ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՍԻՐՏԻ ՄԱՍՆԱԳԷՏ ՏՈՔԹ. ԵՐԵՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆԻ ՀԵՏ

0000Yerem Yeghiazarians

0000Yerem Yeghiazarians

«Ամէնից Բարձր Բաւականութիւնը՝ Հիւանդներին Օգնելը, Նրանց Կեանքը Փրկելն Է»

 

Վարեց՝ ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ

 

ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ.- Կարելի է ձեր կենսագրութեան մասին որոշ տեղեկութիւններ տալ մեր ընթերցողներուն:

ՏՈՔԹ. ԵՐԵՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ծնուել եւ մեծացել եմ Թեհրան, ֆրանսական կրթութիւն եմ ստացել Թեհրանում. 1984ին, երբ 14 տարեկան էի, տեղափոխուեցինք Իրանից. 15 տարեկանում՝ հասայ Միացեալ Նահանգներ, հաճախեցի միջնակարգ դպրոց՝ առանց անգլերէնի տիրապետելու: Ընտանեօք Բոստոն հաստատուեցինք, որտեղ աւարտեցի միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին սիրում էի սպորտով զբաղուել. մեր դպրոցի ամենից լաւագոյն խաղացողն էի: Մի տարի մեր ֆուդպոլի խումբը ամբողջ նահանգում առաջին մրցանակը շահեց:

 

ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ.- Ի՞նչը ձեզ մղած է բժշկական ասպարէզին հետեւելու։

ՏՈՔԹ. ԵՐԵՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Մի՛շտ սիրել եմ գիտութիւն, ֆիզիոլոգիա, գիտական հետազօտութիւններ, նորութիւններ ստեղծել եւ օգնել բոլորին: Այդ պատճառներով ալ բժշկութիւնը ընտրեցի: Յաճախեցի «Բրանդայս» համալսարանը՝ սովորելով Biology-Biochemistry ճիւղը։ Աւարտեցի 1991ին, ամէնից բարձր գնահատականներով՝ «Summa Cum Laude and Phi Betta Kappa»: Նաեւ, նախաբժշկական դասարանի առաջին շքանշանը ստացայ:

 

ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ.- Բժշկական ի՞նչ համալսարաններ յաճախած էք Ամերիկայի մէջ կամ այլուր:

ՏՈՔԹ. ԵՐԵՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Յաճախեցի «Ջոն Հափկինս» բժշկական համալսարանը, որը աւարտեցի 1995ին՝ «Alpha Omega Alpha» շքանշանով, եւ ստացայ իմ դասարանի ամէնից բարձր գնահատականը: 1995-2003, վերապարապեցի «Բրիգամ Վիմանս» հիւանդանոցում եւ «Հարվարդ»ի բժշկական համալսարանում՝ կեդրոնանալով ընդհանուր ներքին եւ յատկապէս սրտին վերաբերող հիւանդութիւնների մէջ: 2000-2001ին, «Բրիկամ Վիմանս» հիւանդանոցում, ներքին հիւանդութիւնների գլխաւոր բժիշկն էի:

 

ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ.- Ձեր վկայականները ստանալէ ետք, ինչո՞ւ սիրտի մասնագիտութիւնը նախընտրած էք:

ՏՈՔԹ. ԵՐԵՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ես շատ եմ գնահատում սիրտի ֆիզիոլոգիան, աշխատանքը: Կարողանալ սրտի կաթուածի ընթացքում արտակարգ միջոցներով մէկի կեանքը փրկել՝ նշանակում է ամէնից մեծ պարգեւը տալ այդ հիւանդին: Ամէնից բարձր բաւականութիւնը՝ հիւանդներին օգնելը, նրանց կեանքը փրկելն է: Այդ պատճառներով, որոշեցի մասնագիտանալ սրտի հիւանդութիւնների մէջ:

 

ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ.- Կրնա՞ք մեր ընթերցողներուն որոշ լուսաբանութիւններ տալ ձեր մասնագիտական աշխատանքներուն մասին:

ՏՈՔԹ. ԵՐԵՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- 2003ին, UCSF-ը ինձ հրաւիրեց աշխատանքի, 15 տարի է որ իրենց հետ եմ աշխատում։ Իմ հիւանդներին խնամելու, բուժելու եւ բժշկական համալսարանում դասաւանդութեան հետ միաժամանակ՝ 2003ին ես հիմնեցի մի միջազգային կազմակերպութիւն, որի նպատակն է ուսումնասիրել սրտին վերաբերող բջիջային երեւոյթները: Սոյն հետազօտութիւնների արդիւնքում, մենք ստեղծել ենք մի տեխնոլոգիա, որի «ռոբադներ»ի (մարդամեքենայ) արհեստական համակարգիչների օգնութեամբ՝ մենք կարողացել ենք աւելի լաւ ըմբռնել սրտի հիւանդութիւնների հետ կապուած դժուարութիւնները ու ստեղծել ենք համապատասխան դեղորայքներ:

 

ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ.- Վերջին տասնամեակներուն, շատ ընդհանրացած է ոտքերէն երակներ հանելով՝ սիրտին կարել, նաեւ վերջերս ընդհանրացած է սրտի գոցուած երակներուն մէջ «սթ-ենտ»ներ դնելով՝ ստոյգ մահէ փրկել շատ հիւանդներ. խոստովանիմ, որ ես ալ ունիմ 4 հատ «սթենտ»… ի՞նչ ըսելիք ունիք այս մասին:

ՏՈՔԹ. ԵՐԵՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Հետազօտութիւններից բացի, բուժարանում ես նաեւ քննում եմ զանազան սրտի կամ երակների անհանգստութիւն ունեցող անձանց, կատարում եմ Catheter-ով վիրաբուժութիւններ, օրինակ՝ Catheter-ը մտցնում ենք դաստակի, ոտքի կամ ճիշկի երակներից մէկի մէջ եւ հասցնում ենք մինչեւ սիրտը՝ բացելով սրտի խցանուած երակները: Գործածում ենք նաեւ յատուկ փուչիկներ («սթենտ»), այդ երակները բաց պահելու համար: Ներկայում, ստանձնել եմ հետեւեալ դիրքերն ու տիտղոսները.

Professor of Medicine

Leone-Perkins Family Endowed Chair in Cardiology

Co-director։ Adult Cardiac Catheterization Laboratory

Director։ Peripheral Inter-ventional Cardiology Program

Director։ Translational Cardiac Stem Cell Program

Cardiovascular Research Institute

Eli and Edythe Broad Center of Regeneration Medicine and Stem Cell Research

Նաեւ, նախավերջին, նախագահն եմ եղել Սան Ֆրանսիսքոյի Board of the American Heart Association-ի:

 

ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ.- Ի՞նչ խորհուրդ կրնաք տալ այն հայ երիտասարդներուն, որոնք կը ցանկան բժշկութեան ճիւղին հետեւիլ:

ՏՈՔԹ. ԵՐԵՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- 20 տարիների ընթացքում, բարեբաստիկ առիթներ եմ ունեցել աշխատելու եւ սովորեցնելու հայ երիտասարդներին: Մասնակցել են իմ հետազօտական աշխատանքներին, որոշները գործել են ինձ հետ, քլինիքո՛ւմ: Շատ հպարտ եմ նրանց յառաջդիմութիւններով եւ միշտ պատրաստ եմ իրենց աջակցելու: Ցանկանում եմ հասնեն բարձրագոյն յաջողութիւնների եւ մեզ բոլոր հայերիս պարծանք պատճառեն:

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top