ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ. Յամառօրէն՝ Հայերէն

1107karinederkevorkian

 

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

 

1107karinederkevorkianՀայաստանի ներկայ վարչապետը Ռուսաստանի առաջին դէմքի հետ տեսակցութեանն առընթեր, հանդիպում էր ունեցել այդ երկրի հայ գործարարների հետ. համացանցում էր գրեթէ երկու ժամ տեւողութեամբ ասուլիսը, այնպէս ստացուեց, որ կարողացանք ժամանակ տրամադրել եւ լսել մինչեւ վերջ:

Չգիտեմ ինչու, այսքան ժամանակ յեղափոխական վարչապետին չէի լսել երկար. կամ ես առիթ չունէի, կամ խօսքի իրավիճակները չէին գրաւել, ու միշտ հետաձգւում էր: Այս անգամ՝ տարբեր էր. պաշտօնավարութիւնից անցել էր ժամանակ,  որոշ դէմ եղողներ դարձել էին կողմնակիցներ, որոշ դրոշակակիրներ թուլացել էին, կշեռքի հաւատի եւ թերահաւատութեան նժարները անընդհատ փոխում էին իրենց դիրքերը, սակայն ժամանակը կերպարանաւորել էր դրութիւնը, ու պէտք էր լսել ծրագրերի մասին, որոնք է, որ միս ու կաշի պիտի տային ձեւաւորուած կմախքին:

Անկախ այս բոլորից, տեղի էր ունենում մի կարեւոր գործընթաց. ռուսական սփիւռքում տեղաւորուած եւ ամրացած գործարարները, մի մասը՝ տրամաբանական մտահոգութեամբ, միւս մասը՝ տրամադրութիւնից ելնելով, լուսաբանութիւններ էին պահանջում Հայաստանի վարչապետից: Նրանք մտահոգ էին ընտրական իրաւունքներով, տնտեսութեանը շահ բերող ոլորտների առաջնահերթութեան դասաւորմամբ,  ճանապարհաշինութեան որակաւորմամբ, բժշկական սարքաւորումների արդիականացմամբ, օդային ուղիների աշխուժացմամբ, մշակոյթի ասպարէզում արդի ճարտարուեստի նուաճումների ներգրաւմամբ ու այլեւայլ հարցերով:

Աւելի երիտասարդները հաւատքով ու նուիրումով էին խօսում իրենց ծրագրերի մասին: Միջին տարիքը՝ բախումներ ունենալով անցեալ համակարգի իշխանութիւնների հետ, փոփոխութիւններ էր պահանջում կառավարողներից: Աւելի հասուն տարիքի բիզնեսմենները, ովքեր «լեզու էին գտել» պատմութեան գիրկն անցած իշխանաւորների հետ, աւելի «մտահոգ» էին ներկայ կացութեան համար:

Վարչապետը լսում էր, միշտ ունէր պատասխան, գիտակ էր իւրաքանչիւր բնագաւառին, անմիջապէս հարցը փոխանցում էր համապատասխան նախարարութեան, կատակում էր, պատրաստ էր ընդունելու որեւէ սխալ, միշտ ընդգծում էր երկրի քաղաքացի ժողովրդի անմիջական շահերի առաջնահերթութիւնը ամէն պարագաներում, եւ, յամառօրէն, պատասխանում էր իր երկրի պետական լեզուով՝ հայերէն:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top