Սփիւռքի Գործօնը

Armen_Sargsyan_AMN

«ԱՌԱՒՕՏ»

 

Armen_Sargsyan_AMNՄարտի 2ին նախագահ ընտրուեց Արմէն Սարգսեանը, որը վայելում է այդ շրջանակների աջակցութիւնը: Երրորդ նախագահն իր այդ մտադրութեան մասին խօսում էր վաղուց, իսկ չորրորդ նախագահի ընտրութեան հարցն էլ, ըստ էութեան, լուծուած էր առաջադրման պահին: Բայց քաղաքականութեան մէջ իրադարձութիւնների յաջորդականութիւնը կրում է առնուազն խորհրդանշական բնոյթ, իսկ խորքում նաեւ ունի, կարծում եմ, ներքին տրամաբանութիւն:

Սովորաբար ասւում է, որ Արմէն Սարգսեանի առաջադրումը ժեստ էր՝ ուղղուած Արեւմուտքին: Դա ճիշդ է միայն մասամբ: Ընտրուած նախագահը, երկար ժամանակ ապրելով Բրիտանիայում՝ անշուշտ կապուած է արեւմտեան մշակոյթի հետ՝ այդ բառի լայն իմաստով. նկատի ունեմ աշխատանքի կազմակերպումը, շփման ոճը եւ այլն: Բայց, որքան ինձ յայտնի են Արմէն Սարգսեանի կենսագրութեան առանձնայատկութիւնները, նա որոշակի կապեր ունի նաեւ ռուսաստանեան տնտեսական («էներգետիկ») վերնախաւի հետ: Սակայն եթէ խօսենք «ժեստերի» մասին, ապա նման թեկնածութեան առաջադրումն ուղերձ էր նաեւ Սփիւռքին: Յիշո՞ւմ էք, երբ քննարկւում էր նոր Սահմանադրութիւնը, գաղափար կար, որ չորրորդ նախագահն ընտրուելու է նաեւ Սփիւռքի կառոյցների ներկայացուցիչների կողմից: Այնուհետեւ այդ գաղափարից հրաժարուեցին՝ հաւանաբար, այն պատճառով, որ դա տեխնիկապէս շատ դժուար կը լինէր իրականացնել, եւ այդ կառոյցներն իրար հետ վիճելու են, թէ իրենցից ո՛վ իրականում ի՛նչ կշիռ ունի Սփիւռքում: Բայց Արմէն Սարգսեանի թեկնածութեան առաջադրումն ինչ որ չափով մեղմում է այդ դրութիւնը, որովհետեւ նրա «նախընտրական» հանդիպումները Եւրոպայի ու Լիբանանի սփիւռքեան կառոյցների հետ, կարծես թէ, վկայում են, որ 4րդ նախագահի հարցում այդ կառոյցներում հակասութիւններ չկան: Չնայած 26 տարի խօսւում է Սփիւռքի կարեւորութեան մասին, մենք (նկատի ունեմ մեզ բոլորիս՝ աշխարհով սփռուած առնուազն 10 միլիոն հայերիս) դեռեւս չենք գտել համագործակցութեան ալգորիթմը, որն էապէս կը տարբերուէր Սփիւռք-Խորհրդային Հայաստան յարաբերութիւններից. դրանց նշանակութիւնը նոյնպէս չարժէ նսեմացնել՝ պարզապէս անկախ պետութեան պարագան, ինչպէս հասկանում էք, բոլորովին այլ է: Չեմ կարծում, որ վաղն այս հարցում ամէն ինչ կը փոխուի, բայց գուցէ Արմէն Սարգսեանը կը սկսի փնտռել այդ ալգորիթմը: Խօսքը, բնականաբար, աւանդական Սփիւռքի մասին է՝ այն հայրենակիցների, որոնց մի քանի սերունդները հաստատուել են աշխարհի տարբեր երկրներում: Աւելի բարդ է այն հարիւր հազարաւոր մարդկանց խնդիրը, ովքեր Հայաստանից գնացել են վերջին 25 տարուայ ընթացքում եւ, որպէս կանոն, դառնացած են հայրենիքից: Նրանց հետ նոյնպէս պէտք է աշխատել, բայց ինչպէս՝ ես, ճիշդն ասած, չգիտեմ:

 

Ամբողջական յօդուածը կարող էք կարդալ այս հասցէով` http://www.aravot.am/2018/03/03/940516/

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top