ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳԵՐՄԱՐԱԹՈՆԻ ՀԱՅ ՄԱՐԶԿՈՒՀԻ ԹԵԼՄԱ ՂԱԶԱՐԵԱՆ-ԱԼԹՈՒՆԻ ՀԵՏ

0621thelma

Գերմարաթոնի Հայ Մարզկուհին Մտադիր Է Յաղթական Եռագոյնը Ծածանել Հեղինակաւոր Մրցոյթում

 

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

0621thelma2Լեռնագնաց, գերվազորդ Թելմա Ղազարեան Ալթունը Լոս Անջելեսում պատրաստւում է աշխարհի հեղինակաւոր՝ «Բեդուոթըր 135» անուանումով գերմարաթոնին, որ տեղի կ՛ունենայ Յուլիսի 23-25ը: «Յաղթելն իմ համար կարեւոր է, քանի որ միակ հայն եմ այս մարզաձեւում, որ նաեւ հնարաւորութիւն եմ ստացել մասնակցելու այս սպասուած մրցութեանը: Առիթը պէտք է օգտագործեմ եւս մէկ անգամ բարձրացնելու մեր եռագոյնն ու ներկայացնելու հայ ազգին, ու իւրաքանչիւր գործում լաւագոյնի ձգտելու եւ հասնելու մեր կամքը», նշում է հայազգի վազորդուհին: Բազմաթիւ մրցոյթներում յաղթական տեղեր զբաղեցրած Թելման, ներկայում ամէնօրեայ մարզումներ է անցկացնում մարզիչի հետ յատուկ ծրագրով՝ յաղթանակ ապահովելու աշխարհում ամենադժուարինը համարուող առաջիկայ գերմարաթոնում:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն է «Բեդուոթըր 135» գերմարաթոնի իւրայատկութիւնը, եւ ի՞նչ մարտահրաւէրներ են սպասում մասնակիցներին:

ԹԵԼՄԱ ՂԱԶԱՐԵԱՆ-ԱԼԹՈՒՆ.- «Բեդուոթըր 135»ի մասնակիցներին 48 ժամ է տրուելու ամբողջացնելու համար 135 մղոն (216կմ.) կազմող մրցութիւնը, որ տեղի կ՛ունենայ Կալիֆորնիայի Դեդ Վելի անապատի չափազանց բարձր ջերմաստիճանի (մինչեւ 130 ֆերընայթ կամ 38-55 ցելսիուս) պայմաններում: Գերմարաթոնի մեկնարկը կը տրուի Բեդուոթըր քաղաքից, որ Հիւսիսային Ամերիկայի ամենացածր կէտն է, եւ գտնւում է  ծովի մակարդակից 86 մետր ներքեւ, եւ կ՛աւարտուի Ուիթնի Պորտալ կէտում՝ ծովի մակերեսից 2552 մետր բարձրութեամբ: Գերմարաթոնը կը տեւի Յուլիսի 23-25ը, եւ կ՛անցկացուի առանց քնելու հնարաւորութեան:

Այս գերմարաթոնին մասնակցել կարող են ոչ բոլորը, քանի որ անհրաժեշտ է համապատասխան որակաւորում, նախորդ մրցոյթներում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու տեղեկանքներ: Տարուայ ընթացքում աւելի քան 2000 մարդ աշխարհի տարբեր երկրներից մասնակցութեան յայտ է ներկայացնում, սակայն միայն 100 հոգի են ընտրւում: Ուրախ եմ, որ այս տարի ընդգրկուած 28 երկրների մասնակիցների ցանկում եմ նաեւ ես, եւ ներկայացնում եմ Հայաստանը:

Վեց ամիս է, որ պատրաստւում եմ այս կարեւոր մրցութեանը, եւ ցանկանում եմ մինչեւ 44 ժամում աւարտել՝ յաղթանակով, որ կրկին առիթ ունենամ ծածանելու մեր եռագոյնը:

 

0621thelma3ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Օլիմպիական խաղերում մարաթոնեան վազքը համարւում է ամենադժուար մրցաձեւը, քանի որ այն պահանջում է ֆիզիկական գերպատրաստուածութիւն: Գերմարաթոն եզրոյթն ինքնին յուշում է, որ այս մրցաձեւի պայմաններն առաւել խիստ են:

ԹԵԼՄԱ ՂԱԶԱՐԵԱՆ-ԱԼԹՈՒՆ.- Գերմարաթոնի ընդունուած տարածութիւններն են՝ 50 կմ. (31.069 մղոն), 100 կմ. (62.137 մղոն), 50 մղոն (80.4672 կմ) եւ 100 մղոն (160.9344 կմ.) վազք առանց կանգառի: Վազքուղիների մեծ մասը ձգւում է լեռնային ճանապարհներով: Քանի որ մրցոյթը կարող է տեւել 25-36 ժամ, վազորդներին կարող է սպառնալ ջրազրկում, աղազրկում, եւ այլ խնդիրներ, եւ այդ պատճառով, սովորաբար, 20ից 35 կիլոմետրեր (12ից 22 մղոն) հեռաւորութեամբ տեղակայուած են օգնութեան կայաններ, որտեղ վազորդներին տրւում են համարժէք սնունդ, ջուր, երբեմն թոյլատրւում են կարճ ընդմիջումները:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս ստացուեց, որ ընտրեցիք այս մարզաձեւը:

ԹԵԼՄԱ ՂԱԶԱՐԵԱՆ-ԱԼԹՈՒՆ.- Մանկուց միշտ վազել եմ: Եօթերորդ դասարանում, դպրոցում գերազանցեցի տղաների ռեկորդը, այնուհետեւ վազքս շարունակեցի աւագ դպրոցում, «Եու.Էս.Սի.» համալսարանում: Ամուսնանալով եւ երեխաներ ունենալով մի պահ դադարել էի զբաղել վազքով, բայց շատ էի ցանկանում վերադառնալ, եւ ընտրեցի գերվազքը:

Աւելի քան տասը տարիների ընթացքում բազմաթիւ փորձութիւնների եմ հանդիպել, եւ հասկացել եմ, որ դժուարութիւնները հնարաւոր է յաղթահարել մտքի եւ կամքի ուժով: Յաճախ է պատահել, երբ ժամեր շարունակ վազել եմ գիշերը միայնակ սարերում, եւ կարողացել եմ հասնել վերջնակէտին, այնինչ մրցութիւններում շատ են լինում դէպքեր, երբ մասնակիցների 60 տոկոսը չեն կարողանում հասնել վերջնագծին: Երբեմն անքուն գիշերների պատճառով հէնց վազքի ժամանակ ունեցել եմ հալիւցինացիաներ, երբեմն էլ՝ բնական, թուացել է թէ անյաղթահարելի խոչընդոտների եմ հանդիպել, բայց կարողացել եմ յաղթահարել:

 

0621thelma1ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մարաթոնեան վազքի մասնակիցներից շատերի համար յաղթելն այնքան էլ էական չէ, կարեւորը՝ մրցավազքն աւարտելն է: Դուք ոչ միայն մշտապէս հասնում էք վերջնագծին, նաեւ՝ հիմնականում աւարտում էք մրցութիւնը առաջին հորիզոնականներում: Ո՞ր յաղթանակը կը համարէք յիշարժան:

ԹԵԼՄԱ ՂԱԶԱՐԵԱՆ-ԱԼԹՈՒՆ.- Ինձ համար ամենադժուարներից է եղել «Ջօշուա Թրի» ազգային զբօսավայրում կատարած 62.5 մղոն (100 կմ.) մրցումը, որ աւարտել եմ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը կանանց շրջանում:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մասնակցելով տարբեր երկրներում մրցոյթների, այդուհանդերձ նշել էք, որ ձեզ համար առանձնայատուկ կարեւորութիւն ունի հայրենիքում 2017թ.ի ամրանն անցկացուած  մարաթոնը:

ԹԵԼՄԱ ՂԱԶԱՐԵԱՆ-ԱԼԹՈՒՆ.- Փափաքս էր վազել Հայաստանում եւ Արցախում: Ցանկութիւնս հնարաւոր եղաւ իրականացնել Լոս Անջելեսում գործող Հայ լեռնագնացների միութեան միջոցով, որի նախագահ Ռոբերտ Ասրեանն առաջին հայն էր, որ աջակցել է ինձ բարոյապէս եւ հոգեպէս: Ընտրեցինք «Ճանապարհ» կոչուող արահետ, որ ձգւում էր Վարդենիսից մինչեւ Հադրութ (աւելի քան 283 կմ.):

