Սփիւռքի Հայագիտական Կենտրոնները՝ Որպէս Ինստիտուցիոնալ Մտաւոր Շտեմարան

1106aristagkes

ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՒՈՐԵԱՆ

ՎԱՀՐԱՄ ՀՈՎԵԱՆ

 

1106aristagkes

Արիստակես Սիմաւորեան

Ազգային ներուժի բացայայտման եւ համախմբման խնդիրը իւրայատուկ բնոյթ ունի սփիւռք ունեցող երկրների համար: Այդպիսի պետութիւններում, բացի ներքին պաշարներից, կարեւորւում է նաեւ արտաքինը՝ ի դէմս սփիւռքեան համայնքների: Վերջիններս ցանկացած երկրի համար կարեւոր ներուժ են՝ մարդկային, տնտեսական, քաղաքական (որպէս լոպիիստական գործունէութեան միջոց) եւ այլ առումներով:

Սփիւռքի հնարաւորութիւններն օգտագործելու խնդիրը պէտք չէ դիտարկուի պարզունակ՝ արտերկրի համայնքներից միակողմանի օգնութիւն ստանալու ձեւով, որի հիմքում ընկած են ազգային զգացմունքները, այն է՝ սեփական երկրից հեռու բնակուող մարդկանց՝ հայրենիքին եւ հայրենակիցներին օգնելու անկեղծ մղումը: Սփիւռքի հետ համագործակցութիւնն արդիւնաւէտ է այն ժամանակ, երբ խարսխւում է համազգային նպատակներին ծառայող փոխշահաւէտ գործողութիւնների վրայ: Պատահական չէ, որ վերջին շրջանում աշխարհի շատ երկրներում մեծապէս աճել է գիտավերլուծական հանրութեան հետաքրքրութիւնը սփիւռքագիտական հետազօտութիւնների նկատմամբ:

Քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագաւառներից բացի, կարեւոր նշանակութիւն ունի նաեւ հայրենիք-սփիւռք գործակցութիւնը գիտութեան եւ ընդհանրապէս մտաւոր գործունէութեան ոլորտում, քանի որ յատկապէս ժամանակակից աշխարհում դժուար է գերագնահատել մտաւոր ներուժի դերն ազգերի եւ պետութիւնների յաջողութիւններում: Սոյն հանգամանքը Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան պատկան մարմինների համար հրամայական է դարձնում Սփիւռքի մտաւոր պաշարների բացայայտման, համախմբման, համագործակցութեան ուղիների մշակման հարցը:

Այս ուղղութեամբ որոշակի քայլեր արդէն իրականացուել են: Յատկանշական են ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպած առանձին մասնագիտութիւնների գծով (բժիշկներ, ճարտարապետներ, իրաւաբաններ եւ այլն) համահայկական համաժողովները: Այս պարունակում կարեւորութիւն ունի նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան, ԵՊՀի եւ «Նորավանք» ԳԿՀի կողմից 2012թ. Նոյեմբերին Երեւանում հրաւիրուած Քաղաքագէտների եւ միջազգայնագէտների համահայկական համաժողովը (1):

1106vahramhovian

Վահրամ Հովեան

ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ «Նորավանք» ԳԿՀ համագործակցութեամբ վերջին տարիներին իրականացուել են նաեւ ազգային մտաւոր ներուժի բացայայտմանը միտուած մի շարք հետազօտական ծրագրեր: Այդպիսիք են՝ «Հայութիւնն Իսրայէլում. որոշ խնդիրներ» (Երեւան, 2009) (2), «Հայկական տեղեկատուական համայնքային պաշարները յետ-խորհրդային երկրներում» (Երեւան, 2009) (3), «Յետ-խոր-հրդային երկրների հայկական համայնքների ինքնութեան խնդիրները եւ տեղեկատուական պաշարները» (Երեւան, 2010) (4), «Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարաւային Ռուսաստանում» (Երեւան, 2010) (5), «Հայ համայնքն ԱՄՆում» (Երեւան, 2010) (6), «Արեւելեան Եւրոպայի հայ համայնքների խնդիրները» (Երեւան, 2011) (7) ծրագրերը:

Ներկայումս իրականացւում են «Սփիւռքի գիտավերլուծական հանրութիւնը. կազմակերպչական խնդիրներ եւ համագործակցութեան հեռանկարներ» եւ «Հայագիտական կեդրոնները սփիւռքում. ներուժի գնահատում» հետազօտական ծրագրերը:

Առաջին ծրագրի նպատակն է արտերկրի «Ուղեղային կենտրոններում» եւ ակադեմական կառոյցների ընկերաբանութեան ոլորտի ազգութեամբ հայ մասնագէտների յայտնաբերումը, հաշուառումը, նրանց միջեւ, ինչպէս նաեւ հայաստանեան գիտավերլուծական հանրութեան հետ համագործակցութեան ուղիների մշակումը: Երկրորդ ծրագիրը նուիրուած է հայագիտութեան բնագաւառում Սփիւռքի մտաւոր ներուժի բացայայտմանը եւ առաւել նպատակային օգտագործմանը:

