ՏԱՐԵԴԱՐՁ. Յովհաննէս Քաջազնունի. 150ամեակ (Բ.)

0000KACHAZNUNI2

0000KACHAZNUNI2

 ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

 

Բ.

 

«Հիանալի լուսաբաց էր: Լոյսն ու խաւարը մարտնչում էին իրար հետ: Մօտակայ անտառից հասնում էր սոխակների զուարթ երգեցողութիւնը: Արու եւ էգ իրար էին հրապուրում:

– Մի տե՛ս, ինչ սքանչելիք է,- ասաց Քաջազնունին իր բարեկամ Հաջինսկուն: Ինչ երջանկութիւն է բուրում բնութիւնից, իսկ մենք իրար ենք յօշոտում:

– Այո՛, – պատասխանեց Հաջինսկին,- ես կ՛ուզէի այդ թռչունների տեղը լինել եւ թռչուններին կ՛առաջարկէի մեր տեղը:

Երբ, վերջապէս արտօնութիւն ստացուեց եւ մենք, անքուն գիշերից յետոյ, կէսօրուայ մօտ մտանք Բաթում, տեղատարափ անձրեւը դիմաւորեց մեզ:

– Վատ նշան,- ասաց Քաջազնունին: Ուրիշ տեղ անձրեւը բարիք է, բայց Բաթումի համար չարիք է: Վատ նշան…

Մեզ տեղաւորեցին «Բելվիլ» պանդոկում, ծովափին։ …Հազիւ էինք տեղաւորուել, երբ  բարի գալուստի այցելութեան եկաւ Կովկասեան ճակատի հրամանատար եւ թուրք  պատուիրակութեան անդամ Վեհիբ փաշան մի քանի բարձրաստիճան սպաների հետ: Մեր ընկճուած, խեղճ երեւոյթի հետ համեմատած գոռոզ յաղթականների տեսք ունէին նրանք, թէեւ Վեհիբ փաշան ակնյայտ կերպով աշխատում էր բարեկամական սիրալիր վերաբերմունք ցուցադրել։ …Չեմ յիշում Խորհրդաժողովի պաշտօնական բացումից քանի օր առաջ Բաթում եկաւ Իթթիհատական եռապետութեան անդամ Ջեմալ փաշան: Մի քանի օր առաջ եկել եւ գնացել էր Էնվերը: Վեհիբ փաշայի կողմից լուր բերին, թէ Ջեմալը ուզում է այցելութեան գալ Կովկասեան պատուիրակութեան մեր պանդոկը:

Եկաւ: Կովկասեան պատուիրակութիւններս ընդունեցինք նրան  պանդոկի սրահում: Կարճահասակ, դուրս ցցուած կուրծքով, խնամուած մօրուքով, զինուորական շքեղ հագուստի մէջ- այնքան յիշեցնում էր  փքուած հնդկահաւի։

…ըստ «փրոթոքոլի» տեղ էինք գրաւել սրահում. ազրբեջանցիները «ամենալաւ» մասում, ապա՝ լեռնականները, ապա՝ վրացիք եւ վերջը մենք՝ հայերս: Ջեմալը իր վեհութեան գիտակցութեամբ նստեց սեղանի գլուխը, մի պահ լուռ դիտեց ժողովականներին, ինչպէս ուսուցիչը դիտում է աշակերտներին դասից առաջ: Ապա ողջոյնի խօսք ուղղեց Կովկասեան  ժողովուրդների պատուիրակութիւններին առանձին-առանձին: Առաջին շատ սիրալիր խօսքը ասաց  ազրբեջանցիներին՝ թուրքերէն: Ասածի իմաստն այն էր, որ, թէ թուրքերը եւ ազրբեջանցիները հարազատ եղբայրներ են, որ երկար ժամանակ բաժանուած էին միմեանցից: Հիմա ժամանակը հասել է միանալու: Եւ փաստօրէն մենք արդէն միացած ենք:

Ազրբեջանցիների կողմից պատասխանեց Հաջինսկին՝ ռուսերէն: Հաստատելով Ջեմալի խօսքերը՝ նա շեշտեց թուրք-ազրբեջանական  եղբայրութիւնը:

Նոյն իմաստով ու ոգով խօսք փոխանակեցին եւ Ջեմալն ու լեռնականները:

Վրացիներին ուղղած խօսքում Ջեմալը աւելի զուսպ էր՝ թէեւ թուրք եւ գիւրջի հարեւանների միջեւ անցեալում թիւրիմացութիւններ պատահել են, բայց դրանք անցողական բաներ են, փաշան համոզուած էր, որ Թուրքիայի եւ գեղեցիկ  Վրաստանի յարաբերութիւնները պիտի լինեն  փայլուն ապագայում: Չխենկելին պատասխանեց նոյն  իմաստով եւ միեւնոյն ոգով:

ararathagopian3

Երբ հերթը հասաւ հայերին, Ջեմալ փաշայի դէմքը խոժոռ երեւոյթ ստացաւ, թաւ յօնքերը կախուեցին եւ կարճատեւ լռութիւնից յետոյ նա հատիկ-հատիկ արտասանեց.

– Ձեզ՝ հայերիդ, շատ բան չունեմ ասելիք, միայն կը մաղթեմ, որ անցեալը չկրկնուի: Ինչ որ դուք արիք մեզ, շատ հեշտ չէ մոռանալ: Այժմ  ձեր ընթացքից է կախուած ձեր եւ մեր ապագայ յարաբերութիւնները:

Հայերի կողմից պատասխանեց Խատիսեանը՝ աշխատելով մեղմացնել Ջեմալի խօսքերի  տպաւորութիւնը, բայց նոյնիսկ  Խատիսեանի ճարտարութիւնը անզօր գտնուեց։

…Քաջազնունու հետ գնացինք մեր սենեակը: Նրա դէմքը մեռելի գոյն էր ստացել: Անվերջ կրկնում էր ռուսերէն.

