«ՄԵԴԻԱՄԱՔՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԵՍՊԱՆ ՊԷՕՏՐ ՍՈՒԻՏԱԼՍԿՈՒ ՀԵՏ

0710peotr

0710peotr

«Հայաստանում Իրական Շրջադարձի Հնարաւորութիւն Կայ»

 

Վարեց՝ ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

«Մեդիամաքս»ը Հայաստանի մօտ Եւրոպական Միութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Փէօթր Սուիթալսքիի հետ ունեցաւ բացառիկ հարցազրոյց մը, զոր կը ներկայացնենք ստորեւ.

 

ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Պարոն Սուիտալսկի, Յունիսի 22ին Հայաստանի եւ Եւրամիութեան միջեւ գործընկերութեան խորհրդի անդրանիկ նիստի արդիւնքներով հրապարակուած համատեղ մամուլի յայտարարութիւնում Եւրամիութիւնը «ողջունել էր Հայաստանի կառավարութեան յստակ յանձնառութիւնը պայքարել կոռուպցիայի (փտածութեան, կաշառակերութեան-Խմբ.) դէմ եւ այս ուղղութեամբ կառավարութեան ձեռնարկած յստակ գործողութիւնները»: Սա նշանակո՞ւմ է արդեօք, որ ՀՀ նախորդ կառավարութիւններն այս ուղղութեամբ յստակ քայլեր չէին ձեռնարկում:

ՊԷՕՏՐ ՍՈՒԻՏԱԼՍԿԻ.- Բրիւսէլում վերջերս տեղի ունեցած քննարկումների ընթացքում կոռուպցիայի դէմ պայքարի թեման գլխաւորներից մէկն էր: Գործընկերութեան խորհրդի նիստում հայկական կողմն իսկապէս յայտնել է կոռուպցիայի դէմ պայքարելու իր վճռականութեան մասին՝ այն նշելով որպէս նոր կառավարութեան ամենակարեւոր առաջնահերթութիւններից մէկը: Եւրոպական Միութիւնն էլ յայտարարել է, որ այդ յաւակնոտ նպատակները կեանքի կոչելու համար պատրաստ է Հայաստանի կառավարութեանը եւ Հայաստանին տրամադրել ամէն անհրաժեշտ աջակցութիւն: Սա շատ նշանակալի է:

Քաղաքական կամքը առանցքային է եւ այսօր մենք կարող ենք ասել, որ Հայաստանը ձեւաւորել է այդ անհրաժեշտ քաղաքական կամքը: Վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ կոռուպցիայի դէմ պայքարն այլեւս անշրջելի է Հայաստանում, ինչը կրկին ոգեւորում է մեզ աւելի հակուած լինել աջակցելուն: Կարծում ենք՝ այսօր հնարաւորութիւն կայ իրական շրջադարձ կատարելու համար:

Կոռուպցիայի դէմ պայքարում յաջողութեան հասնելու համար կան նաեւ այլ անհրաժեշտ տարրեր՝ լաւ օրէնքները, օրէնսդրութիւնը, ինստիտուտները (հիմնարկները-Խմբ.), հանրային աջակցութիւնը եւ իրազեկումը: Այս բոլոր տարրերի պարագայում ԵՄն փորձել է անել առաւելագոյնը՝ օգնելու Հայաստանին արդիւնքների հասնելու համար: Շատ հետաքրքիր է, որ վերջին զարգացումների՝ ներառեալ որոշ մարդկանց ձերբակալումների հիմքում գործող օրէնսդրութիւնն է, ինչը նշանակում է, որ կոռուպցիայի դէմ պայքարի համար արդէն այսօր կան ուժեղ օրէնսդրական հիմքեր:

Այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ այն հնարաւոր է աւելի ամրագրել: Մենք կոնկրետ (յստակ-Խմբ.) առաջարկներ ունենք այն մասին, թէ օրէնսդրական փոփոխութիւնները որ ուղղութեամբ կարող են ընթանալ եւ պատրաստ ենք աջակցութիւն տրամադրել: Սեպտեմբերին Եւրոպական Միութիւնը Հայաստանում կոռուպցիայի թեմայով գործընկերային վերանայում (peer review) է կազմակերպելու, որի շրջանակում եւրոպական երկրներից փորձագէտներ կը գան եւ կը ներկայացնեն եւրոպական փորձը, մասնաւորապէս, օրէնսդրական եւ ինստիտուցիոնալ լուծումները:

Նոր կառավարութիւնը յայտարարել է ընդգրկուն հակակոռուպցիոն մարմին ստեղծելու իր մտադրութեան մասին: Եւրոպական Միութիւնը ողջունում է դա, քանի որ դա այն է, ինչի օգտին մենք երկար տարիներ հանդէս ենք եկել: Կարծում ենք, որ այս հաստատութիւնը արժանի է աջակցութեան եւ մենք կառավարութեան հետ կը քննարկենք, թէ ինչ չափով կարող ենք աջակցել, եթէ, իհարկէ, հետարքրքութիւն լինի:

 

ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Հանրապետական կուսակցութեան որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ կոռուպցիայի դէմ ուղղուած վերջին քայլերը եւ ձերբակալութիւնները «քաղաքական ենթատեքստ» ունեն: Ի՞նչ կարծիքի էք դուք:

ՊԷՕՏՐ ՍՈՒԻՏԱԼՍԿԻ.- Անհրաժեշտը դատական համակարգի անկախութիւնն է, քանի որ, երբ գործ ունես կոռուպցիայի հետ, անկախ եւ ուժեղ դատարաններն են երաշխիքը, որ ընտրողական արդարութիւն կամ «վենդետաներ» տեղի չեն ունենում: Ես պատճառ չունեմ մտածելու, որ վերջին գործուղութիւնները քաղաքական ենթատեքստ ունեն: Բոլոր գործողութիւնները իրականացուել են թափանցիկ եւ հիմնաւոր: Այդուհանդերձ, քաղաքական գործօնը բացառելու համար Հայաստանում պէտք է լինեն անկախ դատարաններ եւ դատաւորներ: Կարծում եմ, որ Հայաստանը դա եւս կարող է անել:

 

ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- ԵՄն ինչպիսի՞ դեր կարող է ունենալ կոռուպցիայի դէմ պայքարում՝ հաշուի առնելով Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւններն այն մասին, որ կոռուպցիայի դէմ պայքարելու համար այլեւս որեւէ դրամաշնորհ միջազգային կառոյցից չեն վերցնելու, քանի որ գտնում են, որ կոռուպցիան վերացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, իսկ այդ կամքը նոր կառավարութիւնն ունի:

ՊԷՕՏՐ ՍՈՒԻՏԱԼՍԿԻ.- Համաձայն եմ, որ քաղաքական կամքի ձեւաւորման կամ դրսեւորման պարագայում փողի գործօնը դեր չի խաղում: Երբ քաղաքական կամքի առկայութիւնը վերածւում է կոնկրետ գործողութիւնների, մենք պատրաստ ենք աջակցել: Հայաստանի կառավարութիւնը պէտք է որոշի, թէ ինչ ծաւալի համագործակցութիւն է ցանկանում իր արտաքին գործընկերների հետ: Մենք կարծում ենք, որ նման համագործակցութիւնը օգտակար է ինստիտուտների աշխատանքի վերաբերեալ եւրոպական երկրների փորձի ներկայացման եւ լաւ օրէնքներ ստեղծելու առումով: Հայաստանը պէտք է ընտրի իր սեփական ուղին կամ մոդելը (նախատիպը-Խմբ.), եւ մենք պատրաստ ենք կիսուել փորձառութեամբ:

 

ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Կարո՞ղ ենք ասել, որ այսօր եւրոպական ներդրողները աւելի հետաքրքրուած են քննարկել կոնկրետ ծրագրեր Հայաստանում:

ՊԷՕՏՐ ՍՈՒԻՏԱԼՍԿԻ.- Մենք նշել ենք, որ եթէ դուք յաջողէք կոռուպցիայի դէմ պայքարում, ապա վաղ թէ ուշ դա կը խրախուսի արտաքին ներդրողներին: Մենք եւրոպացի ներդրողներից ազդակներ էինք ստանում, որ դա շատ կարեւոր է:

Կարող եմ մէկ օրինակ բերել: Նախկինում մենք տեղեկութիւններ էինք ստանում արեւմտեան սուպերմարկետների ցանցից, որ նրանք հաւասար վերաբերմունքի չեն արժանանում, եւ նոր կառավարութիւնը անմիջապէս լուծեց այդ խնդիրը: Այս անարդար վերաբերմունքը մի գործօն էր, որը հաւանական ներդրողներին յետ էր պահում, որովհետեւ բոլորը գիտէին խնդրի մասին, բայց ոչինչ չէր արւում: Ես շատ վստահ եմ, որ ներդրողները կը գան այստեղ, երբ դուք ունենաք իսկապէս բաց դռների քաղաքականութիւն, երբ իսկապէս ապացուցէք, որ այդ ներդրողները արդար վերաբերմունքի կ՛արժանանան:

 

ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Հայաստանում քննարկում են, թէ ո՞րն է լաւագոյն ժամկէտը արտահերթ ընտրութիւնների անցկացման համար: Ի՞նչ էք կարծում, դրանք կարո՞ղ են կայանալ աշնանը, թէ դա իրատեսական չէ՝ հաշուի առնելով, որ Ընտրական օրէնսգիրքը բարեփոխման կարիք ունի:

ՊԷՕՏՐ ՍՈՒԻՏԱԼՍԿԻ.- Մենք պատրաստ ենք աջակցել ընտրութիւնների կազմակերպման եւ անցկացման հարցում: Կարծում եմ՝ լաւ է, որ խորհրդարանում քննարկումներ են սկսուել, քանի որ ապագայ ընտրութիւնների վերաբերեալ բոլոր քաղաքական ուժերի միջեւ իրական երկխօսութիւնը շատ կարեւոր է: Հայաստանի կառավարութիւնը արդէն իսկ սերտ կապ է հաստատել պոտենցիալ դոնորների (հաւանական նուիրատուներու-Խմբ.), այդ թւում՝ ԵՄի հետ: Այսպիսով՝ մենք տեղեակ ենք, որ գործընթացն ընթանում է: Երբ կը տեսնենք նոր Ընտրական օրէնսգիրքը եւ դրանով նախատեսուող տեխնիկական միջոցները, կարող ենք քննարկել, թէ ինչով կարող ենք օգնել:

 

ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Մամուլում տեղեկութիւններ են հրապարակուել, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Յուլիսին Բրիւսէլում հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարների հետ: Կ՛ասէ՞ք, թէ ում հետ է նա հանդիպելու:

ՊԷՕՏՐ ՍՈՒԻՏԱԼՍԿԻ.- Միայն կարող եմ ասել, որ վարչապետին Բրիւսէլում ջերմ են ընդունելու: ԵՄն ողջունում է եւ պատրաստ է աջակցել նրա նախաձեռնութիւններին՝ կապուած կոռուպցիայի դէմ պայքարին, անկախ դատական համակարգին, տնտեսվարող սուբյէկտների (ենթականերու-Խմբ.) նկատմամբ հաւասար վերաբերմունքին: Մենք կարծում ենք, որ Հայաստանը հիմա լաւ ծրագիր ունի, որը կարող է լաւ արդիւնքներ ապահովել:

«Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիր»ը կարող է կարեւոր խողովակ լինել Հայաստանին տրամադրուող աջակցութեան համար:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top