Կեցցէն Նրանք, Որ Կը Գան…

1109davitvanyan

1109davitvanyan

ԴԱՒԻԹ ՎԱՆԵԱՆ

 

Մենք աշխարհի հնագոյն  ժողովուրդներից ենք՝ գրեթէ ամէն բան տեսած, քիչ եզրակացութիւններ արած: Մեր պատմութիւնը հարուստ է կորուստներով,  ցաւով ու արհաւիրքի կապարէ ծանրութեամբ:

Մեր երկիրը, նաեւ մեր եսասիրութեան հետեւանքով, բալզակեան «Շագրենի Կաշի»ի պէս փոքրացել է, դարձել գրպանում տեղաւորելի, բայց մենք՝ ինքնասիրահարուած, շարունակում ենք  իւրաքանչիւրս իր վրայ քաշել  ծածկոցը՝ կողքինին թողնելով մրսելու:

Հիմա յեղափոխութիւն է:

Ոմանք ասում են իշխանափոխութիւն:

Ինչ էլ որ դնէք անունը, ժամանակն է ժողովրդին միաւորելու ու միասնաբար կերտելու այն երկիրը, որտեղ հայն ազատ է լինելու ու երջանիկ, վեր է բարձրանալու մանր հաշիւներից, մտածելու է ոչ թէ կողքինից վերցնելու, այլ միւսներին տալու մասին: Ինքն է արարելու, ստեղծելու, աշխարհին տալու, աշխարհը հարստացնելու:

Կեցցէն նրանք, ովքեր կը գան ու այդ ապագայ պետութեան հիմքերը կը դնեն, որտեղ ուսումը անվճար կը լինի թէ՛ Հայաստանում, թէ՛ աշխարհի ամէն մի Բուհում (համալսարան-Խմբ.), որտեղ սովորել կը ցանկանայ հայ դիմորդը:

Կեցցէն նրանք, ովքեր մեծ հայրենադարձութեան սկիզբը կը դնեն, կ՛ապահովեն մարդկանց աշխատանքով ու տանիքով:

Կեցցէն նրանք, ովքեր իւրաքանչիւր ծնուած երեխայի դիմաց մի կլորիկ գումար կ՛ապահովեն պետական բանկում, իսկ երրորդ ու չորրորդ երեխաների դէպքում անտոկոս վարկեր կը տրամադրեն ու կը չէզոքացնեն բոլոր նախկին պարտքերը:

Կեցցէն նրանք, ովքեր համահայկական բանկ կը ստեղծեն ու վճարումների անկախ մի համակարգ:

Կեցցէն նրանք, ովքեր ժողովրդին կ՛ասեն ճշմարտութիւնը, կը սովորեցնեն տեսնել ժամանակակից աշխարհի վտանգները, երկիրը կը փոխադրեն ռազմավարական մեծագործութիւնների ռելսերի (երկաթագիծերու-Խմբ.) վրայ, կ՛արտադրեն լաւագոյն զէնքերը, սոցիալապէս կ՛ապահովեն զինուորներին ու կը ձերբազատեն  նահատակների ընտանիքներին պարտքերից եւ անյաղթահարելի հոգսերից:

Կեցցէն նրանք, ովքեր կ՛արգելեն խաղադրոյքային էկոնոմիկան, կ՛ազգայնացնեն հանքերն ու հանքարդիւնաբերութիւնը, այդ ոլորտը կը ծառայեցնեն ազգային դրամագլխի գոյացմանը:

Կեցցէն նրանք, ովքեր Հայաստանի բնութիւնը, ջրային ռեսուրսները, հովիտներն ու մարգագետինները կ՛ենթարկեն օրէնքի խստագոյն պաշտպանութեանը:

Կեցցէն նրանք, ովքեր, սեփական շահը ստորադասելով,  կ՛երջանկանան՝ ընդհանուրին ծառայելով:

Կեցցէն նրանք, ովքեր մեր երկիրը կը հանեն փակուղային մտածողութիւնից ու կը դարձնեն օրինակելի համայն մարդկութեան համար:

Մենք այս ամէնին հասնելու բոլոր հնարաւորութիւններն ունենք:

Եւ ուրեմն՝ կեցցէն նրանք, ովքեր կ՛ընդլայնեն կամքի ու մտածողութեան սահմանները  ու վեր խոյանալու բոլոր հիմքերը կը դնեն:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top