«ՇԱՐՂ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆԻ ՀԵՏ

1206massismayilian

«Արցախը Գնահատում Է ԼՂ Հակամարտութեան Վերաբերեալ Իրանի Քաղաքականութիւնը»

 

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը հարցազրոյց է տուել իրանական «Շարղ» օրաթերթին: Զրոյցը՝ ստորեւ.

 

1206massismayilian «ՇԱՐՂ».- Արցախը մէկն է մեր հարեւաններից, որի հետ մենք մօտաւորապէս 135 կմ. ընդհանուր սահման ունենք: Միգուցէ շատ իրանցիներ չգիտեն, որ նման հարեւան ունենք, քանի որ այն քարտէզի վրայ տեսանելի չէ: Ընդհանուր առմամբ, կը ցանկանայի իմանալ, թէ ինչպիսի՞նն է ձեր քաղաքականութիւնը Իրանի նկատմամբ:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Ընդհանրապէս, մենք դրական վերաբերմունք ունենք Իրանի հանդէպ: Մենք գնահատում ենք ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ Իրանի քաղաքականութիւնը, որը հաւասարակշռուած է եւ հիմնականում չէզոք բնոյթ է կրում: Յատկանշական է, որ Իրանը 1992 թուականի առաջին կէսին այս հակամարտութեան կարգաւորման հարցում հանդէս է եկել որպէս միջնորդ, որը խօսում է այն մասին, որ Իրանը շահագրգռուած է տարածաշրջանում խաղաղութեան ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ այսօր պաշտօնական Թեհրանը պատրաստակամութիւն է յայտնում կրկին միջնորդական առաքելութիւն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում:

Հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահմաններ բոլոր երեք հակամարտ կողմերի՝ Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ), Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի հետ:

Արցախը ընդհանուր սահմանակցում է երեք պետութիւնների. արեւմուտքում՝ Հայաստանի Հանրապետութեան, արեւելքում՝ Ադրբեջանի եւ հարաւում՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ: Հայաստանի Հանրապետութեան հետ սահմաները բաց են, ընդ որում, ՀՀ միջոցով է ապահովւում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը: Ադրբեջանի հետ սահմանն աւելի շուտ կարելի է անուանել ռազմաճակատ: Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմեանց հանդէպ բարիդրացիական տրամադրուածութեանը՝ Արցախի եւ Իրանի միջեւ սահմանը մնում է փակ, ինչն անբնական է:

Մենք շահագրգռուած ենք գործող սահմաններ եւ բարիդրացիական յարաբերութիւններ ունենալ հարեւան բոլոր երկրների հետ, այդ թւում Իրանի հետ: Համոզուած եմ, որ նաեւ Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը: Կարծում եմ, որ դա համահունչ է նաեւ տարածաշրջանում հետաքրքրուած այլ դերակատարների շահերին:

 

«ՇԱՐՂ».- Դուք մի երկրի արտգործնախարար էք, որը պաշտօնապէս միջազգային ճանաչում չի ստացել: Այս հասկացողութեան մէջ մի փոքր հակասութիւն կայ: Ձեր փորձառութիւնը՝ որպէս նման երկրի արտգործնախարար, ինչպիսի՞ն է, եւ ձեր յարաբերութիւնները այլ երկրների հետ ի՞նչ հարթակի վրայ են, ինչպէ՞ս են ձեւաւորւում այդ յարաբերութիւնները:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Որեւէ հակասութիւն չեմ տեսնում: Մեր հանրապետութիւնը հռչակուել է 1991 թուականին, եւ բնական է, որ մենք պէտք է ունենանք արտաքին յարաբերութիւններ, այդ թւում՝ միջազգային ճանաչման հասնելու համար: Մենք իրականացնում ենք ճանաչուած պետութիւններին բնորոշ գործառոյթներ, որոնցից է, նախ եւ առաջ, անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը:

Հարկ է նշել նաեւ, որ Արցախի Հանրապետութիւնը լիովին համապատասխանում է 1933 թուականի «Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» Մոնտեվիդէոյի կոնվենցիայով (ուխտով-Խմբ.) սահմանուած պետութիւնների միջազգային իրաւասուբյեկտութեան (իրաւական ենթակայութեան-Խմբ.) չափանիշներին, որոնցից մէկը այլ երկրների հետ յարաբերութիւնների մէջ մտնելու կարողութիւնն է:

ՄԱԿի անդամ պետութիւնների կողմից Արցախի Հանրապետութան դեռեւս չճանաչուած լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել այն իրողութիւնը, որ Արցախը հանդէս է գալիս տարածաշրջանում որպէս կարեւոր ռազմաքաղաքական գործօն:

Յայտնի են բազմաթիւ պետութիւններ, որոնք միջազգային ճանաչում են ստացել իրենց ստեղծումից տասնամեակներ յետոյ: Հարկ է յիշատակել նաեւ Շուէյցարիայի օրինակը, որը միջազգայնօրէն ճանաչուել է մի քանի հարիւր տարի յետոյ:

Արցախի ճանաչման գործընթացը սկսուած է: Ներկայումս այն ընթանում է օտարերկրեայ պետութիւնների առանձին վարչական միաւորների՝ նահանգների, շրջանների եւ քաղաքների մակարդակներով: Օրինակ, վերջերս Արցախում էր գտնւում մեր հանրապետութիւնը ճանաչած ԱՄՆ նահանգներից մէկի՝ Կալիֆորնիա նահանգի պատգամաւորների պատուիրակութիւնը:

 

«ՇԱՐՂ».- Եթէ մշտական խաղաղութեան պայմանագիր ստորագրուի Բաքուի հետ, հաւանաբար, ըստ բանակցութիւնների՝ դուք այս քաղաքներից մի մեծ մաս ձեռքից կը տաք, այսինքն այն տարածքները, որոնք Արցախից դուրս են: Կարո՞ղ է նման խաղաղութեան պայմանագրի դէպքում Արցախի հետ այլեւս հարեւան չլինենք:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Այսօրուայ մեր պետական սահմանները պատմական Արցախից դուրս չեն գտւում: Հարկ է նշել նաեւ, որ Արցախի Հանրապետութեան մի շարք տարածքներ, օրինակ, Շահումեանի շրջանը, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասը, որոնք կազմում են հանրապետութեան  տարածքի մօտաւորապէս 15 տոկոսը, մինչ օրս օկուպացուած (գրաւուած-ԽՄԲ.) են Ադրբեջանի կողմից:

Արցախի իրաւազօրութեան տակ գտնուող տարածքներն ամրագրուած են համաժողովրդական հանրաքուէով ընդունուած Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեամբ, որն արտայայտում է մեր ժողովրդի կամքը: Այսինքն, ե՛ւ մայրաքաղաք Ստեփանակերտում, ե՛ւ, ասենք, Արաքսի ձախ ափին գործում է նոյն օրէնսդրութիւնը, նոյն իրաւական դաշտը. որեւէ տարբերութիւն չկայ:

 

«ՇԱՐՂ».- Արդեօ՞ք այս մօտեցումը համապատասխանում է Մինսկի խմբի հովանու ներքոյ ընթացող բանակցութիւններին:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Նշենք, որ հակամարտութեան երեք կողմերը կարգաւորման համար առանցքային են համարում տարածքների, Արցախի կարգավիճակի, փախստականների, անվտանգութեան եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետութեան ապաշրջափակման հարցերը, որոնք կողմերը ժամանակին առաջ են քաշել որպէս բանակցութիւնների առարկայ:

Ընդհանրապէս, ինչ վերաբերում է բանակցութիւններին եւ տեւական կարգաւորման հասնելու հեռանկարներին, կարող եմ նշել, որ բանակցային գործընթացն արդէն իսկ ունի իր պատմութիւնը: Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) շրջանակներում հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւնները սկիզբ են առել դեռեւս 1992թ. եւ ունեցել են տարբեր փուլեր:

Անհրաժեշտ է նշել, որ Արցախը ճանաչուած է ԵԱՀԿ կողմից որպէս հակամարտող կողմ: Այսինքն, ԵԱՀԿ փաստաթղթերում յստակ նշուած է, որ այս հակամարտութիւնում ներգրաւուած է երեք կողմ՝ երկու ԵԱՀԿ անդամ պետութիւն, եւ երրորդ կողմ, որը Լեռնային Ղարաբաղն է: Սա էական նշանակութիւն ունի:

Մինչեւ 1997թ. տեղի էին ունենում լիարժէք՝ եռակողմ ձեւաչափով բանակցութիւններ, որոնք ընթանում էին դասական եղանակով: Եւ հէնց այդ ժամանակահատուածում արձանագրուեցին կարգաւորման գործընթացում եզակի շօշափելի արդիւնքներ՝ 1994թ., 1995թ. կնքուեցին հրադադարի եւ դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, որոնց ներքոյ կայ նաեւ արցախեան կողմի ստորագրութիւնը: Սակայն, 1997 թուականից ի վեր, կարելի է ասել, խաղաղ գործընթացն ընթանում է խեղուած ձեւաչափով՝ առանց Արցախի ուղղակի մասնակցութեան, ինչը բացասական է ազդում կարգաւորման գործընթացի արդիւնաւէտութեան վրայ:

Այժմ դասական առումով բանակցային գործընթաց չկայ, ինչպիսին եղել է մինչեւ 1997 թուականը: 1997 թուականից սկսած միջնորդները կիրառում են մաքոքային դիւանագիտութեան (shuttle diplomacy) մեթոդը. աշխատանքներ են տարւում կողմերի հետ մի շարք սկզբունքների համաձայնեցման շուրջ, որոնց հիման վրայ հնարաւոր կը լինի շարունակել բանակցութիւնները:

Սակայն այդ գործընթացը դժուարութեամբ էր ընթանում, իսկ 2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ինչը շատ մեծ հարուած էր նաեւ խաղաղ գործընթացին, աւելի է հեռացրել հակամարտութեան վերջնական լուծման հասնելու հեռանկարները:

Ներկայումս գլխաւոր խնդիրը տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան պահպանումն է, եւ միջնորդների ջանքերը հիմնականում դրան են ուղղուած:

 

«ՇԱՐՂ».- Ի՞նչ էք կարծում, արդեօք ապրիլեան պատերազմի ժամանակ Ռուսաստանը փոխե՞ց իր քաղաքականութիւնը՝ ի շահ Բաքուի:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշման մէջ որեւէ փոփոխութիւն է եղել: Ռուսաստանը, Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են եւ համաձայնեցուած մօտեցումներ ունեն այս տարածաշրջանում խաղաղութեան ապահովման շուրջ:

Ինչ վերաբերում է ապրիլեան պատերազմին, հարկ է նշել, որ երկու այլ համանախագահող երկրների համաձայնութեամբ է Ռուսաստանն այդ օրերին աւելի ակտիւ դերակատարութիւն ունեցել ռազմական գործողութիւնները կանգնեցնելու հարցում, ինչը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ երեք համանախագահող երկրներից միայն Ռուսաստանն ունի ռազմական գործողութիւնների ժամանակ կողմերի վրայ ազդելու համապատասխան գործիքակազմ: Հետեւաբար, պատահական չէ, որ Ապրիլի 5ին Ռուսաստանի միջնորդութեամբ կողմերը եկան բանաւոր համաձայնութեան՝ դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ վերականգնել 1994 թուականի Մայիսի 12ի համաձայնագրով հաստատուած հրադադարի ռեժիմը:

Ընդհանրապէս, տարբեր ժամանակահատուածներում ականատես ենք լինում, որ համանախագահող երկրներից որեւէ մէկը՝ ԱՄՆը, Ռուսաստանը կամ Ֆրանսիան, առաւել ակտիւ գործունէութիւն է ծաւալում կարգաւորման գործընթացում: Սակայն դա իրականացւում է մնացած միջնորդ երկրների հետ համաձայնեցուած:

 

«ՇԱՐՂ».- Որքանով տեղեակ եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբն արգելել է ցանկացած երկրի զինամթերք վաճառել Հայաստանին կամ Ադրբեջանին: Բայց Ռուսաստանը վերջին 3-4 տարուայ ընթացքում մօտ 6 մլդ. դոլարի զինամթերք է վաճառել Ադրբեջանին: Հնարաւո՞ր է, արդեօք, որ Ռուսաստանը մի քաղաքականութիւն վարի Մինսկի շրջանակներում, եւ մէկ այլ քաղաքականութիւն՝ նրա շրջանակներից դուրս:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Որպէս կանոն, արեւմտեան երկրները ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կողմերին զէնք չեն մատակարարում:

Սակայն, Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցութեան շրջանակներում զէնք է տրամադրում թէ՛ Ադրբեջանին եւ թէ՛ Հայաստանի Հանրապետութեանը: Ռուսաստանը նաեւ ՀՀ ռազմավարական դաշնակիցն է  եւ նրան զէնք է վաճառում ներքին գներով՝ աւելի ցածր, քան Ադրբեջանին:

Սակայն, հաշուի առնելով ՀՀ հետ Ռուսաստանի դաշնակցային յարաբերութիւնները, Ադրբեջանի հետ նման համագործակցութիւնը բարոյական տեսանկիւնից բացասական է ընդունւում թէ՛ Արցախում եւ թէ Հայաստանի Հանրապետութիւնում:

Ռուսաստանը դա բացատրում է նրանով, որ եթէ իրենք զէնք չվաճառեն, դա կ՛անեն ուրիշները, եւ նշում, որ այդպիսի առեւտրային յարաբերութիւններ ունենալով Ադրբեջանի հետ՝ իրենք նաեւ փորձում են ռազմական հաւասարակշռութիւն պահպանել տարածաշրջանում:

Կարելի է համաձայնել այդ մօտեցման հետ մի դէպքում, եթէ Ռուսաստանը Ադրբեջանի միակ մատակարարը լինէր, այնինչ մենք գիտենք, որ մօտաւորապէս նոյն գումարի չափով զէնք եւ զինամթերք Ադրբեջանը գնել է Իսրայէլից: Այլ մատակարարներից կարելի է նշել՝ Թուրքիան, Պակիստանը, Ուկրաինան, Բելառուսը:

Ադրբեջանը ռազմա-արդիւնաբերական ոլորտում համագործակցում է նաեւ Հարաւային Աֆրիկայի հետ: Իսկ վերջերս հրապարակումներ եղան այն մասին, որ Ադրբեջանը ձեռք է բերել նաեւ չեխական արտադրութեան զէնքեր:

 

«ՇԱՐՂ».- Եթէ ադրբեջանական ուժերը ցամաքային յարձակում գործեն, որտեղի՞ց նրանք կը յարձակուեն, եւ որտե՞ղ են տեղակայուած ձեր պաշտպանողական գծերը:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Այս հարցի պատասխանը յայտնի է Ադրբեջանի ռազմական կազմաւորումների ղեկավարութեանը, ինչպէս նաեւ Արցախի հետախուզական կառոյցներին:

Մեր երկրի ռազմական անվտանգութիւնն ապահովելու նպատակով շարունակում ենք ակտիւ աշխատանքներ իրականացնել պաշտպանական գծի ողջ երկայնքով:

Ինչպէս ականատես եղանք, 2016թ. ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ Ադրբեջանը յարձակման համար ընտրել էր մի քանի ուղղութիւն: Եւ Արցախի պաշտպանութեան բանակն ապացուցեց, որ ի վիճակի է կանգնեցնել Ադրբեջանի յարձակումներն ու ապահովել երկրի յուսալի պաշտպանութիւնը: Իհարկէ, ապրիլեան ռազմական գործողութիւնների ժամանակ պաշտպանութեան բանակի կողքին կանգնեցին նաեւ կամաւորներ՝ ինչպէս Արցախից, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութիւնից, ովքեր իրենց պարտքը համարեցին մասնակցել հայրենիքի պաշտպանութեան գործին՝ չսպասելով, որ մոբիլիզացիա (զօրաշարժ-Խմբ.) յայտարարուի:

Արցախի անվտանգութեան ապահովմանը վերաբերող հարցերը գտնւում են հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի ուշադրութեան եւ անմիջական վերահսկողութեան ներքոյ: Կարող եմ ընդգծել, որ Ապրիլից յետոյ մենք աւելի ուժեղ ենք եւ շարունակում ենք ստեղծել տարբեր զսպման մեխանիզմներ՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը:

 

