Մտորումներ Հայաստանի Պետական Խորհրդանիշների Շուրջ

katia

katia

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

 

Հայաստանի առաջին հանրապետութեան 100ամեայ յոբելեանը համազգային տօն է, որ պէտք է նշենք հպարտութեամբ եւ ուրախութեամբ: Եթէ այդ տօնը հանրապետութեան անկումից եւ խորհրդայնացումից յետոյ նշւում էր արտերկրի հայութեան կողմից, ապա այսօր այն նշւում է համայն ազգի կողմից: Այն, ինչ ժառանգեց Հայաստանի առաջին Հանրապետութիւնը, արժանի է սիրոյ եւ գուրգուրանքի: Այդ ժառանգութեան բաղկացուցիչ մասերից են Հայաստանի պետական խորհրդանիշները, որոնց հանդէպ յարգանքի գիտակցութեան ձեւաւորումը մեր կրթութեան եւ դաստիարակութեան անբաժան տարրը պէտք է լինի:

Պետական խորհրդանիշների կարեւորութեան հարցն էր բարձրացուած «Երկիր Մեդիա»ի «Երկրի Հարցը» հաղորդաշարի վերջերս հեռարձակուած հերթական հաղորդման ժամանակ: Հաղորդման հիւրն էր հերալդիկայի՝ զինանշանագիտութեան մասնագէտ, մշակութաբան եւ Հայաստանի Ֆիլհարմոնիայի տնօրէն Գագիկ Մանասեանը, որն անդրադարձաւ մեր ազգային պետական խորհրդանիշներին, գերբին՝ զինանշանին, դրօշին եւ օրհներգին:

Խորհրդանշաններից առաջինը քննարկուեց Հայաստանի Հանրապետութեան գերբը՝ զինանշանը, որի հեղինակներն են երկու մեծ արուեստագէտներ՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանը եւ նկարիչ Յակոբ Կոջոյեանը: Զինանշանը յատուկ է պետութիւններին, ազնուական կամ իշխանական տներին, նաեւ՝ մարզերին, քաղաքներին եւ այլն: Հայոց պատմութիւնից մեզ յայտնի են Արշակունեաց, Կիլիկիայի, Բագրատունեաց թագաւորութիւնների եւ իշխանական տների զինանշաններ:  Զինանշանը պետութեան պաշտօնական խորհրդանշանն է, ամրացւում է կառավարական շէնքերի ճակատային մասում, դրօշների, կնիքների, վահանների, թղթադրամների եւ մետաղադրամների վրայ: Զինանշանների գծագրերն ու նկարագրութիւնը սահմանւում են հերալդիկայի կանոնների համաձայն եւ հիմնականում զարդարւում են կենդանիների, զէնքերի եւ երկնային մարմինների պատկերներով:

Մշակութաբան Գագիկ Մանասեան Հայաստանի առաջին հանրապետութիւնից ժառանգուած զինանշանը որակեց որպէս հերալդիկայի կանոններին համապատասխան ստեղծուած անթերի, կատարեալ մի ստեղծագործութիւն, որի բնօրինակը, սակայն, չենք տեսնում եւ ոչ մի տեղ: Բնօրինակի մի շարք կարեւոր կէտեր բացակայում են այսօր տեղադրուած օրինակում. այսպէս՝ առիւծը պատկերուած է փակ բերանով, որ նշանակում է անուժ, մեռած առիւծ եւ թուլութեան նշան է: Բնօրինակում առիւծի երախը բաց է, եւ երեւում է լեզուն:

Սուրը վահանի տակ վերջանում է, որ նշանակում է կոտրած սուր եւ նոյնպէս թուլութեան նշան է, եւ վերջապէս ժապաւէնը կարգախօս չունի: Վերահաստատելով, որ զինանշանագիտութիւնն իր կանոններն ունի, եւ առաջին հանրապետութեան զինանշանը ստեղծուած է այդ կանոններին համապատասխան, մասնագէտ մշակութաբանը դրեց այսօր գործածուող զինանշանի վերանայման, սխալները շտկելու եւ բնօրինակին վերադառնալու կարեւոր հարցը, որն, այո՛, երկրի հարցն է, որովհետեւ զինանշանը, մշակութաբանի սահմանումով, իրաւական եւ քաղաքական փաստաթուղթ է, պետութեան անձնագիրը: Գագիկ Մանասեան առաջարկեց ստեղծել զինանշանագիտութեան յանձնախումբ, կարգաւորելու համար ՀՀ մարզերի, քաղաքների եւ այլապէս գործածուող զինանշանների ճիշդ ձեւաւորումը:

Հերալդիկան կամ գերբագիտութիւնը՝ զինանշանագիտութիւնը պատմագիտութեան օժանդակ ճիւղ է, եւ նրա տուեալները գործածւում են ձեռագրերի, զինանշան կրող յուշարձանների, արուեստի առարկաների ծագման եւ պատկանելիութեան ուսումնասիրութեան համար. որպէս գիտական ճիւղ այն կապուած է կնիքագիտութեան, դրամագիտութեան եւ հնագիտութեան հետ:

Պետական երկրորդ խորհրդանշանին՝ դրօշին անդրադառնալով, մասնագէտն ընդգծեց նրա կարեւորութիւնը եւ մատնանշեց, որ այն բաւարար չափով տեղադրուած չէ ողջ հանրապետութեան տարածքում, եւ կան դէպքեր, երբ դրօշը սխալ տեղ է ամրացուած, անխնամ տեսքով, գունաթափ եւ աղտոտուած: Համեմատելով մեր վերաբերմունքը Թուրքիայում՝ դրօշի հանդէպ տիրող վերաբերմունքի հետ, Գագիկ Մանասեան ցաւով արձանագրեց, որ իւրաքանչիւր թուրքի համար պետութեան դրօշը բարձրացնելը մեծ պատիւ է համարւում, եւ եթէ անձը մէկ անգամ բարձրացրել է Թուրքիայի դրօշը, ապա այդ դրուագը տեղ է գտնում անձի կենսագրութեան մէջ. նաեւ՝ քրէական պատասխանատուութեան է ենթարկւում դրօշակակիր անձը, եթէ նա դրօշը կրծքից ցած է պահում: Գիտենք, թէ հոգեբանական ինչ կարեւորութիւն ունի դրօշը պատերազմի ժամանակ, այն պէտք է միշտ ծածանուի: Եթէ դրօշակակիր զինուորն ընկնում է մարտում, յաջորդ զինուորը գրաւում է նրա տեղը եւ կրկին ծածանում այն, բարձր պահելով մարտնչողների ոգին եւ յիշեցնելով, որ իրենք պարտուած չեն: Գետին ընկած դրօշը պարտութեան նշան է: Զինուորը դրօշով է երդւում: Դրօշն է, որ միշտ ծածանւում է կառավարական եւ կարեւոր նշանակութիւն ունեցող շէնքերի տանիքներին, պատերազմների, հանդիսաւոր արարողութիւնների, տօնակատարութիւնների, յեղափոխութիւնների, ցոյցերի, մարզական մրցոյթների ժամանակ, դրօշն է, որ կրում ենք մեր հագուստի լամբակին:

Պետական երրորդ խորհրդանշանը օրհներգն է: ՀՀ այսօրուայ օրհներգը՝ «Մեր Հայրենիք»ը, ըստ մասնագէտի, չի բաւարարում օրհներգի անհրաժեշտ պայմանները. այն  ե՛ւ գրական տեքստի, ե՛ւ երաժշտութեան տեսանկիւնից դիտուած, պարզ, հասարակ մի երգ է, որ կարելի է փոխարինել Խորհրդային Հայաստանի օրհներգով, համապատասխան փոփոխութիւններ կատարելուց յետոյ միայն: «Մեր Հայրենիք»ի տեքստը՝ «Իտալացի աղջկայ երգը» հայերէնի է փոխադրել Միքայէլ Նալբանդեանը, իսկ երաժշտութիւնը Բարսեղ Կանաչեանինն է, փոխառնուած ռուս երգահան Ալ. Գլազունովի «Ռայմոնդա» բալետից:

Խորհրդանիշների հարցը չափազանց կարեւոր հարց է, եւ այս առնչութեամբ խօսքի իրաւունքը մասնագէտներին է պատկանում, որոնց որոշումները կարող են գործադրուել պետական հրահանգով միայն:

Օրհներգի պարագայում, քանի որ այն գրականութեան եւ երաժշտութեան ոլորտներին է առնչւում, ապա, կարծում ենք, կարելի է հաշուի առնել նաեւ ոչ մասնագէտների կողմից հնչող առաջարկները, դարձեալ որոշում կայացնելու իրաւունքը վերապահելով մասնագէտներին:

«Մեր Հայրենիք»ը թանկ է նրանով, որ հայ ժողովուրդը հոգեկան մեծ կապուածութիւն ունի այդ երգի հետ, որն առաջին հանրապետութեան անկումից յետոյ դարձաւ ուղեկիցը վտարանդի հայութեան, այդ երգը շրթներին քայլեցին ու պայքարեցին սերունդները: Սրա մէջ է նրա հմայքը: Կարելի է եւ պէտք է պահել այդ երգը, առիթից առիթ հնչեցնել այն, որպէս լաւ երգ ու անցեալի վերյուշ: Որպէս գրական տեքստ, այն անհամեմատելի է բանաստեղծ Սարմէնի գրած տեքստի առաջին երկու տների  հետ, ուր կայ պատմութիւն, ժողովրդի յիշատակութիւն եւ հայրենիքի փառաբանում, եւ կայ Հայաստան անունը: Այս բոլորը բացակայում են «Մեր Հայրենիք»ում. այն աւելի շուտ դրօշին նուիրուած երգ է, այն էլ՝ արտասուքով ողողուած, որ ուժի եւ յաղթութեան նշան չէ. արիւնոտ դրօշն է յաղթութեան նշան: Իսկ Արամ Խաչատրեանի երաժշտութիւնը փառահեղ է. դանդաղ ու հանդիսաւոր, լայնահուն գետի պէս այն հոսում է եւ իր բարձրակէտին հասնում «…Փա՛ռք քեզ, մի՛շտ փառք…»ով եւ ծնծղաների ծափողջոյններով: Ե՛ւ բանաստեղծ Սարմէնը, ե՛ւ Արամ Խաչատրեանը Հայաստանին են նուիրել իրենց երգը, ո՛չ թէ մասնաւորապէս խորհրդային Հայաստանին: ՀՀ օրհներգը յաճախ է հնչում. ե՛ւ պետական անձանց ընդունելութեան, ե՛ւ մարզական միջոցառումների, ե՛ւ տօնակատարութիւնների ժամանակ: Այն մեր մշակոյթն է ներկայացնում, մեր երկրի անցագիրն է ու երաժշտութեան վկայականը, եւ Ա. Խաչատրեանի երաժշտութիւնն է, որ կարող է ներկայացնել այդ ամէնը, բայց ո՛չ «Մեր Հայրենիք»ը. այն համարժէք չէ մեր այսօրուայ իրականութեան: Ինչպէս մշակութաբան Գագիկ Մանասեանը առաջարկեց՝ փոփոխութիւն կատարել կամ մրցոյթ յայտարարել: Այսպէս, առաջարկում ենք եւ կարծում, որ կարելի է կատարել հետեւեալ փոփոխութիւնները.

 

Սովետական ազատ աշխարհ Հայաստան,

Վերածնուած ազատ աշխարհ Հայաստան,

 

Բազում դարեր դաժան ճամբա դու անցար,

Բազում դարեր դաժան ճամբա դու անցար,

 

Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,

Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,

 

Որ դառնաս դու մայր հայրենիք հայութեան:

Որ դառնաս դու մայր հայրենիք հայութեան:

 

Փա՛ռք քեզ, մի՛շտ փառք, Սովետական Հայաստան,

Փա՛ռք քեզ, մի՛շտ փառք, վերածնուած  Հայաստան,

 

Աշխատասէր, ճարտարագործ-շինարար,

Աշխատասէր, ճարտարագործ-շինարար,

 

Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան,

Զաւակներիդ սուրբ դաշինքով անսասան,

 

Դու ծաղկում ես եւ կերտում լոյս ապագադ:

Դու ծաղկում ես եւ կերտում լոյս ապագադ:

 

Երկար դարեր առանց պետականութեան գոյատեւելը հայի գիտակցութեան մէջ շատ բան է խամրեցրել, այդ թւում՝ պետական խորհրդանիշների կարեւորութեան ամբողջական պատկերացումն ու մօտեցումը:

Պետական մեր երեք խորհրդանիշները սրբութիւն են եւ ամենայն ակնածանքով պէտք է վերաբերուել նրանց. ազգովի այդ խորհրդանիշների իմացութիւն եւ ընկալում պէտք է ունենանք, որովհետեւ նրանք ոչ միայն ազգային սրբութիւն են, այլեւ պետական մտածողութեան բաղադրիչ մաս, իսկ պետական մտածողութեան լիակատար ձեւաւորումն անհրաժեշտութիւն է:

 

 


 

ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

 

 

VREJ PASTRY

 

1074 N. Allen Ave.,

Pasadena

626-797-2331

 

11148 Balboa Blvd.,

Granada Hills

818-366-2526

 

 


 

Ս. Երրորդութիւն Եկեղեցի

 

Ֆրեզնօ

 

 


 

Zareh Sinanyan and Family

Mayor of Glendale

 


 

Յարութ, Լենա եւ Ալեք Սողոմոնեաններ

 

 


 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top