Դաշնակցութեան՝ Օսմանեան Պետութիւնից Պահանջը Կեանքի Եւ Գոյքի Ապահովութիւնն Էր

0113nevzatonaran

ՆԵՒԶԱԹ ՕՆԱՐԱՆ

Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

 

0113nevzatonaranԻնչեր ասես, որ չեն ասուել սուննի իսլամիստների կողմից փայլ հաղորդուած Աբդուլ Համիդի՝ 64 սուննի քուրդ աշիրեթներից կազմաւորած համիդիյէ գնդերի վրայ հիմնուած ցեղապաշտական քաղաքականութեան մասին, քաղաքականութիւն, որի կիրառումը յանգեցրեց Հայոց Ցեղասպանութեանը: Պանթիւրքիստական-սուննի իսլամիստական գաղափարախօսութեամբ համեմուած մի հիմնաւորում ստեղծուեց՝ հայերի բնաջնջման համար: Իսկ հայերի հոգսը ընդամէնը կեանքի եւ գոյքի ապահովութիւնն էր: Այսօր Սիրիայում քրդի պահանջն էլ է կեանքի եւ գոյքի ապահովութիւնը: Այդ պահանջը 1908թ. յեղաշրջման ժամանակ դաշնակցականների՝ իթթիհադականների, այսինքն՝ Օսմանեան պետութեան հետ բանակցութիւնների հիմնական նիւթն էր: 6 տարի անց, 1914թ. Փետրուարի 8ին ստորագրուած բարենորոգումների ծրագիրը մի կողմ նետած երիտթուրքերը Աբդուլ Համիդի սկսած բնաջնջումը հասցրեցին Ցեղասպանութեան: Այնուհետեւ, 1923թ. Անատոլիան վերջնականապէս մաքրուեց քրիստոնեայ հայ եւ յոյն ժողովուրդներից:

1908թ. յեղաշրջման ժամանակ ինչպէս որ երիտթուրքերն էին Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը ներկայացնում, այնպէս էլ դաշնակցականները ներկայացանում էին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն օրինական կուսակցութիւնը, իսկ հնչակեանները՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը: Ընդդիմութեան շարքերում տեղ գտած դաշնակցականների՝ իշխանութեան ղեկին գտնուող իթթիհադականների հետ բանակցութիւններն ու փոխառնչութիւնները ներկայացուած են Տիգրան Մեսրոպ Կալիգեանի «Դաշնակցականները Եւ Երիտթուրքերը» գրքում, որի թուրքերէն թարգմանիչն է Դենիզ Մութլու Թաշիւրեքը, եւ որը տպագրուել է 2017թ. Ստամբուլի «Արաս» հրատարակչութեան կողմից: Գրքում հրապարակուած եւ առաջնային աղբիւր եղող փաստաթղթերը պատկանում են Դաշնակցութիւն կուսակցութեան արխիւին: Հեղինակի խօսքով՝ արխիւի հազարաւոր վաւերագրերը մասամբ հետազօտուած են: Մեր ցանկութիւնն է, որ արխիւները լիովին բացուեն:

Դաշնակցականները 1908թ. Սեպտեմբերի 1ին 15 յօդուածից բաղկացած բարենորոգումների մի ծրագիր են մշակել՝ Մէջլիսի օրակարգ բերելու համար: «Բոլոր տարրերի եւ կրօնական համայնքների համար բացարձակ հաւասարութիւն» առաջարկող ծրագրի 4 յօդուածներում ամփոփ կերպով նշուած է.

  1. Պէտք է ճանաչուի Օսմանեան կայսրութեան տարածքային ամբողջականութիւնը:
  2. Օսմանեան Հայաստանը սոյն կայսրութեան անքակտելի հատուածն է, որը պէտք է ղեկավարուի ապակենտրոնացման հիմքով:
  3. Կենտրոնական-տեղական իշխանութիւնը պէտք է հաստատուի՝ դեմոկրատական ներկայացուածութեան հիմքի համաձայն:
  4. Պատգամաւորները, դատական եւ տեղական մարմինները պէտք է ընտրուեն գաղտնի քուէարկութեամբ (էջ 35-36):

Օսմանեան կայսրութեան տարածքային ամբողջականութեան մէջ Օսմանեան Հայաստանին վերաբերող պահանջների լուծման հարցին ընդհանուր առմամբ դրական մօտեցում ցուցաբերող իթթիհադականներն իրենց խոստումը չպահեցին: Դաշնակցականներն ու երիտթուրքերը 1908թ. յեղաշրջումից սկսած մինչեւ 1914թ. Օգոստոս տասնեակ անգամ հանդիպեցին եւ բանակցեցին (էջ 73-74, 97-98, 118-125, 171-193, 265-269, 284-289): Նոյնիսկ 1911թ. սառած յարաբերութիւնները 1912թ. լրիւ կտրուեցին (էջ 124-125, 135-142, 195), բայց յետագայում բանակցութիւնները շարունակուեցին: Դաշնակցականների հետ իթթիհադականների կազմաւորած Համատեղ մարմնի կողմից 1910թ. մարտի 20ին ընդունուած յօդուածները հետեւեալն են.

