«Շատ Հպարտ Կը Լինեմ Կալիֆորնիայի Խորհրդարանում Ներկայացնելու Հայ Համայնքի Ձայնը». Մարիա Էլենա Դուրազօ

0719elena

0719elena

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

«Շատ հպարտ կը լինեմ ներկայացնելու հայ համայնքը Կալիֆորնիայի խորհրդարանում: Թէեւ ես լատինական ծագում ունեցող մեքսիկացի-ամերիկացի եմ, բայց այն հարցերը, որոնք ինձ են յուզում, համոզուած եմ, որ նաեւ ամերիկահայերի համար են կարեւոր, այդ թւում խտրական մօտեցումը տարբեր ոլորտներում՝ կրթական, բիզնեսում եւ այլն: Նաեւ տեղեակ եմ, որ հայ համայնքը բացառիկ, կարեւոր ու զօրեղ պատմութիւն ունի, որտեղ նաեւ վատ իրադարձութիւններ են կատարուել, եւ մենք պէտք է համոզուած լինենք, որ այս երկրում եւ աշխարհում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչուել է ու այն երբեւէ չի թաքցւում: Ընտրուելու դէպքում, ես կը միանամ խորհրդարանի արշաւին, որն արգելում է Կալիֆորնիայի պետական ծառայողներին եւ ուսուցիչների կենսաթոշակային համակարգերին ներդրումներ անել Թուրքիայի կառավարութիւնում», «Ասպարէզ»ի հետ զրոյցում յայտարարեց Կալիֆորնիայի Խորհրդարանի Ծերակոյտի համար 24րդ ընտրատարածքից առաջադրուած թեկնածու Մարիա Էլենա Դուրազօն: Այս շրջանը ներառում է նաեւ հայաշատ մի շարք քաղաքներ, ինչպէս նաեւ՝ Հոլիվուդի Փոքրիկ Հայաստանը:

Յուլիսի 13ին Լոս Անջելեսի «Սիթի Քլաբ»ում Դուրազոյի նախընտրական արշաւին աջակցելու նպատակով կազմակերպուած ձեռնարկի ժամանակ, օրէնսդիր մարմնի համար պայքարող թեկնածուն նաեւ նշեց, որ ցանկանում է համագործակցել հայ համայնքի հետ՝ համախմբելու ուժերն ու լուծելու խնդիրներ, որոնք մտահոգիչ են ամերիկահայերի համար որպէս նաեւ ԱՄՆ քաղաքացիների:

Դուրազոյին աջակցութիւն յայտնելու նպատակով հաւաքուածների թւում էր Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին: Ներկայացնելով օրէնսդիր մարմնի թեկնածուին, նա նշեց, որ Մարիա Էլենա Դուրազօն իր հարուստ կենսափորձով ու մասնագիտական բարձր որակներով մեծապէս կը նպաստի իր ընտրատարածքում բարեփոխումներին, ու լաւագոյնս կը ներկայացնի շրջանի բնակիչների ձայնը խորհրդարանում:

«Կալիֆորնիան այնպիսին, ինչպիսին այսօր կայ ձեւաւորուել է անհատների համախմբուած աշխատանքի արդիւնքում: Ներկայում, մեր նահանգում դեռ շատ խնդիրներ կան, որոնց շտկելու համար պէտք է նորովի մօտեցումներ մշակենք: Ինձ համար առաջնային է հաւասարութեան հարցն ամէնուր՝ լինի աշխատավայրում, կրթական համակարգում, շրջակայ միջավարին առնչուող հարցերում: Կարեւորը՝ միմեանց հետ յարաբերութիւններն են, համայնքների համախմբումը համատեղ հարցերի լուծման նպատակով: Չեմ ասում, որ ինձ ուղարկէք Սակրամենտօ, այլ ասում եմ, որ գաք իմ հետ միասին նահանգի օրէնսդիր մարմին, որովհետեւ ես աւելի շատ հաւատում եմ մարդկանց համախմբման ուժին, քան կառավարութեան ուժին»,

դիմելով հաւաքուածներին՝ նշեց Դուրազօն:

«Միջազգային արհմիութեան փոխնախագահ Մարիա Էլենա Դուրազօն տասնամեակներ շարունակ ազդեցութիւն է ունեցել Լոս Անջելեսի քաղաքականութեան վրայ որպէս վերածնուած աշխատանքային շարժման առաջնորդ: Նա առաջին կինն է, ով գլխաւորել է Լոս Անջելեսի Գաւառի Աշխատանքի դաշինքը: Մենք ուրախ ենք, որ այս պաշտօնի համար առաջադրուել է Մարիա Էլենա Դուրազօն, ով հայ համայնքի ընկերն է, եւ ընտրուելու դէպքում կը շարունակի համագործակցութիւնը մեր հետ՝ նահանգի խորհրդարանում ներկայացնելու հայերի համար կարեւորութիւն ունեցող հարցեր ու հասնելու դրանց լուծմանը», նշեց միջոցառման համակազմակերպիչ Սթիւ Սամուէլեանը:

Դուրազոյին համայնքի անդամներին ներկայացնելու, նաեւ դրամահաւաք ձեռնարկը կազմակերպել էին համատեղ հայ եւ այլազգի քաղաքական հասարակական գործիչներ: Թեկնածուին աջակցելու նպատակով հաւաքուածների թւում էին Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամներ, Լոս Անջելեսի Հանրային քոլեջի նախագահը, Բրբենքի Կրթական խորհրդի անդամ Արմոնդ Աղախանեանը եւ այլք:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top