ՄԱՀԱԽՕՍԱԿԱՆ. Վահէ Յարութիւնեան. Կենսագրութիւն Եւ Անցած Ճանապարհ

0724vaheharuutyunian

0724vaheharuutyunian

Կանխահաս մահը վաղ ընդհատեց սիրելի ընկեր Վահէ Յարութիւնեանի կեանքը: Կեանք, որ իմաստնացած էր գաղափարին նուիրումով եւ անքակտելիօրէն կապուած էր Դաշնակցութեան ընթացքին:

Վահէ Յարութիւնեանը ծնուել է 1958 թուականի Օգոստոսի 6ին, Իրանի Սպահան քաղաքին մաս կազմող աւանդապաշտ ու հայաշունչ Նոր Ջուղայում:

Այստեղ նա սովորել է Հայոց Ազգային Քանանեան միջնակարգ դպրոցում: Պատանի տարիքից անդամագրուել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատանեկան եւ ապա երիտասարդական միութիւններին, եղել է ակտիւ անդամ, վարչական մամիններում ստանձնել է պատասխանատուութիւններ:

Այս տարիները համընկել են Իրանի յեղափոխական փոթորկուն ժամանակահատուածի հետ: Վահէն, ընկերների հետ, ներգրաւուել է հայ համայնքի անվտանգութիւնն ու անդորրը ապահովելու աշխատանքներում:

1979 թուականին, ուսումը շարունակելու նպատակով, մեկնել է Լիբանան: Այստեղ նա հետեւել է Համազգայինի Հայագիտական Բարձրագոյն Հիմնարկի դասընթացներին, որպէս մասնագիտութիւն ընտրելով պատմագիտութեան բաժինը: Աւարտել է 1983 թուականին:

1984-1988 թուականներին Լիբանանի Հայկազեան համալսարանում ուսանել է քաղաքագիտութիւն: Նոյն ժամանակ աշխատակցել է Բէյրութի «Ազդակ» օրաթերթին, 1988-1990 թուականներին կատարելով «Ազդակ»ի ներքին էջերի պատասխանատու խմբագրի պարտականութիւնը:

Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան տեղի կառոյցի գործունէութեանը:

Ստանձնել է Պատանեկան միութեան վարիչի եւ դաստիարակի պարտականութիւնը, անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միութեանը, որոշ ժամանակահատուած դառնալով ԼԵՄի Կենտրոնական վարչութեան անդամ: Անդամակցել է նաեւ Զաւարեան Ուսանողական Միութեանը:

Այդ տարիներին Վ. Յարութիւնեանին վիճակուել է լիբանանցի ընկերների հետ զբաղուել հայ համայնքի անվտանգութեան ապահովման գործով: Արձագանգելով կուսակցութեան «Դէպի երկիր» կոչին, 1991 թուականի Մարտին, Վահէ Յարութիւնեանը ներգաղթել է հայրենիք:

1991 թուականին նշանակուել է Դաշնակցութեան Երեւանի մամլոյ եւ տեղեկատուութեան կենտրոնի տնօրէնի պաշտօնին:

Արցախեան ազատագրական պայքարի տարիներին, ընկ. Վահէն զգալի դերակատարութիւն է ունեցել ՀՅԴ մարտական գործունէութեան կազմակերպման հարցերում:

1995թ., ՀՀ իշխանութիւնների կողմից Դաշնակցութեան դէմ սանձազերծուած բռնաճնշումների պատճառով, հարկադրուած է եղել լքել հայրենիքը ու կրկին հաստատուել Բէյրութում:

1995-1998թթ. Բէյրութում աշխատակցել է ՀՅԴ Բիւրոյի «Դրօշակ» պաշտօնաթերթին:

1998 թուականին վերադարձել է Հայաստան, շարունակել աշխատանքը «Դրօշակում»:

2000 թուականից մինչեւ կեանքի աւարտը եղել է ՀՅԴ Բիւրոյի գործավարը, ինչպէս նաեւ կատարել է Բիւրոյի գրասենեակի աշխատակազմի ղեկավարի պարտականութիւնները:

Ամուսնացած էր գաղափարակից ընկերուհու Թամարի հետ, ունէր մէկ որդի՝ Գալէն:

Դաշնակցութեանը եւ հարազատ կուսակցութեան ճանապարհով հայութեանն ու հայրենիքին ծառայութեան ողջ ուղին Վահէ Յարութիւնեանն անցաւ, որպէս համեստ եւ անյաւակնոտ զինուոր: Դաշնակցութեան առաքելութիւնն ու բարոյական նկարագիրն ընկալեց որպէս անսակարկելի արժէքներ, եղաւ բծախնդիր ու կարգապահ ինքն իր նկատմամբ եւ նոյնն ակնկալեց ուրիշներից: Այս պատճառով էլ Վահէն սոսկ գործավար չէր՝ նեղ պաշտօնեայի իմաստով: Նա Դաշնակցութեան հաւատամքին նուիրեալ գործիչ էր բառի ամբողջական առումով:

Երկրորդ դարն ապրող ՀՅԴն ոչ մի ժամանակ զուրկ չի եղել տիպար գործիչներից, իսկ կուսակցական միջավայրում իշխել է այն համոզումը, որ անփոխարինելիներ չկան: Այնուհանդերձ, ամէն մի նշանակալի կորստից յետոյ, փաստւում է, որ իւրաքանչիւրը առանձնայատուկ է որպէս գործիչ եւ անհատականութիւն: Վահէն այս կերպարներից էր:

Յաւերժ յիշատակ՝ վաստակով ներկայանալի, գործն ու կեանքը կիսատ թողած սիրելի ընկերոջը:

 

arfd.am

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top