– Ա՛խ, նեգոդա, ա՛խ, պոդլեց… (Ա՛հ, անպիտան, ա՛հ, սրիկա…):

Այդ օրը չճաշեց: Սենեակից դուրս չեկաւ: Չէր էլ խօսում: Լուռ ծխում էր անվերջ, եւ ծխից դեղնած բեղերը, կարծես, աւելի էին դեղնել: Ինչքան աշխատեցի խօսեցնել, դուրս բերել ծովափ՝ մերժեց:

Աւելի սարսափելի հարուած եղաւ սակայն Բաթումի խորհրդաժողովի բացման օրը՝ Մայիսի 11ը: Խալիլը Կովկասեան պատուիարկութեան նախագահին յանձնեց մի գոց ծրար, որի մէջ ներկայացուած էին հաշտութեան թրքական պայմանները՝ առաջարկելով, որ Կովկասեան պատուիրակութիւնը ծանօթանայ այդ պայմաններին եւ շուտով իր համաձայնութիւնը յայտնէ …դաշնագիրը ստորոգրելու համար: Վերջնագրի հոտ էր գալիս Խալիլի խօսքերից:

Երբ ակումբից դուրս էինք գալիս, թուրք ասկեարները նուագում էին «Քարմենի» ցլամարտի կտորը…

Պանդոկի սրահում, կովկասեան բոլոր պատուիրակների ներկայութեամբ, բացուեց Խալիլ բէյի յանձնած ծրարը: Իրենց ներկայացրած պայմաններով՝ թուրքերը ստեղծում էին  մեծ Ազրբեջան ի հաշիւ Հայաստանի. Վրաստանից առնում էին Բաթումի շրջանի հարաւային մի կտոր եւ Ախալցխայի գաւառը, հայերին  թողնում էին Էջմիածինը եւ Սեւանայ լիճը, շուրջ 11,000 քառ. կիլոմետր լեռնային տարածութիւն:

– Գերեզմաննոցի համար էլ բաւական չէ, -ասաց Խատիսեանը: Ազրբեջանցիների դէմքերը  տօնական տեսք առին: Ըստ էութեան գոհ էին եւ վրացիները, թէեւ տխուր էին ձեւանում: Հայերիս վիճակը սարսափելի էր:

Քաջազնունիի հետ բարձրացանք մեր սենեակը: Նա հազիւ ոտներն էր շարժում: Առանց մի խօսք ասելու վրայից հանեց հագուստը, մտաւ անկողին, վերմակը գլխին քաշեց եւ այդպէս  մնաց մինչեւ յաջորդ առաւօտ՝ անխօս եւ անշարժ, առանց մի բան ուտելու…,- յիշում է  Սիմոն Վրացեանը:

0000KACHAZNUNI4Մինչ Բաթումում 1918 Մայիսի 11ից Թուրքիայի պատուիրակները վերաձեւում էին մանաւանդ Հայաստանի  քարտէզը՝ կաթուածի հասցնելով Յովհաննէս Քաջազնունուն եւ հայ պատուիրակութեան միւս երկու անդամներին, Սարդարապատում , Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում հայկական զօրքերը ջախջախում էին արեւելեան Հայաստան մտած երիտթուրքերի եղբայրներին: Մերոնք չգիտէին այդ մասին: Ինֆորմացիա չկար: Լուրը Բաթում չէր հասել: Քաջազնունին չգիտէր անգամ, որ իր որդին՝ Աշոտը զոհուել է Ղարաքիլիսայի ճակատամարտում: Եւ, փաստօրէն, յաղթանակած հազարաւոր տղաների, այդ թւում եւ 20ամեայ Աշոտ Քաջազնունու թափած արեան վրայ դրւում է Հայաստանը  մօտ տասը հազար քառակուսի կիլոմետր բնակավայր դարձնելու որոշման կնիքը: Հայաստանի առաջին Հանրապետութիւնը  այսպէս սկսեց իր անդրանիկ քայլերը արտաքին քաղաքական դաշտում: Բարեբախտաբար  շուտով իրավիճակը փոխուեց, 1ին Համաշխարհային պատերազմում Թուրքիան պարտութիւն կրեց, կնքուեց Մուդրոսի զինադադարը, Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը չեղեալ յայտարարուեց, եւ Հայաստանը կարողացաւ հրաժարուել Բաթումի պայմանագրի բեռից: Բայց այս մասին չէ, որ ուզում եմ պատմել: Ուզում եմ շարունակել պատմութիւնը Յովհաննէս Քաջազնունու՝ իմ ընկալմամբ անչափ համակրելի եւ ազնիւ հոգու տէր մարդու եւ դժբախտ  քաղաքական գործչի մասին: Ով  ծնուել եւ ապրել էր խառը ժամանակներում, ով իր կեանքը անմնացորդ նուիրել էր իր հայրենիքին, ով հիւսել էր գեղեցիկ երազներ եւ գնացել էր դրանց ետեւից, ու նաեւ ականատեսը եղել այդ երազների  կործանմանը: Ով 17 տարեկանից մինչեւ  ԿԳԲի բանտում 1938ին չարաբաստիկ սպանութեաննը օրը սիրել եւ երախտապարտ է եղել  Սաթենիկ անունով կնոջը իր ընտանեկան երջանկութեան եւ իր երազների ըմբռնման ու սատարման համար:

Երբ 1914թ. նրանց աւագ որդին՝ անչափահաս Արամը,  ծնողներին յայտարարեց, թէ ուզում է կամաւոր մեկնել ռազմաճակատ, հայրը ոչ թէ բարկացաւ կամ սաստեց որդուն, այլ խոստացաւ  բարեխօսել կամաւորական բիւրոյում, մի պայմանով, որ երեխան համբերի 2-3 ամիս, մինչեւ  կ՛աւարտի դպրոցը: Մայրը ոչ թէ ուշաթափուեց կամ սրտի տագնապ ունեցաւ, այլ ասաց. «Թող գնայ, միւս գնացողները նոյնպէս մայրեր ունեն»: Մայիս ամսին Արամը աւարտեց դպրոցը եւ հայրը նրան տարաւ երկաթգծի կայարան՝ Թիֆլիսից Երեւան ճանապարհելու համար: Յիշում է Սիմոն Վրացեանը. «Կայարանում նրանք պինդ սեղմեցին ձեռքները եւ վերջ: Տնաշէն, գոնէ համբուրուէք: Քաջազնունին ասաց,-  դեռ ժամանակը չէ, կը համբուրուենք, երբ յաղթութեամբ վերադառնայ պատերազմից»: Եւ, փառք Աստծոյ, այդ օրը եկաւ: Պատերազմում երկու անգամ վիրաւորուած Արամը վերադարձաւ, եւ հայրը նրան համբուրեց: Ապաքինուելուց յետոյ կրկին մեկնեց ռազմաճակատ: Յովհաննէս Քաջազնունու երեք տղաներն էլ՝ Արամը եւ երկուորեակներ՝ Աշոտն ու Ռուբէնը, կամաւոր մեկնեցին ճակատ: 4րդ՝ կրտսեր որդին շատ էր փոքր: Նրանց հայրը բոլոր լծակներն ունէր տղաներին կռիւ չուղարկելու: Նախ կապերը եւ երեխաների՝ Թիֆլիսում ապրելու հանգամանքը միանգամայն լուծելի էին դարձնում ծառայութիւնից ազատելու հնարաւորութիւնը: Իսկ արդէն վարչապետ նշանակուելուց յետոյ առաւելապէս դա հեշտ էր անել: Բայց ըստ երեւոյթին ժամանակները աւելի ազնիւ էին եւ Հայաստանը աւելի սիրելի՝ 1918 թուի կառավարութեան եւ մասնաւորապէս վարչապետ Քաջազնունու համար: Նա իր երեխաներին ոչ միայն չթաքցրեց զինկոմիսարիատից, այլեւ քաջալերեց դեռ զինուորական տարիքի չհասած 3 տղաների կամաւորական գրուելու ցանկութիւնը: Նա շատ լաւ գիտակցում էր, թէ ուր են գնում տղաները եւ որ նրանց վերադարձը չափից դուրս անհաւանական է: 1918թ. Սեպեմբեր 14ին Երեւանից Թիֆլիս կնոջը նամակ է ուղարկում: Նրանք արդէն 3-4 ամիս է որեւէ տեղեկութիւն չունէին Աշոտի մասին:

«Մի բան միայն գիտեմ հաստատապէս եւ ուզում եմ, որ դու եւս գիտենաս, որովհետեւ դրա մէջ մեծ մխիթարութիւն կայ, եթէ Աշոտը սպանուած է, ուրեմն սպանուած է Ղարաքիլիսայում, պատերազմի դաշտում, կռուի ժամանակ, իր զինուորական, քաղաքացիական ու հայրենասիրական բարձր պարտքը կատարելիս, սպանուած է հերոսաբար, զէնքը ձեռքին, մի այնպիսի փառաւոր կռուի մէջ, որի մասին իրենք՝ տաճիկները, խօսում են հիացմունքով ու պատկառանքով: Մեր փոքրաթիւ զօրքերը չորս օր անընդհատ կռուել են առիւծների պէս իրենցից շատ գերազանց ուժերի դէմ եւ նահանջել են միայն վերջին փամփուշտը այրելուց յետոյ: Ողջ է դուրս եկել Աշոտը այդ կռուից, թէ սպանուել է -երկու դէպքում էլ նա վաստակել է հայրենիքի սէրը, յարգանքը ու երախտագիտութիւնը. նա կռուել է մինչեւ վերջ եւ գուցէ իր մատաղ կեանքի գնով բարձր է պահել զինուորական պատիւը:- Էլ չեմ կարող գրել»:

0000KACHAZNUNI6Նա արդէն վարչապետ էր նշանակուել: Կաբինետը Թիֆլիսից տեղափոխուել էր Երեւան: Ընտանիքը դեռ Վրաստանում էր, բայց շուտով նոյնպէս տեղափոխուեց: Չնայած Երեւանում սոսկալի վիճակ էր: Քաջազնունու քաղաքական ռոմանտիզմը, երեւի թէ, երկրորդ լուրջ եւ  սասանող հարուածը ստացաւ հէ՛նց այստեղ՝ առաջինը Բաթումն էր: Միեւնոյն ժամանակ հէնց այստեղ է՛լ աւելի մեծացաւ նրա պատկառանքը եւ սէրը հայութեան նկատմամբ: Այստեղ՝ Երեւանում, նա գուցեւ առաջին անգամ իսկապէս տեսաւ եւ զգաց, թէ ինչպէս է ապրում հայ մարդը, ինչի է ունակ եւ ինչքան անտէր է: Պետերբուրգում, Թիֆլիսում նա ապրել էր հայերի մէջ  եւ ճանաչել իր հայրենակիցներին: Բայց դա այլ բան էր: Դրսում հայեր լաւ են ապրել, եղել են կրթուած եւ հարուստ, համարձակ եւ հայրենիքի վերաբերեալ ռոմանտիկ, անգամ՝ սենտիմենտալ: Այստեղ՝ տեղում, այլ իրավիճակ էր: Աղքատ, քաղցած, հիւանդ, անզէն, անյոյս,  բայց, այնուամենայնիւ, բնազդօրէն դեռ որ պինդ: Դրա վկայութիւնը Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի փառահեղ ճակատամարտերն էին: Մի խօսքով, Թիֆլիսից Երեւան տեղափոխուած կառավարութիւնը՝ Յովհաննէս Քաջազնունու գլխաւորութեամբ, տեսաւ այն, ինչը հեռուից չէր երեւում՝ իրականութիւնը: Եւ նրա սէրը իր ժողովրդի նկատմամբ վերածուեց անզօր կարեկցանքի:

1919թ. Յունուար 9-11 կնոջը գրում է.