  1. Հողատարածքի խնդիրը
  2. Անվտանգութեան հարցը
  3. Իրաւական խնդիրը
  4. Պաշտօնեաների փոփոխման հարցը: Սոյն մարմնի գործունէութեան դաշտը յստակեցուեց, բայց երիտթուրքերը թոյլ չտուեցին, որ այն աշխատի (էջ 60-81):

1908թ. ընտրութիւնների ժամանակ 10 հայ պատգամաւոր ընտրուեց: Նրանցից երկուսը՝ Յակոբ Պապիկեանը (Թեքրիդաղից) եւ Պետրոս Հալաջեանը (Ստամբուլից), երիտթուրք էին (էջ 33-35), եւ յեղաշրջման երկու ակտիւիստները եւս ընտրուեցին: Մէկը Կարինի (Էրզրումի) դաշնակցական պատգամաւոր Արմէն Գարօն էր՝ Գարեգին Փաստրմաջեանը, միւսը՝ Սիսի (Քոզանի) պատգամաւոր Մեծն Մուրադը՝ Համբարձում Բոյաջեանը: Արմէն Գարօն 1896թ. բանկ Օտտոմանի գրաւումն իրականացրած անձն էր, իսկ Մուրադը՝ Սասունում աբդուլհամիդեան հարկերի դէմ 1894 թ. գրանցուած պայքարի կազմակերպիչը:

 

ԳՈՅՔ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆ

 

Հայերի՝ գոյքի ապահովութեան պահանջի հիմնական նիւթը հողն էր: 1870ականներից սկսած՝ հայերն իրենց հողերի զաւթման հետեւանքով չէին կարողանում գոյատեւել սեփական հայրենի երկրում: Հայերի աքսորուելու, հողերից զրկուելու եւ զանգուածային գոյքազրկման գործիքը Աբդուլհամիդի կազմաւորած համիդիյէ գնդերն էին, բացի այդ՝ որոշ քրդական աշիրեթներ էլ էին այդ զաւթմանը մասնակից լինում: Թէեւ ոչ հայերի չափ, այնուամենայնիւ որոշ քրդեր, թուրքեր եւ ասորիներ էլ էին հողերի զաւթման քաղաքականութեան զոհը դառնում: Հողատարածքները վերադարձնելու նպատակով յարուցուած դատական հայցերն անարդիւնք էին մնում: Թէեւ 1910թ. Յունիսին երիտթուրքերի հետ հողերի հարցը լուծելու համար մի շարք բանակցութիւններ եղան, սակայն՝ ապարդիւն: Մինչեւ իսկ, իթթիհադականները 1909թ. ամրանը սադրազամ (վարչապետ կամ մեծ վէզիր-«Ակունք»ի Խմբ.) Հիւսէին Հիլմի փաշայի հրապարակած օրէնքը կիրառումից հանեցին, ճիշդ այնպէս, ինչպէս արգելք էին դարձել 1908թ. յեղաշրջումից յետոյ առաջին սադրազամ Քեամիլ փաշայի նախաձեռնութեանը:

Հողերի զաւթման հետեւանքով հայերից մաքրուած վայրերում քրդերն ու մահմեդական գաղթականներն էին վերաբնակեցւում, զաւթուած հողերն էլ նրանց էին տրւում (էջ 82-101, 159-161, 250, 257, 276) :

Եթէ իշխանութեան ղեկին գտնուող երիտթուրքերը հայերի պահանջը եւ ընդհանրապէս հողի հարցը, աղաներին մաքրելով եւ գիւղացիներին հող տրամադրելով, լուծէին, անշուշտ 1908թ. յեղաշրջումը կ՛արմատաւորուէր, բայց այդպէս չեղաւ:

Մէկ այլ կարեւոր բանակցութեան հարց էր անվտանգութիւնը, այսինքն՝ կեանքի անվտանգութեան ապահովումը, որը նաեւ 1910թ. Ապրիլին կնքուած Սալոնիկի պայմանագրի 5րդ յօդուածն էր: Խնդիրը վերաբերում էր որոշ քուրդ աշիրեթների՝ հայկական գիւղերի վրայ յարձակումներին: Իթթիհադականների իշխանութեան օրօք համիդիյէ գնդերը չէին ցրուել, նոյնիսկ 1908-1910թթ. վերակազմաւորուել էին՝ «Աշիրեթական գնդեր» անուանման տակ:  1911թ. վիճակն սկսեց վերստին վատթարանալ. Մուշում եւ Սասունում հայերի դէմ յարձակումները յաճախակի դարձան, եւ 1912թ. եւս յարձակումներին արգելք չկարողացան լինել: Նոյն դրութիւնը պահպանուեց նաեւ 1913 եւ 1914թթ. (էջ 108-116, 142-158, 206-7, 248-60, 292-3):

