Տորոնտոհայ Գործարար Շանթ Ղազարեանը, Ով 15 Տարի Սպասելուց Յետոյ Հայաստանում Ներդրում Է Անում, Կանաչ Լոյսն Արդէն Վառուած Է Համարում

0721shantghazarian

 

0721shantghazarian

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

 

Շանթ Ղազարեանը կանադահայ այն գործարարներից է, ում մտքում մշտապէս եղել է Հայաստանի հետ կապն ամրապնդելու գաղափարը. «Ստեղծել էմոցիոնալ (զգացական-Խմբ.) մի կապ, որ սա մեր երկիրն է, մեր տունն է», ասում է գործարարը, ով հայրենիքն իր տունը դարձնելու ու հայրենիքում տուն ունենալու ուղղութեամբ վաղուց է աշխատում:

 

ՄԵԾ ՔԱՅԼԸ ՅԵՏԱՁԳՈՒԵՑ

 

4 երեխաների հայրը դեռ 90ականներից ընտանիքի հետ ամէն տարի այցելում է Հայաստան, ուսումնասիրում միջավայրը, նոյնիսկ հողատարածք էր ձեռք բերել «Կասկադ» համալիրի տարածքում յետագայում շինարարութիւն սկսելու նպատակով: Պատմում է. «96թ.ից յետոյ, երբ երեխաներս ծնուեցին, տարին մի քանի անգամ կը գայի, ուզում էինք իրականացնել ծրագիր, հողամասեր էինք նայում մի 10 տարի, արդէն վերցրել էինք հողամասերը, բայց չուզեցինք մեծ քայլ առնել, արդէն 2008ից յետոյ տնտեսական վայրիվերումները աւելի զգալի էին, չորս գործընկերով հիմնել էինք «Կասկադ Գարդեն» ընկերակցութիւն եւ ծրագիրը ճարտարապետի մօտ է»:

Երկար ժամանակ կանգ էր առել ծրագիրը, միայն վերջերս, Հայաստանում տեղի ունեցած փոփոխութիւնները, այնուհետ կառավարական պատուիրակութեան այցը Կանադա Շանթ Ղազարեանին ու նրա երեք ընկերներին վճռական քայլի գնալու դրդեցին:

 

 

ԻՄ ԼՈՒՄԱՆ ԵՐԿՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

 

Հայաստանի նոր իրավիճակում իւրաքանչիւրն անելիք ունի՝ անկախ նրանից, թէ որտեղ է բնակւում: Իր առաքելութիւնը հետեւեալն է՝ նախ տուն կառուցել հայրենիքում ու ամրապնդել իր մեծ ընտանիքի կապը, երկրորդ՝ շինարարական աշխատանքներում ընդգրկել հայրենակիցներին՝ նրանց տալով աշխատանքի հնարաւորութիւն:

«Ճարտարապետական հարցերով հողի ուսումնասիրութիւններ կատարել ենք, եւ արդէն այս տարուայ ընթացքին կը սկսենք հողը փորել եւ սկսել ծրագիրը: Եւ սա հնարաւորութիւն է  իրագործելու իմ տարիների երազանքը՝ Հայաստանում ստեղծել բիզնես, գործ, իսկ շինարարական աշխատանքներ կատարողները պիտի լինեն Երեւանից կամ Հայաստանից, շինանիւթերը օգտագործեն Հայաստանի լաւագոյն որակի շինանիւթը, մեր նպատակն այն  է, որ կարենանք ստեղծել այնպիսի մի միջավայր, որ կարողանանք աշխատանք ապահովել ժողովուրդին համար այդ ոլորտում», նկարագրում է Շանթ Ղազարեանը:

 

2 ՇԷՆՔ՝ 50 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ

 

Իսկ ծրագրով ոչ թէ մէկ տուն է կառուցում, այլ շէնքեր:

«Բնակելի շէնքեր են լինելու, մօտ 40-50 բնակարանի մասին ենք խօսում, եւ ծրագիր կայ, որ ապագային եւս ընդարձակենք մէկ-երկու շէնք եւս. երկու շէնք է առայժմ՝ 50 բնակարանով: 15 տարի է ինչ ուզում եմ այնպէս անել, որ 4 երեխաներս փոխանակ Եւրոպա գնալու, Հարաւային Ամերիկա, այլ տեղեր ժամանակ անցկացնելու, այստեղ անցկացնեն արձակուրդը, այդ կերպ մեր ներդրումն ենք անում: Քանի որ շատ են սիրում Հայաստանը, այն մտածումով, որ Հայաստանը մերն է, մեծնան, ու երբ ուսումն աւարտեն, իրենք էլ իրենց ներդրումն անեն: Որոշեցինք, որ շէնքեր սարքենք լաւ որակով, որտեղ մենք էլ կարող ենք ապրել, մեր հարազատներն էլ ապրեն, կարենանք վաճառել մնացածը, այնպիսի լաւ որակ ունեն, որ չասեմ նորութիւն, բայց շինարարական մակարդակը բարձր կը լինի», վստահեցնում է «Կասկադ Գարդեն»ի համասեփականատէրը:

Վստահ է, որ իրենց մասնակցութիւնն էլ որոշ չափով կը նպաստի երկրի փոփոխութիւններին: Նախկին իշխանութիւնների օրօք կար մտայղացումն ու արուել էին որոշ քայլեր, բայց ընթացք է տրւում միայն հիմա, երբ որոշակի հնարաւորութիւններ են տեսնում երկրում:

«Մենք նախկին իշխանութիւնների օրօք այս ծրագրերը դեռ չունէինք, հողեր էինք վերցնում, բայց կոնկրետ աշխատանքները չէինք սկսում. կառավարական թղթերի խնդիրներ ունէինք, թողած էինք, չքաջալերեցին այդ բանը, եւ մենք յետ կանգնեցինք», ներկայացնում է գործարարը:

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՌԻՍԿԻ ԳՆԱԼ

 

Այնպէս չէ, որ հիմա երկրում ներդրում անելու ռիսկերը բացարձակ զրոյական են, բայց հիմա այլեւս այլ կերպ է մօտեցումը. պատրաստ են դիմակայել այդ ռիսկերին, ներդրումն ունենալ ընդհանուր գործում ու նոյնիսկ վնաս կրել յանուն ընդհանուր բարօրութեան:

«Այդ ռիսկը մեզ համար այնքան մեծ մտահոգութիւն չէ, որովհետեւ մենք զգացել ենք, որ այդ ռիսկը ամէն տեղ էլ կայ, մենք չենք կարող ասել՝ Հայաստանում չպէտք է անենք, այստեղ էլ պէտք է անենք, ու ամէն վտանգ հաշուի առնելով՝ մենք այս աշխատանքը սկսեցինք: Բայց պիտի աւելի յուսադրել, որ երկիրն դէպի առաւել բարելաւում կը գնայ: Փոխանակ թողնելու այս հարցը, ուզեցինք հապճեպ, արագ ձեւով աշխատել, որովհետեւ կանաչ լոյսը տեսել ենք արդէն, մարդկանց հետ որ խօսում ես, իրանք էլ ասում են՝ զգում ես, որ երկիրը գնում է դէպի լաւը», ներկայացնում է տորոնտոհայ ներդրողը:

Իսկ այս ամէնի յաջողութիւնն ապահովուած կը լինի, երբ երկու կողմն էլ՝ գործարարն ու կառավարութիւնը նոյն նպատակները հետապնդեն: Այս կառավարութեան դէպքում մտահոգութիւնները պակասել են, բայց ռէալ քայլերի անցնելիս պէտք է աւելի յաճախակի ու գործնական հանդիպումներ էլ ունենան:

 

«ՆՈՐԱՐԱՐ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top