«Աչքերիս առաջ տեսնում եմ այն ժողովուրդը, որոնց կառավարելը ինձ է վիճակուած: Յիշում, մտածում եւ խելագարւում եմ ցաւից ու կսկիծի: Չգիտեմ, արդեօք երբեւիցէ որեւէ ժողովուրդ եղել է այն օրհասական, այն աներանելի կացութեան մէջ, որ ապրում է այսօր հայ ժողովուրդը: Տեղեկութիւն չունեմ, թէ ինչ դրութեան մէջ են մեր փախստականները Հիւսիսային Կովկասում, Վրաստանում, Ազրբեջանում: Բայց մեր հանրապետութեան  սահմաններում ժողովուրդը հասել է  ծայր աստիճան թշուառութեան, ժողովուրդը հոգեվարքի մէջ է, ժողովուրդը մեռնում է: Հաց չունինք ուտելու, անօթի ենք, բծաւոր տիֆը այնպիսի ծաւալ է ստացել: Երեւան քաղաքում, որ ունի 60-65 հազար ազգաբնակչութիւն, այսօր աւել քան 20,000 հիւանդ կայ: Բժիշկներ չունինք, ֆելդշերներ չունինք, եղածները կամ հիւանդ պառկած են կամ մեռած: Փող չունինք, մեր փողերը վրացիք ձերբակալել են Թիֆլիսում, հաղորդակցութեան միջոցներ չունինք, երկաթուղային գիծը աւերուած է… միայն հայի անսահման տոկունութիւնն է, որ կարող է դեռեւս դիմանալ: Մեր զօրքերը, որ Լոռիում այդպէս քշեցին վրացիներին՝ մերկ են եւ քաղցած: Որբանոցներում 10 հազարից աւել որբ ունենք, մօտ 300 հազար տնաւեր գաղթականութիւն ունենք, որ մեռնում են մեր աչքի առջեւ եւ որոնց ոչ մի օգնութիւն չենք կարող տալ: Պետական մեխանիզմը չենք կարող կարգի բերել, որովհետեւ միջոց չունենք վարձատրելու: Ընդհանուր թշուառութեան վրայ աւելանում է նաեւ կաշառակերութիւնը, գողութիւնն ու թալանը, շանտաժը, որոնց դէմ հնար չունենք կռուելու»:

Բայց ոչ մի ծանր պայման, յուսահատութիւն, անզօրութիւն չնսեմացրին հայրենասիրութեան  զգացումը: Նա ոչ մի ակնթարթ չափսոսեց իր ընտրած ճանապարհի համար: Հայաստանը    գերագոյն արժէք էր, որի համար ինքը եւ իր ընտանիքի անդամները պարտաւոր էին ծառայել:

1919ի Ապրիլի 30ին աւագ դստերը՝ Հրաչեային գրում է.

«Աշոտը սպաննուեց անցեալ գարնան Ղարաքիլիսայի կռիւներում: Արամը վիրաւորուած է 2 անգամ, մի անգամ շատ լուրջ, բայց բժշկուել է: Ռուբէնը չի ունեցել բախտ ու պատիւ հայրենիքի համար վէրք ստանալու, բայց 2 անգամ մերձ ի մահ հիւանդ է եղել Պարսկաստանում: Այժմ միանգամայն առողջ է: Երկուսն էլ ներկայիս զինուորական ծառայութեան են Հայաստանի բանակի մէջ»:

Քաջազնունին ընդամէնը 6 ամիս եղաւ վարչապետի պաշտօնում:

«Այսօր կառավարութիւնը տալու է իր հրաժարականը, եւ կազմակերպւում է նոր կառավարութիւն՝ Դաշնակցական եւ Ժողովրդական կուսակցութեան մասնակցութեամբ,- գրում է կնոջը1918 Նոյեմբերի 4ին,- Ես մնում եմ պրեմիեր առանց պորտֆելի: Շատ դժուար օրեր ապրեցի, մինչեւ կարողացայ հասցնել այս ելքին»: 1919թ. Փետրուարին նա կը մեկնի Միացեալ Նահանգներ Հայաստանի համար օգնութիւն բերելու: Նիւ Եորք, Մեդիսոն աւենիւ 121 հասցէում կը բացուի ժամանակաւոր գրասենեակ՝ հետեւեալ ցուցանակով. Յովհաննէս Քաջազնունի, Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆում  տնտեսական առաքելութեան նախագահ:

Երեւի դժուար չէ պատկերացնել, թէ նա ինչ հնարաւորութիւններ ունէր գոնէ իր ընտանիքի անդամների տանելի կեցութիւնը ապահովելու համար: Փրկելու համար իր ողջ մնացած 5 զաւակների կեանքը եւ բարւոք ապագայի դռներ բացելու նրանց առջեւ: Նա արդէն որդիներից մէկին կորցրել էր պատերազմի դաշտում  եւ կարող էր այդ նահատակութիւնը միանգամայն բաւարար համարել հայրենիքի համար: Այսպէս կարող էր վարուել որեւէ մէկը: Բայց Քաջազնունին ոեւէ մէկը չէր: Եւ նրա մտքերն ու գործելակերպը հիմնուած էին միանգամայն այլ արժէքների վրայ:

1920, Յունուար 2ին ի պատասխան դստեր՝ Մարգարիտի՝ արտասահմանում ուսանելու ցանկութեանը, Ամերիկայից գրում է.

«Մարգուշ ջան, իմ վրայ ծանրացած է մի ամբողջ ժողովրդի հոգսը: Ես չեմ կարող ու նոյնիսկ ամաչում եմ էլ  կենտրոնացնել ուշադրութիւնս սեփական ընտանիքի հոգսերի վրայ: Ի՞նչ պատասխան պիտի տայի իմ խղճին, եթէ, վերադառնալով Ամերիկայից, ստիպուած լինէի ասել, թէ հայկական դատը վիժել է, բայց ես ապահովել եմ իմ որդկերաց կրթութիւնը: Հայկական  Դատի պրոպագանդայի (քարքզչութեան-Խմբ.) տեսակէտից այստեղ շատ խոշոր բան ենք արել: Ամերիկայի ամենամեծ թերթերը զբաղուած են շարունակ մեր հարցով: Եթէ միջազգային քաղաքական հարցերը լուծուելու լինէին հասարակական կարծիքը շահագործելով, մենք վստահ կարող էինք ասել, որ մեր ցանկութիւնների իրագործումը ապահովուած է, որովհետեւ Միացեալ Նահանգների հասարակական համակրութիւնը համարեա ամբողջութեամբ մեր կողմ է»:

«Ի՞նչ պատասխան պիտի տայի իմ խղճին…» պետական պաշտօնեայի շուրթերից հնչող՝ մեր ականջին շատ անսովոր խոստովանութիւն:

 

***

 

Նա Ամերիկայում էր, երբ Զանգիբասարի կռիւներում հերոսի մահով ընկաւ իր մեծը՝ Արամը:

«Ինձ չէր վիճակուած վերջին համբոյրը տալ որդուս, շատ  հեռու էի Հայաստանից, երբ Արամի անշնչացած մարմինը՝ արեան մի փոքրիկ բիծ ճակատին՝ զինուորական պատիւներով յանձնեցին հողին»:

Միայնութիւնը, անձնական, ծնողական ողբերգութիւնը, կնոջը մխիթարելու եւ այդ դժուար պահին նրա կողքին լինելու անհնարինութիւնը, միաժամանակ երախտագիտութեան զգացումը Արամի հանդէպ՝ իսկական զինուոր եւ հայրենիքի ծառայ լինելու համար միախառնուել էին իր  չստացուող գործերին: Մեդիսոն աւենիւ 121 հասցէում բացուած  Հայաստանի համար  տնտեսական օգնութիւն հայթայթող գրասենեակի պատուհանից երեւում էր Նիւ Եորքը՝ իր աղմկոտ, քաոսային ռիթմով, ամերիկեան պրոբլեմներով: Այդ ամէնը բոլորովին կապ չունէր  Քաջազնունու հետ: Դա միանգամայն այլ աշխարհ էր, ուր նա յայտնուել էր ոչ լաւ օրից: Քաջազնունու եւ այս քաղաքի հոգեվիճակները բացարձակ տարբեր էին: Նա նայում էր խայտաբղետ անցորդներին եւ տեսնում էր հայութեանը՝ աղքատ, անտէր, զինուորներին՝ քաղցած,  հիւծուած, գաղթականներին, հիւանդներին եւ որբուկներին՝ հարիւր հազարներով: Նա նայում էր Մեդիսոն պողոտային, բայց տեսնում էր ռազմաճկատը, որտեղ հերոսի մահով ընկել էր Արամը՝ իր աւագ տղան՝ ընտանիքի 2րդ զինուորը: Քաջազնունին մենակ էր եւ կոտրուած: Բայց  պետական-ազգային պատասխանատուութիւնը նրան իրաւունք չէր տալիս երկարատեւ վիշտ   ապրել իր զոհուած տղայի համար: Իբր հայ պաշտօնեայ նրա վիշտը աւելի էր, քան որդու մահը:   Քաջազնունին միայն իր ընտանիքինը չէր: Նա պետական դէմք էր եւ ունէր ահռելի մեծ առաքելութիւն: Հայաստանի առաջին հանրապետութեան առաջին վարչապետն էր, չնայած հիմա արդէն առանց պորտֆելի: Եւ իր անձնական ողբերգութեան չափը  իրաւունք չունէր նոյնացնելու այն ողբերգութեան հետ, որի մէջ յայտնուել էր ամբողջ հայութիւնը: Քաջազնունին նախ ազգի համար պատասխանատու քաղաքական գործիչ էր, յետոյ նոր հայր: Եւ նա շարունակեց գործել ըստ այդմ:

Ակնկալիքները Ամերիկայից գրեթէ չիրականացան: Եւ Հայաստանի համար ներդրումներ գտնելու առաքելութեամբ Քաջազնունին մեկնեց նաեւ Պոլիս: Մեծ եղեռնից մի քանի տարի էր ընդամէնը անցել, բայց հայերը քիչ-քիչ հաւաքւում էին այս եւ ծովափնեայ այլ քաղաքներում:

 

1919, Յունիսի 7, Պոլիս.

 

«Քաղաքական կացութիւնը տակաւին մնում է անորոշ: Մեծ թուով ռուսահայեր կան հաւաքուած այստեղ, գլխաւորապէս խոշոր բուրժուաներ, որ Օդեսայի կամ Նովորոսիյսկի վրայով փախել են բոլշեւիկներից: Բոլորն էլ ցանկութիւն ունեն «ազգասիրաբար» փոխադրուել Հայաստան՝ իրենց կապիտալներով հանդերձ, մեր երկրում խոշոր արդիւնաբերական եւ առեւտրային գործեր ձեռնարկելու համար: Պարզ է, որ իսկական շարժառիթը ազգասիրութիւնը չէ, այլ կապիտալները տեղաւորեցնելու եւ շահագործելու կարիքը: Բայցեւայնպէս այդ տրամադրութիւնը մեզ համար շատ նպաստաւոր է, որովհետեւ մեր երկիրը մեծ կարիք ունի կապիտալներու: Թող գայ այդ կապիտալը»:

Քաջազնունու քաղաքական ռոմանտիզմից բան չէր մնացել: Այն, ինչ նա տեսաւ, այն, ինչին նա դէմ առ դէմ հանդիպեց Հայաստանում 1918 թուից ի վեր եւ ինչին ի պաշտօնէ չկարողացաւ դիմակայել, մեծ անձնական եւ քաղաքական ողբերգութիւն էր իր համար: Նա ըստ էութեան հասել էր իր երազ-նպատակին՝ Հայաստանը ինքնիշխան նորաթուխ պետութիւն էր: Եւ այդ նպատակին հասնելուն պէս, անմիջապէս, մաշկի վրայ զգացել էր հայաստանեան ծանր իրականութեան եւ թիֆլիսեան հեռուից երազուող Հայաստանի միջեւ տարբերութիւնը:

Իմիջիայլոց՝ մաշկի մասին: Ժամանակ առ ժամանակ Յովհաննէսի մօտ սրւում էր էկզեման: Դեռ 1911ին Բաքուից կնոջը հասցէագրած նամակներից մէկում գրել էր.

«Էկզեմայից դեռ չեմ կարողանում ազատուել, թէեւ արդէն 3րդ դեղն եմ փոխում: Չիպաններս իրենց կարգին շարունակում են բուսնել, մի քանի օր էլ աչքս էր ցաւում, կարմրել էր: 7 վիզիտ արի բժիշկԳէորգենբուրգերին: Ամենայն օր սրսկում եմ մորթիս տակ մի գրամ միշեակ, ինքնազգացողութիւնս բարձր է պահում»:

Ինքն իրեն, առանց սէթեւեթելու, միանգամայն անկեղծօրէն խոստովանել է. «Ինչ է եղել իմ տաղանդների ու հակումների այդպիսի բազմակողմանիութեան հետեւանքը: Այն, որ ոչ մի ասպարէզում ոչինչ դրական  չեմ տուել. ճարտարագէտին խանգարել է փիլիսոփան, գեղարուեստասէրին՝ քաղաքական գործիչը եւ ընդհակառակը»: Իր ունեցած  այս ներքին լարումներին անընդհատ աւելանում էին նորերը՝ 1րդ Աշխարհամարտ մեկնած իր անչափահաս տղաների մասին անհանգստութիւնը, 1915 Մեծ Եղեռնը, Բաթումի պայամնագիրը, Հայաստանի  առաջին անկախ հանրապետութեան թշուառ վիճակը, իր վարչապետ նշանակուելը, երկու  որդիների նահատակութիւնը ռազմաճակատում, 3րդ որդու գերեվարուելու փաստը եւ այլն եւ այլն: Այս ամէնը աւելի էին խորացնելու նրա  ներքին մարդկային ցաւերը, եւ աւելի ակնյայտ էին դառնալու արտաքին վէրքերը: Իսկ, նաեւ իր զաւակների արեան գնով ձեռք բերուած անկախութեան գլխին կախուած  վտանգը, ամէնից սոսկալի բանն էր, որի մասին Քաջազնունին վախենում էր մտածել:

«Աչքի լոյսի պէս պէտք է պահպանենք Սեւրի դաշնագիրը, պէտք է պահենք մեր անկախութիւնը, պէտք է ամէն միջոցով դիմադրենք թուրքերին եւ բոլշեւիկներին»: Սեւրի պայմանագրի վաւերացման դէպքում Հայաստանը  Թուրքիայի կողմից ճանաչւում էր որպէս ազատ անկախ պետութիւն, վերագտնում էր իր երբեմնի տարածքները, դառնում մօտ 160 հազար քառ.կմ.  եւ ունենում էր ելք դէպի Սեւ ծով: Ահա, ինչու էր Քաջազնունին ուզում աչքի լոյսի պէս պահել Սեւրի պայամնագիրը: Բայց նորից ժամանակաները խառնուեցին: Մէջտեղ եկաւ Մուստաֆա Քեմալը  իր ռուս բոլշեւիկ համախոհներով: Հայաստանը ոչ միայն չվերագտաւ այդ 160 հազար քառ.կմ. հայրենիքը, այլեւ կորցրեց Կարսը, Անին, Արդահանը, Սուրմալուն: Վատթարագոյնը՝ կորցրեց անկախութիւնը: Բայց դեռ 1920թ. Օգոստոսն էր, արդէն 20 օր է, ինչ ստորագրուել էր Սեւրի հաշտութեան պայմանագիրը, Քաջազնունին Փարիզից հետեւեալ նամակն է ուղղարկում տուն.

 

30 օգոստոս, 1920, Պարիզ.

 

«Հրաչիկ ջան, Ռուբէն ջան, Մարգօ ջան, Կարէն ջան, Սիրելիք,

…Այսօր տեղեկութիւն ստացայ, թէ կառավարութիւնը նշանակել է ինձ դեսպան Կ. Պոլիսում: Բայց ես այդ պաշտօնը չպիտի ընդունեմ: Իմ նպատակն է՝ օր առաջ հասնել Երեւան, հաշիւ տալ կառավարութեանը իմ երկարատեւ ճամբորդութեան մասին եւ ապա մտնել բանակը իբրեւ  կամաւոր զինուոր: Ամենամեծ բաղձանքս է՝ անձամբ ու ֆիզիքապէս մասնակից լինել կռիւներին, մեր հերոս զինուորների կողքին կանգնած, նրանց հետ միասին պաշտպանել հայրենիքի անկախութիւնը եւ, եթէ բախտ ունեցայ՝ մեռնել պատերազմի դաշտում: Եւ դա ամենալաւ մահն է, որ դուք կարող էիք ցանկանալ ձեր հայրիկի համար, որ արդէն բաւականին  ծերացել է ու բաւականին յոգնել այս կեանքից։ …Տեղեկութիւն ստացայ, թէ մայրիկը ձեր բոլորիդ հետ միասին ծրագրում է  փոխադրուել Երեւան: Եթէ ճիշդ է, դա ինձ շատ ուրախացնում է։ …գիտեմ, որ դա շատ դժուար բան է եւ բնակարանը ամէն տեսակ անյարմարութիւններ պիտի ունենայ, բայց ինձ համար (կարծում եմ որ նոյնպէս եւ ձեր համար) աւելի գերադասելի է 2-3 խղճուկ սենեակ Անկախ Հայաստանի մէջ, քան լաւագոյն բնակարանը ու որ էլ նա լինի,- էլ չեմ  խօսում վրացական Թիֆլիսի մասին»:

Գլխաւոր միտքը, որ ապշեցնում է նամակում իր՝ կամաւոր բանակ մեկնելու եւ հայրենիքի համար կռուելու ու, եթէ բախտ ունենայ, մեռնելու ռազմի դաշտում: Սա բարձր պետական պաշտօն ունեցող մարդու որոշումն էր՝ հրաժարուել աթոռից զինուոր դառնալու համար: Նա  արտասահմանեան գործուղումից Երեւան վերադարձաւ 1920 թուի Սեպտեմբերին: Դեռ չէր պատկերացում, որ Հայաստանի անկախութեանը հաշուած օրեր էին մնացել: Դեկտեմբերի 2ին  իշխանութիւնը յանձնուեց բոլշեւիկներին: Վրացեանի կառավարութիւնը վայր դրեց  լիազօրութիւնները: Քաջազնունին 52 տարեկան էր:

Քաջազնունին բնականաբար ձերբակալուեց, ապա փետրուարեան ապստամբութեան ժամանակ ազատուեց կալանքից, իսկ երբ բոլշեւիկները հիմնաւորապէս բռնազաւթեցին Հայաստանը՝  ստիպուած էր հեռանալ իր երկրից: Ընտանիքը մնաց, ինքը  գնաց:

Վտարանդութեան մէջ, յատկապէս Ռումինիայում, նա շատ երկար մտածեց իր անցած ճանապարհի, ներկայի եւ ապագայի մասին: 1923 Նոյեմբերի 14ին Բուխարեստից կրտսեր աղջկան գրեց.

