ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՅՈՎՀ. ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԷՆ ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ ՀԵՏ

0208toumanian

0208toumanian

 

«Մեռելային Մի Վայր Լինելու Տխուր Փաստից Թանգարանը Դարձաւ Ամենաշնչաւոր, Եռուն Մշակութային Հասցէն»

 

Վարեց՝ Մ. ՍԱՐԳՍԵԱՆ

 

Մ. ՍԱՐԳՍԵԱՆ.- Դուք երկար տարիներ աշխատել էք հեռուստատեսութիւնում եւ հեղինակել էք տարբեր հաղորդաշարեր: Սովորաբար, ասում  են, որ այդ ոլորտից հեռանալը շատ դժուար է: Ինչպէ՞ս ստացուեց։

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Այո, իրապէս շատ երկար տարիներ աշխատել եմ հեռուստատեսութիւնում եւ հեղինակել բազմաթիւ հաղորդաշարեր: Եւ շատ սիրել եմ այդ ոլորտը: Դա իմն էր: Բայց ես միշտ ջանացել եմ կանխարգելել ինձ համար սիրելի որեւէ բանի սովորական դառնալու հեռանկարը: Սիրում եմ փոփոխութիւններ: Վերջին յայտագիրը հեռուստատեսութիւնում իմ  կենսագրութեան լաւագոյն էջն էր: Եւ ես գիտակցաբար այն ընդհատեցի բարձունքում: Հեռուստատեսութիւնից ես հեռացայ յաղթանակած:

 

Մ. ՍԱՐԳՍԵԱՆ.- Որքանո՞վ են նման հեռուստատեսութեան եւ թանգարանի աշխատանքները:

Untitled222ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Ես կարող եմ ասել ինչով են նման ինձ համար: Ստեղծարարութեամբ: Ես ինքս դիմեցի Յովհ. Թումանեանի թանգարանի տնօրէնի թափուր տեղի մրցոյթին մասնակցելու համար, քանի որ գիտէի, որ այդ, առաջին հայեացքից ադմինիստրատիւ (վարչական-Խմբ.) աշխատանքը, լեցուն հնարաւորութիւններ կը տայ ստեղծագործական լուծումների: Եւ չսխալուեցի: Հեռուստատեսային վերջին յայտագիրը պատրաստելու համար ես աշխատում էի արխիւներում եւ գիտէի, թէ ինչ թանքնուած ու անյայտ աշխարհ ու ճակատագրեր կան խունացած թուղթերի տրցակների մէջ: Թանգարանը եւս այդ աշխարհի մասն է:

 

Մ. ՍԱՐԳՍԵԱՆ.- Արդէն 10 տարուց աւել է թանգարանում էք…

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Այո, ժամանակն է հեռանալու:

 

Մ. ՍԱՐԳՍԵԱՆ.- Ես դա չէի ուզում ասել: Ինչը կ՛առանձնացնէիք  ձեր աշխատանքում:

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Իբրեւ արդիւնք, նախ այն, որ մեր թանգարանը  փոխեց  այս հաստատութեան մասին կարծրատիպը: Մեռելային մի վայր լինելու տխուր փաստից թանգարանը դարձաւ ամենաշնչաւոր, եռուն մշակութային հասցէն: Անձնակազմը ոգեւորուած աշխատելու շարժառիթ ունեցաւ: Կառավարման մոդելը դարձաւ հորիզոնական: Խրախուսուեց եւ խրախուսւում են նոր գաղափարները եւ առաջարկները: Մի խօսքով, կեանքը եռում է մեզ մօտ: Թանգարանում զուգահեռաբար գործում են մի քանի հարթակներ՝ գիտակրթական,   մշակութային, ժամանցի: Մենք ստանձնել ենք նաեւ որոշակի կորպորատիւ (համագործակցական-Խմբ.) պատասխանատուութեան: Մեր եկամուտների որոշակի տոկոսը ուղղւում է Հայաստանում որեւէ հրատապ, թիրախային հարցի լուծմանն աջակցելուն:

 

Մ. ՍԱՐԳՍԵԱՆ.- Առաջին անգամ Յովհ. Թումանեանի երեւանեան թանգարանում ներդրուեցին նոր տեխնոլոգիաներ (արհետագիտական միջոցներ-Խմբ.): Ի՞նչ տուեցին դրանք թանգարանին:

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Մեծ գրաւչութիւն: Գիտէք, շատ կարեւոր է որսալ ժամանակի շունչը: Նոր տեխնոլոգիաները նոր խօսք են եւ նոր հնարաւորութիւններ: Ինչո՞ւ չյարմարեցնել դրանք թանգարանային միջավայրին: Դրանք այցելուների նոր հոծ խմբեր են բերում թանգարան:

 

Մ. ՍԱՐԳՍԵԱՆ.- Ի՞նչ խնդիրներ ունի այսօր Թումանեանի թանգարանը:

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Ես խնդիրները երկու մասի կը բաժանէի՝ տեխնիկական եւ մարդուժի: Առաջինը՝ թանգարանը ունի հիմնովին նորոգութեան խնդիր, նաեւ յարմարեցուելու յենաշարժողական խնդիրներ ունեցողներին: Ինչ ամօթ է, որ ամենամեծ գրողի եւ հեքիաթագրի թանգարանը անմատչելի է սայլակով տեղաշարժուողների համար: Սա լուրջ ներդրումներ պահանջող գործ է, որ թանգարանը իր վաստակած եկամուտներով երբեք ու երբեք լուծել չի կարող: 2019ին Թումանեանի 150ամեակը պէտք է նշենք: Շատ ջանք թափեցինք հիմնանորոգման հարցը գլուխ բերելու համար, բայց՝ ապարդիւն: Ինչեւէ: Կը փորձենք մեր մշակութային եւ կրթական համահայկական ձեռնարկներով քօղարկել տեխնիկական բացերը:

Ինչ վերաբերում է մարդուժին, ապա այստեղ եւս կան խնդիրներ: Բանն այն է, որ լինելով պետական կառոյց, մենք ունենք աշխատակիցների յստակ թիւ, որ վարձատրւում է կառավարութիւնից: Մեր արտաբիւջէի միջոցներով մենք կարողացել ենք բացել 4-5 աշխատատեղ: Այս ճոխութիւնը, իմիջիայլոց, ամէն թանգարան չէ, որ կարող է իրեն թոյլ տալ՝ աշխատատեղ բացել: Բայց այս նոր հաստիքները խիստ անհրաժեշտ են մեր մեծ ծրագրերը իրականացնելու համար: Եւ այս դէպքում ենք շատ ազատ եւ ճկուն ենք մասնագէտների ընտրութեան հարցում:  Մենք աշխատանքի ենք վերցրել հմուտ մասնագէտների: Անկեղծ ասած, պետական միջոցներից   վարձատրուող եւ  տեւական ժամանակ թանգարանում աշխատողների մի մասը լիովին չի բաւարարում ժամանակի պահանջներին: Բայց նրանց հեռացնել աշխատանքից եւ հաստիքները համալրել նոր մարդկանցով, բարդ խնդիր է բարոյական առումով: Հայաստանում սոցիալական (ընկերային-Խմբ.) վիճակը փայլուն չէ: Եւ այսօր մէկին աշխատանքից հեռացնել, նշանակում է սովահարութեան մատնել: Պէտք է սոցիալական-իրաւական-մարդասիրական պայմաններ ստեղծուեն պետութեան մէջ: Բայց միւս կողմից էլ թուլանում է աշխատանքի արդիւնաւէտութիւնը: Մի խօսքով՝ ինչպէս ասում են, յայտնւում ես երկու քարի արանքում: Կամ գործը շահեցնել , կամ խիղճը: Երանի թէ հնարաւոր լինէր երկուսն էլ անխաթար պահել:

 

Մ. ՍԱՐԳՍԵԱՆ.- Թանգարանը հրատարակչական գործի լաւ փորձ ունի: 150ամեակին նախատեսուող ամենակարեւոր հրատարակչական աշխատանքները որոնք են լինելու:

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Այո, շատ լաւ արդիւնք ունենք այս ոլորտում: Մեր մեծ ձեռքբերումներից կարող եմ նշել «Յովհաննէս Թումանեան 1869-1923» հայերէն-անգլերէն մեծածաւալ պատկերագիրքը: Այն Թումանեանի, նրա նախնիների, ապրած ժամանակաշրջանի, շրջապատի, հասարակական-քաղաքական գործունէութեան, ընտանիքի եւ իր մահից յետոյ էլ այրու եւ զաւակների ճակատագրերի մասին է, լեցուն բացառիկ լուսանկարներով եւ փաստաթղթերով: Յոբելեանին ընդառաջ ստանձնել ենք ակադեմիական տասը հատորեակի վերահրատարակումը՝ որոշ յաւելումներով եւ ճշգրտումներով: Առաջին հատորը շուտով ընթերցողի սեղանին կը լինի: Հրաւիրում եմ ձեռք բերելու այն: Դեռ անցած տարի սկսել ենք Հատընտիրի թարգմանութեան գործը անգլերէն  եւ գերմաներէն: Այժմ փնտռում ենք Հայաստանից դուրս համբաւաւոր հրատարակչատներում գրքերը տպագրելու եւ ընթերցողին հասցնելու ճանապարհները: Յուսամ, կը յաջողենք եւ կը գտնուեն հայկական շրջանակներ եւ  անհատ մեկենասներ, որ կը միանան մեզ: Ժամանակն է,  Թումանեանին ճանաչելի դարձնենք օտար ընթերցողին: Անշուշտ էլի ծրագրեր կան գրատպութեան հետ կապուած՝ մասնաւորաբար Թումանեանի ստեղծած մտաւոր խաղերի վերահրատարակութիւնները:

 

Մ. ՍԱՐԳՍԵԱՆ.- 150ամեակին վստահ եմ մեծ խանդավառութեամբ էք պատրաստւում:

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Անշուշտ, մենք հիմա կամուրջներ ենք կապում  հայկական բոլոր կառոյցների միջեւ լինի Հայաստանում, կամ արտերկրում: Մենք բոլորս միասին պէտք է նշենք տարեդարձը: Ընդ որում մի ամբողջ տարի: Այնպէս որ, պատրաստուէք: Աշակերտական օլիմպիադաներ, հանդիպումներ եւ դասախօսութիւններ հայ համայքներում, արուեստի փառատօներ, ճամբորդութիւններ Թումանեանի ապրած եւ քայլած վայրերով՝ Հայաստանում, Վրաստանում, Հիւսիսային Կովկասում, Մոսկուայում, Պետերբուրգում, Պոլսում եւ այլն եւ այլն… կենտրոնակայանը մեր թանգարանն է:

 

Մ. ՍԱՐԳՍԵԱՆ.- Եւ վերջում, ո՞վ էր  Թումանեանը ձեզ համար մինչ թանգարան մտնելը եւ դրանից յետոյ:

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Լաւ հարց է: Մինչ թանգարան մտնելն էլ նրան ճանաչում էի իբրեւ մեծ գրողի եւ թարգմանիչի: Հիմա, 10 տարի, ամէն օր իր միջավայրում լինելով եւ մեծ ինֆորմացիայի (տեղեկութեան-Խմբ.) տիրապետելով, կարող եմ ասել, որ մինչ այս, այդ Տիեզերական ընդգրկում ուեցող մարդուն ես ճանաչել եմ մի չնչին մասով: Ես հիմա Թումանեանին բազմաշերտ եմ զգում, գրեթէ ամբողջական, որտեղ գրականութիւնը մի մասն է ընդամէնը: Ես շնորհակալ եմ, որ նա ինձ վերափոխեց: Գուցէ տարօրինակ կամ խենթական մի բան համարէք, բայց ես խորհրդակցում եմ նրա հետ, կը հաւատաք:

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top