Կոչ՝ Համահայկական Կրթական 8րդ Խորհրդաժողովի Անունից

0818board1

0818board1Վերջին տասնամեակներում ցաւալի իրողութիւն է դարձել Սփիւռքի ամէնօրեայ դպրոցների փակումը: Մեր հայրենակիցներն առարկայական եւ զուտ անհատական պատճառներով հետզհետէ հեռանում են իրենց արմատներից:

Չթերագնահատելով Սփիւռքում գործող հայապահպան կազմակերպութիւնների գործունէութիւնը՝ այնուամենայնիւ յորդորում ենք կուսակցական, հասարակական, եկեղեցական, բարեգործական կազմակերպութիւններին՝ միաւորելու ջանքերը եւ կանխելու աղէտալի գահավիժումը:

Արժեւորենք հայ ուսուցչին, սատարենք մեր ընտանիքներին եւ յստակ դնենք հայ մնալու, հայերէն խօսելու պահանջը, չկորցնենք մայր հայրենիքի տեսլականն Ամարասից մինչեւ Վան:

Այս կոչը պահանջ է եւ անկասելի ցանկութիւն:

Ուրեմն՝ ազգովին դէպի Հայաստան, հայկականութիւն եւ ազգային միասնականութիւն:

 

2018թ., Օգոստոսի 2-6-ը

Աղվերան

0818education4

 

Յայտարարութիւն՝ Համահայկական Կրթական 8րդ Խորհրդաժողովի

 

Համահայկական կրթական 8րդ խորհրդաժողովի մասնակիցներն իրենց խոր անհանգստութիւնն են յայտնում Հայաստանից հեռարձակուող հաղորդումների ոչ միայն հասանելիութեան, այլեւ կանոնական եւ հասկանալի հայերէնով ծրագրերի սակաւութեան կապակցութեամբ:

Հայրենիքից հեռարձակուող հաղորդումները եւ ֆիլմերը մեծ դեր ունեն Սփիւռքի մատաղ սերնդի համար ինչպէս հայերէնի իւրացման, այնպէս էլ հայրենաճանաչութեան եւ հայեցի դաստիարակութեան առումով:

Հրամայական անհրաժեշտութիւն է պատրաստել եւ հեռարձակել արեւմտահայերէնով հաղորդումներ՝ նպաստելով ուսումնական գործընթացին եւ հայակերտմանը:

Համահայկական կրթական խորհրդաժողովի մասնակիցները եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնն իրենց պատրաստակամութիւնն են յայտնում մասնակցելու եւ աջակցութիւն ցուցաբերելու հեռուստաալիքներին նոր ծրագրերը կեանքի կոչելու գործում:

 

 

2018թ., Օգոստոսի 2-6ը

Աղվերան

 

Բանաձեւ՝ Համահայկական Կրթական 8րդ Խորհրդաժողովի

 

Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կազմակերպած Համահայկական կրթական 8րդ խորհրդաժողովին մասնակցեցին աշխարհի 23 երկրների հայկական կրթական կառոյցների, Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան կրթութեան ոլորտի շուրջ 120 ներկայացուցիչներ: Խորհրդաժողովում անցկացուեցին 8 լիագումար եւ մասնախմբերի 15 նիստեր: Համատեղ աշխատանքի ընթացքում հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան ոլորտում արձանագրուեցին հետեւեալ իրողութիւնները.

– Արդի Սփիւռքում նկատւում է հայ ինքնութեան գիտակցման եւ դրա զարգացման համար ուղենիշների պակաս.

– Սփիւռքի տարբեր երկրներում տեղի է ունենում հայկական ամէնօրեայ դպրոցների փակում.

– Կրթական որոշ հաստատութիւններ գործում են հայեցի կրթութեան կազմակերպման համար ոչ բարենպաստ քաղաքական-իրաւական պայմաններում.

– Սփիւռքի տարբեր երկրներում բնակուող հայ երեխաների զգալի մասն ընդգրկուած չէ հայեցի կրթութեան կառոյցներում:

Ներկայացուեցին հետեւեալ հիմնախնդիրները.

– Սփիւռքում թոյլ է արտայայտուած միասնական կրթական քաղաքականութիւնը. բացակայում են կրթական ընդհանուր չափորոշիչներ, դրանցից բխող տարանջատուած ծրագրեր, կրթութեան կազմակերպման վերաբերեալ ուղղորդումներ, ինչպէս նաեւ Սփիւռքում ստեղծուած դասագրքերի եւ ուսումնական այլ նիւթերի գիտական գնահատականը.

– Արդի Սփիւռքում գործող մանկավարժներին փոխարինող (յատկապէս արեւմտահայերէնի) նոր սերնդի մանկավարժների խիստ կարիք կայ.

– Սփիւռքի հայկական կրթական հաստատութիւններին տրամադրուող դասագրքերի եւ ուսումնաօժանդակ այլ նիւթերի ցանկը մասամբ է համապատասխանում իրական կրթական կարիքներին.

– Վերջին տարիներին Սփիւռքի հայկական կրթօջախներում աւելացել է կրթութեան առանձնայատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիւը, ինչը պահանջում է մանկավարժական լրացուցիչ հմտութիւններ:

Ելնելով վերոնշեալ իրողութիւններից եւ հիմնախնդիրներից անհրաժեշտ է.

– Մշակել հայ ինքնութեան ուղենիշ.

– Կրթական գործունէութիւնը Սփիւռքում վերածել լուսաւորչական լայնածաւալ գործունէութեան,

սահմանել կրթական միասնական չափորոշիչներ՝ բացառելով միասնական դասագրքերի գաղափարը.