Մտաւոր կառոյցների կամ հաստատութիւնների մակարդակով ազգային մտաւոր ներուժի բացայայտումն ու հաշուառումն առաւել կարեւոր են յատկապէս այն առումով, որ համակարգային խնդիրներ լուծելիս խմբային աշխատանքն ակնյայտօրէն աւելի արդիւնաւէտ է, քան՝ անհատականը: Որպէս Սփիւռքի մտաւոր գործունէութեան բնագաւառում գործող հաստատութիւններ հիմնականում հանդէս են գալիս հայագիտական կենտրոնները, որոնց թիւը ներկայումս հաշուըւում է տասնեակներով («Զօրեան» հիմնարկ (8), Հայկազեան համալսարան (9), Վենետիկի Մխիթարեան միաբանութիւն եւ այլն): Վերջիններս, միասին վերցրած, կազմում են արտերկրում հայագիտութեան հիմնական հայկական մտաւոր ներուժը:

Սփիւռքի հայագիտական կենտրոնները, ունենալով ընդհանուր հայագիտական թեմատիկ ուղղուածութիւն, այլ յատկանիշներով տարբերւում են միմեանցից: Օրինակ, ըստ գործունէութեան ձեւի, դրանք կարող են ունենալ գիտակրթական, հետազօտական, վերլուծական եւ այլ բնոյթ, կամ տարբեր կարող են լինել դրանց ֆինանսաւորման աղբիւրները:

Ինչ վերաբերում է թեմատիկ ուղղուածութեանը, ապա հարկ է նշել, որ հայագիտութիւնը լայն գիտական բնագաւառ է եւ ունի իր ներքին ուղղութիւններն ու ճիւղաւորումները: Հետեւաբար ընդհանուր հայագիտական ուղղուածութիւնը բնաւ չի նշանակում միօրինակութիւն՝ հայագիտական կեդրոնների գործունէութեան թեմատիկայում: Որոշ կենտրոններ ունեն քաղաքական թեմատիկ ուղղուածութիւն, միւսները՝ ազգագրական, սփիւռքագիտական եւ այլն:

Առայսօր իրականացուել են առանձին հայագիտական կենտրոնների վերաբերեալ հետազօտութիւններ: Սակայն հայագիտական կենտրոնների ամբողջական հետազօտութիւն՝ նրանց ներուժի բացայայտման եւ գնահատման նպատակով, դեռեւս իրականացուած չէ, ինչը կարեւոր նշանակութիւն ունի նրանց գործունէութիւնն առաւել արդիւնաւէտ եւ նպատակային հունով տանելու, համագործակցութեան ուղիներ մշակելու, հայաստանեան գիտական կենտրոնների հետ կապերն ամրապնդելու եւ այլ առումներով:

Սփիւռքի հայագիտական կենտրոնների հետազօտութիւնը գիտական տեսանկիւնից լուծում է երկու առանցքային խնդիր՝ տեսական եւ գործնական, որոնք էլ, իրենց հերթին, բաժանւում են ենթախնդիրների:

Տեսական առումով, հայագիտական կեդրոնների հետազօտութիւնը կրում է հիմնականում ճանաչողական բնոյթ՝ մեծ հաշուով յանգելով դրանց ներուժի բացայայտմանը եւ գնահատմանը: Այս պարունակում կարեւորւում են հետեւեալ հիմնական խնդիրների առաջադրումն ու լուծումը.

Սփիւռքի հայագիտական կենտրոնների ցանկի կազմում, որի հիմնական ճանապարհը համացանցային որոնումներն են:

Այդ կենտրոնների վերաբերեալ տուեալների շտեմարանի ձեւաւորում, որի գլխաւոր ուղին համացանցից եւ այլ աղբիւրներից (մամուլ, գրքեր, տեղեկագրեր) դրանց մասին անհրաժեշտ տեղեկատուութեան հաւաքումն ու համակարգումն է:

Հաւաքուած տեղեկատուութեան վերլուծութիւն՝ համեմատութեան, համադրութեան եւ այլ մեթոտներով:

Հայագիտական կենտրոնների ներուժի գնահատման յստակ մեթոտաբանութեան մշակում՝ գնահատման չափորոշիչների եւ չափանիշների որոշում:

Ըստ մշակուած մեթոտաբանութեան՝ Հայագիտական կենտրոնների ներուժի գնահատում:

Գործնական նշանակութեան առումով, Սփիւռքի հայագիտական կենտրոնների հետազօտութիւնը յանգում է դրանց բացայայտուած եւ գնահատուած ներուժն առաւել արդիւնաւէտութեամբ ՀՀ, Արցախի Հանրապետութեան եւ հայութեան շահերին համադասելուն: Այն ենթադրում է.

