Իմ Տունը

0309miganoush1

ՄԻԳԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ

 

0309miganoush1Այս հարցը միշտ էլ յուզել է ինձ: Յաճախ եմ մտածել ու փորձել գտնել մի համապարփակ պատասխան, սակայն այնպես էլ այն մնում է անլոյծ ու կախուած անպատասխան իմ ու շատերիս հոգում:

Նոյն հարցը այսօր իր գլուխը նորից բարձրացրեց, երբ յոգնած աշխատանքից վերադարձած անցայ իմ ամենասիրած զբաղմունքին՝ խմել սուրճ եւ փնտռել հետաքրքրական նիւթեր համացանցի վրայ:

Այդ նիւթերը չունեն յստակ կաղապար կամ թեքում: Ինձ հետաքրքիր են բոլոր այն նիւթերը, որոնք իմ մտքում առաջացնում են բաւականութեան զգացում, որը կարդալով կամ դիտելով կարող եմ ասել ինչ որ բան սովորեցի, ինչ որ խոր զգացում ապրեցի, ինչ որ միտք արթնացաւ իմ մէջ ու իզուր չանցաւ այս պահը: Նիւթերը կարող են տատանուել քաղաքականից մինչեւ արուեստ, հոգեբանականից մինչեւ խրատականի, երգից մինչեւ մուլտֆիլմ, այն էլ որեւէ լեզուով, որեւէ ժանրից, միայն թէ պարապ ու անիմաստ չլինի այն, քանի որ շատ են թանկ ու հազուադէպ այս պահերը, որոնք իմն են միայն:

Չկարդալը, չգրելը, չստեղծագործելը, առօրեայ հեւքի հրամայականի տակ ապրելը, արդէն մեղքի ու ափսոսանքի խոր զգացումով են լցնում իմ օրերը: Ուրեմն, եթէ կարող եմ համոզուել որ այս կամ այն նիւթով զբաղուելով յագուրդ տուեցի ինչ որ մտային ու հոգեւոր պահանջի ապա դա կարժէր իմ յատկացրած ժամանակը, որը գնալով շատ է կարճանում:

Շատ երկար նախաբան ստացուեց: Բայց գրողին հասկանալ է պետք ու ինչպէ՞ս հասկանալ  նրան եթէ նա չբացատրի իր մտքում ճօճուող հարցերի մասին:

Ուրեմն այսօր դիտում էի մի տեսաերիզ, մի երգ, պարսկուհի երիտասարդ մի երգչուհու կատարմամբ: Ձայնը շատ քաղցր էր, ներկայացումը նոյնպէս: Գունազարդ անիմացիաով (շարժանկարով-Խմբ.), գեղեցիկ, ճաշակով: Երգը կոչւում էր «Մեր տունը» ու նա թախծալի ձայնով երգում էր երեւի իր չտեսած կամ վաղ մանկութեան հասակում թողած տան գովքը: Թէ այդ տունը թաց փողոցների ո՞ր անկիւնում էր գտնւում, տան պարտէզում տանձենին էր ծաղկում ու այդ տունը մնացել է ովկիաններ այն կողմ, ալիքների ետին: Յուզիչ երգ էր ու հարազատ էր հնչում: Չէ որ մենք բոլորս էլ ունեցել ենք նման մի տուն, պարտէզ, մանկութիւն, արեւ…

0309mikanoush

Բայց ինչո՞ւ ես չեմ կարողանում յիշել այդ հեռաւոր, հեռւում մնացած տունը այնպէս ինչպէս պարսկուհի երգչուհին է յիշում, որպէս խանդաղատանքով իրեն կանչող յուշ, կանգուն տուն որն իր տիրոջն է սպասում, ապաստարան որը կայ նրա համար, սպասում է նրան թէեւ հեռւում, թէեւ ալիքներից այն կողմ ու երազային, հաւանաբար լքուած ու արդէն փլատակ դարձած:

Ու ես յիշում եմ, որ տարիներ առաջ, երբ նոր էի հաստատուել Գլենդէյլում եւ մենք մի խումբ ուսուցչուհիներով մասնակցել էինք մի ժողովի: Մեր տնօրէնութիւնը հրաւիրել էր մի հայ հոգեբանի, որ մեզ համար խօսի մանուկների հոգեբանական աշխարհի մասին: Հոգեբանը երկար բարակ մեզ բացատրեց շատ բաներ, որոնք հիմա չեմ յիշում: Իսկ յիշում եմ մի փորձ, որը նա կատարեց խմբի անդամների հետ ու ես դա երբեք չեմ մոռանայ: Ո՛չ, նա մեզ հիպնոզել չփորձեց, կամ ինչ որ զարմանազան բացայայտում անել: Նա ուղղակի մեզ ասաց, որ փակենք մեր աչքերը ու մտքով գնանք այն անկիւնը, որտեղ մենք շատ ապահով ու հարազատ ենք եղել, մե՛ր անկիւնը, մե՛ր ապաստարանը այս մեծ աշխարհում:

Ու ես այն օրն էլ ինձ գտայ հենց նոյն վիճակում: Ո՞ւր է այդ տունը, այդ անկիւնը, իմը, հարազատը: Ու ես չարաճճի աշակերտների պէս բացել էի մի աչքս ու շուրջս էի նայում: Մարդիկ՝ մէկը ժպտալով, միւսը տխուր, անգամ արտասուալից աչքերով, մտքով թռել էին իրենց ապահով անկիւնը ու վերապրում էին ինչ որ պահ, ինչ որ զգացում: Ես այն օրը այդպէս էլ չգտայ իմ տեղը ու հիացմունքով լսեցի ընկերուհիներիս: Մէկը հայրական տան իր մանկութեան սենեակն էր յիշել, միւսը տատիկի այգին…

Ինձ սխալ չհասկանաք: Ես էլ եմ ունեցել սիրելի տատիկ, պապիկ, հայր, մայր, բազմանդամ ընտանիք ու նրանց յիշելիս հոգիս լցւում է բերկրանքով ու կարօտով: Իսկ նրանցից այն կողմ ու նրանցից բացի ինձ համար չկան ֆիզիքական տարածքներ, վայրեր, տուն, սենեակ, այգի, անկիւն, տե՛ղ ուր իմն է եղել, որը կը սպասի ինձ, ուր ես երբ էլ գնամ կը գտնեմ իմ բաց մնացած տեղը:

Եւ ինձ թւում է թէ ես միայնակ չեմ այս զգացումի մէջ: Քանի՞, քանի՞ անգամ ենք մենք տուն փոխել: Քաղա՞ք: Երկի՞ր: Միջավա՞յր: Շրջապա՞տ: Ծնուել ենք ու հասակ առել հայրական տանը կամ տներում: Սիրահարուել, ամուսնացել, հարս ենք գնացել այդ տնից: Կազմել մեր ընտանիքն ու բոյնը: Ձագեր դրել: Բազմացել: Նորից ու նորից նոր տուն, նոր տեղ, նոր անկիւններ: Ու մեզ հետ շալակած այդ բոլոր տներից կրել ենք իրեր, յիշատակներ, մասունքներ: Անգամ Այգեստանի տան հսկայ բանալին բերել կախել ենք մեր Գլենդէյլի տան ամենայարգելի ու պատուաւոր պատից: Իսկ դրանցից ո՞րն է հէնց այն մէկը, ուր ես իմ երջանիկ ընկերուհիների պէս առանց տարակուսանքի կը թռչէի մտքով, երբ ինձ ասէին գնա ու հանգչիր քո ամենահարազատ անկիւնում:

Եթէ դու եկել ես հայրենիքից, հայրենի գիւղի, հայրական անգամ խրճիթից կամ դոմիկից, քո հետքը մնայուն կերպով կայ այնտեղ: Դու նման ես հաստաբուն ծառի կտրուած մի ճիւղի, կամ անգամ կոճղի, որի հետքը դեռ մնում է, հոգ չէ խռոված ու չորացած թէ կրկին ծաղկած ու ճիւղաւորուած: Իսկ եթէ դու ծնուել ու անգամ ինձ պէս աւելի քան երեսուն տարի ապրել ես հայրենիքից հեռու, անգամ սիրելի, անգամ կարօտելի, անգամ ոսկեայ տան մէջ, որը կառուցել է քո հայրը իր ձեռքերով, դարձեալ դա քոնը չի եղել: Դարձեալ դու ժամանակաւոր երեւոյթ ես եղել այնտեղ, դարձեալ քո բացը այդ ֆիզիքական վայրը չի զգում եւ դու էլ թէեւ սիրել ու սիրում ես այն, սակայն վստահ չես թէ այնտեղ դու երբեւէ հարազատ ու ապահով, մնայուն ու իրենն ես եղել:

Ո՞ւր են իմ արմատները: Տատիկիս Էրզրումո՞ւմ, Հայկ պապիկիս Ղարաբաղո՞ւմ, Նուարդ մամայիս Երեւանո՞ւմ, Սուլթան պապիկիս Սուլթանաբադո՞ւմ, հօրս Մարաղայո՞ւմ, Ռութ տատիկիս Դրեսդենո՞ւմ, իմ Թեհրանո՞ւմ, մեր Երեւանում թէ այս Գլենդէյլում: Պատասխանը ինչպես խոստովանեցի հէնց սկզբում չգիտեմ ու այս հարցը մնում է կախուած ու անպատասխան: Բայց ի՜նչ լաւ է ունենալ այդ տունը, այդ անկիւնը, այդ «Իմ տունը» անգամ հեռու հեռու հեռուներում:

 

Գլենդէյլ Մարտ, 2018

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

2 Comments

  1. Lucien Melikian said:

    Հոգեհարացատ գեղեցիկ ապրումներով է գրուած

  2. Tamar Tufenkdjian said:

    Շատ լաւ եւ հարազատշ Ապրի՛ Միգանուշը

*

Top