ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳԼԵՆԴԵԼԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ ՀԱՅԿ ՄԱԽՄՈՒՐԵԱՆԻ ԵՒ ՄԱՇԻՆԿԱ ՖԻՐՈՒՆՑ ՅԱԿՈԲԵԱՆԻ ՀԵՏ

0809rentcontrole

0809rentcontrole

Գլենդելի Քաղխորհրդի Անդամները Խոչընդոտում Են Բնակիչների Համար Վարձերի Հսկողութիւն Սահմանող Օրէնքի Ընդունումը

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Գլենդելում բնակարանների վարձերի անհամաչափ ու անկանխատեսելի բարձրացումը շարունակում է մնալ քաղաքի ամենախնդրայարոյց հարցերից մէկը: Վարձի հսկողութիւն սահմանելու մասին բազմիցս բարձրաձայնուել է բազմաթիւ շարժումների ու միութիւնների կողմից. թեման մշտապէս արծարծել են նաեւ քաղխորհրդի անդամները, սակայն մինչ այժմ Գլենդելում չի գործում վարձերի մասին որեւէ օրէնք: Գլենդելի Վարձակալների միութիւնը վարձերի հսկողութեան մասին նախագիծ է ներկայացրել քաղաքապետարանին եւ պահանջում է ընդունել օրէնք: Այս մասին «Ասպարէզ»ին յայտնեցին միութեան անդամներ Հայկ Մախմուրեանն ու Մաշինկա Ֆիրունց Յակոբեանը:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ նպատակով է ստեղծուել Գլենդելի Վարձակալների Միութիւնը եւ ինչ գործունէութիւն է ծաւալում այսօր:

0809rentcontrole2ՀԱՅԿ ՄԱԽՄՈՒՐԵԱՆ.- Գլենդելի Վարձակալների Միութիւնը (Glendale Tenants Union) կազմաւորուել է մէկ տարի առաջ՝ վարձակալների իրաւունքները պաշտպանելու հիմնական նպատակով: Գլենդելում, վարձակալները կազմում են բնակչութեան 60 տոկոսը, այսինքն՝ քաղաքացիների մեծամասնութիւնը վարձում է բնակարանները: Վերջին մի քանի տարիներին վարձերը սկսել են այնքան անհամաչափ բարձրանալ, որ արդիւնքում ստեղծուել է ճգնաժամային իրավիճակ, քաղաքի բազմամեայ բնակիչները, այդ թւում՝ բազմաթիւ հայեր, հեռանում են: Ոչ մի  օրէնք չի գործում, ինչի արդիւնքում, տանտէրը, օրինակ կարող է ըստ ցանկութեան տարուայ ընթացքում մի քանի անգամ եւ անկանխատեսելի չափով բարձրացնել վարձը: Այս խնդիրը վաղուց կայ, եւ վարձի հսկողութիւն սահմանելու նպատակով 1970ականներից մինչ այսօր բազմաթիւ նախաձեռնութիւններ են եղել, սակայն  մեր Միութիւնն առաւել կազմակերպուած շարժում է: Մենք պայքարում ենք այս հարցում դրական արդիւնքի հասնելու համար, եւ ստեղծել ենք օրինագիծ, որ արդէն ներկայացրել ենք Գլենդելի քաղաքապետարանին:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր պատրաստած օրինագիծն ի՞նչ է ներկայացնում, արդեօք պատրաստելիս օգտուե՞լ էք այլ քաղաքների օրինակներից:

ՄԱՇԻՆԿԱ ՖԻՐՈՒՆՑ ՅԱԿՈԲԵԱՆ.- Գլենդելի պատկերը փոխւում է եւ շատ արագօրէն, ու ցաւալի է, որ հեռացողների թւում են նաեւ բազմաթիւ մեր հայրենակիցներ: Այս միտումը կասեցնելու նպատակով, մեր նախագիծն առաջարկում է, որ վարձը չի կարող թանկանալ տարեկան երկուսից երեք տոկոսից աւելի, պայմանաւորուած ինֆլեացիայով (սղաճով-Խմբ.):

