոնն է եղել:

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ինչպէ՞ս ծագեց Պալեանների դամբարանը կառուցելու եւ Պետրոս Դուրեանի գերեզմանը վերանորոգելու գաղափարը:

ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆ.- Ծնողներիս երիտասարդութիւնն անցել է Սկիւտարում: Մօրս ու հօրս կողմից Կ. Պոլսում մնացած իմ ազգականների մի մասը թաղուած են Սկիւտարի հայկական գերեզմանատանը: Ես ու եղբայրս յաճախ ենք այցելում նրանց շիրիմներին, քանի որ չենք ուզում լրիւ կտրել մեր կապը նրանցից: Համոզուած ենք, որ նրանց գերեզմաններն այցելելը մեր հոգու պարտքն է: Մօրաքրոջս գերեզմանը Պալեանների դամբարանից 10 մ. հեռաւորութեան վրայ էր գտնւում: Եւ մօրաքրոջս շիրիմին այցելելիս ամէն անգամ մօտենում էի նաեւ Պալեանների տապանաքարերին եւ սրտի ցաւով արձանագրում, որ այս արժանաւոր գերդաստանը ոչ մի ներկայանալի դամբարան չունի: 2013թ. Դեկտեմբերին մտածեցի, որ այդ գործը կարող ենք մենք ստանձնել: Ես ու եղբայրս, նախքան որեւէ հարցի վերաբերեալ կարեւոր որոշում կայացնելը, անպայման այն քննարկում ենք միասին: Հէնց գերեզմանի մօտից հեռաձայնեցի եղբօրս եւ նրան յայտնեցի իմ միտքը: Յակոբը շատ հաւանեց այդ գաղափարս: Այդպիսով՝ ոչ մի ազգակցական կապ չունենալով Պալեանների հետ, բայց լինելով հայ՝ որոշեցինք նման դամբարան կառուցել: Ընդհանրապէս՝ մենք բոլորս ունենք մեր մեծ ու փոքր ընտանիքները: Մեծ ընտանիքը համայն հայութիւնն է: Պալեանները ամբողջ հայութեան պարծանքն են: Արդէն իսկ Կ. Պոլիս այցելած իւրաքանչիւր զբօսաշրջիկի ծանօթացնում են այս գերդաստանի հեղինակած կառոյցների հետ: Մեր նպատակն էր նաեւ նոր սերունդներին վերստին յիշեցնել Պալեանների մասին, որովհետեւ Թուրքիայում եւս սկսել են մոռացութեան մատնել նրանց: Եւ մեզ համար շատ աւելի ցաւալի փաստ էր, որ Թուրքիայում Պալեանները զբօսաշրջիկներին ներկայացւում էին իբրեւ իտալացիներ՝ «Իտալիայում ծնուած Պալեանի ընտանիք»: Այս քայլով ցանկացանք ընդգծել, որ այս հողերի վրայ հայ անուամբ ազգութիւն է եղել, եւ որ հայը շինարար է ու ստեղծագործ… Իմ նպատակը մէկն է՝ յիշել ու յիշեցնել, քանի որ մեր անցեալը շատ հարուստ է…

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Պալեանների ներդրումը այնքան մեծ է, որ ուղղակի անհնար է գնահատել: Հէնց իրենք՝ թուրքերն են երբեմն խոստովանում, որ եթէ Պալեանները չլինէին, Ստամբուլն էլ Ստամբուլ չէր լինի… Չէ՞ք կարծում, որ նրանց դամբարանը կառուցելու գործն իրականում պէտք է անէր Թուրքիա պետութիւնը եւ ոչ թէ ձեզ նման անհատներ: Թուրքիան պարտաւոր չէ՞ր, որպէս պետութիւն, դա անել:

ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆ.- Անտարակոյս այո: Երբ մենք այդ գործը ձեռնարկեցինք եւ արեցինք, նախ պոլսահայ գաղութը մեզ ասաց. «Դուք մեր ամօթը սրբեցիք…»: Ես նրանց պատասխանում էի, թէ իրենք էլ շատ աւելի կարեւոր գործ են անում. պահպանում են Կ. Պոլսի հայկական եկեղեցիները, դպրոցները եւ գերեզմանատները: Պոլսահայ համայնքը, իր առօրեայ հոգսերի պատճառով, չի յղացել Պալեաններին նուիրուած դամբարան կառուցելու միտքը: Մենք էլ, ի յիշատակ մեր ծնողների եւ ի սէր առ Կ. Պոլսի հայկական մշակոյթի, որոշեցինք նման նուէր անել: Ինչ վերաբերում է Թուրքիայի կառավարութեանը, իրօք դա նախ եւ առաջ նրանց գործն էր: Եւ անգամ եղել են իշխանութեան որոշ ներկայացուցիչներ, ովքեր թէեւ ոչ բացայայտ, սակայն մեզ ակնարկել են, որ դա իրականում պէտք է իրենք անէին: Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Կիւլերն էլ մեզ ասաց. «Կեցցէ՜ք: Թող կառավարութիւնն ամաչի, որ ձեզ նման անհատներ են իրենց գործը կատարել»: Սակայն, հարկ է նշել, որ Կ. Պոլսի այն ժամանակուայ քաղաքապետ Քադիր Թօփբաշը բաւականին մեծ աջակցութիւն է մեզ ցուցաբերել այս գործում, որի շնորհիւ էլ մենք ոչ մի դժուարութեան չենք հանդիպել: Մինչեւ իսկ ծաղիկները ջրելու համակարգը նրա հրահանգով է ներդրուել: Քադիր Թօփբաշը նաեւ մեր հայ ճարտարապետ Դաւիթ Այնալըին ասել է, որ նմանատիպ այլ գործերի դէպքում էլ կարող ենք իրեն դիմել: Առանց այս հարցը քաղաքականացնելու՝ պէտք է յայտնեմ, որ որոշ չափով թուրքական իշխանութիւնների աջակցութեամբ ենք նաեւ յաջողել այս գործը:

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ի՞նչ դժուարութիւնների էք հանդիպել այս գործն իրականացնելու ընթացքում:

ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆ.- Կարող է զարմանալի թուայ, սակայն ոչ մի դժուարութիւն չեմ կարողանում մտաբերել: Միայն մի անձնաւորութիւն՝ Սեւան Տէյիրմենճեանն է մեզ քննադատել Պետրոս Դուրեանի գերեզմանը վերանորոգելու համար: Նա «Ակօս»ում լոյս տեսած իր յօդուածում գրել է, թէ մենք իրաւունք չունէինք նորոգելու Պ. Դուրեանի գերեզմանը (թուրքերէնով հրապարակուած յօդուածը տես՝ http://www.agos.com.tr/tr/yazi/19517/bedros-turyan-mezari-basinda-anildi – Մ. Ա.): Անշուշտ, դա նրա անձնական կարծիքն է, եւ ես յարգում եմ իւրաքանչիւր անձի գաղափարը, սակայն նրա ձեւը եւ նպատակն ինձ անհանգստացրին: Քանի որ նա չբաւարարուեց միայն յօդուած գրելով, այլ նաեւ՝ մի արշաւ ձեռնարկեց մեր դէմ: Զարմանում եմ, թէ այդ արշաւին մասնակցած մարդիկ ինչպէ՞ս են, առանց հետաքրքրուելու եւ մանրամասներին տեղեկանալու, իրենց ստորագրութիւնը դրել այդ տեքստի տակ: Նախքան մեր կողմից վերականգնուելը, Պերտոս Դուրեանի գերեզմանի գրերն անգամ անընթեռնելի էին: Մեր գրականութեան համար այդպիսի նշանաւոր դէմք նման անշուք գերեզման ունէր: Եւ մենք մտածեցինք նրա գերեզմանաքարի վրայ աւելացնել նրա նշանաւոր  «Իմ մահը» բանաստեղծութեան՝ տողերը, յատկապէս՝ հետեւեալ խօսքը.

« …եւ յիշատակս ալ թառամի,

Ա՜հ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ»:

Մենք մտածեցինք՝ 140 տարի անց աւելացնել այդ խօսքը: Մեր ճարտարապետ ընկերները մարմարից մի գիրք պատրաստել տուեցին, որի մի էջին այս բանաստեղծութիւնը հայերէն է փորագրուած, իսկ միւս էջի վրայ ներկայացուած է դրա թուրքերէն թարգմանութիւնը, որովհետեւ ներկայում այս գերեզմաննոց յաճախ են այցելում նաեւ թուրքեր: Բոլորս էլ գիտակցում ենք, թէ որեւէ բանաստեղծի համար ինչ է նշանակում նրա գրուածքը թարգմանաբար ներկայացնելը: Կարող է թարգմանութիւնն իդէալական չի եղել: Այնուամենայնիւ, կարծում եմ, որ այդ գործը համայն հայութեան սրտով էր: Այդ անձնաւորութեանը՝ Սեւան Տէյիրմենճեանին, ես անձամբ չէի ճանաչում: Նա մի անգամ հեռաձայնեց ինձ: Ես նրան առաջարկեցի անձամբ հանդիպել եւ քննարկել այդ հարցը, սակայն մերժեց իմ առաջարկը: Ցաւում եմ, որ այսպիսի մի անձնաւորութիւն, ով երիտասարդ է եւ լաւ է տիրապետում հայերէնին, այդպէս էլ չհասկացաւ մեր նպատակը: Կարծում եմ՝ դա սխալ մօտեցում է: Յատկապէս հայի կողմից ստեղծուած որեւէ բան, որքան էլ չհաւանես, նախ կը փորձես նպատակը հասկանալ: Իսկ Պալեանների դամբարանի բացման յաջորդ օրը ամբողջ թուրքական լրատուական դաշտը՝ անխտիր բոլոր լրատուամիջոցները, մեծ գնահատանքով անդրադարձան մեր այդ նախաձեռնութեանը:

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Եւ այդպիսով՝ նորից ընդգծուեց Պալեանների հայկական ծագումը, քանի որ դամբարանը կառուցուել էր հայի կողմից…

ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆ.- Կարծում եմ՝ թուրքերը չգիտեն պատմութիւնը: Եթէ որեւէ հարցի շուրջ անտեղեակութիւն կայ, արդէն իսկ անհնար է այդ թեմայով որեւէ քննարկում: Օրինակ՝ BBC-ի թուրքերէն ծառայութեան ներկայացուցիչ մի լրագրող տիկին զարմացած էր, որ ինքը, համալսարանն աւարտած լինելով, անտեղեակ էր Պալեանների հայկական ծագման մասին: Ես էլ նրան ասացի. «Ցաւալի է, որ այստեղ զբօսաշրջիկներին ներկայացւում է, թէ Պալեանները իտալական ծագում ունեն: Այնինչ, իրենց՝ թուրքերի համար էլ աւելի պատուաբեր կը լինէր շեշտել, որ նրանք այս տարածքից՝ Կեսարիայից են ծագում»…։

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Միայն թէ չասեն, որ հայ են…

ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆ.- Մենք ցանկացանք այս դամբարանը կառուցելով՝ վերստին յիշեցնել Բալեանների հայկական ծագման մասին…

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Արդեօք նմանատիպ նոր ծրագրեր ունէ՞ք:

ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆ.- Ո՛չ: Սեւան Տէյիրմենճեանի արշաւից խիստ վիրաւորուած եմ: Իհարկէ գոհ եմ մեր նախաձեռնութեան արդիւնքներից: Սակայն չեմ ցանկանում, որ մեր ընտանիքը նման անտեղի քննադատութեան արժանանայ: Թուրքերը մի խօսք ունեն. «Քիչը շաղախում է, շատը՝ վնասում»։ Մի ուրիշ նպատակ էլ ունէինք, ցանկանում էինք վերանորոգել նաեւ Մատթէոս Զարիֆեանի դամբարանը, բայց հրաժարուեցինք այդ գաղափարից…

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ձեր վարձքը՝ կատար: Կարծում եմ‘ համայն հայութիւնը երախտապարտ է ձեզ այս գործի համար:

ԱՆՈՒՇԱՒԱՆ ՀՐԱՉ ՔԸՐՄԸԶԵԱՆ.- Իմ վերջին խօսքն ուղղում եմ հայ երիտասարդութեանը. թող արժանի լինեն մեր անցեալին եւ եթէ որեւէ բան չեն հաւանում, մի քանի անգամ մտածեն՝ նախքան հրապարակաւ քննադատելը, քանի որ խօսելը հեշտ է, անելը՝ դժուար: Ես իմ ամբողջ կեանքի ընթացքում որեւէ գրուած թուղթ նախընտրել եմ դատարկ թղթից, որովհետեւ ճերմակ թղթի վրայ ոչ մի բան չես կարող կարդալ, իսկ գրուած թղթի վրայ, եթէ անգամ սխալ էլ կայ, այնուամենայնիւ կարող ես որեւէ բան ընթերցել…

 

Լոս Անջելես

Akunq.net


Այս Էջը Կը Հովանաւորեն

 

ՔԸՐՄԸԶԵԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒ

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ


 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

  1. Hakob Hovakimyan said:

    Thank you very much for your commitment, the information about Kirmiziyan brothers is really important for each of us , God bless you all . This will stay for centuries.

*

Top