«Թոյլ Չենք Տայ, Որ Ղարաբաղով Գին Վճարուի Քաղաքական Ուղղութիւն Փոխելու Համար»

1128hrandmarkarian

1128hrandmarkarian

 

«ԱՐԱՐԱՏ» ՊԱՏԿԵՐԱՍՓԻՒՌԻ ԿԱՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ

Ստորեւ՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի՝ «Արարատ» պատկերասփիւռի կայանի «Հարցազրոյց» հաղորդաշարին տուած հարցազրոյցին ամբողջական սղագրութիւնը.

 

«ԱՐԱՐԱՏ».- Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների եւ արտաքին սպառնալիքների մասին ենք այսօր խօսելու: Մեր հիւրը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանն է: Մի քանի օր է մնացել քարոզարշաւին, ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Դաշնակցութիւնում եւ ի՞նչ մարտավարութիւն էք ընտրելու այս իւրօրինակ քարոզարշաւի եւ ընտրութիւնների համար:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Մենք քարոզարշաւը տանելու ենք այնպէս, որ մեզ է յատուկ: Մենք աշխուժացնելու ենք մեր շարքերը, մեր կառոյցը, կազմակերպութիւնը, եւ որովհետեւ քարոզարշաւի ժամանակահատուածը շատ կարճ է, փորձելու ենք օգտուել մեր կազմակերպական կարողականութիւններից: Կառոյցը պէտք է աշխատի, որպէսզի մենք յաջողութիւն ունենանք: Կարծում եմ, այլապէս կարող է յաղթել միայն ամբոխավարութիւնը, որովհետեւ տրամաբանական խօսքը այս տասը օրուայ ընթացքում հնարաւորութիւն չունի կայանալու, շրջանակ ստեղծելու, մթնոլորտ ստեղծելու եւ համոզելու:

 

«ԱՐԱՐԱՏ».- Դուք ոչ մրցունակ էք լինելու այս պայմաններում, եթէ անէք դասական քարոզարշաւ: Դուք ասում էք, մեզ բնորոշ քարոզարշաւ, եթէ անէք այնպիսին, ինչպիսին արել էք նախորդ ընտրութիւնների ժամանակ:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Որոշները մտածում են հակադրուելով քարոզչութիւն անել, որոշները մտածում են, տեղաւորուելով մեծ ալիքի շրջանակում հասնել ինչ որ յաջողութեան, մենք այդպէս չենք անելու: Մենք մեր խնդիրները յստակ արծարծելու ենք, պարզ եւ ուղիղ ասելու ենք մեր ժողովրդին եւ ակնկալելու ենք, որ ժողովուրդը համանման վերաբերմունք ցոյց տայ մեզ: Հարցն այն է, որ մենք ժողովրդի հետ եղած յարաբերութիւններում չենք յարաբերուել, չենք առնչուել ամբոխավարութեամբ, խաբեբայութեամբ, կեղծ ժողովրդականութեամբ: Մենք այդպէս չենք առաջնորդուել: Ասել ենք բաներ, որ հասկացել ենք՝ ժողովուրդը չի սիրի դա, չի հաւանի: Ասել ենք՝ պէտք չէ զիջենք Ղարաբաղի պայքարում, շատ լաւ հասկանալով, որ մեր ժողովրդի մի կարեւոր մաս՝ դա չի ընդունի, որովհետեւ երեխայ ունի, զինուորական տարիքի զաւակ ունի:

 

«ԱՐԱՐԱՏ».- Դուք ասելո՞ւ էք, որ պէտք չէ զիջենք Ղարաբաղի հարցում, որովհետեւ այսօր յստակ մարտահրաւէրներ ենք տեսնում:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Այո, բնականաբար:

 

