Փաշինեան Կ՛անդրադառնայ Կապանի Մէջ Իր Պաշտպանած Թեկնածուի Պարտութեան

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Անցեալ Կիրակի, Հայաստանի մէջ տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմիններու (ՏԻՄ) ընտրութիւններ, որոնց յատկապէս Կապանի մէջ արձանագրուած արդիւնքները խիստ յատկանշական էին: Արդարեւ, Կապանի մէջ պարտութիւն կրեց վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի պաշտպանած թեկնածու Նարեկ Բաբայեան, իսկ յաղթողը եղաւ անկուսակցական Գէորգ Փարսեան:

«Ֆէսյպուք»էն ուղիղ հեռարձակումով Փաշինեան, անդրադառնալով այս փաստին՝ յայտնեց, որ «Քաղաքացիների ընտրութիւնն անկասելի է, նրանց որեւէ ձայն չի կորում, ինչպէս խոստացել էինք: Ուզում եմ շնորհաւորել ընտրուած քաղաքապետերին, գիւղապետերին: Կապանում ես սատարում էի Նարեկ Բաբայեանին, սակայն այլ թեկնածու յաղթեց: Շատ կարեւոր է, որ այս փաստի գնահատականը ճիշդ տանք: Սա աննախադէպ երեւոյթ է, երբ վարչապետը պաշտպանում է մի թեկնածուի եւ այն չի յաղթում: Սա ժողովրդավարութեան մեծագոյն յաղթանակ է: Իրօք, շատ էի ցանկանում, որ Նարեկ Բաբայեանը ընտրուէր, նա շատ տաղանդաւոր մարդ է, բայց կարեւոր եմ համարում այն, որ քաղաքացիների որոշումն է առաջնային: Մենք սրա համար էինք յեղափոխութիւն արել, եւ դուք յաղթել էք»:

Փաշինեան անդրադարձաւ այն դիտարկումներուն, թէ յեղափոխական խանդավառութիւնը նուազած է: Ըստ անոր՝ ընդհակառակը ժողովուրդին մօտ խանդավառութիւնը աւելի մեծցած է:

«Իմաստն այն չէ, որ ես դարձել եմ ՀՀ վարչապետ, ես ընտրուելուց յետոյ եկել եմ Հանրապետութեան հրապարակ եւ յայտարարել՝ դուք յաղթեցիք: Յաղթանակի իմաստն այն չէ, որ ես ընտրուել եմ վարչապետ: Յաղթանակն այն է, որ դուք էք որոշել, թէ ով դառնայ ՀՀ վարչապետ: Դա է յաղթանակի իմաստը: Այս դէպքում էլ դուք էք որոշում, թէ ով լինի Հրազդանի, Կապանի քաղաքապետ: Այս ընտրութիւնների արդիւնքում յեղափոխական էյֆորիան (բերկրութեան զգացում-Խմբ.) կրկնապատկուել է: Երեւանի աւագանու ընտրութիւններից յետոյ ասում էին, թէ ինչու պէտք է միջամտէինք ընտրութիւններին, որովհետեւ յեղափոխական էյֆորիան դեռ կայ: Ասում են՝ այ, որ պարտուելիս լինէք, այն ժամանակ կը գնաք կը կեղծէք արդիւնքները: Ահա ձեզ Կապանի քաղաքապետի ընտրութիւնները որպէս օրինակ, որ այդպէս չէ: Հիմնական քաղաքական իմաստն այն է, որ ժողովուրդը որոշեց ով ընտրուի: Ասեմ, որ մեր թեկնածուներից երկուսը չի յաղթել», ըսաւ Փաշինեան:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top