ՄԱՀԱԽՕՍԱԿԱՆ- Ուսուցիչ Թէմուր Ադամեանի Ցաւալի Մահուան Քառասնօրեակի Առիթով

0323temour

 Ռ. ԿՈՐԻՒՆ

 

0323temourՄեր հայկական իրականութեան պահանջարկութիւնից մղուելով դաստիարակութիւնը, ուսումը եւ դպրոցը առաջնահերթ տեղ են գրաւում ընտանիքներում: Ընտանիքներ ձգտում եւ փափաքում են կրթուած եւ ուսեալ զաւակներ ունենալ, որն իրականանում է ի սկզսբանէ ծնողների, ուսման մշակների՝ դաստիարակների, ուսուցիչների եւ դասախօսների միջոցով: Դպրոց ասելով մեր հայեացքի դէմ պատկերւում է՝ ուսում, աշակերտ եւ ուսուցիչ: Դպրոցն այն լուսոյ տաճարն է, ուր աշակերտը սովորում եւ ուսում է ստանում ուսուցիչների հոգատարութեան ներքոյ: Ուսուցչութիւնը պաշտօն չէ, առաքելութիւն է, սէր եւ կոչում է, նուիրում յանուն  հայակերտութեան, մարդակերտութեան, վեհին ու վսեմին: Մեր սփիւռքեան կեանքում հայ ուսուցչի դերը շատ մեծ է, մեր զաւակների հայեցի կրթութեան հոգատարութիւնը նրանց է յանձնուած, մեծ պատասխանատուութիւն եւ նուի-րական ծառայութիւն:

Կեանքից հեռացողը արժանաւոր ուսուցիչ էր մի կեանք ուսուցչական վաստակով, նա ծնուել էր Իրանի Բուրվարի գաւառի Սանգսֆիդ գիւղում 1924թ., ծնողները՝ Թովմաս եւ Թամար, եօթ զաւակներով: Հանգուցեալը գիւղական կեանքում մեծացած եւ ուսում ստացած մէկն էր: Նա գիւղական վարժարանի ուշիմ եւ փայլուն մոնթերից (աշակերտ) է եղել գնահատուելով իր վարժապետ Խորէն Տէր Վրուրեանից: Յետագային Թեհրանում Խ. Տէր Վրուրեանը նրան հրաւիրում է իր սեփական Թաբան՝ տարրական դպրոցում հայոց լեզու դասաւանդելու:

Թաբան հայկական դպրոցը գտնւում էր Հեշմաթիէ (Սարդարաբադ) թաղամասում: Դպրոցը Թեհրանում ճանաչուած էր իր կարգ ու կանոնով եւ լաւ դասաւանդութեամբ, ուր հարիւրաւոր հայ աշակերտներ են այնտեղ դաստիարակուել մեր ազգային արժէքներով: Լաւ յիշում եմ հայրենի բանաստեղծ Գեղամ Սարեանը այցելում է այս դպրոցը եւ սրտագին դիմաւորութեան արժանանում: 1979ին Խ. Տէր Վրուրեանի արկածալի ցաւալի մահով դպրոցը պարապութեան է մատնւում աշակերտութեան նուազումով եւ անտարբերութեան հետեւանքով դպրոցի տարածքը շրջանի քաղաքապետարանի միջոցով ընդգրկւում է կառուցուելիք զբօսայգու մէջ: Այնուհետեւ Թէմուր Ադամեանը տեղափոխւում է Ազգային իշխանութեան Նայիրի Ազգ. տարրական դպրոցում: Նա երկար տարիներ պաշտօնավարելով՝ հանգստի է կոչւում որպէս պետական թոշակառու:

Հանգուցեալը ամուսնանում է գիւղում, Սանդուխտի հետ՝ բախտաւորուելով վեց զաւակներով. նրանք բոլորն էլ կազմում են իրենց ընտանիքները եւ բազմաթիւ թոռներ ու ծոռներ նուիրելով իրենց պապիկին եւ տատիկին: Դուստր ու որդի, փեսայ եւ հարս, թոռ ու ծոռ բոլորը Թէմուրին եւ Սանդուխտին հայրիկ եւ մայրիկ էին կոչում, կարելի է ասել հայկական օրինակելի ընտանիք, այդ բազմանդամ ընտանիքներից եւ ոչ մէկը չի արտագաղթել, այլ որոշները բնակարան եւ գործ են ստեղծել հայրենիքում:

Նա որպէս կրթական գործիչ շրջապատում յարգուած եւ սիրուած մէկն էր, նա աշխարհ տեսած մարդ էր ճամբորդելով՝ Հայաստան, Գերմանիա, Միացեալ Նահանգներ եւ այլուր: Նա իր հարազատութեան եւ ճանաչողաց շրջապատում փոքր յաջողութիւններով ուրախանում եւ քաջալերանք էր դառնում ապագայ առաւել բարձր թռիչքների: Նա սրտանց ու հոգով կապուած էր առ հայրենիք, առ ազգութիւն եւ առ մեր եկեղեցի: Նա կապուած էր ընթերցանութեան, պահում էր մի տետր իր յոյզերը գրի առնելով:

Երբ վերջին անգամ իմ Թեհրան գտնուելուս օրերին այցելեցի իմ շատ սիրելի քեռի Թէմուրին եւ քեռակին Սանդուխտին նրանց գտայ ապառողջ վիճակում. գանգատներ‘ իրենց առողջական վիճակից: Դեհ կեանքը սա է, մարդս ուշ թէ շուտ գնալու է, որեւէ կասկածանք, բոլոր ստեղծուածների պարագան էլ նոյնն է լինելու, բայց երանի նրանց, որ իրենց երկրային կեանքը իմաստաւորում են յիշատակելի ծառայութիւններով, պայծառ եւ բարի անուն թողնելով իրենց յետնորդների սրտերում, մեր քեռին դարձաւ մէկը յիշարժան անձերից:

ԹԷմուրի կողակից Սանդուխտը կեանքին հրաժեշտ է տուել Փետրուարի սկիզբը. նրանք սիրալիր ամուսիններ էին ամենայն սիրով նուիրուած իրենց զաւակներին՝ օրինակելի ծնողներ: Ծանր է եղել կնոջ մահը Թէմուրի համար, այնպէս որ ինք եւս կնոջ մահից 15 օր անց հոգին աւանդում է՝ Փետրուարի 19, 2018թ., միանալով կնոջը: Յուղարկաւորութիւն-թաղումը կատարուել է հոծ սգաւորների ներկայութեամբ, հայկական գերեզմանատնում: Եղել են արտայայտուողներ ուսուցիչների եւ ճանաչողաց կողմից:

Թող որ Աստուած նրանց հոգին լուսաւորի էն անդէական կեանքում միասին խաղաղութեան մէջ ապրելու համար:

Ի խորոց սրտէ ցաւակցութիւններ զաւակներին, հարազատներին եւ բոլոր ճանաչողաց:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

 

Մարտի 15, 2018թ.

Սանլանդ, Լոս Անջելես

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top