Մուտքիում կեանքի եւ գոյքի ապահովութեան խնդիր յարուցած Հաջը Մուսան, (էջ 144, 156, 198) Մուստաֆա Քեմալի՝ Էրզրումի համագումարում համայնքի ղեկավար ըտրուելու համար վերջինիս յատուկ նամակ ուղարկելով, ընդգրկուել է քեմալական պայքարի մարտիկների շարքում եւ եղել Մուտքիի աշիրեթի ղեկավարը (Տես՝ Nutuk/Soylev, Vesikalar/Belgeler, cilt: 3, Turk Tarih Kurum Yayini, Ankara-1989, s. 1265, 1273, 1441): Դա ընդամէնը մէկն է այն նշաններից, թէ թուրք-քրդական միասնութիւնը որ հիմքով եւ ինչպէս է ապահովուել:

Երբ Առաջին Աշխարհամարտի ահազանգը հնչեց, հայ առաջնորդները՝ դաշնակցականները ներառեալ, հաւաքուեցին՝ իրավիճակը գնահատելու նպատակով: 1915թ. երիտթուրքերի կողմից, հետաքննութեան անուան տակ, Դիարբեքիրի ճանապարհին սպանուած պատգամաւոր Գրիգոր Զօհրապը կանխատեսել էր, թէ վաղը ինչ է պատահելու. իթթիհադական կառավարութիւնը 1914թ. Փետրուարի 8ին ստորագրուած Հայկական բարենորոգումների ծրագիրը չիրագործելու համար մի կողմ է նետելու եւ վրէժ առնելու հայերից (էջ 300-303): 1915թ., երբ հայերը պոկուեցին իրենց հողերից, սպանուեցին նաեւ 7 հայ պատգամաւորները, այդ թւում՝ Զօհրաբը:

Մինչեւ 1914թ. ամառ տեւած դաշնակցականներ-երիտթուրքեր/պետութիւն բանակցութիւններից կարելի է յանգել հետեւեալ յստակ եզրակացութեանը. իթթիհադականները, այսինքն՝ պետութիւնը տէր չկանգնեցին իրենց ստորագրութեանը… Այլ կերպ ասած, Օսմանեան կայսրութիւնը մեծ բան համարեց հայերին կեանքի եւ գոյքի անվտանգութեան ապահովումը: 1895թ. եւ դրանից առաջ, ինչպէս նաեւ՝ 1878թ. Աբդուլ Համիդը եւս տէր չէր կանգնել իր ստորագրութեանը:

1908թ. յեղաշրջումը խորացնելու հնարաւորութիւն տուող երկու հիմնական յօդուածներ կային: Մէկը Օսմանեան պետութիւն-պալատ օլիգարխիան (սակաւապետութիւնը-Խմբ.) վերացնելն էր, իսկ միւսը՝ հայերի եւ միւս միլլեթների (ժողովուրդներու-Խմբ.) պահանջները բովանդակող ազգային խնդիրն ու հողային հարցը լուծելը: Երկուսն էլ անտեսուեցին, եւ յեղաշրջումը խեղդուեց: Յեղաշրջումը խեղդողները իշխանութեան ղեկին գտնուող երիտթուրքերն էին: Իթթիհադականները յեղաշրջումից հեռացան՝ պանթիւրքիզմ-սուննի իսլամին փարուելուն եւ իշխանութիւնը կենտրոնացնելուն զուգընթաց:

Դաշնակցականներ-երիտթուրքեր/Օսմանեան պետութիւն բանակցութեան գործընթացը յիշեցրեց մէկ դար անց քրդական հարցում Դոլմաբահչէի համաձայնութիւնից յետոյ Իմրալը կղզում կայացած բանակցութիւնները… Բացի այդ, սոյն գրքով է՛լ աւելի խորացաւ Իմրալըում ժամանակ առ ժամանակ օրակարգ բերուող Հայկական Հարցի առանցքում արուող մեկնաբանութեան անտեղի լինելու մասին գաղափարս:

 

«ԱԿՈՒՆՔ»


 

 

Այս Էջը Կը Հովանաւորէ

ՀՅԴ «ԴՐՕ» ԿՈՄԻՏԷ

 


 

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top