«ԱՐԱՐԱՏ».- Մինչեւ վերջ անկե՞ղծ էք լինելու ձեր ընտրողների հետ պարոն Մարգարեան:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Մենք միշտ ենք անկեղծ եղել անցած 28 տարուայ ընթացքում, եւ ոչ միայն անցած 28 տարուայ, անցած 128 տարուայ ընթացքում, եւ անկեղծ ենք լինելու մինչեւ վերջ, ուրիշ ելք չունենք: Մենք տարբերւում ենք բոլոր քաղաքական կուսակցութիւններից մի հարցում՝ միւս կուսակցութիւնները պահի յաջողութեան խնդիր ունեն, ա՛յս պահին յաջողութիւն արձանագրելու: Մենք ունենք շարունակական յաջողութիւն արձանագրելու խնդիր: Մենք պէտք չէ անենք մի բան, որ մեզ յաջորդող սերունդը, մեզ յաջորդող Դաշնակցութիւնը ամաչի դրա համար:

 

«ԱՐԱՐԱՏ».- Պարոն Մարգարեան, հիմա սկզբունքայնութիւնը նորոյթ չէ, դուք ինքներդ էլ կը փաստէք:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Մենք այնքան մեծ ենք, որ նորոյթով պէտք չէ առաջնորդուենք, այնքան մեծ ենք, որ պիտի առաջնորդուենք միայն մեր ազգի եւ հայրենիքի շահով, անկախ նրանից, թէ ներկայ ժամանակահատուածում ինչն է գնահատւում: Անկախ ամէն ինչից, մենք դրան հաւատարիմ ենք մնալու, հաւատարիմ ենք մնալու մեր ժողովրդին, մեր հայրենիքին, մեր հողին եւ հային: Հաւատարիմ ենք մնալու, որովհետեւ մեր էութիւնն է դա: Մենք ամէն ինչ չենք անի, որ շատ քուէ բերենք, մենք կ՛անենք այնքան, որ մեր ժողովրդի գիտակից քուէն ապահովենք:

 

«ԱՐԱՐԱՏ».- Բայց այդ գիտակից քուէի փաստը արձանագրուեց Երեւանի ընտրութիւնների ժամանակ, թէ՞ դրանք տարբեր ընտրութիւններ են պարոն Մարգարեան:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ես կարծում եմ, որ Երեւանի աւագանու ընտրութիւնների ժամանակ այդ գիտակից քուէն չարձանագրուեց:

 

«ԱՐԱՐԱՏ».- Ի՞նչ յոյս ունէք, որ խորհրդարանական ընտրութիւններին կ՛արձանագրուի, այսինքն, այս մէկ ամսուայ ընթացքում ի՞նչ փոխուեց:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Այո՛, ես գիտեմ, որ վտանգ կայ, վտանգ կայ, որ յառաջիկայ օրերին նորից կեղծ օրակարգեր կը ստեղծուեն, նորից ձերբակալութիւններ կը լինեն, մթնոլորտը կը թէժանայ, այն կը տանեն մէկ այլ ուղղութեամբ: Կարող են սա անել: Հարցն այն է, որ այս ընտրութիւնները մեր կեանքի միակ նպատակը չեն: Այսօր մենք կարող ենք չունենալ լաւ արդիւնք, բայց ես վստահ եմ, որ 3 ամիս յետոյ, 6 ամիս յետոյ, 9 ամիս կամ մէկ տարի յետոյ  մենք կ՛ունենանք շատ լաւ արդիւնք: Մենք այդ կազմակերպութիւնն ենք. լուրջ, ծանրակշիռ, մենք օրուայ պահի համար չէ, որ աշխատում ենք: Մենք չենք աշխատում, որ Արմէն Ռուստամեանին վարչապետ դարձնենք: Դա չէ մեր կեանքի նպատակը:

 