Օրինագիծը  ստեղծելիս ուսումնասիրել ենք Լոս Անջելեսում ու յարակից մի քանի քաղաքներում գործող վարձի վերահսկման օրէնքներն ու օգտուել դրանցից: Միաժամանակ խորհրդակցել ենք փաստաբանների հետ, եւ նախագիծն այնպէս ենք ստեղծել, որ այն դիւրին կերպով համապատասխանեցուի Գլենդելի ընդհանուր օրէնսդրութեան շրջանակներում:

ՀԱՅԿ ՄԱԽՄՈՒՐԵԱՆ.– Ձեւաւորուելու է նաեւ վարձերի հարցի հետ կապուած հասարակական անկախ խորհուրդ, որ քննարկելու եւ արծարծելու է թէ՛ վարձակալներին եւ թէ տանտէրերին մտահոգող հարցերը: Մեր օրինագիծը նախատեսում է նաեւ տանտէրերի իրաւունքների պաշտպանութիւն, որ նրանց ներդրումն արդարացուած լինի: Վարձակալներն էլ պէտք է պաշտպանուած լինեն այնպէս, որ  տանտէրերը գումար չաշխատեն նրանց հաշուին, քանզի այդ դէպքում ստացւում է, որ  խախտւում է Գլենդելի 60 տոկոս բնակիչների իրաւունքները մէկ տոկոսից աւելի քիչ մարդկանց կողմից:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արդեօք հանդիպել եւ ձեր ու բնակիչների մտահոգութիւնները յայտնե՞լ էք Գլենդելի քաղխորհրդի անդամներին:

Mike Van Gorder, holds a sign protesting the rise of rent in his city of Glendale.

ՀԱՅԿ ՄԱԽՄՈՒՐԵԱՆ.- Այո՛, հանդիպել ենք, զրուցել ենք քաղաքապետ Զարեհ Սինանեանի, Վարդան Կարապետեանի ու Վրէժ Աղաջանեանի հետ, ու ներկայացրել ենք մեր առաջարկները: Նրանք քաջատեղեակ են ճգնաժամի մասին, եւ պարբերաբար տեղեկանում են  նաեւ իւրաքանչիւր Երեքշաբթի քաղխորհրդի բաց նիստում, վարձի հսկողութեան անհրաժեշտութեան մասին իրենց դիմող քաղաքացիներից: Մենք շնորհակալութիւն ենք յայտնել խնդիրը լուծելու ուղղութեամբ նրանց կողմից ձեռնարկուած որոշ քայլերի համար, սակայն նշել ենք, որ իրենց առաջարկած օրինագծերը նուազագոյն չափով նոյնիսկ չեն բաւարարում բնակիչների պահանջները, եւ դրանք իմաստ չունի քննարկել:

Այս պահին, իմ կարծիքով, քաղխորհրդի անդամներն են, ովքեր խոչընդոտում են, քաղաքական կամք չեն ցուցաբերում  բնակիչների համար շահաւէտ որոշում ընդունելու: Օրինագիծ, որը Գլենդելի 122 հազար վարձակալի հնարաւորութիւն կը տայ համեմատաբար հանգիստ լինել՝  ունենալով կանխատեսելիութիւն եւ ապահովութեան զգացում: Ամէն օր մեր միութեանն են դիմում բազմաթիւ քաղաքացիներ՝ տեղեկացնելով իրենց վարձերի թանկացման մասին: Եւ վերջին օրինակներից է Վինձոր փողոցում 63 ընտանիքների բնակարանների՝ 800 դոլարով վարձի բարձրացումը: Այսինքն, այդ մարդկանց ուղղակիօրէն ասում են՝ հեռացէք, քանզի քիչ մարդ կայ, որ պատրաստ է միանգամից նման կտրուկ բարձրացման: Մեր բնակիչների իրաւունքները պաշտպանելու համար վարձի հսկման օրէնքի  ընդունումը նուազագոյնն է, որ քաղխորհուրդը կարող է այս պահի համար անել:

ՄԱՇԻՆԿԱ ՖԻՐՈՒՆՑ ՅԱԿՈԲԵԱՆ.- Կը ցանկանայի անդրադառնալ քաղխորհրդի նիստերից մէկին, որտեղ բնակիչները դիմեցին խորհրդին՝ որեւէ օրինագիծ ստեղծել, որ առնչւում է շներին երկար ժամանակով վանդակներում չպահելու հարցին: Անդամները միմեանց հետ խորհրդակցելով նշեցին, որ հարցն անմիջական լուծում կը ստանայ: Մինչ, մեր միութեան տարբեր անդամներ իւրաքանչիւր շաբաթ նիստերի ժամանակ խօսում են վարձերի թանկացման խնդրի մասին, եւ ոչ մի արձագանգ չի լինում: Իմ համոզմամբ, սա նշանակում է, որ երբ որեւէ հարց յարմար է իրենց՝ քաղխորհուրդը կարողանում է արագ կարգաւորել խնդիրները: Իսկ վարձերի դէպքում, քաղաքապետարանը կաշկանդուած է անշարժ գոյքի եւ շինարարական ոլորտի ընկերութիւնների կողմից, ովքեր որոշակի գումար են ապահովում քաղաքի բիւջէի համար:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գլենդելի Վարձակալների Միութիւնը պայքարի ի՞նչ միջոցներ է իրականացնում:

ՀԱՅԿ ՄԱԽՄՈՒՐԵԱՆ.- Արդէն չորրորդ շաբաթն է, որ Երեքշաբթի, երեկոյեան 5։30ին, քաղխորհրդի նիստից առաջ եւ ընթացքում, հանրահաւաք ենք անցկացնում քաղաքապետարանի դիմաց՝ ներկայացնելով մեր պահանջները: Օգոստոսի 14ին, մեր յաջորդ հաւաքն է, որի ընթացքում նախատեսում ենք յստակեցել մեր պահանջները: Եթէ չէք ցանկանում, որ հայ համայնքը ուղղակի տեղահանուի՝ յորդորում ենք Գլենդելի բնակիչներին միանալ մեզ՝ գիտակցելով նաեւ, որ այս խնդիրը ամէնօրեայ կեանքի մասն է:

Մեզ կարող էք միանալ եւ մեր  նախաձեռնութիւններին հետեւալ

http://www.glendaletenants.org/ կայքում, «Ֆէյսբուք»ում եւ «Ինստագրամ»ում:

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

2 Comments

  1. Victor said:

    «Այս պահին, իմ կարծիքով, քաղխորհրդի անդամներն են, ովքեր խոչընդոտում են, քաղաքական կամք չեն ցուցաբերում բնակիչների համար շահաւէտ որոշում ընդունելու» բայց միւս կողմէ՝ երբ «բնակիչները դիմեցին խորհրդին՝ որեւէ օրինագիծ ստեղծել, որ առնչւում է շներին երկար ժամանակով վանդակներում չպահելու հարցին՝ քաղխորհրդի անդամները միմեանց հետ խորհրդակցելով նշեցին, որ հարցն անմիջական լուծում կը ստանայ»:
    Եւ տակաւին հաւատացողներ կան որ մարդու կեանքն ու կենցաղի բարելաւումը աւելի կարեւոր են քան՝ շուներունը…

  2. Vram said:

    Ո՞ւր են «ձեր քուէները հա՛յ թեկնածուներուն տուէք» քարոզողները: Գաղտնիք չէ, որ Գլենդելի 122 հազար վարձակալներու ջախջախիչ մեծամասնութիւնը հայ է:

    Նոյնպէս գաղտնիք չէ, որ այդ վարձակալ հայ քուէարկողներուն ջախջախիչ մեծամասնութիւնը, եթէ ոչ բոլորը, քուէարկեց ի նպաստ Արային, Զարեհին, Վարդանին եւ Վրեժին:

    Եւ վերջապէս՝ նոյնպէ՛ս գաղտնիք չէ, որ հայ վարձակալներու քուէներու շնորհիւ ընտրուած քաղխորհուրդի անդամներուն ջախջախիչ մեծամասնութիւնը ոչ միայն քաղաքական կամք չի ցուցաբերեր բնակիչներուն համար շահաւէտ որոշում ընդունելու, այլեւ՝ կը խոչընդոտէ նման նպատակ հետապնդողներու աշխատանքը:

    Հետաքրքիր է, որ քաղխորհուրդի յառաջիկայ ընտրութիւններուն այս պարագան պիտի յիշէ՞ վարձակալ հայ քուէարկողներուն ջախջախիչ մեծամասնութիւնը…: Տեսնե՛նք:

*

Top