Վերաօծուեց Դիլիֆի Սրբոց Վարդանանց Եկեղեցին

0000TIFLIS

0000TIFLIS

2018 թուականի հոկտեմբերի 12-ը յիրաւի դարձաւ պատմական. Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպս. Միրզախանեանի ձեռամբ, վերաօծուեց Նինոծմինդայի շրջանի Դիլիֆի 1866 թուականի կառոյց Սրբոց Վարդանանց եկեղեցին:

Սրբազան արարողութեանը ներկայ էին Վրաստանի խորհրդարանի պատգամաւորներ Հենզել Մկոյեանը եւ Գիորգի Խատիձէն, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյեանը, Շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կիւրեղեանը, Ախալքալաքի քաղաքապետ Իւրիկ Ունանեանը եւ Շրջանային ժողովի նախագահ Նայիրի Իրիցեանը, տեղական իշխանութեան ներկայացուցիչներ, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնութեան տարբեր շրջաններից ժամանած հիւրեր եւ ուխտաւորներ: Թեմի առաջնորդին դիլիֆցիները դիմաւորեցին գիւղասկզբին՝ աղ ու հացով:

0000TIFLIS1

Հայ եկեղեցու օծման կարգով Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետութեամբ եւ Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւ Տիգրան քհնյ. Մխիթարեանի ու Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիւ Գէորգ քահանայ Ասատրեանի ընկերակցութեամբ կատարուեց եկեղեցու դռնբացէքի արարողութիւնը: «Դռնբացէքի կարգը խորհուրդն է արքայութեան դռների բացման: Այսօր այս տաճարը, օծուելուց յետոյ դառնում է Աստծոյ տուն, դառնում է աղօթատուն: Դռնբացէքի արարողութեամբ եւ վերաօծման կարգով Աստծոյ օրհնութիւնն է իջնելու այս տաճարին», դիմեց եկեղեցու դիմաց հաւաքուած հաւատացեալներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդը:

Սուրբ միւռոնով օծուեցին եկեղեցու 16 սիւները, մկրտութեան աւազանը, պատկերները, որոնք վերածուեցին սրբապատկերի: Նորաօծ եկեղեցում անդրանիկ Սբ. պատարագը մատուցեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եւ շրջանի եկեղեցիների հոգեւոր հովիւ Արմաշ քհնյ. Պօղոսեանը:

Հաւատացեալները մասնակցեցին խոստովանութեան արարողութեանը եւ ստացան Հաղորդութիւն:

Սուրբ պատարագի աւարտին Վազգէն սրբազանն իր օրհնութիւնը բաշխեց ներկաներին ու գնահատանքի խօսքեր ուղղեց տեղացիներին, յատկապէս ազգասէր եւ հաւատքի նուիրեալ աւագներին, որ մշեցիներին յատուկ ազգային հպարտութեամբ եւ նպատակին հասնելու հաստատակամութեամբ գիւղի ուժերով նախաձեռնեցին եւ 2017 թուականին ի դէմս Ռոբերտ Մարկարեանի, Լեւոն Կիրակոսեանի եւ Հայկ Մանուէլեանի կազմակերպեցին ու համակարգեցին իրենց եկեղեցու վերանորոգութիւնը: Գործընթացին շուտով ընդգրկուեցին եւ իրենց աջակցութիւնը բերեցին բարերարներ Մարատ Գրիգորեանը, Ջիւան Մուրադեանը, Արարատ Սարուխանեանը, Նաւռիկ Առաքելեանը եւ ուրիշներ՝ ի կատար ածելով դիլիֆցիների երազանքը՝ վերանորոգուած եւ գործող տեսնելու իրենց պապերի եկեղեցին: Թեմակալ առաջնորդը աստուածահաճոյ գործի կազմակերպիչներին եւ բարերաներին փոխանցեց օրհնութեան գիր եւ յուշանուէր:

Սբ. պատարագի վերջում, Վիրահայոց թեմի առաջնորդը Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու դպիր Արտեոմ Գալոյեանին շնորհեց ուրար կրելու իրաւունք:

Հաւարտ Սբ. պատարագի եկեղեցու բակում կատարուեց տեղի բնակիչ Ալիկ Մանուէլեանի բարերարութեամբ կառուցուած խաչքարի օծումը, որը նուիրուած է Սարդարապատի հերոսամարտի եւ հայոց պետականութեան վերականգնման 100ամեակին:

Եկեղեցու վերաօծումից, Սբ. պատարագից եւ Խաչքարի օծումից յետոյ եկեղեցու բակում Նինոծմինդայի մշակոյթի տան ուժերով կայացաւ համերգ:

Պատմական օրուայ վերջին, ընդունուած աւանդոյթի համաձայն կատարուեց մատաղի օրհնութիւն եւ հիւրասիրութիւն: Այսպիսով Դիլիֆի Սրբոց Վարդանանց եկեղեցին դարձաւ Վիրահայոց թեմի թուով 60րդ վերաօծուած Աստծու տունը, իսկ օրը տօնական՝ ողջ համայնքի համար:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի (քաղաքապետարանի-Խմբ.) Դիլիֆ գիւղը փռուած է Գէօզ Դաղի ծաղկազարդ ստորոտին եւ ասես հսկում է Ջաւախք աշխարհի անդորրը, շրջակայքի ջրառատ աղբիւրներն ու կանաչ հագած բլուրները: Պատմական անունը եղել է Դլիւիկ: Տեղացիների նախնիները 1829 թուականին գաղթել են Մուշ գաւառից: Միջնադարից պահպանուած Սբ. Վարդան հինաւուրց մատուռի տեղում տեղացիների ուժերով կառուցուել է Սրբոց Վարդանանց եկեղեցին:

դիլիֆ գիւղի բնակչութեան ընդհանուր թիւը կազմում է 1500ից աւելի: Հիմնական զբաղմունքը անասնապահութիւնն է եւ հողագործութիւնը: Գիւղում պահպանուած ուխտատեղերից են Սբ. Մինասը, Թեւաթորոսը, Դաւոյի սուրբը, Սբ. Գրիգոր Լուսաւորիչը եւ այլն: Շատ սրբեր ու կրօնական գրքեր են պահպանւում մասնաւոր մարդկանց տներում: Բնակիչները բոլորը հայեր են, խօսում են Խնուսի բարբառով:

 

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ

ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ

ԵԿԵՂԵՑՈՒ

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top