«ԱՐԱՐԱՏ».- Բայց ժողովուրդը սիրում է պահի տակ արուած յայտարարութիւնը պարոն Մարգարեան:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ես կարծում եմ, նոյն ժողովուրդը կարող է գնահատել, թէ ով է լուրջը, հետեւողականը, սկզբունքայինը, կայունը՝ այս ժողովրդի եւ այս հայրենիքի զաւակը: Մեր ժողովուրդը կարող է դա գիտակցել: Մեզ քննադատում են, յաճախ ասում են՝ երեւակայական աշխարհում էք եւ նման բաներ, բայց մեզ յարգում են: Յարգում են, որովհետեւ գիտեն՝ մենք հայրենասէր ենք, գիտեն, որ մենք ժողովրդի շահերին չենք դաւաճանի, գիտեն, որ մենք այս հարցում լուրջ ենք եւ սա է ամենակարեւորը, եւ սա ամենամեծ ձեռքբերումն է, որ Դաշնակցութիւնը բերել է: Կարող է դա չդառնայ ինչ որ պահի քուէ, բայց մի օր անպայման կը դառնայ վերաբերմունք եւ վիճակ ստեղծող կացութիւն:

 

«ԱՐԱՐԱՏ».- Դուք ասացիք, որ կը լինեն ձերբակալութիւններ այս ընթացքում, ինչ որ մարդկանց կը բռնեն, ինչ որ մարդկանց բաց կը թողնեն: Իշխանութիւնների, այսպէս ասած, խոշորացոյցի տակ Մարտի 1ի հարցն է: Այս ողջ ընթացքում մենք տեսնում ենք բազմաթիւ մամուլի հաղորդագրութիւններ, Յատուկ քննչական ծառայութեան պետի յայտարարութիւնները, վարչապետի յայտարարութիւնները: Սկզբում յայտարարեց, որ ամբողջութեամբ բացայայտուած է, բայց մենք այդ ամբողջական բացայայտմանը ականատես չեղանք: Այս քարոզարշաւի ընթացքում հնարաւո՞ր է, որ ձերբակալութիւններ լինեն:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Չեմ բացառում, որովհետեւ դա դարձել է քաղաքական մթնոլորտի շահարկման նիւթ:

 

«ԱՐԱՐԱՏ».- Եւ որ ամենավտանգաւորն է, ժողովրդին դա դուր է գալիս:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ժողովրդի մի ինչ որ մասի է դա դուր գալիս: Բայց ես կարծում եմ օր-օրի ժողովրդի մի մասը սկսել է մտահոգուել, դժգոհել, ի՞նչ է տեղի ունենում այս երկրում: Մի առիթով, վերջերս ասել եմ, հիմա մենք փորձում ենք ողջ ժողովրդին յանցագործ տեսնել: Այն բոլոր շերտերը, որ պայմանների բերումով, կացութեան բերումով, ճարահատ կամ մթնոլորտի ազդեցութեան տակ, մանր չարչիական մակարդակի անօրինական գործողութիւններ են արել, դրանք խոշորացուել, բերուել են առաջին գիծ, եւ մարդկանց սկսել են ահաբեկել: Գիւղապետ ես, եթէ այսպէս չաշխատես, եթէ սրան չքուէարկես, եթէ այսինչ ուժի հետ համագործակցես, մենք գործ կը սկսենք քեզ հետ: Դպրոցի տնօրէն ես՝ նոյնպէս, ուսուցիչ ես՝ նոյնպէս, պաշտօնեայ ես՝ նորից նոյնպէս: Իսկ սա մեր ժողովրդի մի կարեւոր մասն է: Խօսքս չի վերաբերւում այն խոշորներին, որոնք մեծ թալանի են մասնակից եղել: Բնականաբար մեծ թալանի մասնակիցներից ոչ մէկը պէտք չէ ներուի եւ բոլորն էլ պէտք է պատասխան տան:

 