– Ուսումնամեթոդական եւ դասագրքաստեղծ գործունէութեան հիմքում դնել միասնական չափորոշիչներ՝ օգտագործելով նաեւ Սփիւռքում առկայ կրթական ներուժը.

– ժամանակակից քաղաքական եւ հասարակական մարտահրաւէրներին դիմադրելու նպատակով՝ կայացնել Սփիւռքի երկրներում մրցունակ, արդիական կրթական հիմնական եւ լրացուցիչ կրթութեան հաստատութիւններ.

– Օգտագործել արտաքին քաղաքականութեան միջոցները՝ ի նպաստ հայեցի կրթութեան ցանցի ընդլայման եւ բովանդակային զարգացման.

– Սփիւռքի կրթական գործունէութիւնը դիտարկել որպէս ՀՀ կրթութեան, գիտութեան եւ տնտեսական զարգացման համար ռազմավարական ռեսուրս:

Վերոնշեալ տեսլականն իրագործելու նպատակով միջնաժամկէտ հեռանկարում պահանջւում է.

– Ստեղծել արագ արձագանգման մասնագէտների միջգիտակարգային խումբ, որը կը գործուղուի Սփիւռք՝ տեղային լուծումներ տալու նպատակով.

– Նպաստել Հայաստանում արդիւնաւէտ գործող եւ արդիական ուսուցում իրականացնող հաստատութիւնների հետ համագործակցութեանը, կիրառուող մեթոդիկայի եւ ծրագրերի ներդրմանը՝ մասնաւորապէս ծրագրաւորման եւ շախմատի ուղղութեամբ.

– Սփիւռքում կազմակերպել հայոց պատմութեան եւ հայրենագիտութեան այլ թեմաներով դասախօսութիւններ.

– Կատարելագործել Հայաստանում մանկավարժների պատրաստման ծրագիրը՝ նախատեսելով նաեւ մագիստրոսական խտացուած դասընթացներ, այդ թւում՝ արեւմտահայերէնի ուղղութեամբ.

– Վերապատրաստման ծրագրի հիմքում դնել հայ ինքնութեան ուղենիշներ, կրթական միասնական չափորոշիչներ՝ միաժամանակ այն դարձնելով առաւել հասցէական, առանձին համայնքների կրթական կարիքների վրայ հիմնուած, որպէս վերապատրաստման ձեւ կիրառել հեռավար ուսուցումը եւ վերապատրաստումը տեղում՝ գործուղուած մասնագէտների միջոցով,

օգտագործել արտասահմանեան համալսարանների հենքը՝ տեղում ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման համար.

0818education8և Օգտագործել էլեկտրոնային բաց հարթակները հայերէնի եւ հայրենագիտութեան ուսուցման, օլիմպիադաների անցկացման եւ այլ միջոցառումների համար.

– Ձեռնամուխ լինել Սփիւռքում երիտասարդ մանկավարժներին աջակցելու եւ իրենց մասնագիտական գործունէութեան մեկնարկն ապահովելու համար հիմնադրամի ստեղծմանը.

– Հիմքեր ստեղծել Սփիւռքում մանկավարժներին եւ աշակերտների հայերէնի իմացութեան աստիճանը որակաւորելու համար՝ տրամադրելով համապատասխան պետական փաստաթուղթ.

– Իրականացնել ծրագրաստեղծ եւ դասագրքաստեղծ գործունէութիւն՝ հայերէնի ուսուցման հարցում յատուկ շեշտադրում անելով բանաւոր խօսքի զարգացմանը միտուած դասագրքերի եւ լրացուցիչ ընթերցանութեանը նպաստող գրքերի ստեղծմանը.

– Հայաստանում երեխաների համար կազմակերպել ամառային մասնագիտական ուղղուածութեամբ դպրոցներ՝ լեզուի, արուեստի եւ այլ առանձին հայագիտութեան ճիւղերի խորացուած ուսուցման նպատակով.

– Վրաստանի հետ միջպետական պայմանաւորուածութիւնների միջոցով նպաստել հայկական դպրոցներում հայերէնի՝ որպէս մայրենի լեզուի ճանաչմանը՝ պահպանելով շաբաթական 5 դասաժամ.

– Վրաստանի եւ Աբխազիայի հայկական դպրոցների համար իրականացնել դասագրքերի համապատասխանեցում գործող կրթական համակարգերին եւ ծրագրերին.

– ՌԴի հետ միջպետական պայմանաւորուածութիւնների միջոցով նպաստել ՌԴում հայաստանեան պաշտօնական կրթական փաստաթղթերի եւ դասագրքերի ճանաչմանը, հայաշատ վայրերում հանրակրթական դպրոցների ուսումնական պլաններում հայերէնի՝ որպէս ուսումնական առարկայի ներդրմանը, ինչպէս նաեւ համալսարաններում հայագիտական ամբիոնների եւ կենտրոնների հիմնադրմանը.

– Ձեռնամուխ լինել Ափիւռքում մէկօրեայ դպրոցների աջակցութեան հիմնադրամի ստեղծմանը:

Ելնելով տեղի ունեցած քննարկումներից եւ ներկայացուած առաջարկութիւններից, վերոնշեալ դրոյթներն իրագործելու նպատակով, խորհրդաժողովի մասնակիցները պատրաստակամութիւն են յայտնում մինչեւ Հոկտեմբերի 30ը ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն ներկայացնել.

ա. Տեղեկութիւններ տուեալ կրթական հաստատութիւնում օգտագործուող դասագրքերի վերաբերեալ.

բ. Ուսուցման հիմքում ընկած առարկայական եւ համալիր ծրագրեր.

գ. Հիմնական խնդիրները եւ դրանց լուծման վերաբերեալ առաջարկութիւնները:

 

2018թ., Օգոստոսի 2-6

Աղվերան

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top