Իմ եւ լեռնագնացների միութեան նպատակները համընկան, այն է՝ նպաստել հայրենիքում արշաւային ուղիների ստեղծմանը, էկոտուրիզմի զարգացմանը: Իմ վազելու ընթացքում բազմաթիւ հարցեր պարզուեցին, եւ մեր կողմից կազմակերպուած դրամահաւաք ձեռնարկների արդիւնքում հաւաքուած գումարներով արդէն հնարաւոր է դարձել իրականացնել մի շարք ծրագրեր, այդ թւում՝ իմ անցած ուղու հատուածում գծանշանների տեղադրում, քանդուած կամուրջի վերակառուցում, ինչը, մեծ յուզմունքով տեղեկացայ, որ անուանել եմ իմ անունով՝ «Թելմայի Կամուրջ»:

Մէկ այլ նպատակս էլ իրականութիւն դարձաւ. վազելիս իմ վրայ տեղադրուած էին արբանեակային, ազդանշանային սարքեր, որոնց միջոցով ես աշխարհի տարբեր անկիւններում գերվազորդներին ներկայացրեցի, թէ որքան չքնաղ է վազքուղիս, մեր երկիրը: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ շատ շատերն էին հիացել մեր բնութեամբ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստան եւ Արցախ այցելելու ցանկութիւն յայտնողներ եղա՞ն:

0621thelma5ԹԵԼՄԱ ՂԱԶԱՐԵԱՆ-ԱԼԹՈՒՆ.- Գերվազորդները մշտապէս փնտռում են նոր, չբացայայտուած ու բացառիկ վայրեր: Արցախը հիանալի է այդ առումով: Իմ վազքին հետեւել էր նաեւ «Բեդուոթըր 135»ի գլխաւոր կազմակերպիչ Քրիս Քոսթմենը, ով կապուեց իմ հետ եւ ցանկութիւն յայտնեց այցելել Արցախ: Նախորդ ամիս, ես նրան ուղեկցեցի դէպի Արցախ, եւ մենք միասին շրջեցինք  «Ճանապարհ» արահետով, եւ Քոսթմենը ցանկութիւն յայտնեց գերմարաթոն կազմակերպել այդտեղ: Նա Սեպտեմբերին կրկին կը վերադառնայ Արցախ՝ վերջնական չափումներ անելու, եւ ամենայն հաւանականութեամբ, գերմարաթոն կը կազմակերպի 2019թ.ին: Կարծում եմ, սա հիանալի առիթ է աշխարհի գերվազորդներին Հայաստանին ու Արցախին ծանօթացնելու, եւ մեր հայրենիքը որպէս գերմարաթոնների անցկացման վայր ամրագրելու համար: Միաժամանակ, մեր այցելուների համար, մտածում ենք կազմակերպել փառատօն՝ ծանօթացնելու մեր մշակոյթին, նաեւ, նման նախաձեռնութիւնները կը նպաստեն տնտեսութեան զարգացմանը: Արցախի նախագահն ու կառավարութիւնն էլ պատրաստակամութիւն են յայտնել աջակցելու մեր ծրագրերին:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր գործունէութիւնն իսկապէս ոգեւորիչ է: Յաջողութիւններ ձեր բոլոր նախաձեռնութիւններում: Եւ, վերադառնալով Յուլիսի 23-25ը նախատեսուած գերմարաթօնին՝ ինչպէ՞ս կարելի է հետեւել ձեր վազքի ընթացքին:

ԹԵԼՄԱ ՂԱԶԱՐԵԱՆ-ԱԼԹՈՒՆ.- Հայ լեռնագնացների միութիւնը, հայկական եռագոյնով, սպասելու է ինձ վերջնակէտում: Մինչ այդ, ինձ ուղեկցելու է թիմս, որ ճանապարհին ապահովելու է սնունդով եւ բարոյահոգեբանական աջակցութիւն է ցուցաբերելու: Ցանկացողները կարող են միանալ:

 

0621thelma

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top