Լիդիա Աւագեանի Յաջողութիւնը Ստեփանակերտում

1017lyiaavagyan

Անշուշտ բոլորս էլ գիտենք, թէ արուեստը ինչպիսի կարեւոր դեր ունի մարդկային կեանքի եւ իւրաքանչիւր անհատի գեղագիտական դաստիարակութեան եւ զարգացման մէջ: Վրձնած կտաւներից սկսած մինչեւ դաշնամուրի ստեղնաշարի վրայ սահող մատների հպումներն ու պարողների նուրբ ու ճարպիկ մարմինների շարժումները բեմի վրայ, ամբողջութեամբ մարդկային կեանքի եւ իրականութեան իւրայատուկ արտացոլումն են, որոնք արտայայտւում են արուեստի սիրահար մարդկանց կողմից:

Ռոզ եւ Ալեք Փիլիպոս Ազգային վարժարանը եւս հպարտ է այսօր՝ արուեստին նուիրուած ու արուեստասէր իր բազմաթիւ աշակերտներից մէկին ձեզ ծանօթացնելու:

Ութերորդ դասարանցի Լիդիա Աւագեանը տասներեք տարեկան է: Ութը տարի է, որ ապրում է Միացեալ Նահանգներում եւ դպրոցիս աշխատասէր ու գերազանցիկ աշակերտներից է համարւում: Դրա խօսուն փաստն է, վերջերս Հայաստանում, «Աստղային ժամ» հաղորդմանը հիւրընկալուած ժամանակ նրա գեղեցիկ ու գրագէտ լեզուով պատասխանները, որը հպարտութիւն էր բերում ցանկացած սփիւռքահայի: Պարել սկսել է վեց տարեկան հասակից, պարել է հայկական եւ լատինօ-ամերիկեան ոճերում, իսկ վերջին երեք տարիների ընթացքին մասնագիտացուել է լատինօ-ամերիկեան ոճում:

Պարը Լիդիայի համար, ինչպէս բոլոր արուեստով զբաղուող մարդկանց, ինքնաարտայայտման իւրայատուկ միջոց է, զգացումներն ու ապրումները դրսեւորելու ձեւ, իսկ բեմը՝ ազատ ու անկաշկանդ ապրելու իր փոքրիկ աշխարհը:

Լիդիան ունեցել է բազմաթիւ յաջողութիւններ ու ձեռքբերումներ: Նրա վերջին յաղթանակը եղել է թուականիս Յուլիսի 1ից 2ը, Ստեփանակերտում տեղի ունեցած սպորտային պարերի երկրորդ միջազգային մրցույթ-փառատօնի ընթացքին, որտեղ «Ստեփանակերտի գաւաթ» բաց առաջնութեան շրջանակում նա պատուով շահել է առաջին տեղը: Լիդիան յաղթող է հանդիսացել այն պայմաններում, երբ մրցոյթ-փառատօնին իրենց մասնակցութիւն էին ցուցաբերել շուրջ 500 մասնակիցներ՝ Ռուսաստանից, Ուկրայինայից, Մոլդովայից, Լեհաստանից, ԱՄՆից, Պարսկաստանից, Հայաստանից եւ Արցախից: Միջոցառմանը ներկայ են եղել նաեւ Արցախի Հանրապետութեան ԿԳՍ նախարար Նարինէ Աղաբալեանը եւ այլ բարձրաստիճան հիւրեր:

Հայրենի Արցախում Լիդիան ոչ միայն մասնակցել է մրցոյթին, այլ նա հասցրել է գտնել նոր ընկերներ, տեսնել Արցախի գեղատեսիլ վայրերը եւ մի անգամ եւս կապուել հայրենի հողին ու ջրին:

Նոյն թուականի Յուլիսի 15ին, Արցախ ժամանած պարող-արուեստագէտները մեկնել են Հայաստան եւ ելոյթ ունեցել Երեւանի Ա. Սպենդիարեանի անուան օպերայի դահլիճում կայացած բարեգործական համերգին: Օպերայի դահլիճում յայտնուելը պատասխանատուութեան մեծ զգացում եւ հպարտութիւն է առաջացրել Լիդիայի մէջ, իսկ ինքը ոչ մի ճիգ ու ջանք չի խնայել իր ստանձնած դերը կատարեալ ձեւով կատարելու: Միջոցառման ընթացքին, կրկին անգամ փայլուն ելոյթ է ունեցել Լիդիան, եւ որից յետոյ ստացել է բազմաթիւ հրավէրներ այլ համերգների մասնակցելու համար, սակայն ժամանակի սղութեան եւ դպրոցական վերամուտի պատճառով նա ստիպուած է եղել մերժել հրավէրները եւ վերադառնալ ԱՄՆ:

Քիչ չեն այն մարդիկ ովքեր երազում են ինչ-որ բանի հասնել, իսկ շատ չեն նրանք, ովքեր յամառօրէն աշխատում են եւ իրագործում իրենց երազանքները: Ահա այդ երկրորդ խմբին պատկանող անհատներից է Լիդիան:

Ռոզ եւ Ալեք Փիլիպոս Ազգային վարժարանի ընտանիքի անունից շնորհաւորում ենք մեր սիրելի, բազմաշնորհ աշակերտուհուն եւ նորանոր յաղթանակներ մաղթում նրան:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top