Ըստ ներուժի՝ հայագիտական կենտրոնների համար նպատակային գործունէութեան ոլորտների, մակարդակների եւ խնդիրների նախանշում:

Հայագիտական կենտրոնների ներուժի բարձրացման եղանակների մշակում:

Համագործակցութեան ընդհանուր ոլորտների, նպատակների եւ մեքանիզմների (մեքենակառոյցներու-Խմբ.) վերհանում:

Չնայած՝ Սփիւռքի հայագիտական կենտրոնների գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացման խիստ գործնական հարցը ենթադրում է լուրջ գիտական հետազօտութիւններ ու մանրամասն վերլուծութիւններ, սակայն այս պահին արդէն իսկ կարելի է անել մի շարք դատողութիւններ, որոնք կարող են ուղենիշ դառնալ հետագայ ուսումնասիրութիւնների համար:

Խօսքը վերաբերում է հայագիտական կենտրոնների իրականացրած հետազօտութիւնների ոլորտներին: Այդ հետազօտութիւններն իրենց բնոյթով եւ նշանակութեամբ կարելի է բաժանել երեք մասի՝ ճանաչողական, քարոզչական եւ կիրառական:

Ճանաչողական բնոյթի հետազօտութիւնները կենտրոնանում են հիմնականում հայոց պատմութեան, հայ բանասիրութեան, հայկական մշակոյթի, ազգագրութեան եւ այլ գիտական ուղղութիւնների տարաբնոյթ խնդիրների վրայ:

Քարոզչական բնոյթի հետազօտութիւնները հիմնականում գտ-նւում են ցեղասպանագիտութեան ոլորտում: Դրանց նպատակն է ինչպէս հայութեանը, այնպէս էլ համաշխարհային հանրութեանը ծանօթացնել Մեծ Եղեռնի արհաւիրքներին: Քարոզչական բնոյթի հետազօտութիւնների մէջ, բացի ցեղասպանագիտական հետազօտութիւններից, որոշակի տեղ ունեն նաեւ Հայ Դատի այլ խնդիրներին նուիրուած ուսումնասիրութիւնները:

Կիրառական բնոյթի հետազօտութիւնները միտուած են ազդեցութիւն ունենալու գործնական քաղաքականութեան վրայ՝ նպ-աստելով գործնական հարթութիւնում համազգային խնդիրների լուծմանը:

Ճանաչողական եւ քարոզչական բնոյթի հետազօտութիւնները չնայած անմիջականօրէն մեծ ազդեցութիւն չեն գործում գործնական քաղաքականութեան վրայ, այնուամենայնիւ, լիովին զուրկ չեն կիրառականութիւնից: Ճանաչողական բնոյթի հետազօտութիւնների պարագայում կիրառականութիւնը Սփիւռքում հայ ինքնութեան, ազգային ինքնագիտակցութեան ու մշակոյթի պահպանման եւ զարգացման մէջ է: Քարոզչական բնոյթի հետազօտութիւնների կիրառականութիւնը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպէս նաեւ Հայ Դատի հիմնախնդիրների լուծման ասպարէզում հնարաւորինս բարենպաստ հասարակական կարծիքի ձեւաւորումն է:

Կարեւորելով ճանաչողական եւ քարոզչական բնոյթի հետազօտութիւնների նշանակութիւնը, որոնք գերակշռում են Սփիւռքի հայագիտական կենտրոնների գոր-ծունէութեան մէջ, պէտք է նշել, որ պակաս կարեւոր չեն նաեւ կիրառական բնոյթի հետազօտութիւնները, որոնց առայժմ բաւարար տեղ չի տրւում:

Կարծում ենք, որ կիրառական բնոյթի հետազօտութիւնները նպատակայարմար է կենտրոնացնել այն հրատապ հիմնահարցերի վրայ, որոնք ներկայումս ծառացած են ինչպէս հայութեան, այնպէս էլ Հայաստանի եւ Արցախի առջեւ: Այդ հետազօտութիւնների կիրառականութիւնը կը լինի հայութեան, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած ժամանակակից հրատապ հիմնախնդիրների լուծման գործնական ուղիների մշակումը՝ նախապէս վերհանելով այդ խնդիրների առաջացման պատճառներն ու հանգամանքները:

Որպէս հայութեան առջեւ ծառացած հիմնահարցեր՝ անհրաժեշտ ենք համարում կենտրոնանալ հետեւեալ հիմնական խնդիրների վրայ.