«Մարգուշ ջան, ես իմ մենակութեան ու ակամայ պարապութեան մէջ մտածելը փէշակ եմ արել ու շատ բան, որ չեմ հասկացել կեանքի եռուզեռի մէջ, սկսում եմ կամաց-կամաց հասկանալ: Շատ լաւ ես գրել քո մասին: Այդպէս էլ եղիր աղջիկս: Ամէն մարդ  պիտի ունենայ իր հոգում մի Աստուած ու մի պաշտամունք: Ով չունի այդ  վերջին աղքատն է: Նիւթական ոչ մի բարօրութիւն չի կարող փոխարինել կամ լրացնել սրբութեան բացակայութիւնը: Ասում ես, որ ապագայում ամրոցներ չես սպասում քեզ համար: Պէտք չեն ամրոցներ: Դու մի փոքրիկ տաճար կառուցիր քո սրտի մէջ եւ դրանով իսկ շատ հարուստ կը լինես դու: Սովորիր, գիտութիւնը լաւ բան է: Բայց երբեք մի մոռանայ, որ ամէն մարդ՝ ապրելիս՝ սպառում է արժէքներ եւ այդ արժէքները սպառելու իրաւունք ունենալու համար պէտք է ինքն էլ աշխատի, արդիւնաբերի փոխարժէքներ»:

Բուխարեստում նա վերլուծեց հայութեան հետ կատարուածը եւ եզրակացրեց, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Անելիք Չունի Այլեւս»: Նա իր այդ համարձակ պնդումը  զեկուցագրի տեսքով ներկայացրեց 1923թ. կուսակցութեան Վիեննայի համաժողովին, իսկ Օգոստոսի 15ին ՀՅԴ պատասխանատու մարմնին գրեց.

«Ես դուրս եմ գալիս ՀՅԴ կուսակցութիւնից: Անբարեացակամ ցոյց մի համարէք սա կուսակցութեան  հանդէպ: Ես բաժանւում եմ կուսակցութիւնից խորը կսկիծը սրտիս մէջ, բաժանւում եմ, որովհետեւ ուրիշ կերպ վարուել չեմ կարող: Իմ խղճի ու գիտակցութեան հրամայողական պահանջն է դա»: (…)

Քաջազնունին միշտ մնաց մարդկային իր տեսակի բարձրութեան վրայ: Նրա մտքերը, յոյզերը, գործերը ազնուական մարդունն էին: Անգամ ազնուական էին նրա  նեղուածութիւնը եւ հիասթափութիւնը: Այս ոչ անձնական նամակը շատ անձնական որակներ է բացայայտում այդ մեծ մտաւորականի կերպարի մէջ.

Կրկին Բուխարեստ, նամակ աղջկան՝ Մարգարիտին.

«Ես դուրս եմ եկել կուսակցութիւնից եւ այժմ ազատ քաղաքացի եմ: Մի տենչ ունեմ միայն. վերադառնալ Հայաստան եւ աշխատել հայ ժողովրդի համար- ինչ աշխատանք էլ լինի՝ թէկուզ Երեւանի փողոցները սալայատակել… այդ յոյսով էլ ապրում եմ: Եւ կը գամ, հէնց որ ֆիզիկապէս հնարին լինի գալս: Անասելիօրէն կարօտել եմ ձեզ եւ հայրենիքս»:

Որքան էլ դաժան լինէր անկախութեան կորուստը, միեւնոյն է Հայաստանը մնում էր ի՛ր հայրենիքը: Անկախ այն բանից, թէ ովքեր են իշխանութեան գլուխ: Իշխանութիւնները գալիս-գնում են, բայց անհատի համար հայրենիքը մնում է հայրենիք: Եւ եթէ հնարաւոր է ֆիզիկապէս ապրել այս հայրենիքում, ուրեմն Քաջազնունու նման ճշմարիտ հայի համար, Հայաստանում  ապրելը կենսական պահանջ էր՝ թող որ խորհրդայնացուած, բա՛յց Հայաստանում: Եւ նա դիմեց իշխանութիւններին եւ արտօնութիւն ստացաւ վերադառնալու: Դա 1925 թուականն էր: Հիմա նա  սովորական սովետական քաղաքացի էր՝ մասնագիտութեամբ ճարտարագէտ: Իրեն նուիրեց գիտութեանը, դասաւանդեց համալսարանում եւ շինարարական ինստիտուտում, ստացաւ պրոֆեսորի կոչում, կառուցեց շէնքեր: 1926թ. Գիւմրիի երկրաշարժից յետոյ մեծ շինարարական  աշխատանք ծաւալեց այնտեղ: Եւ ապրեց համեստ, ազնիւ, ինչպիսին միշտ էր: Երեւի հոգու խորքում նորից, ինչպէս եւ պատանի հասակում՝ երազելով անկախ Հայաստանի մասին: Տարբերութիւնն այն էր, որ հիմա այդ երազին հասնելու համար նա գործել պարզապէս չէր կարող: Բայց իմաստուն մարդ էր եւ գիտէր որ բոլոր կայսրութիւնները վաղ թէ ուշ փլւում են եւ սա էլ էր փլուելու:

1933թ. Նոր տարուայ գիշերը որդուն՝ Ռուբէնին գրում է իր գլխով անցած բոլոր Նոր տարիների մասին եւ աւելացնում.

«…Եւ այդ բոլոր Նոր տարիները անցել են գլխովս, տեսել եմ, ապրել եմ այդ տարիները եւ մնացել եմ կենդանի: Ոչ միայն մնացել եմ կենդանի, այլեւ պահել եմ ընդունակութիւնը ժպտալու

…Անհաւատալի չէ՞ արդեօք: Ին՞չ է սա՝ անզգայութիւն, աներեսութիւն, թէ հերոսութիւ՞ն: Ո՛չ մէկը եւ ոչ միւսը: Գաղտնիքը նրանումն է, որ մինչեւ այսօր էլ ես մնում եմ լեցուն վառ յոյսերով, եւ  թերեւս այսօր աւելի, քան 15 տարի  առաջ: Խորտակուած եմ ես անձնապէս, խորտակուած է իմ քաղաքական գիծը, խորտակուած են իմ հետեւած ուղիները, բայց ամենեւին չի խորտակուած իմ կեանքին բովանդակութիւն տուող իղձը: Հայաստանի ազգային պետական կեանքը կառուցւում է, եւ ահա այն ահագին փաստը, որի հանդէպ նսեմանում է մնացածը: Կառուցւում է եւ այդ կառուցման մէջ ես էլ ներդրում եմ իմ փշուր աշխատանքը: Ահա այն գիտակցութիւնը, որ  պահում է ինձ կանգուն: Մի ամսից յետոյ կը լրանայ իմ 65 տարին: Եւ այդ հասակում, մարմնով ու հոգով յոգնած, ուժասպառ, ես առաւօտ շտապ վեր եմ կենում անկողնից, գնում եմ աշխատանքի, ուրախանում եմ, երբ յաջողւում է մի դրական բան անել եւ սրտանց ցաւում եմ, եթէ օրս անցնում է ապարդիւն: Ահա, սիրելիս, քո հայրիկը ու նրա մեծ գաղտնիքը»:

Ամէն օր Երեւանի Պուշկինի փողոցի իր տանից ալեհեր պրոֆեսորը դուրս էր գալիս եւ գնում իր գործերով: Նրա քնքուշ սէրը այս երկրի նկատմամբ չէր նուազել: Նա չէր էլ պատկերացնում, որ այդ սէրը ոսկորի պէս խրուած էր չեկայի կոկորդում: Չեկան ոչինչ չի մոռանում: 1937թ.    զոմբիները եկան 70ամեայ ծերուկի ետեւից: Նրան գնդակահարեցին մէկ տարի անց ՊԱԿի բանտում եւ վերացրին յանցագործութեան բոլոր հետքերը: Բայց վերացնել Քաջազնունու յիշատակը, իհարկէ, չկարողացան: Ով էր Ստալինը կամ ովքե՞ր էին նրա հայ կամակատարները, որ պատմութեան եւ սերունդների յիշողութիւնից մաքրէին Քաջազնունու կերպարը:

Երբ հօրը ձերբակալեցին, Մարգարիտը՝ դուստրը, հաստ տետրակների մէջ գաղտնի արագ-արագ սկսեց արտագրել հօր թողած գրաւոր ամբողջ ժառանգութիւնը՝ նամակներ, փիլիսոփայական, գրական աշխատութիւններ, թարգմանութիւններ, այդ թւում եւ Սասունցի Դաւիթ էպոսից եւ այլն: Մարգարիտ Քաջազնունին վախենում էր, թէ սովետական իշխանութիւնները կը բռնագրաւէին հօր ձեռագրերը:  Կեցցէ՛ Մարգարիտը: Նա շատ մեծ եւ արժէքաւոր գործ է կատարել: Բարեբախտաբար  խուզարկութիւնից յետոյ ոչ բոլոր ձեռագրերը  անհետացան: Եւ այսօր Գրականութեան եւ արուեստի պետական թանգարանում շատ նամակներ պահւում են երկու օրինակից: Մէկը՝ բնօրինակ, միւսը՝ Մարգարիտի ձեռամբ արտագրուած: Բայց հազար ափսոս, որ այսօր արխիւից եւ անշուշտ նրա մասին յուշերից զատ   շարունակական գրեթէ ոչինչ չի մնացել: Նկատի ունեմ Քաջազնունիութեան ժառանգորդներին.

Այսպէս՝

Հրաչեայ-Անահիտ Քաջազնունի- դարձաւ բժշկուհի, երկար ապրեց Մոսկուայում, շատ կարճ՝ իր ամուսնու հետ: Երեխայ չունեցաւ: Մահացաւ 1974ին:

Արամ Քաջազնունի- կամաւոր մեկնեց ճակատ, զոհուեց 1920ին Զանգիբասարի կռիւներում, չհասցրեց ամուսնանալ:

Երկուորեակներ Աշոտ եւ Ռուբէն- ջրի 2 կաթիլ,  կամաւոր մեկնեցին պատերազմ, 1918թ. Աշոտն   ընկաւ Ղարաքիլիսայի կռիւներում: Ռուբէնը գերի ընկաւ Կարսում, փրկուեց 1921թ. գերիների փոխանակման ժամանակ: 1941-45թթ. ապրեց Մոսկուայում , աշխատեց որպէս գլխաւոր ինժեներ  ռազմական բեռնատարներ վերանորոգող արտադրամասում: Մահացաւ 1953թ. Երեւանում աւտովթարից: Ունեցաւ դուստր: Վերջինս չամուսնացաւ: Եւ բնակւում էր Թբիլիսիում:

Մարգարիտ Քաջազնունի- ստացաւ ֆինանսիստի կրթութիւն, երկար տարիներ աշխատեց Հայպետհրատում որպէս հաշուապահ, կատարեց թարգմանութիւններ՝ Պաուստովսկուց: Ամուսնացաւ մեծ տարիքում, երեխայ չունեցաւ, մահացաւ Երեւանում:

Կարէն Քաջազնունի աշխատեց Մոսֆիլմում, դասաւանդեց ՍՍՀՄ Կինոյի պետական ինստիտուտում: Ամուսնացաւ ռուս կնոջ հետ, ունեցաւ 2 երեխայ՝ Վալերի եւ Լիլիթ: 1941ին կամաւոր մեկնեց ռազմաճակատ եւ անհետ կորաւ նոյն թուի աշնանը Վեազմայի մատոյցներում: Նրա որդին Վալերին անձնասպան եղաւ, իրենից յետոյ թողեց դուստր: Վերջինս ամուսնացաւ ոմն Օռլովի հետ եւ ունեցաւ երկու տղայ: Դուստրը՝ Լիլիթ Քաջազնունին դարձաւ անգլերէնի մասնագէտ, չամուսնացաւ եւ մնաց անժառանգ:  Բնակւում էր Մոսկուայում:

Յովհաննէս եւ Սաթենիկ Քաջազնունիները, երբ 6 երեխայ էին ունենում, հազիւ թէ պատկերացնէին, որ այսպիսի աւարտ է ունենալու իրենց հիմնած գեղեցիկ եւ սիրով լի ընտանիքը: Սաթենիկը հողին յանձնեց իր չորս տղաներին, երկու աղջիկներին ողջ եւ առողջ, բայց անժառանգ թողեց երկրի վրայ եւ՝ ամուսնու դին պարփակող փոսը այդպէս էլ չգտնելով, 1962 թուականին՝ բաժանումից 24 տարի անց, որոշեց  գնալ այնտեղ, որտեղ անկասկած նրան կը գտնէր:

 

(Շար. 2 եւ վերջ)

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

  1. varoujan Garabedian said:

    Աս պատմութիւնէն օրինակներ պէտք է տպել եւ Հայաստանի բոլոր կուսակցութիւններուն եւ կառավարական մարդոց ղրկել: Աս ի՛նչ մեծ մարդ է եղեր Քաջազնունին: Ես միայն կարդացեր էի որ վարչապետ եղած է եւ յետոյ ալ կուսակցութիւնէն քաշուած է: Արձանը տեղ մը կա՞յ Հայաստանի մէջ…

*

Top