Կատարեալ Կեղտոտ Բիզնես

1024leonidmardirosyan

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

1024leonidmardirosyanԸնթերցողը, կարծում ենք, արդէն բաւականին տեղեկացուած է ՌԴ պետդումայի մի խումբ պատգամաւորների եւ ռուսաստանեան քաղաքագէտների՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի մասին, մասնաւորապէս՝ Ջոջուղ Մարջանլի գիւղ, որտեղ անցել է «Մոսկուա-Բաքու աշխարհաքաղաքական առանցքը. Ադրբեջանը՝ Հարաւային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից» յաւակնոտ խորագրով գիտաժողովը: Պէտք է ասել, ԶԼՄներում եւ սոցցանցերում (ընկերային ցանցերու մէջ-Խմբ.) ղարաբաղեան հիմնախնդրի եւ յատկապէս այցելուների սկանդալային (գայթակղեցուցիչ-Խմբ.) արտայայտութիւնների շուրջ տարբեր քննարկումների ընթացքում այս կապակցութեամբ հնչած մեկնաբանութիւնների պակաս չկար: Ինչպէս ասում են, թեմային չի անդրադարձել գուցէ միայն նա, ով ծոյլ է, ուստիեւ մեր ուշադրութիւնը չկենտրոնացրինք դրա վրայ: Այդուհանդերձ, թեմային, այնուամենայնիւ, ստիպուած ենք վերադառնալ. նախ՝ քանի որ մեզ չենք դասում ծոյլերի շարքը, երկրորդ՝ այդ պատմութիւնն այնուհետեւ որոշակի շարունակութիւն ունեցաւ:

Բայց որպէս սկիզբ յիշեցնենք, թէ ինչ է տեղի ունեցել Ջոջուղ Մարջանլիում: Իսկ տեղի է ունեցել այն, որ ռուսաստանեան պատուիրակութեան անդամները՝ Միջազգային եւրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամաւորներ Դմիտրի Սաւելեւը (ՌԼԴԿ) եւ Ալեքսէյ Եզուբովը («Եդինայա Ռոսիա»), քաղաքագէտ Մաքսիմ Շեւչենկօն ու «Նացիոնալնայա Օբորոնա» ամսագրի գլխաւոր խմբագիր Իգոր Կորոտչենկօն եւ ուրիշներ գիտաժողովի ընթացքում բաւականին վիրաւորական արտայայտուեցին Հայաստանի հասցէին ու առաջ քաշեցին ադրբեջանա-ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման շուրջ սեփական առաջարկները: Չենք մէջբերի բոլոր այդ, ուղղակիօրէն ասենք, վարձու գործիչներին, նշենք միայն, որ նրանց առաջարկութիւնների էութիւնը, ինչպէս դժուար չէ կռահել, կայանում է նրանում, ինչը ձեւակերպուեց Սաւելեւի կողմից. «Լեռնային Ղարաբաղը եւ նրան յարակից՝ Հայաստանի կողմից օկուպացուած եօթ շրջանները պէտք է ազատագրուեն ու փոխանցուեն Ադրբեջանին՝ առանց որեւէ լրացուցիչ պայմանների»:

Խոստովանենք, քաջածանօթ լինելով Դուգինին, Շեւչենկոյին ու իրենց բացայայտ հակահայկական դիրքորոշման համար Ադրբեջանի իշխանութիւնների կողմից վաղուց արդէն կաշառուած ու շոյուած նրանց նմաններին, հազիւ թէ արժէ զարմանալ Բաքուի առաջ նրանց հերթական շողոքորթութեան համար՝ ադրբեջանական հոնորարների (պատուավճարներու-Խմբ.) դիմաց աշխատանքով փոխհատուցելու իրենց ձգտմամբ: Բնականաբար, սրանք տխմար մարդիկ չեն եւ որպէս ղարաբաղեան հիմնախնդրով ի պաշտօնէ զբաղուող մասնագէտներ, բաւարար չափով տեղեակ են ինչպէս Արցախի պատմութեանը, երկիր, որը, հակառակ Դուգինի կարծիքի, երբեք չի եղել Ադրբեջանի անքակտելի մասը, այնպէս էլ համակամարտութեան պատմութեանը: Բայց սա կատարեալ կեղտոտ քաղաքական բիզնես է, ուրիշ ոչինչ. ադրբեջանական նաւթադոլարների դիմաց, կրկնենք, փոխհատուցել է պէտք:

Կարծիքներ եղան, ընդ որում՝ ոչ միայն հայկական, այլեւ ռուսաստանեան քաղաքական գործիչների ու քաղաքագէտների կողմից, որ չարժէ առանձնապէս ուշադրութիւն դարձնել Ռուսաստանի այդ ներկայացուցիչների խօսքերի վրայ, քանի որ նրանք չեն արտայայտում Մոսկուայի պաշտօնական դիրքորոշումը, որի տեսակէտն ուրիշ է: Դա այդպէս էլ կայ, սակայն վտանգը մէկ այլ բանում է: Արդէն մէկ անգամ չէ, որ ռուսաստանեան որոշ գործիչների կողմից իրենց հայրենական հանրութեանն անգամ ոչ թէ աննկատելիօրէն, այլ բաց տեքստով ներշնչւում է այն գաղափարը, որ Հայաստանը, իբր, դաւաճանում է Ռուսաստանի հետ իր դաշնակցային յարաբերութիւններին: Նմանատիպ պնդումներ սկսեցին աւելի ինտենսիւօրէն (ուժգնօրէն-Խմբ.) հնչել այն բանից յետոյ, երբ Հայաստանում իշխանութեան եկաւ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը, որին Մոսկուայի հակահայկական գործիչները փորձում են ներկայացնել որպէս արեւմտամէտ՝ Արեւմուտքի հետ մերձեցմանը միտուած ուղեգծով, ով խաթարում է ռուս-հայկական յարաբերութիւնները: Նոյն Շեւչենկօն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնն անուանել է ամերիկեան բեմագրի բաղկացուցիչ մաս, որի արդիւնքում «Ռուսաստանն աստիճանաբար դուրս է մղւում խաղաղարար գործընթացից»: Անգամ այն դէպքում, երբ Հայաստանի վարչապետը բազմիցս յայտարարել է Մոսկուայի հետ դաշնակցային յարաբերութիւններին եւ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում իր յանձնառութիւններին Երեւանի հաւատարմութեան մասին:

Արժանին հատուցենք Ադրբեջանին. Հայաստանի նկատմամբ ռուսաստանեան բացասական միտումն այստեղ որսացին ու որոշեցին դրա վրայ կառուցել սեփական խաղը: Հասկանալով, որ ղարաբաղեան խնդիրն իր բեմագրով լուծել չի յաջողւում, Բաքուն մտադիր է թուլացնել Հայաստանի դիրքերը՝ ջանքերն ուղղելով նրա հետ Ռուսաստանի յարաբերութիւնների վատթարացմանը: Պատահական չէ, որ վերջերս ադրբեջանական քարոզչութիւնն աւելի յաճախ է Հայաստանից Ռուսաստանի թշնամի կերտում: Այդ խնդրի լուծմանն են ծառայում նաեւ վերը նշուած Ադրբեջանի լոբբիստների ռուսաստանեան դեսանտի (ափ-հանում-Խմբ.) անդամները, ովքեր ջուր են լցնում նրա ջրաղացին: Բացի այդ, ռուսաստանեան քաղաքական գործիչների նման սադրիչ յայտարարութիւնները յարուցում են նաեւ Հայաստանում հակառուսաստանեան տրամադրութիւնների աճ: Մի խօսքով՝ պաշտօնական Բաքուի սիրուած ու ստոր քաղաքականութիւնը՝ օտարի ձեռքով կրակից շագանակներ հանել: Կը ցանկանայինք յուսալ, որ Մոսկուայում խելօք մարդիկ դա հասկանում են: Ինչպէս հասկանում են եւ այն, որ ռուսաստանեան քաղաքական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների կողմից Ադրբեջանի ռազմաշունչ դիրքորոշման անթաքոյց սատարումը խրախուսում է նրան շարունակելու լարուածութեան սրացումը հակամարտութեան գօտում, որտեղ իրավիճակը նրա մեղքով պատերազմի սահմանագծին է, ինչպէս նաեւ յետագայում եւս անտեսելու միջազգային միջնորդների, ու ամէնից առաջ՝ Ռուսաստանի ջանքերը:

Որպէս դիտողութիւն. Ջոջուղ Մարջանլիում գիտաժողովի ռուսաստանեան մասնակիցների արտայայտութիւնների շուրջ քննարկումն իր շարունակութիւնն է գտել «Երեկոն Վլադիմիր Սոլովէովի հետ» հաղորդման եթերում՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքով: Մերձաւոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Սեմէոն Բաղդասարովը դիմել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն՝ ՌԼԴԿից պատգամաւոր Դմիտրի Սաւելեւի յայտարարութեան հետ կապուած հարցով՝ վերջինիս անուանելով դաւաճան եւ Ռուսաստանի Դաշնութեան թշնամի: Պատշաճը հատուցենք Ժիրինովսկուն՝ Բաղդասարովի փաստարկներին նա համաձայնեց: Իր հերթին Պետդումայի պատգամաւոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրէն Կոնստանտին Զատուլինն աւելի վաղ Սաւելեւի տեսակէտը որակել էր որպէս ոչ իրաւասու: Բայց ահա՝ ով պաշտպան կանգնեց Սաւելեւին, դարձեալ նոյն Դուգինն էր եւ Ադրբեջանի շահերի միւս յայտնի «փաստաբան» ու նրա մշտական շահառու քաղաքագէտ Սերգէյ Մարկովը: Ըստ երեւոյթին, ադրբեջանական ոսկեդրամների զրնգոցը խլացնում է բանականութեան ու խղճի ձայնը, եթէ այն, ի հարկէ, կայ:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top