Սատանան Մանրուքների Մէջ Չէ. Սատանան Ադրբեջանի Մէջ Է

Leonid-mardirosian1

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

Leonid-mardirosian1Հանդիպման ժամկէտների եւ վայրի մասին դեռեւս չի հաղորդւում, սակայն մամուլում ի յայտ էր եկել տեղեկատուութիւն, որ Զօհրաբ Մնացականեանը եւ Էլմար Մամեդեարովը կարող են հանդիպել Սեպտեմբերին՝ ՄԱԿի Գլխաւոր վեհաժողովի ժամանակ, կամ անգամ աւելի վաղ:

Այն պայմաններում, երբ հանդիպման վայրի եւ անցկացման ժամանակի շուրջ բաւարար յստակութիւն դեռեւս չկայ, բարդ է խօսել նրա հնարաւոր օրակարգի մասին: Դրա հետ մէկտեղ, հաշուի առնելով Արցախի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում, ինչպէս նաեւ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանեան հատուածում վերջերս ստեղծուած չափազանց լարուած իրավիճակը, ինչը որոշ փորձագէտների առիթ է տալիս խօսել նոր պատերազմի աճող սպառնալիքի մասին, մեծ հաւանականութեամբ կարելի է ենթադրել, որ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կ՛առաջարկեն շարունակել հարցերի քննարկումը, որոնց լուծումը թոյլ կը տայ նուազեցնել մարտական գործողութիւնների վերսկսման վտանգն ու պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի համար: Ասել է թէ, խօսքը կարող է վերաբերել 2016թ. վիեննեան եւ սանկտպետերբուրգեան յայտնի համաձայնութիւններին, որոնք ենթադրում են կողմերի շփման գծում հնարաւոր զինուած միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի (մեքենակառոյցի-Խմբ.) ստեղծում ու ներդրում, ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնում՝ նրա մոնիտորինգային (հսկողութեան-Խմբ.) առաքելութեան արդիւնաւէտութեան բարձրացման նպատակով: Ինչպէս յայտնի է, 2018թ. Յունուարին Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները դարձեալ քննարկել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի թուակազմի ընդլայնման հարցը, բայց դրա շուրջ վերջնական որոշում մինչ օրս չկայ:

Օրերս Գրասենեակի ղեկավար Անջէյ Կասպշիկը, «Նովոստի Արմէնիա»ի՝ news.am-ի համար մեկնաբանելով հակամարտութեան գօտում ստեղծուած իրավիճակը, հաղորդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները «ըստ էութեան համաձայնել են Գրասենեակի ընդլայնման իրականացման համար նախնական պլանի (ծրագիրի-Խմբ.) հարցում, բայց, այնուամենայնիւ, դեռեւս պէտք է համաձայնեցուեն որոշ մանրուքներ»: Պէտք է ասել՝ դեսպան Կասպշիկի խօսքերը թերահաւատ վերաբերմունք են յարուցում: Բնականաբար՝ ոչ այն բանի համար, որ դրանց չի կարելի հաւատալ: Ամենեւին: Ու նաեւ՝ ոչ այն պատճառով, որ, ինչպէս ընդունուած է համարել, սատանան թաքնւում է մանրուքներում: Մեր թերահաւատութիւնը պայմանաւորուած է միջնորդների ցանկացած նախաձեռնութիւն վիժեցնելու Ադրբեջանի՝ մեզ քաջ յայտնի ընդունակութեամբ, եթէ նման նախաձեռնութիւնը չի բխում իր շահերից: Իսկ այն, որ զինուած միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի գործադրումն ու Կասպշիկի դիտորդական առաքելութեան ընդլայնումը չի մտնում Բաքուի պլանների մէջ, քանի որ դա թոյլ կը տայ յստակ որոշել հրադադարի խախտման իրական մեղաւորին, այն է՝ Ադրբեջանին, ապացուցել է կեանքը: Այլ խօսքով՝ սատանան մանրուքների մէջ չէ, այլ՝ Ադրբեջանի: Ինչպէս յայտնի է, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը մեխանիզմի վերաբերեալ միջնորդների առաջարկը սատարեցին, եւ միայն Ադրբեջանն էր անընդհատ խոչընդոտում նրա կենսագործմանը, ինչը նրան հնարաւորութիւն էր տալիս եւ շարունակում է տալ՝ անպատժելիօրէն խախտել հրադադարի ռեժիմը: Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովներից յետոյ աւելի քան երկու տարի է անցել, բայց շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի եւ Կասպշիկի գրասենեակի ընդլայնման շուրջ պայմանաւորուածութիւնները ոչ մի կերպ չի յաջողւում տեղափոխել գործնական իրականացման հարթութիւն: Մինչդեռ միջնորդների համատեղ յայտարարութեան մէջ, որն ընդունուել էր վիեննեան գագաթնաժողովի արդիւնքներով, ասւում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնութիւն են տուել «ամենասեղմ ժամկէտներում աւարտել միջադէպերի հետաքննութիւնների անցկացմանն ուղղուած՝ ԵԱՀԿ աշխատանքը մեխանիզմի վրայ»: Ահա եւ քեզ «ամենասեղմ ժամկէտներ»: Աւելորդ չէր լինի նշել նաեւ, որ հետաքննութեան մեխանիզմի մասին խօսակցութիւններ ընթանում են… դեռ 2011 թուականից: Պաշտօնական Բաքուն սովորութիւն է դարձրել բարբաջել սուբստանտիւ, այսինքն‘ առարկայական բանակցութիւններ անցկացնելու անհրաժեշտութեան մասին: Ահա՛ դրանք՝ նման բանակցութիւնների առարկան՝ հետաքննութեան մեխանիզմն ու դիտորդների թուի ընդլայնումը, որոնց շուրջ, սակայն, ալիեւեան ռեժիմի մեղքով, այդպէս էլ չի յաջողւում հասնել համաձայնեցուած որոշման:

Ադրբեջանը վաղուց արդէն բանակցութիւններում անվստահելի գործընկերոջ վատ համբաւ է վաստակել, որը հեշտութեամբ, ինչպէս ասում են, առանց որեւէ տարակուսանքի, խախտում կամ չի կատարում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները: Ուստիեւ մեծ է հաւանականութիւնը, որ Բաքուն, որը բացէիբաց յայտարարում է հիմնախնդիրը ուժային ճանապարհով լուծելու իր մտադրութիւնները, կը շարունակի նախկին մարտավարութիւնն ու տարբեր պատրուակներով այսուհետ եւս կը խուսափի դրանք կատարելուց: Նման պայմաններում, իհարկէ, շատ բան կախուած կը լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից: Ի՞նչ թաքցնել, ներկայիս չափազանց վտանգաւոր իրավիճակում նաեւ նրանք մեղքի որոշակի բաժին ունեն,  քանի որ ալիեւեան ռեժիմի ռազմաշունչ հռետորաբանութիւնն ու ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) գործողութիւնները, ներառեալ 2016թ. ապրիլեան պատերազմը, միջնորդների պատշաճ գնահատականին ու դատապարտմանը չարժանացան, ինչը էլ աւելի արձակեց նրա լեզուն ու ձեռքերը: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ Բաքուն արդէն յաւակնութիւններ է ներկայացնում Հայաստանի տարածքների նկատմամբ, բացէիբաց ռազմական մեծ ուժեր կենտրոնացնում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին: Մինսկի խմբի համանախագահների նման իներտութիւնը կործանարար է, մանաւանդ որ նրանք բոլորը՝ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆն, ե՛ւ Ֆրանսիան, բազմիցս մատնանշել են Հարաւային Կովկասի տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմի անթոյլատրելիութիւնը: Իր ագրեսիւ գործողութիւններում Ադրբեջանը շատ հեռուն է գնացել, որպէսզի հնարաւոր լինի այսուհետ եւս հանդուրժել նրա խիստ արտայայտուած սանձարձակութիւնը, ինչն էլ Հայաստանի եւ Արցախի պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարներին ստիպեց օրերս հանդէս գալ սթափեցնող յայտարարութիւններով: Մինսկի խմբի համանախագահ երկրները պէտք է ամենայն լրջութեամբ վերաբերուեն ներկայում ստեղծուած պայթիւնավտանգ իրավիճակին ու վերջ դնեն հակամարտութեան շարունակուող ռազմական սրացմանը, հակառակ դէպքում ագրեսորին յարձակողին ստիպուած կը լինեն խաղաղութիւն պարտադրել, ինչպէս դա եղել է նախկինում, հայկական երկու կողմերը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top