Համատեղելով Հաճելին Եւ Օգտակարը. Ամերիկայում Կայանալիք Ցուցահանդէսը Կարեւոր Նպատակ Ունի

0000Babakhanian2

Գեղանկարիչ Գէորգ Ընծայ Բաբախանեանը պատրաստւում է իր հերթական ցուցահանդէսին, այս անգամ կրկին Ամերիկայի Միացեալ Նահանգներում:

Հոկտեմբերին եւ Նոյեմբերին նա ցուցահանդէսով կը ներկայանայ չորս քաղաքներում՝ Գլենդել, Փասադենա, Լաս Վեգաս եւ Սքոթսդել:

Այս ցուցահանդէսը, սակայն, նկարիչի խօսքով, սովորական չէ, այն բարեգործական է լինելու:

«Իրականում» կայքին հետ զրոյցում, նկարիչը նշեց, որ նկարների վաճառքից ստացուած հասոյթի կէսը տրամադրուելու է Քարվաճառի մշակոյթի պալատի նորոգմանը:

«ԱՄՆում այս ցուցահանդէսը կազմակերպում է «Արարատ» հիմնադրամը, համագործակցութեամբ՝ ՀԲԸ Միութեան Փասադենա-Գլենդել մասնաճիւղի, «Ռոսլին» նկարչական սրահի, Ս. Կարապետ Հայց. առաքելական եկեղեցւոյ (Լաս Վեգաս), Ս. Աբգար Հայց. առաքելական եկեղեցւոյ (Սքաթսդէյլ, Արիզոնա): Այսպիսով, նկարի գնումը խթանելու է նաեւ Արցախում մշակոյթի զարգացմանը», ասաց Գէորգ Ընծայ Բաբախանեանը:

Այս ցուցահանդէսին նկարիչն աւելի շատ վերացական ոճի նկարներով է ներկայանալու, սակայն իր անցեալ շրջանի գործերից էլ կը ցուցադրուեն: 4 քաղաքներից իւրաքանչիւրում նկարիչը 30ից 40 գործ կը ներկայացնի:

«Նկարչութիւնը իւրայատուկ բան է, մարդիկ կան, ովքեր հաւանում են իմ աբստրակտ (վերացական) գործերը, ոմանք էլ աւելի ֆիկուրատիւ (այլաբանական) գործերն են հաւանում: Սակայն ես մեծ տարբերութիւն չեմ դնում ոճերի մէջ. ինձ համար կարեւորը հոգին պահելն է: Եթէ դու նկարում հոգին պահում ես, կարեւոր չէ, թէ ինչ ժանրի (ոճի) մէջ ես աշխատում», ասում է նա:

Նկարիչը կոչով դիմում է ամերիկահայ հասարակութեանը, որպէսզի նրանք քաջալերեն իրենց այս ձեռնարկն, ու արդիւնքում Արցախում նախատեսուող ծրագիրն իրենք կարողանան իրականացնել:

«Ցուցահանդէսից զատ՝ ինձ համար կարեւոր է մեր ծրագրի իրականացումը, որովհետեւ շատ դժուար է այսօր մեծ ծրագիր իրականացնել: Խօսքը մօտ 100-150 հազար դոլարի մասին է, նման գումար հաւաքելն ի հարկէ մեծ խնդիր է, ու նման ցուցահանդէսներով, այլ միջոցառումներով պէտք է իրականացնենք ծրագիրը: Յոյս ունեմ, որ այս ցուցահանդէսը կը համատեղի հաճելին եւ օգտակարը, այսինքն՝ ձեռք բերելով նկար՝ նաեւ օգուտ էք տալիս Արցախի մշակոյթին: Դա է այս ցուցահանդէսի բուն նպատակը:

Կոչով դիմում եմ ամերիկահայերին, որպէսզի գան, մասնակցեն ցուցահանդէսին, համատեղեն հաճելին եւ օգտակարը՝ օգտակար լինեն արուեստին եւ մի արուեստի գործ տանեն իրենց տուն՝ այն հոգեւոր կերպով հարստացնելու համար», նշեց նա:

Խօսելով ժամանակակից գեղանկարչութեան հիմնախնդիրներից, Գէորգը նշեց, որ նկարիչն այսօր շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած:

«Ես երեք տեսակ նկարիչների եմ տարանջատում: Առաջին տեսակը նրանք են, ովքեր միլիոններով են վաճառում իրենց նկարները, դա արդէն բիզնես (գործի ոլորտ) է ու այստեղ մտնելը սովորական մահկանացուների համար չէ: Հիմա էլ երրորդ կարգ է գոյացել՝ սկսնակ նկարիչներ, ովքեր, օրինակ, 50-60 տարեկանում նոր սկսում են նկարել, որովհետեւ այսօր նկարչութիւնը կանոններից դուրս է: Նրանք կարողանում են նոյնիսկ վաճառել իրենց գործերը ցածր գներով, նուիրել: Այսինքն, ստեղծել են պրոդուկտ (արտադրանք), որը շատ մասսաների (զանգուածների) բաւարարում է: Եւ կենտրոնում այն պրոֆեսիոնալ (արհեստավարժ) նկարիչներն են, ովքեր չեն կարող իջնել սովորական մակարդակի, ու ոչ էլ կարող են մտնել էդ բիզնես ասպարէզի մէջ, այդ պատճառով նրանց համար շատ բարդ է», ասաց նա՝ նշելով, որ բարդ է յատկապէս այսօր՝ տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու) դարում, երբ շատերը չեն ցանկանում գումար ծախսել՝ արուեստի գործ գնելու համար: Բայց հասկացող մարդը, ով իսկապէս գնահատում է արուեստն ու ճիշդ նկարիչներին, հաստատ կը տայ այդ գումարը եւ ճիշդ կ՛անի: Որովհետեւ կեանքը ապացուցում է, որ նաւթը (քարիւղը) կարող է էժանանալ, դոլարը կարող է արժեզրկուել, բայց արուեստի գործերը երբեք չեն արժեզրկւում», ասում է գեղանկարիչը:

Նշենք, որ Գէորգ Ընծայ Բաբախանեանի ցուցահանդէսի բացումը տեղի կ՛ունենայ Գլենդելում՝ Հոկտեմբերի 25-31ին, «Roslin Art Gallery»ում (415 E. Broadway, Suite 100):

Փասադենա քաղաքում կայանալիք ցուցահանդէսը տեղի կ՛ունենայ Բարեգործականի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» կենտրոնի «Պոյաճեան» սրահում, Նոյեմբեր 2-4 (2495 E. Mountain St., Pasadena)։

Լաս Վեգաս քաղաքում կայանալիք ցուցահանդէսը տեղի կ՛ունենայ Ս. Կարապետ Հայց. առաքելական եկեղեցւոյ «Քուջաքեան» սրահում՝ (2054 E. Desert Town Rd.)։

Սքաթսդէյլ (Արիզոնա) քաղաքում կայանալիք ցուցահանդէսը տեղի կ՛ունենայ Ս. Աբգար Հայց. առաքելական եկեղեցւոյ մշակութային սրահում (8849 E. Cholla St.), Նոյեմբերի 16-18ին։

Ցուցահադէսների մուտքը ազատ է:

Մանրամասնութեանց համար հեռաձայնել (818) 303-5566 համարին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top