Նոր Սարքաւորումներ, Նոր Կապեր, Նոր Տպաւորութիւններ. Բարեգործական Բժշկական Առաքելութիւնը Արդէն 4րդ Անգամ Է Այցելում Հայաստան

1010fresnomission2

Հայաստանի հիւանդներին օգնելը, անվճար խորհրդատուութիւնները եւ վիրահատութիւնները Հայկական բժշկական առաքելութեան (Armenian Medical Mission) ոչ բոլոր նպատակներն են: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրոյցում Ֆրեզնոյում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանը, ում ջանքերով կազմակերպուել է այս առաքելութիւնը, ասաց, որ Ֆրեզնոյից եկած մասնագէտները տեղի բժիշկների հետ նաեւ կիսում են իրենց գիտելիքներն ու փորձը: Հայաստանցի եւ ամերիկացի բժիշկները կապ են պահպանում նաեւ առաքելութեան աւարտից յետոյ, եւ եթէ հայաստանցի մասնագէտները հարցեր են ունենում, կ՛ամ բարդ դէպքերի են հանդիպում, նրանք խորհրդակցում են Ֆրեզնոյի իրենց գործընկերների հետ, ովքեր սիրով խորհուրներ են տալիս եւ կիսւում են իրենց փորձով:

Հայկական բժշկական առաքելութիւնը 4րդ անգամ եկաւ Հայաստան սեպտեմբերի 28ին եւ այստեղ կը մնայ մինչեւ հոկտեմբերի 14ը: Առաքելութեան կազմում 32 անդամ կ՛այ, որոնց մեծ մասը բժիշկներ են, այդ թւում՝ վիրաբոյժներ, մանկաբոյժներ, գինեկոլոգներ, օտոլարինգոլոգներ: Հետաքրքիրն այն է, որ նրանցից ոչ բոլորը հայկական ծագում ունեն: Առաքելութեան կազմում քիչ չեն մարդիկ, ովքեր մինչեւ Պերճ Աբգարեանի հետ հանդիպումը չէին էլ լսել Հայաստանի մասին:

Մէկ անգամ գալով այստեղ եւ ծանօթանալով Հայաստանի պատմութեանը, իմանալով Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան մասին, ծանօթանալով ժամանակակից Հայաստանին՝ բժիշկների մեծ մասը յաջորդ առաքելութեանը եւս մասնակցելու ցանկութիւն է յայտնում, իսկ ոմանք էլ մենակ չեն վերադառնում: Օրինակ, բժիշկ Բոբի Էգբալիխը, ով այստեղ էր եկել անցեալ տարի, այս տարի իր հետ բերել է եղբօրը՝ բժիշկ Սամի Էգբալիխին: Իսկ միւս տարի նրանք պատրաստւում են գալ իրենց երրորդ եղբօր հետ, ով նոյնպէս բժիշկ է:

«Այս բժիշկները կամաւորների կարգավիճակով են գալիս Հայաստան, նրանց ոչ ոք դրա համար չի վճարում, հակառակը, ոմանք զրկւում են եկամտից, քանի որ երկու շաբաթ չեն աշխատում: Բայց նրանք պատրաստակամօրէն գալիս են՝ այստեղ մարդկանց օգնելու համար», պատմեց Պերճ Աբգարեանը:

Այս տարի, նրա խօսքով, առաքելութեանն առաւել գրկաբաց ընդունեցին՝ օդանաւակայնում նրանց սպասում էին սփիւռքի նախարարութեան ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ երեխաների պարային խումբ՝ ազգային հագուստներով:

«Այդ հանդիպումը մեր սրտերը լցրեց ջերմութեամբ: Այն մէկ անգամ եւս ցոյց տուեց, որ Սփիւռքը եւ հայրենիքը, չնայած բաժանող տարածութեանը, մէկ ամբողջութիւն են: Որտեղ էլ լինենք, մենք միասին կ՛աշխատենք յանուն մեր հայրենիքի, յանուն ապագայ»ի, նշեց Պերճ Աբգարեանը:

Այցի ընթացքում նա նաեւ հանդիպել է ՀՀ առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի հետ. բարեհամբոյր ու ջերմ մթնոլորտում քննարկել են յետագայ ծրագրերն ու պլանները:

Այս առաքելութիւնները հնարաւոր դարձան շնորհիւ Ֆրեզնոյի հայկական համայնքի ֆինանսական աջակցութեան. համայնքը վճարում է ոչ միայն ճանապարհածախսը եւ Հայաստանում ամերիկեան բժիշկների ապրելու ծախսը, այլեւ սարքաւորումներ է ձեռք բերում մարզային հիւանդանոցների համար:

Առնուազն կէս միլիոն դոլար արժողութեամբ բժշկական սարքաւորումներով լի 12 մետրանոց բեռնատարը Ֆրեզնոյից դեռեւս ամառն էր դուրս եկել: Հիմա արդէն այն հասել է Հայաստան, սակայն մինչեւ այն բացելը անհրաժեշտ է ինչ-ինչ հարցեր լուծել՝ կապուած բեռնատարով տեղափոխուած իրերի մաքսային ձեւակերպումների հետ: Այդ ուղղութեամբ արդէն աշխատում են, եւ առաքելութեան մասնակիցները յուսով են, որ մինչեւ իրենց մեկնելը բոլոր խնդիրները կը լուծուեն:

Բեռնատարում, ինչպէս նշեց Պերճ Աբգարեանը, վիրահատական գործիքներ են, այդ թւում՝ լապարասկոպիկ, հիւանդանոցային մահճակալներ, ռենտգենի սարքաւորումներ եւ շատ շատ այլ բաներ: Այդ ամբողջը, որպէս նուէր, կը փոխանցուի Հայաստանի բժշկական կենտրոններին:

Բժիշկները Ֆրեզնոյից իրենց հետ բերել են նաեւ դեղորայք, որով ապահովում են դրանց կարիքն ունեցողներին, խրոնիկ հիւանդութիւնների դէպքում՝ մօտ մէկ տարուայ կտրուածքով:

Մի քանի օր բժիշկներն աշխատել են Հայաստանի մարզերի հիւանդանոցներում: Աշտարակի բժշկական կենտրոնում, օրինակ, նրանք մի քանի հարիւր հիւանդների են զննել եւ բազմաթիւ վիրահատութիւններ կատարել: Վիրաբոյժները, բնականաբար անվճար են վիրահատել, սակայն ուշագրաւ է, որ հիւանդները ստիպուած չեն եղել վճարել նաեւ հիւանդասենեակների, անալիզների, եւ որեւէ այլ բանի համար. ամէն ինչ իր վրայ է վերցրել բուժկենտրոնը:

Առաքելութիւնը նաեւ վերանորոգել է Աշտարակի ԲԿի ծնարանը՝ յագեցնելով այն ժամանակակից սարքաւորումներով: Բուժկենտրոնը նաեւ վիրահատական սեղան եւ աւտոկլաւ է նուէր ստացել:

Մասիս քաղաքի բժշկական կենտրոնն իր հերթին ստացել է նորացուած, նոր սարքաւորումներով յագեցած ակնաբուժական բաժանմունք: 30 տարի այդ բաժանմունքը ղեկավարել է առաքելութեան անդամներից Նունէ Պետրոսեանի մայրը՝ Մարիետա Պետրոսեանը, ում յիշատակին էլ վերանորոգուել է բաժանմունքը:

Առաքելութեան շրջանակում կազմակերպչական հարցերով զբաղուել է բժիշկ Վաչէ Վասիլեանը, ով երկար ամիսներ շփուել է Հայաստանի բուժհաստատութիւնների հետ, պարզել է, թէ որտեղ ինչ սարքաւորում է պահանջւում, եւ որտեղ ինչ մասնագէտ:

Որոշ բուժհաստատութիւններ, բժշկի խօսքերով, պատրաստակամ համագործակցել են առաքելութեան հետ, հիւանդներ են հաւաքել, նրանց համար ամէն հնարաւոր բան արել են: Սակայն, եղել են հաստատութիւններ, որտեղից Վասիլեանին պատասխանել են, թէ հիւանդներ չունեն, ԱՄՆից բժիշկների կարիք էլ չեն տեսնում:

Առաքելութեան որոշ բժիշկներ արդէն մեկնել են Լեռնային Ղարաբաղ, որպէսզի յաջորդ շաբաթուայ ընթացքում այնտեղ աշխատեն: Եւս մի քանի բժիշկներ էլ Հոկտեմբերի 7ին կը մեկնեն այնտեղ: Մի քանի բժիշկներ էլ կը մնան Հայաստանի բուժհաստատութիւններում եւ մինչեւ առաքելութեան աւարտը անվճար բուժօգնութիւն կը ցուցաբերեն հիւանդներին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top