Վերածննդի Փետրուարը

demo2

 

demo2

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի

 

Օրացոյցում դարձեալ Փետրուար է, որը ոչ միայն արցախցիների, բայցեւ առանց չափազանցութեան՝ ողջ հայ ժողովրդի համար դարձաւ ազգային վերածննդի ամիս:

Ուղիղ 30 տարի առաջ այդ նոյն օրը՝ 1988թ. Փետրուարի 13ին, Ստեփանակերտում, Լենինի կենտրոնական հրապարակում տեղի ունեցաւ առաջին զանգուածային հանրահաւաքը՝ ի պաշտպանութիւն Արցախի հայկական ազգաբնակչութեան՝ այն ժամանակուայ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմից Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու մասին պահանջի: Կարելի է ասել, որ հէնց այդ օրը Ղարաբաղեան շարժումը, որը մինչ այդ կրում էր գաղտնի բնոյթ, դուրս եկաւ ընդյատակից, ամբողջ ձայնով մէկ յայտարարեց իր մասին որպէս յիրաւի համաժողովրդական ու արդարեւ ժողովրդավարական Շարժում: Պէտք է ասել՝ հանրահաւաքը որքան որ անսպասելի էր, նոյնքան էլ սպասուած էր, եւ այդ, առաջին հայեացքից, պարադոքսալ (տարաբանական-Խմբ.) մտքի մէջ չկայ հակասութիւն:

Բացատրենք: Ու առաջին հերթին՝ արդէն անկախ Արցախի Հանրապետութիւնում ծնուած երիտասարդութեանը: Իսկ աւագ սերունդը հիանալի յիշում է, որ խորհրդային իրականութեան մէջ քաղաքացիների զանգուածային ելոյթները՝ աշխատաւորների հանրահաւաքների, երթերի, ցոյցերի տեսքով, կարող էին կրել կա՛մ «հակաիմպերիալիստական» (հակակայսերական-Խմբ.)  բնոյթ, կա՛մ տեղի ունենալ համապետական տօներին: Չէր կարելի անգամ միտք թոյլ տալ ժողովրդական հրապարակային կամարտայայտութեան մասին, որը հակասում էր ԽՄԿԿ  գաղափարախօսութեանը, խորհրդային իշխանութիւնների պաշտօնական դիրքորոշմանն ու քաղաքականութեանը: Անգամ այն դէպքում, երբ ԽՍՀՄ Սահմանադրութեան մէջ ամրագրուած էին համընդհանուր դրոյթներ քաղաքացիների ազատութիւնների եւ իրաւունքների մասին, գործնականում դրանք խստօրէն կանոնակարգուած էին կոմունիստական դոգմաներով (հաւատալիքներով, կանոններով-Խմբ.), որոնք բացարձակապէս չէին նախատեսում vox populi, այսինքն՝ ժողովրդի ձայնի ազատ դրսեւորում: Չնայած խորհրդային սահմանադրութիւններում հռչակուած ու ամրագրուած ժողովրդավարական արժէքներին՝ իրականում ժողովուրդը զուրկ էր իր կամքն ազատ արտայայտելու իրաւունքից, եթէ այդ կամարտայայտութիւնը չէր տեղաւորւում իշխանութիւնների գծագրած կարծեցեալ ժողովրդապետութեան սխեմայի (կաղապարի-Խմբ.) մէջ: Այդ պատճառով էլ 1988թ. Փետրուարի 13ին տեղի ունեցած արցախցիների բազմահազարանոց չարտօնուած հանրահաւաքը, որոնց մարդկային հոսքը դուրս յորդեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ, մի ինչ-որ անհաւանական ու արտասովոր բան էր թւում: Ու այդ արտասովորութիւնը կայանում էր հէնց նրանում, որ այս ու դրան յաջորդած զանգուածային հանրահաւաքները, որոնք իրենց էութեամբ առանձնանում էին անկեղծութեամբ ու կրքոտութեամբ, անց էին կացւում ոչ թէ կենտրոնական իշխանութիւնների հրահանգով եւ թոյլտուութեամբ, այլ յիրաւի ժողովրդավարական էին, որոնք արտայայտում էին իր ոտնահարուած իրաւունքների համար պայքարի ելած հէնց այդ ժողովրդի ձայնը:

Դրա հետ մէկտեղ հարկ է նշել, որ արցախցիների ժողովրդական կամարտայայտութեան զանգուածային դրսեւորումներում, դրանց թուացեալ անսպասելիութեամբ հանդերձ, կար իւր օրինաչափութիւնը: Եւ այդ օրինաչափութիւնը ծագել է 20րդ դարի սկզբին՝ ղարաբաղեան հակամարտութեան սկզբնաւորման ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղն իր 95տոկոսանոց բնիկ հայկական ազգաբնակչութեամբ, հակառակ վերջինիս կամքին, բոլշեւիկների կողմից ներառուեց Ադրբեջանի կազմում: Խորհրդային Միութեան կազմում գտնուելու ժամանակներում արցախցիները բազմիցս՝ 40ական, 50ական, 60ական, 70ական թուականներին, իշխանութեան կենտրոնական մարմինների առաջ բարձրացրել են ինքնավար մարզը Հայաստանի ենթակայութեան տակ յանձնելու մասին հարցը, բայց խնդիրը ոչ միայն չէր լուծւում, այլեւ խորացւում էր: Չնայած դրան՝ Հայաստանի հետ վերամիաւորուելու գաղափարը չմարեց, այն շարունակում էր ժողովրդի մէջ ապրել: Ու ԽՍՀՄ ներսում քաղաքական կեանքի ազատականացման առաջին իսկ նախանշանների հետ, որոնք ի յայտ եկան կենտրոնական իշխանութիւնների հռչակած «վերակառուցման» արդիւնքում, արցախցիները որոշեցին գաղափարը կեանքի կոչել: Սա է պատճառը, որ Ղարաբաղեան շարժման ներկայիս փուլը, որը զուգադիպեց 80ականների վերջի հետ, կարելի է համարել օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) օրինաչափութիւն:

Շարժման ներկայիս փուլի զարգացման մէջ եւս ի յայտ եկաւ ինչ-որ տարիմաստութիւն, կարելի է անգամ ասել, իւրօրինակ երկուութիւն: Կենտրոնական իշխանութիւնը, որը, ինչպէս ցոյց տուեցին յետագայ իրադարձութիւնները, պատրաստ չէր ու չէր էլ ցանկանում քաղաքակիրթ եւ արդարացի կերպով լուծել խնդիրը, միեւնոյն ժամանակ պայմաններ ստեղծեց Ղարաբաղեան շարժման վերածննդի համար: Գորբաչովի՝ որպէս մարդու եւ պետական գործչի, նոյնիսկ բոլոր թերութիւնների հաշուառումով, ում խղճին են Սումգայիթում եւ Բաքւում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնները, «Կոլցոյ» պատժիչ ռազմագործողութիւնը, նրա ազգային քաղաքականութեան խեղաթիւրուածութեամբ հանդերձ, այնուամենայնիւ, պէտք է ընդունել, որ օբյետիւօրէն հէնց նրա հռչակած «վերակառուցումը» պայմանաւորեց Ղարաբաղեան շարժման ներկայիս փուլի սկիզբը:

Աւա՛ղ, միութենական կենտրոնը ոչ թէ պատրաստ չէր իրադարձութիւնների նման զարգացմանը, աւելին՝ նա իր պետական ռեպրեսիւ ապարատի (զսպողական գործիքի-Խմբ.) ողջ ուժը նետեց մեր Շարժումը ճնշելու համար: Գորբաչովեան Կրեմլը ոչ միայն քայլեր չձեռնարկեց ադրբեջանական ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) ազգայնականութեանը հակազդելու համար, այլեւ յետագայում նոյնիսկ Ադրբեջանի հետ միասին յանցաւոր հակաղարաբաղեան տանդեմ (լծակից զոյգ-Խմբ.) կազմեց: Խորհրդային կենտրոնական իշխանութիւնը, ըստ էութեան, ադրբեջանական իշխանութիւններին խրախուսում էր նոր արիւնոտ արշաւների իրականացմանը՝ չկարողանալով Ղարաբաղեան շարժման մէջ տեսնել իսկական ժողովրդավարականութիւն, եւ դրանով իսկ ընդունեց իր անկարողութիւնը: Արդէն այն ժամանակ ողջախոհ մարդկանցից շատերի համար հասկանալի էր, որ խորհրդային իշխանութիւնը հոգեվարքի մէջ է, որ այն ապրում է իր վերջին օրերը, ինչը եւ հաստատեց 1991թ. Դեկտեմբերը, երբ Բելովէժսկի համաձայնագրի ստորագրումով ԽՍՀՄ պատմութեանը վերջակէտ դրուեց:

Այսօր Արցախի Հանրապետութիւնն ազատ ժողովրդավարական պետութիւն է, որը հաստատուն կերպով ընթանում է անկախութեան ճանապարհով եւ վստահ նայում ապագային: Սակայն կերտելով մեր զարգացման հեռանկարները, մենք պէտք է միշտ յիշենք 88 թուականի փետրուարեան փոթորկոտ օրերի մասին, ինչն էլ մեկնարկ տուեց նոր ժամանակի հաշուարկին Արցախի նորագոյն պատմութեան մէջ: Փետրուարեան հանրահաւաքները դարձան մեր անկախութեան նախակարապետը, սկիզբ դրեցին մեր վերածննդին: Եւ պատահական չէ, որ Լենինի հրապարակը, ուր տեղի ունեցաւ կարեւորագոյն բեկում արցախցիների գիտակցութեան ու հոգեբանութեան, հնագոյն Արցախի պատմութեան մէջ, այսօր կոչւում է Վերածննդի հրապարակ:

…Իսկ ուղիղ մէկ շաբաթից՝ Փետրուարի 20ին, կայացաւ ժողպատգամաւորների Մարզխորհրդի պատմական նստաշրջանը, որն իրաւաբանօրէն ձեւակերպեց արցախցիների կամքը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

  1. Mardig Madenjian said:

    Յարգանք այդ օրերի եւ մեր օրերի հերոսներուն եւ աղօթք նահատակներուն հոգիներուն համար: Փառք ու պատիւ հայ ժողովուրդին:

*

Top