«Ագապէ Շրջանակ»ը Տօնական Ձեռնարկով Ամփոփեց Տարեկան Գործունէութիւնը

1207agape1

1207agape2

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի հովանաւորութեամբ գործող «Ագապէ շրջանակ»ի կազմակերպած Գոհաբանութեան ձեռնարկը՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու գեղեցիկ աւանդոյթ է դարձել: Նոյեմբերի 15ին կայացած տօնական միջոցառմանը ներկայ աւելի քան երկու հարիւր կանանց ներկայութիւնը եւս մէկ վկայութիւնն էր առ այն, որ  «Ագապէ շրջանակ»ի գործունէութիւնը հոգեհարազատ է շատերին, ովքեր պատրաստակամ են  մաս կազմելու «Ագապէ»ի բարեսիրական աշխատանքներին:

«Լոսանջելեսահայութեան կեանքում, մի քանի տարի է, որ Արեւմտեան թեմի առաջնորդարանի հովանաւորութեամբ գործում է «Ագապէ շրջանակ»ը, որ հիմնականում մարդասիրական ծառայութիւն է մատուցում հասարակական կառոյցների միջոցով, ինչպէս օրինակ՝ «Լոս Անջելես Չիլդրընզ Հոսփիթըլ»ի, Գլենդելի Երիտասարդ կանանց քրիստոնէական միութեան (YWCA): Մեր այս տարուայ ձեռնարկի շրջանակներում, նաեւ պատւում ենք մի անձնաւորութեան՝ Ժասիկ Ջառահեանին, ով իր գործով է ապացուցել, որ մեր օրերի մեծ մարդասէրներից է: Այսպիսով, մենք նաեւ ուղերձ ենք յղում, որ ամէն մարդ, իւրաքանչիւր հայ քրիստոնեայ ներգրաւուի մարդասիրական ծրագրերում», նշեց ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը:

Համայնքին տարբեր հարցերում օգտակար լինելու նպատակով էր, որ Արեւմտեան թեմի շուրջ համախմբուած մի խումբ կանայք Յովնան արք. Տէրտէրեանի գլխաւորութեամբ, առաջնորդուելով Աստուածային, անպայմանական սիրոյ խորհրդով՝ ստեղծեցին պատգամը փոխանցող «Ագապէ»  անունը կրող շրջանակը:

«Ագապէ շրջանակ»ի առաջնային առաքելութիւնը դարձաւ զօրացնել Արեւմտեան թեմի եւ Հայաստանում ու ԱՄՆում հազարաւոր հայ մանուկների առողջութեան գրաւականը դարձած «Լոս Անջելես Չիլդրընզ Հոսփիթըլ»ի (CHLA) միջեւ համագործակցութիւնը: «Ագապէ»ի կազմակերպած դրամահաւաք ձեռնարկների հասոյթը տրամադրուեց հիւանդանոցի տարբեր բաժանմունքների եւ ծառայութիւնների աշխատանքին՝ Տեսողական կենտրոնին, քաղցկեղի եւ արեան հիւանդութիւնների, ծայրայեղ վիճակում գտնուող նորածինների եւ մանուկների խնամքի բաժնին, գրականութեան միջոցով բուժման ու միջկրօնական կենտրոնին:

«Արեւմտեան թեմի եւ հայ համայնքի ներգրաւուածութիւնը «Լոս Անջելես Չիլդրընզ Հոսփիթըլ»ում առաւել համակարգուած դարձնելու նպատակով էր, որ որոշուեց ձեւաւորել կանանցից կազմուած մի խումբ՝ նաեւ մեր սէրն արտայայտելու այս հիւանդանոցին, որի ծառայութիւններից օգտւում են հազարաւոր հայ մանուկներ այստեղ եւ Հայաստանում: Մենք յատկապէս ոգեւորուած էինք Տեսողութեան կենտրոնի տնօրէն, բժիշկ Թոմաս Լիի՝ Հայաստանում իրականացուող ծրագրերից, որոնց արդիւնքում հարիւրաւոր հայ նորածիններ փրկուել են կուրութիւնից», տեղեկացրեց «Ագապէ շրջանակ»ի ատենապետուհի Ալիս Չաքրեանը:

Բժիշկ Թոմաս Լին, որ «Ագապէ շրջանակ»ի տօնական ձեռնարկի գլխաւոր բանախօսն էր, երախտագիտութիւն յայտնեց Արեւմտեան թեմին եւ շրջանակի անդամ կանանց, ովքեր կարեւորելով հայ մանուկների առողջութիւնը՝ հայ համայնքից առաջիններից էին,  որ առաջարկեցին աջակցութիւն եւ տարիներ շարունակ նուիրումով օգնում են Հայաստանում իրականացուող իր խմբի աշխատանքներին: «Ձեր օգնութեամբ  մենք ի վիճակի ենք եղել իրականացնել հայ մանուկների առողջութեան բարելաւմանն ուղղուած բազում ծրագրեր, որոնք շարունակւում են, եւ ձեր աջակցութեամբ՝ շարունակական կը լինեն նաեւ ապագայում», նշեց բժիշկը:

Թոմաս Լին, ով ոլորտում յայտնի է մանկական ցանցաթաղանթի հիւանդութեան բուժման իր նորարարական մեթոդով, 2009 թուականին միանալով Հայկական ակնաբուժութեան նախագծին (Armenian Eye Care Project), օգնել է ախտորոշել եւ բուժել անհասութեան ռետինոպաթիա (Rethinopathy of Prematurity) հիւանդութեամբ բազմաթիւ նորածինների՝ ում, արագ արձագանգ չցուցաբերելու դէպքում, սպառնում էր ամբողջական կուրացում: Այս հիւանդութեան համար անհրաժեշտ վիրահատութիւնն ինքնին շատ բարդ է, եւ ամբողջ աշխարհում մի քանի տասնեակ բժիշկ միայն կարող է այն յաջողութեամբ իրականացնել: Թոմաս Լին, բացի Հայաստանում իր կատարած վիրահատութիւններից, նաեւ ստեղծել է ծրագիր, որի միջոցով այս ուղղութեամբ կրթել է հայ բժիշկների ու բուժքոյրերի, միաժամանակ՝ հեռաբժշկութեան միջոցով, առցանց հետեւում է փորձառութիւն ձեռք բերած մասնագէտների վիրահատութիւններին ու հիւանդներին քննելու գործընթացին: Բժիշկ Լին իր նախագծերը Հայաստանում հնարաւորութիւն է ունեցել  իրականացնելու հիմնականում նաեւ Արեւմտեան թեմի եւ «Ագապէ շրջանակ»ի աջակցութեամբ:

«Լոս Անջելես Չիլդրընզ Հոսփիթըլ»ի զարգացման հարցերով փոխնախագահ Ռիտա Տէրտէրեանն անդրադառնալով Արեւմտեան թեմի եւ «Ագապէ շրջանակ»ի հետ համագործակցութեանը, նշեց որ չափազանց կարեւոր է լոսանջելեսահայերի նման կազմակերպուած մասնակցութիւնն ամերիկեան հիւանդանոցի գործունէութեանը, որ մեծապէս ծառայում է նաեւ հայ համայնքին:

Ներկայացնելով «Ագապէ»ի պատմութիւնը, Ալիս Չաքրեանը տեղեկացրեց, որ այս տարի իրենց շրջանակի գործունէութիւնն ընդլայնուել է, եւ նոր փուլ թեւակոխել՝ ներառելով աջակցութիւնը եւս մէկ կազմակերպութեանը: «Կարծում ենք, որ հայ համայնքը աւելի շատ պէտք է ներգրաւուի Լոս Անջելեսի հասարակական կեանքում, եւ նման ցանկութիւն նկատեցինք նաեւ մեր համախոհների շրջանում: Ընտրեցինք Գլենդելի Երիտասարդ կանանց քրիստոնէական միութիւնը (ԵԿՔՄ) (Young Women՛s Christian Associaton-YWCA), որ բազմաթիւ ծառայութիւններ է առաջարկում հանրութեանը, եւ այցելեցինք  այս կազմակերպութան ընտանեկան բռնութեան կենտրոն, ծանօթացանք մատուցուող ծառայութիւններին, որից օգտւում են նաեւ հայ կանայք: Արդիւնքում, որոշեցինք աջակցել ԵԿՔՄին՝ ըստ նրանց առաջնահերթ կարիքների», պատմեց Չաքրեանը:

Շնորհակալութիւն յայտնելով «Ագապէ շրջանակ»ին, ԵԿՔՄ գործադիր տնօրէն Թարա Փեթերսոնը գոհունակութեամբ նշեց, որ հիանալի համագործակցութեան սկիզբ է դրուել: «Մենք տարաբնոյթ ծառայութիւններ ենք մատուցում ընտանեկան բռնութիւնից տուժած կանանց եւ երեխաներին: «Ագապէ»ի կանանց շնորհիւ վերանորոգուեց եւ նորովի կահաւորուեց մեր համակարգչային սենեակը: Այս սրահը մեզ այցելող կանայք օգտագործում են տարբեր նպատակներով, այդ թւում՝ համակարգիչների օգնութեամբ աշխատանք փնտռելու, իսկ նորոգումից յետոյ այնտեղ նաեւ հաճելի մթնոլորտ է ձեւաւորուել», նշեց Փեթերսոնը:

«Ագապէ շրջանակ»ի անդամների համար, ձեռնարկը լաւագոյն առիթ էր նաեւ գնահատելու եւ պատուելու համայնքի ու հայրենիքի նուիրեալի, ով, ըստ նրանց, իր մարդասիրական գործունէութեամբ մշտապէս ոգեշնչել է: «Պատւում ենք Ժասիկ Ջառահեանին՝ մի անձնաւորութեան, ով  իր հոգին, սիրտը եւ միտքը կապել է մայր հայրենիքի հետ, եւ միաժամանակ՝ ներգրաւուած է տեղական մարդասիրական ծրագրերում, ինչպիսին օրինակ՝ Լոս Անջելեսում հայ տնանկների նախագիծն է», ներկայացնելով Ջառահեանին՝ նշեց Յովնան արք. Տէրտէրեանը:

1207agape1 Ազգին ու հայրենիքին անձնուիրաբար ծառայելու տասնամեակների բարեսիրական առաքելութեամբ Հայաստանում եւ ամերիկահայ համայնքում յայտնի Ժասիկ Ջառահեանը, ով  նաեւ ՀՕՄի Շրջանային վարչութեան գրասենեակի տնօրէնն է, շնորհակալութիւն յայտնեց Արեւմտեան թեմի առաջնորդին եւ «Ագապէ շրջանակ»ի տիկնանց գնահատանքի համար: «Իւրաքանչիւրը, ով նման պատուի է արժանանում, առաւել պարտաւորուած պէտք է լինի՝ Տիրոջից խնդրելով ուժ իր հայրենիքին, ժողովրդին ու եկեղեցուն ճշմարտացի ծառայելու համար: «Ագապէ շրջանակ»ը սէր է, որ ուղղուած է առ մեր համայնքը, եւ հաւատացած եմ, որ առաջիկայում արդիւնաւէտ կը համագործակցենք: Երբ այս միութեան մեր փափկասուն կանանց պատմեցի հայ անօթեւան մարդկանց համար ՀՕՄի ծրագրի մասին, նրանք միանգամից արձագանգեցին՝ ցանկանալով աջակցել այդ նախագծին: Մենք պէտք է միասնաբար գործենք, որ որեւէ հայ անտուն չմնայ», նշեց Ջառահեանն իրենց ընձեռուած ելոյթի խօսքում:

Յատկանշական է, որ «Ագապէ շրջանակ»ն իր համամարդկային առաքելութեան շուրջ համախմբել է հայ եւ օտարազգի, տարբեր ոլորտներում ներգրաւուած կանանց, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների, ովքեր հաւատալով նպատակին՝ եւս մէկ անգամ պատրաստակամութիւն յայտնեցին աջակցելու: Նրանց նուիրատուութիւնների շնորհիւ էլ իրականանալի է դառնում այս միութեան նպատակը՝ կամուրջ լինել Արեւմտեան թեմի համար աջակցութիւն ցուցաբերելու այն ծրագրերին ու կազմակերպութիւններին, ում գործունէութիւնն ուղղուած է մեր հաւաքական համայնքի կենսական կարիքները հոգալուն:

«Այս ամէնը հնարաւոր է դարձել մի խումբ կամաւոր հիմունքներով գործող նուիրեալ կանանց շնորհիւ: Ամէն ինչ սկսուեց մեր անդամներից մէկի տանը կազմակերպուած հաւաքից, որից յետոյ ունեցանք համախոհներ, ովքեր հաւատացին մեր գործին եւ համախմբուեցին մեր շուրջ: Ամէնամեայ դրամահաւաքի ձեռնարկն էլ ունենում է հովանաւորներ, ինչպէս այս տարի՝ Նիլա Սելիքը, ինչի արդիւնքում մեր հաւաքած ողջ գումարն ուղղւում է բարեսիրական աշխատանքներին», պատմեց շրջանակի անդամ Անջելա Բարսեղեանը, միաժամանակ տեղեկացնելով, որ տարուայ ընթացքում աջակցել են նաեւ «Սթարքի» Լսողական հիմնարկութեան՝ «Առաքելութիւն Հայաստան» ծրագրին, որ լսողական սարքեր է տարել Հայաստան, իսկ առաջիկայ գործունէութիւնն ուղղուած կը լինի անօթեւանների խնդրին:

«Ագապէ շրջանակ»ի՝ Գլենդելի Վըրթիգօ սրահում անցկացուած  ձեռնարկի ընթացքում ամփոփուեցին իրականացուած աշխատանքներն ու ուղենշուեցին առաջիկայի ծրագրերը։ Ձեռնարկի հայկական ոգին զօրացրեց «Մեղեդի» երգչախումբը՝ ժողովրդական երգերի կատարումներով: Հիւրերի թւում էին Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետեանը, Գլենդելի Միացեալ կրթաշրջանի խորհրդի անդամ Արմինա Կարապետեանը, հասարակական կազմակերպութիւնների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ովքեր բարձր գնահատեցին  «Ագապէ»ի  գործունէութիւնը:

«Այսօր մեզ համար տօնական օր է, քանզի համայնքն ի դէմս ներկաների, զօրակցութիւն է յայտնում «Ագապէ շրջանակ»ին, որպէսզի շարունակենք այս քրիստոնավայել առաքելութիւնը», ամփոփիչ խօսքում նշեց ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը:

1207agape

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top