«ԱՊԱՌԱԺ»Ի ԶՐՈՅՑԸ ՍԱՆ ՊԱՈՒԼՈՅԻ ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԷՈՐԳ ԶԱՏԻԿԵԱՆԻ ՀԵՏ

0000BRAZIL

0000BRAZIL

Բրազիլիայի Քաղաքական Գործիչներից Շատերը Մեզ Շատ Լաւ Են Ընդունում

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

 

Հազարաւոր կիլոմետրեր եւ տասնեակ երկրներ բաժանող Բրազիլիայի ու Արցախի միջեւ համագործակցութեան, Արցախի ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Սան Պաուլոյում ապրող 25-30,000 հայերի հիմնախնդիրների եւ Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի աշխատանքների մասին «Ապառաժ»ը զրուցել է Բրազիլիայի Սան Պաուլօ քաղաքի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի նախագահ, իրաւաբան Գէորգ Զատիկեանի հետ:

 

Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի Գրասենեակը

 

ՀՅԴ Հայ Դատը Բրազիլիայում, Սան Պաուլոյում գործունէութիւն է ծաւալում սկսած 1985 թուականից: Բրազիլիայի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ հայանպաստ քաղաքականութիւնը տարածելու Հայ Դատի հիմնական նպատակներից բացի գրասենեակն այս տարիների ընթացքում գործունէութիւն է ծաւալել նաեւ այլ ուղղութիւններով՝ հայապահպանութեան, երիտասարդական խմբերի կազմաւորման, Համազգային Մշակութային Միութեան եւ Հայ Օգնութեան Միութեան մասնաճիւղերի հիմնադրման:

 

Համագործակցութիւնն Ու Խոչընդոտները

 

Բրազիլիայի քաղաքական գործիչներից շատերը մեզ շատ լաւ են ընդունում՝ քաղաքապետարանից Սենատ եւ նախագահ: Սան Պաուլոյի հայ գաղութը յայտնի է որպէս աշխատասէր եւ պատուով ժողովուրդ, որովհետեւ մենք միշտ օգնել եւ գործունէութիւն ենք ծաւալել ոչ միայն ի նպաստ մեզ, այլ նաեւ Սան Պաուլոյի:

Հայերը Բրազիլիայում ունեն միայն մէկ խնդիր՝ ֆինանսի սակաւութիւն: Ի տարբերութիւն հայերի՝ Ադրբեջանը եւ Թուրքիան ահռելի գումարներ են ծախսում եւ դժուարացնում են մեր աշխատանքները: Թուրքական լոբբին թափ ստացաւ յատկապէս վերջին տարիներին, երբ մեր գրասենեակը աւելի մեծ թափով սկսեց աշխատանք տանել Արցախի անկախութեան ճանաչման ուղղութեամբ:

 

Հայ Համայնքի Հիմնախնդիրները

 

Կառուցքուածքային առումով հայերը խնդիր չունեն Բրազիլիայում: Այսօր Սան Պաուլոյում գործում են սուրբ Գէոորգ առաքելական, սուրբ Գրիգոր Լուսաւորիչ կաթոլիկ եւ աւետարանական եկեղեցիներ, «Արարատ» անունով է կոչուել հրապարակ, մետրոյի կայարան եւ կամուրջ: «Արմէնիա» հրապարակում կանգնեցուած է Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթողը: 1964 թուականից սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, իսկ քաղաքի ռադիօկայանը հեռարձակում է նաեւ հայերէն հաղորդումներ, հայկական երգ ու երաժշտութիւն: Շուտով Բրազիլիայում կը բացուի նաեւ Հայաստանի դեսպանատուն:

Մեր հիմնախնդիրը հայապահպանութիւնն է: Շատ աւելի հեշտ է հայ մնալ մի երկրում, որտեղ քո դէմ հակադրութիւն կայ, բայց երբ որ երկիրը քեզ շատ լաւ է ընդունում եւ քո առջեւ բացում է բոլոր դռները, ժամանակի ընթացքում ձուլւում ես: Մոռացւում է նաեւ հայոց լեզուն: Եթէ սկզբում խօսելուց պորտուգալերէն մի քանի բառ ես օգտագործում, ապա որոշ ժամանակ անց հայերէնն ընդհանրապէս չես գործածում:

 

Բրազիլիան Չի Ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

 

Թէեւ համացանցում տարածուել է այն տեղեկութիւնը, որ Բրազիլիան ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն պէտք է հասկանանք, որ օրէնքն ընդունուել է միայն Սենատում եւ չի հաստատուել Ազգային ժողովի եւ նախագահի կողմից:

Այն, որ Բրազիլիան չի ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող օրէնքը, փաստում է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար, Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող օրէնքը առաջադրած Ալուիզու Նոնեսի այցը Հայաստան՝ մասնաւորապէս Ծիծեռնակաբերդ, որտեղ Ա. Նոնեսը նշել է, որ ցաւալի «դէպք» է տեղի ունեցել: Նա չի ասել, որ «ցեղասպանութիւն» է տեղի ունեցել: Եթէ այդ օրէնքն ընդունուէր, ապա արտաքին գործերի նախարարը կը նշէր «ցեղասպանութիւն» բառը:

Մենք եւ Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյեանը շարունակում ենք աշխատանքներ ծաւալել այդ ուղղութեամբ:

 

Արցախի Հանրապետութեան Ճանաչում

 

Մենք գիտակցում ենք Արցախի անկախութեան ճանաչման անհրաժեշտութիւնը եւ կարեւորութիւնը: Շարունակական աշխատանք ենք ծաւալում Բրազիլիայի պաշտօնեանների հետ եւ նրանց պարբերաբար բերում ենք Արցախ եւ ծանօթացնում Արցախի հիմնախնդրի, պատմութեան, մշակոյթի եւ առանձնայատկութիւնների հետ:

Բրազիլիայի եւ Արցախի միջեւ կարելի է համագործակցութեան եզրեր հաստատել՝ կրթական, առողջապահական եւ մշակութային ոլորտներում: Ինչպէս Արցախը, այնպէս էլ Բրազիլիան յայտնի են գինարտադրութեամբ եւ, կարծում եմ, որ պէտք է մտածել այդ ուղղութեամբ:

Այո, դժուարութիւններ կան, բայց աշխարհի միւս կողմում մենք արժեւորում ենք մարդու իրաւունքները եւ հասկանում ենք, որ ինչպէս բոլոր ժողովուրդները, այնպէս էլ հայերն իրաւունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրայ:

 

«ԱՊԱՌԱԺ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top