Քարվաճառն Այլեւս Ծայրամաս Չէ

0000Karvajar

0000Karvajar

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

Քաղաքագէտ Արամ Թադեւոսեանն արդէն մի քանի ամիս է՝ բնակւում եւ աշխատում  է Շահումեանի շրջանի Քարվաճառ քաղաքում. շրջանի վարչակազմի ղեկավարի լիազօր ներկայացուցիչն է:

«Դեռեւս Արցախի պետական համալսարանի քաղաքագիտութեան ֆակուլտետի բակալաւրիատն աւարտելիս ցանկութիւն կար գալ Քարվաճառ՝ դպրոցում դասաւանդելու: Այդ ժամանակ, սակայն պարզուեց, որ չունեմ մանկավարժական կրթութիւն եւ որպէս ուսուցիչ աշխատել չէի կարող», պատմում է Արամ Թադեւոսեանը:

Մեր զրուցակիցը Քարվաճառ է տեղափոխուել իր ընկերոջ՝ Յարութ Մնացականեանի, Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակուելուց յետոյ:

Խօսելով Քարվաճառի մասին ունեցած պատկերացումներից եւ տեսած իրականութիւնից՝ Ա. Թադեւոսեանը նշում է, որ տեղի միջավայրը հակասական է:

«Ինձ թւում է՝ այստեղ կարելի էր ունենալ աւելի լաւ ապրելակերպ, ամէն ինչ կարող էր աւելի լաւ լինել, քան՝ է, քանի որ բաւականին տարիներ են անցել, ինչ մենք ազատագրել ենք այս տարածքը: Միւս կողմից տեսնում եմ, որ որոշակի գործընթացներ տեղի են ունենում, ու հաշուի առնելով բազմաթիւ պատճառներ, կարող եմ ասել, որ այսօրուայ ունեցած իրականութիւնը նաեւ օբյեկտիւ է: Հիմնականում տեսնում եմ այն, ինչ սպասում էի, քանի որ թէ՛ մասնագիտութեան բերումով, թէ՛ շնորհիւ այն բանի, որ բաւականին փոքր երկրում ենք ապրում, հիմնականում տեղեակ էի շրջանում տիրող իրավիճակից»: Քարվաճառում Արամի համար ամենահրապուրիչը բնութիւնն է: «Այստեղ ինձ հէնց բնութիւնն է աւելի ձգում, քան թէ մարդիկ կամ աշխատանքը»:

Խօսելով շրջանում առկայ խնդիրներից, մեր զրուցակիցը մասնաւորապէս ընդգծեց, որ նախ, շրջանը պէտք է համապատասխանեցուի այն ընդհանուր գործընթացներին, որոնք տեղի են ունենում հայկական պետականութեան տարածքում:

«Պէտք է գիտակցենք այն պոտենցիալը, որ կայ այստեղ եւ փորձենք այդ պոտենցիալը կեանքի կոչել: Առաջին հերթին, նկատի ունեմ տնտեսական ներուժը:   Բնապահպանական խնդիրներ կան. յոյս ունեմ, որ կը կարողանանք ստեղծել աւելի լաւ բնապահպանական միջավայր՝ պահպանելով մեր ունեցած իւրայատուկ գեղեցիկ բնութիւնը»: Ըստ մեր զրուցակցի՝ շրջանի առաջին կարեւոր պոտենցիալն այստեղ ծնուող ու մեծացող երեխաներն են:

«Այստեղ մեծացող պատանիները պէտք է հնարաւորութիւն ստանան իրենց տներն ունենալու եւ այլ, իրենց ծնողներից տարբեր աշխարհայեացքով ապրելու»:

Արամ Թադեւոսեանը լիայոյս է, որ շրջանում նոր որակի վերաբնակեցում է լինելու. այստեղ պէտք է գան մարդիկ, ովքեր հաւատում են իրենց անձնական յաջողութեանն ու բաւականաչափ աշխատասէր են՝ դրան հասնելու համար:

«Այստեղ տեղափոխուելիս մարդիկ պէտք է հասկանան, որ Քարվաճառն այլեւս ծայրամաս չէ եւ որ այստեղ էլ կարելի է նորմալ ապրել: Քարվաճառ տեղափոխուելով՝ դու ինքդ քեզ չպէտք է ճգնաւոր համարես: Քարվաճառի շրջան գալով՝ դու չես կտրւում աշխարհից, ոչ էլ զրկանքներ ես կրում», կարեւորում է մեր զրուցակիցը: «Եթէ որոշել ես տեղափոխուել այստեղ, դու նախ պէտք է անելիքներ ունենաս, իմանաս՝ ինչու ես գալիս: Այստեղ քեզ բաւարարուած զգալ կարող ես միայն աշխատելով, սա աշխատանքի շրջան է, ինչ որ առումով՝ նոր աշխարհ է, նոր երկիր, որ պէտք է աշխատելով կառուցել»: Ըստ Արամ Թադեւոսեանի՝ վերաբնակիչն այն մարդն է, ով աւելի մոտիւացուած է: «Եթէ դու տեղափոխւում ես այլ վայր, ուրեմն դու գալիս ես նորը փնտռելու, եւ ես միշտ մտածել եմ, որ վերաբնակեցուած շրջանը պէտք է աւելի ազատ մտածողութիւն ունենա, աւելի աշխատող ու մոտիւացուած հասարակութիւն: Եւ յուսով եմ, որ շրջանում վերաբնակուելու են աշխատող ու մոտիւացուած երիտասարդներ, ովքեր գալու են այստեղ՝ անձնական յաջողութիւններ ունենալու, իսկ նրանց անձնական յաջողութիւնները լինելու են նաեւ ազգային-պետական յաջողութիւններ», ամփոփեց մեր զրուցակիցը:

 

Թամարա Գրիգորեան.

«Արարատ» հիմնադրամի թղթակից

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top