«ԱՊԱՐԱԺ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆԻ ՀԵՏ

0000Hratchia-Arzoumanian

««Միացում» Հին Կարգախօսին Տալ Նոր Բովանդակութիւն»

 

Վարեց՝ ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

 

Արցախեան շարժման 30ամեակի կապակցութեամբ «Ապառաժ»ը զրուցել է Ստեփանակերտի «Աշխարհ» ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն, ռազմական եւ ազգային անվտանգութեան խնդիրների փորձագէտ, Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի խորհրդական Հրաչեայ Արզումանեանի հետ:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախեան շարժումը հայ ժողովրդի իդէալների իրականացման տեսանկիւնից:

0000Hratchia-Arzoumanian ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Մենք պէտք է հասկանանք, որ այն, ինչ տեղի է ունեցել 1988 թուականին՝ արտայայտուելով «Միացում» կարգախօսով, ունի շատ խոր արմատներ: Արցախեան շարժումը Մեծ Եղեռնի եւ 20րդ դարում ընդունուած որոշումների հետեւանք է, երբ Թուրքիայի ազդեցութեան տակ բոլշեւիկ-քեմալականները Արցախը եւ Նախիջեւանը յանձնել են Ադրբեջանին: Հայ ժողովրդի դարերով կուտակուած՝ պետականութիւնը վերականգնելու ցանկութիւնը, յոյսը եւ կամքն արտայայտուեցին 1988 թուականին:

Հայութիւնը գիտակցում էր, որ Արցախի հայութեանը սպասւում է Արեւմտեան Հայաստանի հայութեան ճակատագիրը: Այդ իսկ պատճառով Արցախի առջեւ դրուած էր երկու նպատակ՝ Արցախի հայութեան փրկութիւնն ու Արցախի միացումը Հայաստանին:

Փորձի պակասութեան եւ ճակատագրի բերումով որոշուեց, որ այդ նպատակներին կարելի է հասնել միայն հայկական 2 պետութիւնների միջոցով: Ճանաչուած-չճանաչուած՝ երկրորդական խնդիր էր: 30 տարի անց կարող ենք արձանագրել, որ յաջողեցինք: Այսօրուայ դրութեամբ մենք ունենք երկու պետութիւն, երկու կառավարման համակարգ, բայց իրականում մենք ունենք դէ ֆակտօ (փաստօրէն-Խմբ.) մէկ Հայաստան: Հայաստանն ու Արցախն ունեն միասնական զինուած ուժեր, ազգային անվտանգութեան համակարգ, միասնական ֆինանսական եւ ընկերային-տնտեսական ոլորտ, կրթական համակարգ եւ այլն: Կարելի է ասել, որ 95 տոկոսով միացումը տեղի է ունեցել:

Արցախեան շարժումն ապացուցեց, որ մենք ի վիճակի ենք դնել համաժողովրդական խնդիրներ եւ լուծել դրանք: Արցախեան շարժումը եւ յաղթանակը առաջընթաց եւ փոփոխութիւն դարձաւ հայութեան համար: Հայ ազգի միասնութիւնը տեղի էր ունենում միայն վէրքի, աղէտի եւ այն յիշատակի շուրջ, որ մեզ կոտորել են: Արցախեան շարժումը եւ յաղթանակը կոտրել են այդ կարծրատիպը: Մենք հասկացանք, որ կարող ենք լինել ոչ միայն զոհի դերում, այլ ի վիճակի ենք կռուել եւ յաղթանակել:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ի՞նչ նշանակութիւն է ունեցել Արցախեան շարժումը համաշխարհային քաղաքական տեսանկիւնից:

ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Համաշխարհային իմաստով՝ ակնյայտ է, որ 30 տարի առաջ նախաձեռնուած գործընթացը 20րդ դարավերջին տեղի ունեցող փոփոխութիւնների միայն մէկ բաժինն է: Արցախեան շարժումն ունէր ոչ միայն տարածքային-քաղաքական, այլ համաշխարհային-քաղաքական նշանակութիւն: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ մենք կարողացել ենք առաջ քաշել եւ լուծել համահայկական խնդիրներ: Այն փորձառութիւնը, որը մենք ձեռք ենք բերել այս 30 տարուայ ընթացքում, իւրայատուկ է եւ օգտագործուելու է յառաջիկայ հայկական խնդիրների լուծման համար:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ինչպէս Արցախեան շարժման օրերին, այնպէս էլ այսօր՝ աշխարհում ազատութեան ձգտող ժողովուրդների ու երկրների թիւը չի կրճատւում: Ըստ ձեզ՝ տարբերւո՞ւմ են արդեօք ազատութեան ձգտող ժողովուրդների ցանկութիւններն ու տեսլականները:

ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Ազատութեան իդէալն, ի հարկէ, անխտիր եւ անփոփոխ է բոլոր ժողովուրդների համար, բայց ազատութեան ձեւը եւ այդ իդէալի իրականացումն ու տեսլականը բնականաբար տարբեր են: Ազատութեան հայկական բանաձեւը տարբերւում է Հարաւային Սուդանի՝ ազատութեան մասին պատկերացումից: Դա բնական է: Ազատ եւ անկախ լինելու ազգերի իրաւունքն ընդհանուր է՝ որպէս երեւոյթ, բայց պէտք չէ ընդհանրացնել Արցախի, Աբխազիայի, Հարաւային Օսիայի, Բրեդնիստրովիայի խնդիրը չճանաչուած երկրների կարգախօսի տակ: Արցախեան հարցի լուծումը բացառապէս արցախեան է լինելու:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախեան հիմնահարցի կարգաւորման ներկայ փուլը եւ ի՞նչ հեռանկար էք տեսնում:

ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Արցախեան խնդիրը, որ դրուած էր հայ ժողովրդի առջեւ 1988 թուականին, լուծուած է: Մենք հասել ենք մեր նպատակին՝ Արցախի հայութիւնը փրկուած է, Արցախը դէ ֆակտօ միացել է Հայաստանին: Հայ ազգի համար այդ խնդիրը փակ է: Մնացել են միջազգային երեւոյթները՝ Արցախի Հանրապետութեան ճանաչումը, իսկ դա արտաքին ասպարէզի խնդիր է: Անկախ նրանից, թէ երբ եւ ինչպէս կը լուծուի այդ խնդիրը, 21րդ դարում հայ ժողովրդի առջեւ ծառացած են այլ,  որակապէս աւելի բարդ խնդիրներ: Եւ այդ նոր խնդիրները լինելու են աւելի մեծ չափացոյցով, որովհետեւ մենք, տարածաշրջանը եւ աշխարհը փոխուել ենք: Այդ իսկ պատճառով՝ հայ ազգը պէտք է դադարեցնի ետ նայել: Լաւ կամ վատ ենք լուծել մեր առջեւ դրուած խնդիրը 20րդ դարի վերջում, այդ արդէն ամրագրուել է պատմութեան գրքերում, դարձել է հայոց պատմութեան մի մաս: Այսօր մենք ունենք սահմաններ, պաշտպանութեան եւ ազգային անվտանգութեան համակարգ, երկիր եւ հնարաւորութիւններ: Վերջ: Պէտք է խօսենք եւ մտածենք այն խնդիրների մասին, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջեւ 21րդ դարում:

Մենք ապրում ենք յետ-խորհրդային տարածաշրջանում, որն այսօր բաւականին պայմանական է: Յետ-խորհրդային տարածքում տեսնում ենք տագնապներ եւ զանազան երկրների ազդեցութիւնն այդ հակամարտութիւնների վրայ: Կառուցւում է նոր երկիր, նոր աշխարհ, նոր համաշխարհային համակարգ: Այդ նոր համաշխարհային համակարգում հայերն, ի հարկէ, կ՛ունենան հին-նոր հայկական խնդիրներ, եւ այդ խնդիրներն աւելի շատ կապուած չեն լինելու յատկապէս Արցախի հետ: 21րդ դարում մեր առջեւ կանգնած են սպառնալիքներ եւ ազգային անվտանգութեան խնդիրներ, որոնք այլեւս տեղական չեն: Նման շքեղութեան մասին այլեւս կարող ենք մոռանալ: Նոր ռազմական տագնապներում ուղղակի ներքաշուած են լինելու տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական կենտրոններ: Ծագած տագնապները աւելի շուտ նմանուելու են Սիրիայում տեղի ունեցող իրավիճակին. շատ մասնակիցներ՝ իրենց շահերով:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Հայ ժողովրդի ազատագրական պայքարի մէջ Արցախը միայն մի բաժինն է կազմում: Ի՞նչ էք կարծում՝ հնարաւո՞ր է Միացեալ Հայաստան երազանքի իրականացումը:

ՀՐԱՉԵԱՅ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Հայ Դատը միջազգային, ռազմական, քաղաքական իմաստով մնում է չլուծուած: Այսօր մենք պէտք է պատրաստուենք լուծելու այդ, քանի որ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները նպատակ ունեն վերականգնելու Առաջին Համաշխարհային պատերազմում ստեղծուած իրավիճակը: Իսկ դա բխում է հայկական շահերից: Մենք պէտք է պատրաստ լինենք դրան, որ Վուդրօ Ուիլսընի իրաւարարական վճիռը եւ Սայքս Փիքոյի որոշումը 21րդ դարում կը դառնան իրականութիւն:

Մենք, ցաւօք սրտի, չունենք անհրաժեշտ ռազմական կարողականութիւնը այդ խնդիրը լուծելու համար, բայց Արցախեան շարժման օրօք հայ ժողովուրդը եւս պատրաստ չէր: Միայն շարժման ընթացքում գիտակցեցինք, որ մեր նպատակին կարող ենք հասնել զէնքով: Մենք անպատրաստ ենք մտնել պատերազմի մէջ, եւ այդ դասը պէտք է հաշուի առնել: Այսօր մենք ունենք պետութիւն, մտաւորականներ եւ համահայկական ներուժ նոր մարտահրաւէրներին պատրաստ լինելու համար: Ցաւօք սրտի, մինչեւ այսօր դասեր չենք քաղել: Ապացոյցը՝ Ապրիլեան պատերազմն էր:

Համահայկական խնդիրների մէջ մենք իրաւունք չունենք սահմանափակուել միայն Արցախեան յաղթանակով: Այս 30 տարին մենք միայն վայելել ենք եւ հասցրել սովորելու այն, որ մեզ պէտք է օգնեն. համոզուել ենք, որ պարտաւոր են: Մեզ ժամանակ են տուել, սիրել եւ գուրգուրել են, իսկ հիմա եկել է ժամանակը՝ մտածել, ինչ են լինելու Արցախի խնդիրները 21րդ դարում, որն է լինելու Արցախի դերը համահայկական խնդիրների լուծման մէջ:

Եթէ 20րդ դարավերջին «Միացում» կարգախօսով հասանք Արցախի եւ Հայաստանի հանրապետութիւնների միացմանը եւ լուծեցինք մեր ժողովրդի առաջ դրուած խնդիրը, ապա 21րդ դարում, դարձեալ օգտուելով հին կարգախօսից, պէտք է այն լիցքաւորենք նոր իմաստով, այն է՝ համայն հայութեան միացում: «Միացում» հին կարգախօսին պէտք է տալ նոր բովանդակութիւն: Մեզ համար այժմ դա անհրաժեշտութիւն է: Այդ միացումը պէտք է կազմակերպուի, իսկ կարգախօսի յստակեցումը գուցէ լինի առաջին քայլը մեծ խնդիրներ լուծելու համար:

Միացումը պէտք է լինի ոչ թէ տարերայնօրէն, ինչը տեղի էր ունեցել 88ին, 92ին եւ Ապրիլին, այլ՝ համակարգուած: Որեւէ արտակարգ իրադարձութեան ժամանակ միայն «միացումով» զբաղուելը չափազանց մեծ շքեղութիւն է: Մենք պէտք է սովորենք դնել ու լուծել համահայկական խնդիրներ նաեւ խաղաղ պայմաններում:

Արցախեան յաղթանակից յետոյ կանգնեցինք աւելի մեծ խնդիրների առջեւ, որոնց լուծման համար դեռեւս ժամանակ ունենք, սակայն, միեւնոյն ժամանակ, պէտք է շտապել: Եթէ Արցախի հարցը լուծում է գտել, ուրեմն պէտք է փորձել կազմակերպուել եւ աւելի մեծ նպատակներ դնել հայ ժողովրդի առջեւ: Օգտագործենք ձեռք բերուած փորձառութիւնը աւելի մեծ խնդիրներ լուծելու համար: Իսկ փորձը փաստում է՝ երբ հայ ժողովուրդը միաւորւում եւ իր առջեւ նպատակ է դնում, նուաճում է այն:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top