«ԱՊԱՌԱԺ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ ԱՆԴԱՄ ՎԱՀԱԳՆ ԴԱԴԱՅԵԱՆԻ ՀԵՏ

0803vahakndadayan

«(Ճամբարների) Նպատակներից Է Նաեւ Սփիւռքեան Գաղթօջախների Հայրենակիցների Հետ Տեղացի Երեխաների Անմիջական Շփումը»

 

Վարեց՝ ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ

 

0803vahakndadayanԱրդէն 8 տարի է, ինչ Արցախի պատանիների մի զգալի մասի ամառային հանգստի անբաժան մասն են կազմում տարբեր երկրների ՀՅԴ Երիտասարդական միութիւնների կողմից Արցախում կազմակերպուող պատանեկան ճամբարները: Այն տեւում է երկու շաբաթ եւ նախատեսուած է 10-16 տարեկան պատանիների համար:

Բացառութիւն չէր նաեւ այս տարին: 2018թ. Արցախում կազմակերպուող ՀՅԴ պատանեկան ճամբարների ընթացքի եւ արդիւնքների մասին է «Ապառաժ»ի հարցազրոյցը ՀՅԴ Արցախի ԿԿի անդամ, ճամբարների գծով պատասխանատու Վահագն Դադայեանի հետ:

 

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- ՀՅԴ երիտասարդական կառոյցների կազմակերպմամբ Ստեփանակերտում միաժամանակ երկու ճամբարներ են մեկնարկել: Հնարաւո՞ր չէր արդեօք դրանցից մէկն այլ վայրում կազմակերպել:

ՎԱՀԱԳՆ ԴԱԴԱՅԵԱՆ.- Ստեփանակերտի Աշոտ Ղուլեանի անուան հ. 2 եւ Հայկ Բալասանեանի անուան հ. 5 դպրոցներում կայացած ճամբարներին մասնակցել է շուրջ 350 պատանի:

Նախատեսուած է եղել ճամբարներից մէկն անցկացնել Շուշի քաղաքում, բայց չի յաջողուել, քանի որ տեղի վարչական ղեկավարութիւնը չի տրամադրել մեր առաջարկած դպրոցի շէնքը՝ պատճառաբանելով, որ այդ շէնքը արտադպրոցական որեւէ միջոցառման համար չի օգտագործւում: Առաջարկել են մէկ այլ դպրոց, որն ընդհանրապէս պիտանի չէր ճամբարի անցկացման համար: Դրա համար ստիպուած էինք Աւստրալիայի Երիտասարդական Միութեան նախաձեռնած ճամբարը տեղափոխուել Ստեփանակերտի հ. 5 դպրոց: Եւ ստացուեց, որ երկու ճամբարներն էլ Ստեփանակերտում ընթացան:

0808youthcorps1Ստեփանակերտի հ. 2 դպրոցում նոյն ժամանակաշրջանում կազմակերպուած ճամբարը նախաձեռնել է ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան շրջանի Երիտասարդական Միութիւնը (ԱԵՄ կամ ՀԵԴ), աշխատանքներին օժանդակել է Արցախի Երիտասարդական Միութիւնը:

Բացի վերոնշեալից, Ասկերանում շուրջ 150 պատանի մասնակցել է ՀՅԴ Զաւարեան Ուսանողական Միութեան (ԶՈՄ) կազմակերպած ճամբարին: ՀՅԴ ԶՈՄի օրակարգը տարբերւում է մնացած ճամբարների օրակարգից. երկրորդ շաբաթուայ ծրագրին կարող են մասնակցել միայն ՀՅԴ Պատանեկան Միութեան անդամները: ՀՅԴ Արցախի Պատանեկան Միութեան վարիչներն աշխատանք են տանում, օժանդակում նախապէս ճշդուած ծրագրին:

Յուլիսի 30ից սկսուել է ՀՅԴ Ֆրանսիայի Երիտասարդական Միութեան եւ ՀՅԴ ԱԵՄի կազմակերպած ճամբարը Մարտունի քաղաքում: Այն եւս տեւելու է երկու շաբաթ, մասնակցում են 150ից աւելի պատանիներ:

Առաջին նման ճամբարը կազմակերպուել է 2010թ.՝ ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան շրջանի նախաձեռնութեամբ, միանգամից երկու քաղաքներում՝ Ստեփանակերտում եւ Շուշիում: Յետոյ աշխարհագրութիւնն ընդլայնուել է՝ ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միութիւն, ՀՅԴ Զաւարեան Ուսանողական Միութիւն, ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջան, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ», ՀՅԴ Հոլանդիայի Երիտասարդական Միութիւն: Աւստրալիայի Երիտասարդական Միութիւնն այս տարի առաջին անգամ է առանձին ճամբար կազմակերպում:

0808youthcorps2ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Ըստ ձեզ՝ ինչո՞վ են ՀՅԴ պատանեկան ճամբարները տարբերւում Արցախում կազմակերպուող ճամբարներից, եւ արդեօք ճամբարները ծառայո՞ւմ են իրենց նպատակին:

ՎԱՀԱԳՆ ԴԱԴԱՅԵԱՆ.- ՀՅԴ պատանեկան ճամբարների նպատակներն են՝ կազմակերպել ամառային ազատ ժամանց, արտադպրոցական կրթական ծրագրի շուրջ համախմբել երեխաներին, նրանց հայեցի եւ ճիշդ դաստիարակել, նաեւ՝ լեզուների, հայ ժողովրդի եւ Դաշնակցութեան պատմութեան ուսուցում ու հիգիենայի (մաքրասիրութեան-Խմբ.), առաջին բուժօգնութեան, տեղանքում կողմնորոշուելու եւ այլ թեմաներով դասախօսութիւններ: Կարեւոր նպատակներից է նաեւ սփիւռքեան գաղթօջախների հայրենակիցների հետ տեղացի երեխաների անմիջական շփումը:

ՀՅԴ ճամբարը մի քիչ տարբերւում է այստեղ անցկացուող ճամբարներից: Սփիւռքահայ վարիչներն աւելի շատ են կոնտակտի (կապի-Խմբ.) մէջ մտնում երեխաների հետ եւ նրանց գործելաոճը տարբերւում է դպրոցի ուսուցիչների գործելաոճից: Նրանք պատանիներին դիտարկում են վարիչի հետ հաւասար հարթութեան վրայ: Դա աշակերտների համար նորամուծութիւն է, որի շնորհիւ առօրեան առաւել գրաւիչ է դառնում, երեխաներն աւելի ազատ են շփւում վարիչների հետ: Տարէցտարի մեծանում է Արցախում ճամբարների թիւը: Խօսքը ոչ միայն Դաշնակցութեան, այլ տարբեր ՀԿների կողմից կազմակերպուող ճամբարների մասին է, որը ողջունելի է: Առաջին տարիներին նման ճամբարը նորութիւն էր Արցախի համար: Հիմա ե՛ւ մեր աշխարհագրութիւնն է ընդլայնուել, ե՛ւ տեղի կառոյցներն են ձեռնամուխ լինում ճամբարների կազմակերպմանը:

 

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Իսկ ինչպէ՞ս է կազմւում ճամբարի ծրագիրը, ի՞նչ նորամուծութիւններ կային այս տարի:

0808youthcorpsՎԱՀԱԳՆ ԴԱԴԱՅԵԱՆ.- Ամէն տարի ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ պատանեկան կամ երիտասարդական միութիւնների համահայկական խորհրդաժողով է կայանում, որի ընթացքում նաեւ ճամբարների ձեռնարկի բովանդակութիւնն է որոշւում: Այն իւրաքանչուր տարի որոշակի փոփոխութեան է ենթարկւում: Փոփոխութեան է ընթարկւում նաեւ ծրագիրը, թարմացւում են մարզական եւ ուսուցողական խաղերը:

 

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Արդեօք ծրագրւո՞ւմ էք Արցախի կառոյցի կողմից Սփիւռքի որեւէ վայրում ճամբար կազմակերպել:

ՎԱՀԱԳՆ ԴԱԴԱՅԵԱՆ.- Ընդհանրապէս այդպիսի գաղափար կայ, բայց ֆինանսական միջոցների, հնարաւորութիւնների խնդիր կայ: Այդպիսի ճամբարը Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման լաւագոյն օղակներից մէկը կը լինի, որի ընթացքում հայրենիքում ապրող երիտասարդներն էլ իրենց փորձառութիւնը կարող են փոխանցել Սփիւռքի մեր հայրենակիցներին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top