Քայլ Առ Քայլ Արցախի Մի Ծայրից Միւսը

0421varakghazarian
0421varakghazarian

Լուսանկարները՝ Վարագ Ղազարեանի ֆէյսբուքեան էջից

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ

 

Ինչպէս արդէն տեղեկացրել էինք, Մարտի 21ից ՀՅԴ ԱՄՆ Երիտասարդական միութեան անդամ Վարագ Ղազարեանը քայլարշաւ է սկսել Արցախի բոլոր շրջաններով:

Միտքը ծագել է 3 ամիս առաջ եւ կամաց-կամաց մշակուելով վերջնական տեսքի եկել: «Ինձ համար շատ կարեւոր է առողջ ապրելակերպը, կարեւոր է հասկանալ ինչ է դա նշանակում այստեղի երեխաների համար՝ սկսած ատամների մաքրումից մինչեւ ֆիզիկական տարբեր ակտիւութիւններ: Այդ առումով ես էլ այստեղից սովորելու շատ բան ունեմ», ասում է Վարագը:

Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի բակալաւրիատն աւարտելուց անմիջապէս յետոյ Վարագը եկել է Հայաստան եւ «Դէպի Հայք» կազմակերպութեան միջոցով 4 ամիս կամաւոր աշխատել Գիւմրիում՝ փորձուսուցում անցնելով շտապ օգնութեան բաժնում: Այնուհետեւ բնապահպանական ծրագրերով 1 ամիս եղել է Կապանում եւ 3 ամիս՝ Երեւանում. «Հայաստանում ապրած ամիսները աւելի շատ եղել են կեանքի պրակտիկա, որի ընթացքում իմ մտածելակերպը որոշ փոփոխութիւնների է ենթարկուել: Եթէ մինչ այդ մտածում էի, որ ապագայում բժշկութեան բնագաւառը կ՛ընտրեմ, հիմա այդպէս չեմ մտածում: Աւելի շատ սկսել եմ սիրել առողջ ապրելակերպի ուղղութիւնը»:

Վարագը ոտքով քայլելով, ըստ նախօրօք կազմուած ուղեցոյցի, շրջում է Արցախի բոլոր շրջանների 28 գիւղերով, տեղի դպրոցականների հետ խօսում առողջ ապրելակերպի մասին, լսում գիւղացիների պատմութիւնները եւ անձամբ ակատես լինում Արցախում ապրողների կենցաղին ու սովորութիւններին:

Ճանապարհորդութիւնը սկսուել է Մարտի 21ից՝ Քարվաճառից, յաջորդ կանգառը Մատաղիսն էր, այնուհետեւ Մարտակերտի, Շահումեանի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Հադրութի շրջանների մի շարք գիւղեր, իսկ վերջնակէտը Բերձորն է: Առողջական որոշ խնդիրների պատճառով Վարագը մի քանի օր շեղուել է ժամանկացոյցից, բայց այժմ շարունակում է ծրագիրը եւ այս օրերին գտնւում է Քաշաթաղի շրջանում:

«Ամէն օր զարթնում եմ, սկսում եմ քայլել, հասնում եմ դպրոց, աշակերտների հետ շփւում, յետոյ գիւղացիների հետ խօսում, լսում տարբեր պատմութիւններ, գրի առնում դրանք, այդ գիւղում գիշերը անցկացնում եւ շարժւում դէպի յաջորդ հանգրուան: Ու այսպէս 7 շրջանների 28 գիւղեր՝ ամէն շրջանում 3-4 գիւղեր: Այն աւարտուելու է Ապրիլի 19ին՝ Բերձորում», մանրամասնում է մեր զրուցակիցը:

Արցախից ստացուած տպաւորութիւններն ու իր աչքով տեսածները նախատեսում է տպագրել յօդուածի տեսքով՝ ցոյց տալու, որ Արցախը պատերազմի գօտի չէ, այստեղ ապրում են մարդիկ՝ իրենց առօրեայ հոգսերով ու մտահոգութիւններով:

Իսկ Արցախում ծրագիրն իրականացնելն ունի ուրոյն պատճառներ: Վարագը 2016թ. մասնակցել է ՀՅԴ ԱՄՆ Երիտասարդական Միութեան (ՀԵԴ-AYF) կողմից Ասկերանում կազմակերպուած պատանեկան ճամբարներին եւ ինքն իրեն ու երեխաներին խոստացել է վերադառնալ: Ասկերանն էլ հոգեհարազատ է դարձել եւ միշտ ուզում է լինել այնտեղ: «Չնայած իմ ուղուց դրանով շեղւում եւ աւելի եմ երկարացնում, բայց քանի որ կապ ունեմ դպրոցի, երեխաների հետ, այնտեղով էլ եմ անցել», ասում է Վարագը՝ շեշտելով, որ Արցախը շատ է սիրում, այն իր վրայ մեծ ազդեցութիւն է թողել 2016թ.: «Այստեղի մարդիկ շատ հիւրընկալ են եւ գոհ եմ, որ հանդիպել է նման զարմանահրաշ եւ բարի մարդկանց», շեշտում է Վարագը:

Յաւելենք, որ Վարագի ծրագրի իրագործմանն աջակցում են ԱՀ կրթութեան, գիտութեան եւ սպորտի նախարարութիւնը եւ ԱՀ արտաքին գործերի նախարարութիւնը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top