«ԵՐԿԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ, ՏՆՏԵՍԱԳԷՏ ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆԻ ՀԵՏ

0105sourenbarsian

«Սեղմուած Գազի Գնի Կտրուկ Բարձրացումը Կարող Է Յանգեցնել Տրանսպորտի Ուղեվարձի Վերանայմանը»

 

Վարեց՝ ԱՄԱԼԻԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ

 

0105sourenbarsianԻնչպէս եւ կանխատեսւում էր տարեվերջին, 2018թ. Յունուարը սկսում ենք թանկացումներով. թանկացել են բենզինը, սեղմուած գազը, դիզվառելիքը: Գնաճի պատճառների, դրանց կանխարգելմանն ուղղուած քայլեր իրականացնելու եւ այլ հարցերի շուրջ «Երկիր»ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ղեկավար, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի հետ:

 

ԱՄԱԼԻԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Պարոն Պարսեան, տարեվերջից սկսած մի շարք ապրանքների գնաճ նկատուեց, որը, շատերի գնահատմամբ, աննախադէպ է: Նախ, ի՞նչ հանգամանքներով կը բացատրէք այս գնաճը:

ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Սպառողական գների աճը հաշուարկւում է 470 ապրանքի գների դինամիկային (ուժաբանութեան-Խմբ.) համապատասխան, սակայն գործնականում սպառողների ծախսերի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում պարէնային ապրանքներին, ինչը բացատրւում է ցածր աշխատավարձերով եւ շուրջ 30 տոկոս աղքատութեան մակարդակով: Իւրաքանչիւր տարեվերջի գրանցւում է սպառողական, նոյնն է՝ առաջին անհրաժեշտութեան ապրանքների գների աճը, մասնաւորապէս՝ կարագի, շաքարաւազի, մսի, ձուի եւ այլն, ինչն արդարացիօրէն մեր ազգաբնակչութեան շրջանում բողոքի առիթ է ստեղծում:

Գների բարձրացման պատճառներն օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) եւ սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) են, մասնաւորապէս՝ տարեվերջին կտրուկ աւելանում է մի շարք ապրանքների նկատմամբ պահանջարկը, իսկ շուկայում գերիշխող կամ մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարողները, հակամրցակցային համաձայնութեան գալով, աւելի են բարձրացնում գները:

Բացի այդ՝ եթէ նախկինում մենք ունէինք մենաշնորհով ներմուծողներ-մեծածախ վաճառողներ, ապա ներկայումս մանրածախ առեւտրում եւս գրանցւում է համակենտրոնացման մակարդակի աճ, այսինքն՝ փոքր խանութների կրճատման հաշուին հիմնւում եւ ընդլայնւում են խոշոր սուպերմարկետների ցանցերը:

 

ԱՄԱԼԻԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Շատերը պնդում են, որ գնաճը ԵԱՏՄին անդամակցութեամբ է պայմանաւորուած: Իրականութեանը համապատասխանո՞ւմ է այդ պնդումը:

ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Այս տարուայ Յունուարի 1ից երրորդ երկրներից ներմուծուող մի շարք ապրանքների մաքսատուրքերն աւելացել են հիմնականում 1-2 տոկոսի չափով, մասնաւորապէս՝ թէյի, կարագի, հաւի մսի եւ այլն:

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արդէն իսկ կատարուել են հաշուարկներ, ըստ որենց՝ մաքսատուրքի աւելացման արդիւնքում գնաճը կը կազմի 0.4 տոկոս, որը զգալի չէ, անշուշտ, եթէ զսպուի մենաշնորհների ախորժակը, քանի որ յաճախ օբյեկտիւօրէն գների՝ 1-2 տոկոս աճը մեր դէպքում դառնում է 5-10 տոկոս, ինչը վկայում է մեր ներքին շուկայում ոչ առողջ մրցակցութեան մասին: Այստեղ մեծ անելիք ունի ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը:

 

ԱՄԱԼԻԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Խօսւում է՝ 800 անուն ապրանքների թանկացման մասին: Բայց մի քանի ապրանքների անուն է շրջանառւում՝ միս, սուրճ, բենզին, սեղմուած գազ… Ի վերջոյ, տեղեկութիւն կա՞յ, որոնք են այդ 800 ապրանքները, որ այս յունուարից արդէն թանկանալու են:

ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Չպէտք է շփոթել մաքսատուրքերի եւ ներքին հարկերի բարձրացման դէպքերը: Մասնաւորապէս՝ Յունուար 1ից արդէն ուժի մէջ մտած նոր Հարկային օրէնսգրքով նախատեսուած է սեղմուած բնական գազի, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային (անուղղակի տուրքի-Խմբ.) դրոյքաչափերի աճ, ինչը ֆիսկալ (գանձային-Խմբ.)՝ պետական բիւջէն լցնելու նպատակ ունի:

Ակցիզային հարկը բարձրանում է հիմնականում ոչ առաջին անհրաժեշտութեան ապրանքների համար, բացառութիւն է սեղմուած բնական գազը, որն արդէն իսկ թանկացել է: Սեղմուած բնական գազի գնի կտրուկ բարձրացումը յետագայում կարող է յանգեցնել տրանսպորտի ուղեվարձի վերանայմանը:

 

ԱՄԱԼԻԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Երբ միջազգային շուկայում տարբեր ապրանքներ թանկանում են, այստեղ էլ են դրանց գներն աճում, երբ ինչ-ինչ ապրանքներ էժանանում են միջազգային շուկայում, այստեղ էժանացում չի նկատւում: Ինչո՞ւ:

ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Դեկտեմբերին, ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակը հրապարակել էր «Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհների դէմ պայքարի մեխանիզմները (մեքենակառոյցը-Խմբ.)» թեմայով վերլուծութիւն, որի շրջանակներում ուսումնասիրուել էին կարագի միջազգային շուկայում տենդենցները (միտումները-Խմբ.) եւ գները:

Արեւմտեան Եւրոպայի երկրներում մեծածախ նորզելանդական կարագի 1 կգ.ի գինն իր առաւելագոյնին է հասել 2017 թուականի Սեպտեմբերին՝ 8.075 ԱՄՆ դոլար, Հոկտեմբերին՝ 7.05 ԱՄՆ դոլար, Նոյեմբերին՝ 5.969 ԱՄՆ դոլար: Նոյն միտումն է գրանցուել նաեւ համաշխարհային շուկայում, այսինքն՝ վերջին ամիսների ընթացքում արձանագրուել է կտրուկ գնանկում, ինչը, ցաւօք, չի դիտւում Հայաստանում: Ստացւում է, որ մի հրաշքով մեր տնտեսվարողները՝ բոլորը, ներմուծում են իրականացրել Սեպտեմբեր ամսին՝ թանկ գներով, եւ այժմ ստիպուած են յաջորդող ամիսներին բարձր գներով իրացնել իրենց ապրանքները: Այս երեւոյթը բացատրւում է նրանով, որ Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թուով ներմուծողներ եւ արտադրողներ, սակայն գերիշխող դիրք ունի «Ալեքս Գրիգ» ընկերութիւնը, որը իրականացնում է միաժամանակ ներմուծում եւ մանրածախ վաճառք:

ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի կողմից «Ալեքս Գրիգ»ի գործունէութիւնը պէտք է ուսումնասիրուի ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում եւ ոչ՝ անջատ: Հակառակ դէպքում կ՛ունենանք այն, ինչ ունենք՝ մանրածախ վաճառքում գների սրընթաց բարձրացում եւ գների իջեցման արգելակող էֆեկտ (ազդեցութիւն-Խմբ.): Նման գերիշխող դիրք եւ հակամրցակցային համաձայնութիւններ են գրանցւում նաեւ այլ շուկաներում:

 

ԱՄԱԼԻԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Ինչպէ՞ս պայքարել գնաճի դէմ:

ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Ցաւօք, գնաճի դէմ պայքարի լիբերալ (ազատական-Խմբ.) եւ ոչ արմատական մեխանիզմները չենք փոխում տասնամեակներով: Կենտրոնական բանկը կարծում է, որ վերաֆինանսաւորման տոկոսադրոյքի բարձրացման եւ իջեցման շնորհիւ կարող է զսպել կամ կառավարել գնաճը, ինչը սպառողական ապրանքների դէպքում չի արդարացնում:

Կարծում եմ՝ նախ անհրաժեշտ է առանձնացնել 3 սոցիալական (ընկերային-Խմբ.) խմբերի համար սպառողական զամբիւղներ՝ երեխաների, աշխատողների եւ կենսաթոշակառուների համար, եւ իւրաքանչիւրի համար հաշուարկել գնաճային ճնշումները:

Երկրորդ՝ պէտք է վերանայել ՏՄՊՊՀի լիազօրութիւնները եւ կազմը, աւելի անկախ եւ վստահելի դարձնել այդ մարմինը: Երրորդ՝ մշակել եւ կեանքի կոչել հակամենաշնորհային քաղաքականութիւնը, որը հիմնուած չի լինի զուտ մաքսային եւ հարկային վարչարարութեան բարելաւման վրայ, քանի որ գործնականում «նոր» մեծածախ վաճառողները կամ արտադրողները յաճախ չեն կարողանում մանրածախ վաճառք մուտք գործել խոշոր ֆինանսական ծախսերի եւ առեւտրային ցանցերի խտրականութեան արդիւնքում:

Չորրորդ՝ ելնելով մեր շուկայի փոքրութիւնից, չպէտք է բացառել մենաշնորհ եւ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունէութիւնը, սակայն օրէնքի ուժով այդ ընկերութիւնները պէտք է դառնան բաժնետիրական, բաժնետոմսերի որոշ մասը ազատ վաճառքի հանուի, ինչն էլ կը նպաստի հանրային վերահսկողութեան եւ եկամուտների վերաբաշխման հաստատմանը:

Մեր հասարակութեան մէջ շատ հարուստների ու աղքատների միջեւ խզումը մտահոգիչ է, որն էլ նոր սոցիալական բունտերի (պոռթկումի-Խմբ.) առիթ կարող է դառնալ: Այստեղ է, որ մեծ նշանակութիւն ունի սոցիալական արդարութեան սկզբունքի ներդրումը: Հինգերորդ՝ ժամանակն է, որ տնտեսական քաղաքականութեան մշակման եւ կիրառման հիմքում դրուեն պետական կարգաւորման յստակ մեխանիզմներ:

Առանձին դէպքերում պետութիւնն ինքը կարող է իրականացնել այս կամ այն սոցիալական նշանակութեան ապրանքների ներմուծումը եւ իրացումը:

Գնաճն անխուսափելի է, սակայն կարգաւորուող պէտք է լինի, այսինքն՝ ազգաբնակչութեան եկամուտներն աւելի արագ պէտք է աճեն, քան գները:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top