«ՇԱՐՂ».- Նիւթեր կան, որ վկայում են թուրքական ուժերի մասնակցութիւնն ապրիլեան պատերազմում: Դուք հաստատո՞ւմ էք այդ փաստը:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, եւ որ նրանք սերտօրէն համագործակցում են ռազմական ու ռազմատեխնիկական բնագաւառներում եւ շատ յաճախ նաեւ համատեղ զօրավարժութիւններ են անց կացնում՝ այդ թւում Նախիջեւանի տարածքում: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի բանակում արդէն վաղուց ծառայում են Թուրքիայից բազմաթիւ ռազմական խորհրդականներ, իսկ Ադրբեջանի սպայական կազմը վերապատրաստւում է հիմնականում Թուրքիայում: Այսպիսով, չի բացառում, որ Թուրքիան որոշակի դերակատարութիւն է ունեցել նաեւ ապրիլեան պատերազմի ժամանակ:

 

«ՇԱՐՂ».- Անկախ հանրային կարծիքից, եթէ նախկինում այստեղ ապրած ադրբեջանցիները ցանկանան վերադառնալ եւ ձեզ հետ մէկ տանիքի տակ ապրել առանց որեւէ պայմանների, դուք կ՛ընդունէ՞ք, թէ ոչ:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Մենք համարում ենք, որ այս հակամարտութեան մէջ բոլոր երեք կողմերից կան հակամարտութիւնից տուժածներ: Այդ խմբին են դասւում նաեւ փախստականներն ու ներքին տեղահանուածները, եւ այդ խնդիրը միայն Ադրբեջանինը չէ:

Խորհրդային Միութեան վերջին՝ 1989 թուականի մարդահամարի տուեալներով, Ադրբեջանում ապրում էր 390,000 հայ, իսկ ըստ որոշ աղբիւրների՝ մօտ կէս միլիոն հայ: Արցախում ապրում էր մօտ 40,000 ադրբեջանցի: Այսինքն, Ադրբեջանում ապրում էր 10 անգամ աւելի շատ հայ, քան Արցախում՝ ադրբեջանցի, եւ այս բոլոր մարդիկ տուժել են Ադրբեջանի քաղաքականութեան, եւ, յատկապէս, Արցախի դէմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով:

Մեր մօտեցումն է, որ պէտք է յարգուեն բոլոր փախստականների եւ տեղահանուածների իրաւունքները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահութեան միջնորդութեամբ ընթացող բանակցութիւններում, որոնց ես ժամանակին մասնակցել եմ Արցախի պաշտօնական պատուիրակութեան կազմում, միջնորդների առաջարկներում նշւում էր պայմաննների ստեղծման անհրաժեշտութիւնը՝ տեղահանուած անձանց եւ փախստականների՝ անկախ ազգային պատկանելութիւնից, երաշխաւորուած, անվտանգ, կամաւոր ու հաւասարակշռուած վերադարձը եւ արժանապատիւ կեցութիւնն ապահովելու համար:

Հայերին ու ադրբեջանցիներին վերադարձի իրաւունքով օժտումը, որոշ բացառութիւններով հանդերձ, չի վիճարկւում. խնդիրը կայանում է ներկայումս այդ իրաւունքի իրականացման համար իրաւաքաղաքական պայմանների բացակայութեան մէջ: Միեւնոյն ժամանակ, վերադարձը այդ խնդրի լուծման ձեւերից միայն մէկն է. միջազգային իրաւունքով նախատեսուած եւ միջազգային պրակտիկայում (կիրառութեան մէջ-Խմբ.) կիրառուած վնասների փոխհատուցման այլընտրանքային այլ ձեւերից են բնակչութեան փոխանակումը, փոխհատուցումը, կատարուածի չկրկնման երաշխիքները եւ այլն:

Փախստականների հարցը կարգաւորման գործընթացի առանցքային հարցերից մէկն է, ընդ որում, բոլոր այդ հարցերը սերտօրէն փոխկապակցուած են: Այս խնդրի համալիր լուծման համար նախ անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախ կարգավիճակը:

Մենք շահագրռուած ենք, որ հնարաւորինս շուտ գտնուի համակարտութեան հանգուցալուծումը, ինչը թոյլ կը տայ կայունութիւն եւ բարգաւաճում ապահովել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top