Creative Armenia-ն Եւ ՀԲԸՄը  Յայտարարում Են Նորարար Տաղանդաւոր Արուեստագէտներին Օժանդակող Ծրագրի Մեկնարկը

0712creativearmenia

Creative Armenia-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ) սիրով յայտարարում են «Creative Armenia-AGBU» Fellowship-երի մեկնարկը, որոնք կ՛օգնեն բացայայտել ու աջակցել արուեստի տարբեր ոլորտներում գործող ստեղծարար տաղանդաւոր արուեստագէտներին, ինչպէս նաեւ կը նպաստեն նրանց առաջխաղացմանը: Ֆինանսաւորում, մենթորութիւն ու առաջխաղացման յատուկ  ռազմավարութիւններ ներառող այս մէկամեայ ծրագրի միջոցով Creative Armenia-ն եւ ՀԲԸՄն հնարաւորութիւն կ՛ընձեռեն նորարար արուեստագէտներին հասնելու ինչպէս տեղական, այնպէս էլ համաշխարհային ստեղծագործական վերելքի:

«Որպէս ազգ՝ մենք իրօք հպարտանում ենք մեր խորաթափանց գրողների, երաժիշտների, կինօգործիչների ու նկարիչների թողած ժառանգութիւնով: Բայց միեւնոյն ժամանակ ի՞նչ ենք մենք անում ապագայ ստեղծարար արուեստագէտների բացայայտելու եւ աջակցելու ուղղութեամբ», ասաց ռեժիսոր եւ սցենարիստ, Creative Armenia-ի հիմնադիր տնօրէն Կարին Յովհաննէսեանը: «Creative Armenia-AGBU Fellowship-երը մեր պատասխանն են այս հարցին»:

Այս ծրագիրը ՀԲԸՄի եւ Creative Armenia-ի առաջին համագործակցութիւնն է:

Կազմակերպութիւնների ռազմավարական գործընկերութեան մեկնարկը տրուել է Մայիս ամսին: Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի յայտնաբերել, զարգացնել ու խթանել ստեղծարար տաղանդաւոր արուեստագէտների արուեստի տարբեր ճիւղերում: Սփիւռքահայութեան վստահութիւնը վայելող ՀԲԸՄն տասնամեակներ շարունակ հնարաւորութիւններ է ստեղծում հայ արուեստագէտների համար՝ շարունակելու կրթութիւնը եւ ցուցադրելու իրենց տաղանդն աշխարհի տարբեր լսարանների առջեւ: Կազմակերպութիւնը հաստատագրել է իր աջակցութիւնն արուեստին ԱՄՆում (2012թ.ին)  եւ Ֆրանսիայում (2016թ.ին) կատարողական արուեստների բաժինների ստեղծմամբ:

«Այս համագործակցութիւնն աննախադէպ հնարաւորութիւններ է ստեղծում արուեստագէտների համար՝ ընդլայնելու իրենց լսարանն ու ճանաչում ձեռք բերելու Հայաստանում եւ աշխարհում», ասաց պրոդիւսեր Էրիք Իսրայէլեանը, ով ՀԲԸՄի Կենտրոնական խորհրդի անդամ է եւ Creative Armenia-ի խորհրդատուական խորհրդի հիմնադիր անդամ: «Այս fellowship-ը կ՛օգնի խթանել հայկական արուեստն ու մշակոյթը համաշխարհային թատերաբեմում»:

Creative Armenia-AGBU Fellowship-երը տրամադրւում են նորարար արուեստագէտներին ստեղծարար բոլոր որոլտներից՝ ներառեալ կինոյի, երաժշտութեան, գրականութեան, կերպարուեստի, թատրոնի, դիզայնի եւ լուսանկարչութեան: Մէկ տարուայ ընթացքում մասնակիցները կ՛ունենան ոլորտի առաջատար մասնագէտների հետ կապեր հաստատելու հնարաւորութիւն, ինչպէս նաեւ մշակուած ռազմավարութիւն զարգացնելու, ներկայացնելու եւ խթանելու իրենց նախագծերը՝ մենթորների հետ անհատական հանդիպումների եւ աշխատաժողովների միջոցով: Նրանց կը տրամադրուի նաեւ 5000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Fellowship-երին կարող են դիմել ազգութեամբ հայ արուեստագէտները, ինչպէս նաեւ նրանք, ովքեր մեծ հետաքրքրութիւն են ցուցաբերել հայկական մշակոյթի նկատմամբ: Մասնակիցների ներկայութիւնը Հայաստանում պարտադիր չէ:

Յայտերն ընդունւում են մինչեւ Սեպտեմբերի 15ը  creativearmenia. org/fellowships եւ agbu.org/crea-tivearmenia կայքէջերում:

Հարցումների համար գրէք Ալէք Մուհիբեանին

alec@creativearmenia.org հասցէով եւ Հայկ Արսէնեանին

harsenyan@agbu.org հասցէով:

2017թ.ին հիմնադրուած Creative Armenia-ն մշակութային նորարարական հիմնադրամ է, որը մշակում ու իրագործում է մշակութային վերելքին ուղղուած քաղաքականութիւն: Creative Armenia-ի հիմնադիր խորհրդի անդամներն են՝ Սերժ Թանքեանը, Էրիք Իսրայէլեանը, Արսինէ Խանճեանը, Էրիք Պօղոսեանը, Քարլա Կարապետեանը, Սիմոն Աբգարեանը եւ Մայքլ Արամը: Յաւելեալ տեղեկութիւնների համար այցելէք՝ creativearmenia.org:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ) Սփիւռքի հնագոյն, համաժողովրդական եւ համահայկական կազմակերպութիւնն է: Հիմնուած լինելով 1906 թուականին՝ ՀԲԸՄի գլխամասային գրասենեակը գտնւում է Նիւ Եորքում: ՀԲԸՄը կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում եւ զարգացնում է հայկական ինքնութիւնն ու ժառանգութիւնը՝ իւրաքանչիւր տարի ազդեցութիւն ունենալով աշխարհով մէկ սփռուած շուրջ 500,000 հայերի կեանքի վրայ: ՀԲԸՄի եւ իր աշխարհասփիւռ ծրագրերի մասին յաւելեալ տեղեկութիւն ստանալու համար կարող էք այցելել www.agbu.org կայքը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top