«ԱՐԱՐԱՏ».- Ոչ մէկը նստած չէ այսօր պարոն Մարգարեան:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Գիտեմ, այդ առումով ես խնդիր չունեմ, իսկ ինչ վերաբերւում է Մարտի 1ին, այստեղ հարցը շատ աւելի լուրջ է: Լաւ, քանի տարի է անցել Մարտի 1ից, բայց մեր ժողովուրդը անընդհատ Մարտի 1ի պատանդի վիճակում է: Նախկինները դատում էին ներկաներին, ներկաները դատում են միայն նախկիններին: Եւ սա հաւատք չի ներշնչում, որ ի վերջոյ իրականութիւնը պէտք է բացայայտուի: Իրականութիւնը պէտք է բացայայտուի եւ փակուի այդ էջը, այդ վէրքը պէտք է սպիանայ ժողովրդի մէջ, չի կարող դա անընդհատ վէրք մնայ մարմնի վրայ: Դա վէրք է, բայց այդ վէրքը բուժելու համար, սպիացնելու համար՝ այլ միջոց է պէտք: Գուցէ ճիշդն այն է, որ բոլորս դիմենք միջազգային որեւէ անկախ ատեանի, որ անաչառ քննութիւն անցկացնի: Եւ քննի ո՛չ միայն Ռոպերթ Քոչարեանին, քննի նաեւ Լեւոն Տէր Պետրոսեանին, Նիկոլ Փաշինեանին, եւ յանցաւորները իսկապէս պատասխան տան իրենց յանցանքի չափով: Իսկ երբ հարցը դրւում է, որ մեղադրանքներ են հնչում, որոնք մեկնաբանութեան եւ ենթակայական մեկնաբանութեան շատ բաներ են պարունակում իրենց մէջ, այդ մեղադրանքներով կարելի է դատել նաեւ այսօրուայ  իշխանաւորներին, որովհետեւ զարմանալի է, ինչու մէկ պարագայում դա յանցանք է, մէկ այլ պարագայում յանցանք չի: Սրանք խնդիրներ են, որոնց դէպքում, ես կարծում եմ, որ արդէն մեր ժողովրդի համբերութիւնը չարաշահւում է: Բարեբախտաբար մենք Մարտի 1ին ո՛չ այս կողմն ենք եղել, ո՛չ այն: Եւ եղել ենք այն ուժը, որ կանխատեսել է Մարտի 1ը եւ փորձել է ամէն ինչ անել, որպէսզի կանխենք, որ դա տեղի չունենայ, որպէսզի զոհ չունենանք, որպէսզի մեր երկիրը չխայտառակուի, բայց չյաջողեցինք: Մենք այս ու այն կողմում չենք եղել, մենք այդ մեղաւորների շարքում չենք, բայց մի ակնկալիք ունենք, վերջապէս ճշմարտութիւնը պէտք է պարզուի: Եւ ճշմարտութիւնը կը բացայայտուի միայն անաչառ դատական համակարգի շնորհիւ:

 

«ԱՐԱՐԱՏ».- Միջազգային մասնագէտների: Երէկ այս տաղաւարում Դաւիթ Շահնազարեանն էր նոյն ձեր բառերը ասում, որ պէտք է միջազգային ինչ որ մարմին ստեղծուի եւ քննի, որ հաւատ ներշնչի եւ դուք ձեր խօսքում ասեցիք, որ պէտք չէ վրէժ լուծել Մարտի 1ով: Ինքը նաեւ Նիկոլ Փաշինեանին մեղադրում է, որ Մարտի 1ը օգտագործում է իր քաղաքական նպատակների համար: Դուք համամի՞տ էք այդ տեսակէտին:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ես չեմ լսել Դաւիթ Շահնազարեանին:

 

