«ԱՊԱՌԱԺ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԿ-Ի ԱՆԴԱՄ, ԱՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆԻ ՀԵՏ

0707vahrambalayan

0707vahrambalayan

«Կերակրատաշտակից Օգտուած Մարդիկ Այսօր Խօսում Են Արդարութիւնից»

 

Վարեց՝ ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

 

Ստորեւ՝ ԱՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿի անդամ Վահրամ Բալայեանի հարցազրոյցը «Ապառաժ»ին.

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախում ստեղծուած ներքաղաքական իրավիճակը:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները յուշում են, որ փոփոխութիւնների անհրաժեշտութիւնն օրախնդիր է, եւ Արցախը եւս չի կարող յետ մնալ այդ գործընթացներից: Հասարակական զարգացման օրինաչափ ընթացքը յուշում է, որ մենք անհրաժեշտութիւն ունենք նոր գործիչների եւ նոր գաղափարների, եւ որ վաղուց պէտք է ձեռնարկէինք փոփոխութիւնները: Այսօր մեր հանրապետութիւնում տեղի ունեցող իրադարձութիւնները եւ երկիրը փոխելու ձգտումը հէնց դրա արտացոլանքն է:

ՀՅ Դաշնակցութիւնը, որպէս քաղաքական կուսակցութիւն, դէմ է քուէարկել ընդունուած սահմանադրութեանը՝ համոզմունք ունենալով, որ առաջարկուող նախագծի անհրաժեշտութիւնը չկայ, եւ որ այն, ըստ էութեան, չի արտացոլում երկրի զարգացման տրամաբանութիւնը: Մեզ այդ օրերին քննադատում էին, դիտարկում որպէս չկամեցող, սակայն ցաւօք սրտի մենք ճիշդ էինք:

Այսօր սահմանադրութեանը դէմ քուէարկած փոքրամասնութիւնն առաջնորդւում է մեծամասնութեան կարծիքով, որը չի լսել եւ չի մարսել տասնամեակների ընթացքում հայութեան կեանքը կարգաւորած, պետականութիւն հիմնած քաղաքական ուժի յորդորը: Իսկ այսօր մեղադրանք են ներկայացնում քաղաքական ուժերի, այդ թւում՝ նաեւ Դաշնակցութեան հասցէին:

Այսօր մոդայիկ է դարձել խօսել ժողովրդի անունից եւ արդարութեան մասին:

Ցաւ եմ ապրում, երբ արդարութեան մասին խօսում են մարդիկ, որոնք թաղուած են կեղտի մէջ, մարդիկ, որոնք կերակրատաշտակից ամենաշատն են օգտուել եւ որոնք տարիներ շարունակ այս կամ այն ձեւով ոտնահարել են հանրութեան իրաւունքները: Սա ինձ համար ընկալելի չէ:

Ընկալելի չէ նաեւ այն մարդկանց մօտեցումները, որոնք իրաւունք են վերապահում խօսելու ժողովրդի անունից: Ժողովրդի անունից իրաւունք ունի խօսելու միայն ինքը՝ ժողովուրդը: Մեր հանրային կեանքը պէտք է բարեփոխուի հէնց ժողովրդի կողմից պատասխանատուութիւն ստանձնելու ճանապարհով այս կամ այն քաղաքական ուժի եւ գործիչների նկատմամբ՝ քուէով արտայայտելով համապատասխան վերաբերմունք: Բարեփոխումների անհրաժեշտութիւն ունենք, սակայն այդ ամէնը պէտք է իրականացնենք օրէնքի սահմաններում՝ վերը նշածս ճանապարհով:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Վերջին շրջանում ականատես ենք մի շարք փոփոխութիւնների՝ հրաժարականներ, պաշտօնանկութիւններ, նոր նշանակումներ, սակայն ծրագրային, ոլորտային ի՞նչ փոփոխութիւնների հրամայականի առջեւ ենք այսօր:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Մեր երկրում բարեփոխումները չպէտք է սահմանափակուեն միայն կադրերի (պաշտօնեաներու-Խմբ.) տեղաշարժով: Բարեփոխումները պէտք է լինեն համակարգային:

Սկսենք քաղաքական դաշտից:

150,000 բնակչութիւն ունեցող Արցախում այսօր գործում են տասնեակ կուսակցութիւններ: Հիմնւում են նոր կուսակցութիւններ՝ պաշտօն եւ դիրք զբաղեցնելու նպատակով:

Քաղաքականութեամբ պէտք է զբաղուի այն մարդը, ով ծնուել է դրանով զբաղուելու համար: Արցախում կուսակցութիւններն առաւել շատ ձեւաւորուել են անձերի շուրջ, քան թէ գաղափարների: Պատճառը նիւթապաշտութիւնն ու անձնապաշտութիւնն է եւ այստեղից հարեւանի ու համաքաղաքացու խնդիրները չտեսնելը: Կուսակցապետերը հպարտանում են նաեւ բաժանած կուսակցական տոմսերի քանակով: Սակայն չի կարելի հասարակական զարգացումները տանել նման ճանապարհով՝ վտանգի տակ դնելով պետական ողջ համակարգը:

Կուսակցութիւնները պէտք է հիմնուեն քաղաքական, գաղափարական հենքի վրայ՝ պատրաստակամութիւն յայտնելով իրենց ուսերի վրայ տանելու ժողովրդի հոգսը, երկրի զարգացման հեռանկարը եւ անվտանգութեան հետ կապուած հարցերը: Այս պարագայում, կարծում եմ, կը մեծանայ հանրութեան վստահութիւնը կուսակցութիւնների նկատմամբ:

Մէկ այլ խնդիր է մեր քաղաքական համակարգում կուսակցութիւնների կայացման համար անհրաժեշտ նպաստաւոր պայմանների բացակայութիւնը: Քաղաքական ուժերին չի տրւում համապատասխան լծակներ, երկրի կառավարմանը մասնակցելու իրաւունք: Իսկ պարտականութիւնը տրամագծօրէն կապուած է իրաւունքի հետ:

Հանրութիւնը՝ որպէս դատաւոր քաղաքական ուժերին պէտք է վերահսկի եւ համապատասխան գնահատականներ տայ: Ցաւօք մեր օրերում այդ գնահատականները անաչառ չեն լինում եւ այդ պայմաններում քաղաքական բախտախնդիրների համար կանաչ ճանապարհ է բացւում:

Բացի քաղաքական դաշտի խնդիրներից, մենք ունենք նաեւ բազում ու բազմաթիւ այլ հարցեր: Իսկ ո՞վ չգիտի, որ մեր հասարակութեան մէջ եղել են նաեւ արտօնեալ մարդիկ, որոնք օգտագործել են իրենց պաշտօնը անձնական հարստութիւն կուտակելու եւ անձնական խնդիրները լուծելու համար:

Ով չգիտի, որ մեր տնտեսութեան որոշ ճիւղերում անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ՝ մասնաւորապէս գիւղատնտեսութեան եւ գիւղերի զարգացման ու վերաբնակեցման ասպարէզներում: Էլ չեմ խօսում սոցիալական (ընկերային-Խմբ.) ոլորտից:

Անդրադառնամ կադրային քաղաքականութեանը: Նախարարական, վարչութեան պետերի պորտֆելներ (պաշտօններ-Խմբ.) են ստանում մարդիկ, որոնք բացարձակ կապ չունեն կառավարման համակարգի հետ, որոնք չունեն համապատասխան կրթութիւն, գիտելիքներ եւ փորձառութիւն:

Նման երեւոյթներին առանց ցնցումների, տրամաբանական եւ կամային որոշումների միջոցով պէտք է վերջ դրուի: Քաղաքական ցնցումների պայմաններում, բախտախնդիր եւ արկածախնդիր մարդիկ կարող են հասնել այնպիսի բարձր պաշտօնների, որ մեր երկիրը հասցնեն աւելի վատթար վիճակի:

Նշեմ նաեւ, որ այսօր երկրում գոյութիւն ունեցող լարուածութիւնն ստեղծուել է նաեւ այն մարդկանց պատճառով, որոնք տասնամեակներ շարունակ պաշտօններ են ունեցել եւ բացի իրենց անձնական հարցերից ոչինչ չեն լուծել: Այդ մարդիկ այսօր իշխանութեան մէջ չեն եւ մի կողմ քաշուած վայելում են անօրէն ճանապարհով իրենց կուտակածը: Պէտք է քաղաքական գնահատական տալ եւ արձանագրել դրանից բխող հետեւանքները:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Այս գործընթացներում ո՞րն է ԱԺի դերն ու դերակատարութիւնը:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Այսօր առաջնային մանդատ (լիազօրու-թիւն-Խմբ.) ունեցող միակ կառոյցը ըստ էութեան ԱԺն է: Գաղտնիք չէ, որ ԱԺն է անցումային շրջանի համար ընտրել Հանրապետութեան նախագահին, եւ որ դատական համակարգը ձեւաւորւում է ԱԺի կողմից: Հետեւաբար, երկրի զարգացման հետ կապուած հարցերի պատասխանատուութիւնն ԱԺն պէտք է նաեւ իր վրայ վերցնի: ԱԺում ներկայացուած քաղաքական հինգ ուժերը տարբեր գաղափարական մօտեցումներ ունեն, բայց կարծում եմ՝ բոլորին պէտք է իրար միաւորի այս երկրի շահն ու անվտանգութիւնը: Քաղաքական հինգ ուժերը պէտք է ունենան երկրի զարգացման իրենց միասնական տեսլականը:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Վերջին շրջանում, սակայն, հանրութեան տարբեր շերտեր անվստահութիւն են յայտնում ԱԺի նկատմամբ: Հանրային խորհուրդը ԱԺն անուանում է կլինիկական (մահճային-Խմբ.) մահ ապրող մարմին, աւելի յաճախ շահարկուել է պատգամաւորների աշխատավարձի հարցը: Ինչի՞ հետեւանք է այս անվստահութիւնը օրէնսդիր մարմնի նկատմամբ եւ ի՞նչ հետեւութիւններ պէտք է անել:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Կարծում եմ, որ այս ամէնը նախ եւ առաջ փակ համակարգում աշխատելու հետեւանք է: Հանրութիւնը համապատասխան տեղեկատուութիւն չի ստանում ԱԺի գործունէութեան վերաբերեալ: Յանձնաժողովների նիստեր ենք գումարում, բիւջէի ընդունման եւ կատարողականի վերաբերեալ հարցեր ենք քննարկում: Դրանք օրախնդիր հարցեր են բայց հանրութիւնը տեղեակ չէ:

Երկրորդ պատճառը հանրութեան մօտ ԱԺի իրաւասութիւնների մասին յստակ պատկերացման բացակայութիւնն է: Հանրութիւնը սահմանադրութեամբ մեզ տուել է օրինաստեղծ գործառոյթ: Հասարակութեան որոշ շերտերի համար ԱԺ պատգամաւորը վատն է, որովհետեւ նա չի կարողանում փոխել քաղաքացու տանիքը կամ ասֆալտապատել նրա բակի ճանապարհը: ԱԺ պատգամաւորը ոչ նման իրաւասութիւն, եւ ոչ էլ հնարաւորութիւն ունի: Սոցիալական եւ տնտեսական նշանակութեան հարցերը լուծում է գործադիր իշխանութիւնը:

Միւս կողմից, գոյութիւն ունի նաեւ մէկ այլ իրողութիւն: Մենք ունեցել ենք 6 գումարման ԱԺ, եւ ես մի անգամ չեմ լսել, որ ժողովուրդը գոհ լինի այս կամ այն ԱԺից: Օրէնսդիր մարմնից ակնկալիքները չեն համապատասխանում սահմանադրութեամբ պատգամաւորներին վերապահուած իրաւունքներին:

Եւ, ի վերջոյ, ԱԺի պատգամաւորները հանրութեան կողմից ընտրուած գործիչներ են, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական կուսակցութիւններ: Չի կարելի բոլորին վատաբանել, որովհետեւ կան ինչպէս լաւ, այնպէս էլ վատ աշխատողներ: Թող հանրութիւնը արդարացի գնահատի այս կամ այն պատգամաւորի եւ քաղաքական ուժերի գործունէութիւնը, անցած ճանապարհը, եւ յաջորդ ընտրութիւններում ճիշդ որոշում կայացնի:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնները ինչպէ՞ս կարող են ազդել երկրի կայունութեան եւ անվտանգութեան վրայ՝ հաշուի առնելով վերջին շրջանում Արցախի եւ Հայաստանի սահմանում հակառակորդի նկատուող ակտիւութիւնը (աշխուժութիւնը-Խմբ.):

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Շատ դէպքերում հանրութեան որոշ շերտեր որպէս շանտաժ (սպառնալիք-Խմբ.) եւ բարեփոխումները ձախողելու փորձ է ընդունում պատերազմական երկիր լինելու հանգամանքը: Փառք Աստծոյ, որ ՀՀ նոր իշխանութիւնները եւս գնահատում են տարածաշրջանային զարգացումները: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետը համապատասխան նոր հրահանգ է տուել բանակին: Ի վերջոյ, Ադրբեջանի կառավարութեան գնած սմերչները կամ դրանց համարժէք ժամանակակից զէնքերը Բաքուի թանգարանները զարդարելու նպատակով չեն ձեռք բերուել: Ադրբեջանը այսօր չի թաքցնում իր յաւակնութիւնները՝ խօսելով Արցախի, Երեւանի, Արարատեան դաշտավայրի եւ Սեւանի մասին: Այդ ամէնից ելնելով նրանք համապատասխան ուժեր են կուտակում ինչպէս Նախիջեւանում, այնպէս էլ արցախեան ճակատում:

Եթէ մենք Գերմանիայի եւ Ֆրանսիայի արանքում մի երկիր լինէինք, կարծում եմ, որ կարելի էր փորձեր անել՝ այս կամ այն ճանապարհով գնալ, բայց քանի որ մենք գտնւում ենք աշխարհի այս թէժ հատուածում՝ շրջապատուած թշնամական երկրներով, մեր ամէն մի քայլը պէտք է բխի անվտանգութեան հարցերից: Մենք չենք մոռացել 1991-94, 2016 թուականների դառնութիւնները, եւ այս ամէնին պէտք է լուրջ վերաբերուել: Ամէն մի անօրինականութիւն հասարակութեանը բերում է ցնցումներ եւ ձեւաւորում անհանդուրժողականութեան մթնոլորտ, որից միայն ու միայն թշնամին է օգտւում: Երկրի անվտանգութեան հիմնական երաշխիքը ժողովրդի միասնականութիւնն է:

Ես նոր բան չեմ ասում, մեր պատմութիւնն է դա փաստում: Այս ամէնով մենք անցել ենք ու այդ ամէնի հետեւանքով կորցրել ենք մեր պատմական հայրենիքի մեծ մասը:

Այսօր զոյգ հայկական պետութիւնների գոյութիւնը վկայում է, որ մենք գտնւում ենք շահեկան վիճակում եւ մեր ամէն մի քայլը պէտք է խոհեմութեամբ արուի: Տարբեր քաղաքական դաշտերում կանգնած հանրութեան ներկայացուցիչներ վաղը կարող են յայտնուել նոյն խրամատում: Միայն սիրոյ միջավայրում կարող են միասնաբար ճակատ կազմել եւ ոչ թէ՝ հակակրանքի ու ատելութեան:

Մենք ճանապարհ ունենք անցնելու, եւ դա պէտք է անցնենք օրինականութեան եւ համերաշխութեան մթնոլորտում՝ հանրութեան բոլոր շերտերի եւ աշխարհի համար ընկալելի պայմաններում:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top