Հայ Դատ. այս ոլորտում հետազօտութիւնները նպատակայարմար է կենտրոնացնել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման, պատճառուած վնասի վերականգնման (10), փոխհատուցման եւ այլ խնդիրների լուծման համար նպաստաւոր քաղաքական, իրաւական եւ այլ ուղիների մշակման վրայ:

Հայաստանի ապաշրջափակում. այս հարցում նպատակայարմար է հետազօտութիւնների առարկայ դարձնել Թուրքիայի եւ Ադրպեճանի կողմից Հայաստանի եւ Արցախի շրջափակման վերացման պայքարում արդիւնաւէտ ռազմավարութեան ու մարտավարութեան մշակման, համարժէք մեթոտների ընտրութեան հարցերը:

Արցախեան հիմնահարցի հայանպաստ լուծում: Այս ոլորտում խնդիրները նոյնպէս ընդգրկում են լայն շրջանակ՝ Ադրբեճանի ռազմատենչ քաղաքականութեան զսպումից մինչեւ Արցախի անկախութեան իրաւական ճանաչում:

Հայաստանի եւ Արցախի զարգացման ծրագրեր (11): Խօսքը հայկական երկու հանրապետութիւնների ընկերային-տնտեսական, գիտամշակութային, կրթական, ռազմական, ժողովրդագրական զարգացման, ինչպէս նաեւ նրանց խոր համարկման (12) մասին է: Այս ոլորտը նոյնպէս ունի ռազմավարական նշանակութիւն, քանի որ առանց համապարփակ զարգացման եւ համարկման՝ մեր ժամանակներում լուրջ սպառնալիքի տակ կը դրուի Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը:

Առաջին երեք հիմնախնդիրների ուղղութեամբ հայագիտական կենտրոնները համագործակցութեան մեծ դաշտ ունեն Սփիւռքի լոպիստական կառոյցների հետ: Մինչեւ այժմ վերջինները Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման, Հայաստանի ապաշրջափակման, ղարաբաղեան հակամարտութեան հայանպաստ կարգաւորման համար պայքարում հիմնականում չեն օգտուել հայագիտական կենտրոնների գիտական աջակցութիւնից, մինչդեռ այդ աջակցութիւնը կարող է էապէս նպաստել նրանց պայքարի արդիւնաւէտութեան բարձրացմանը: Լոպիստական կառոյցների եւ հայագիտական կենտրոնների համագործակցութեան արդիւնքում վերջիններս կարող են վերածուել Սփիւռքի իւրայատուկ «Ուղեղային կենտրոնների»՝ գիտականօրէն սպասարկելով լոպիստական կառոյցների գործունէութեանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արցախի զարգացման ծրագրերին, ապա այս հարցում համագործակցութեան մեծ տեղ կայ հայաստանեան եւ արցախեան իշխանութիւնների, քաղաքական ուժերի, ինչպէս նաեւ գիտական եւ վերլուծական կառոյցների հետ:

 

(1) Տե՛ս, օրինակ,  http://tert.am/am/news/2012/11/19/21-dari-martahraver-hamajoghov/

(2) http://www.noravank.am/upload/pdf/3.book.pdf

(3) http://www.noravank.am/upload/pdf/1.book.pdf

(4) http://www.noravank.am/upload/pdf/  Hetkhorhrdayin Yerkrner.pdf

(5) http://www.noravank.am/upload/pdf/ Haykakan hamainqner.pdf

(6) http://www.noravank.am/upload/pdf/USA_book.pdf

(7) http://www.noravank.am/upload/book.pdf

(8) http://www.zoryaninstitute.org/

(9) http://www.haigazian.edu.lb/Default.aspx

(10) Օրինակ, բռնագրաւուած եկեղեցական գոյքի վերադարձման խնդիրը: Մանրամասն տե՛ս Հովեան, Վ., «Եկեղեցական Գոյքի Վերադարձման Խնդիրը Թուրքիայում», Կլոպուս, 2013, թիւ 1 (34), էջ 37-43:

  1. Հայաստանի եւ Արցախի զարգացման հիմնախնդիրներին անդրադարձ կատարելիս պէտք չէ մոռացութեան մատնուի նաեւ Ջաւախքը, որը հայութեան աշխարհընկալումներում պէտք չէ տարբերուի Հայաստանի տարածաշրջաններից (Լոռի, Կոտայք, Գեղարքունիք եւ այլն):
  2. Խոր համարկման վերջնանպատակը Հայաստանի եւ Արցախի միաւորումն է մէկ պետական համակարգում, ինչին էլ պէտք է միտուած լինի մշակուող ծրագրերի տրամաբանութիւնը:

 

ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՒՈՐԵԱՆ՝ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կեդրոնի ղեկավար

ՎԱՀՐԱՄ ՀՈՎԵԱՆ՝ «Նորավանք», ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագէտ

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top