«ԱՐԱՐԱՏ».- Երբ ասում էք՝ վրէժ լուծի Մարտի 1ով, ի՞նչը նկատի ունէք, Նիկոլ Փաշինեանը ումի՞ց է վրէժ լուծում:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ես կարծում եմ, Նիկոլ Փաշինեանը փորձում է օգտագործել պարագան: Օգտագործել հանգամանքը քաղաքական հաշուեյարդարների համար: Ես ասում եմ, ժողովուրդը չի հաւատում դատական այս համակարգին: Որքան ուզում է Նիկոլ Փաշինեանը երդում-պատառ լինի, որ ինքը դատական համակարգի մէջ խառնուած չի, բայց ինձ եւ ինձ նման քաղաքացիների համար պարզից էլ պարզ է, որ եթէ մի դատական համակարգի մէջ 11 դատաւոր ինչ որ յանցանք գործած մարդկանց հարցը քննում են եւ բոլորին ազատում են, եւ միւս կողմից նոյնանման գործի պարագայում ոչ մէկին չեն ազատում, նշանակում է դատական համակարգը ուղղորդւում է: Ով ինչ ուզում է ասի, բայց սա է իրականութիւնը. դատական համակարգը ուղղորդւում է, սուտ է այն, որ ասում են՝ մենք չենք միջամտում, եւ քանի դեռ այսպիսին է իրողութիւնը, ոչ ոք չի հաւատալու, ոչնչի չի հաւատալու: Իսկ մեզ ճշմարտութիւնն է պէտք: Ես շահագրգռուած կողմ չեմ այս հարցում, ես այնքան եմ շահագրգռուած, որ ուզում եմ ճշմարտութիւնը բացայայտուի: Ես չեմ լսել Դաւիթ Շահնազարեանն ինչ է ասել, բայց տրամաբանութիւնն ինձ ասում է, այս պայմանների մէջ միակ բանը, որ կարող է ճշմարտութիւնը բացայայտի եւ վստահութիւն ներշնչի եւ մէկ անգամ ընդմիշտ փակի այս էջը, հաւանաբար միջազգային անաչառ, անկողմնակալ ատեանը պէտք է լինի, որ զբաղուի այս հարցով: Ցաւօք, մենք չենք կարողացել ստեղծել վիճակ, որ Մարտի 1ով, ինչպէս նախկինում նախորդները դատեցին ներկաներին, այսօր ներկաները չդատեն նախորդներին եւ ճշմարտութիւնը չմնայ չբացայայտուած:

 

«ԱՐԱՐԱՏ».- Պարոն Մարգարեան, ի՞նչ արտաքին մարտահրաւէրների առջեւ է այսօր կանգնած մեր երկիրը: Ի՞նչ սպառնալիքներ կան:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ամենակարեւոր հարցը կայ:

 

«ԱՐԱՐԱՏ».- Ղարաբաղի, Արցախի հա՞րցն է:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Այո՛, բայց որը բխում է մեր արտաքին քաղաքականութիւնից: Այսինքն, մենք արտաքին քաղաքականութեամբ ի՞նչ նպատակ ենք հետապնդում: Մի կողմից, թւում է, որ մենք նպատակ ենք հետապնդում կարգաւորել եւ տրամաբանական հարթակի վրայ բերել մեր եւ Ռուսաստանի յարաբերութիւնները, միւս կողմից՝ լռելեայն, բայց ոչ արդէն այդքան լռելեայն մէկ ընթացք է՝ արեւելում փոխելու, կողմնորոշում փոխելու, դէպի գունաւոր յեղափոխութեամբ ճանապարհ գնալու. այս երկուսն էլ կայ: Ինձ համար հարցը սա է. ուզում եմ հաւատալ, որ այն ճիգը, որ իսկապէս թափւում է Ռուսաստանի հետ յարաբերութիւնները շտկելու եւ արժանապատիւ փոխյարաբերութիւններ ստեղծելու, մեր շահերից մեկնած փոխյարաբերութիւններ ստեղծելու՝ պէտք է, որ արդիւնաւորուի: Դա իր տրամաբանութեան մէջ պէտք է համոզիչ լինի: Ինձ համար մտահոգիչ է, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, ճիշդ է, եթէ ասեմ, որ Մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մտել:

 

«ԱՐԱՐԱՏ».- Շատ պատասխանատու յայտարարութիւն է:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Դա Ղարաբաղի ապագայով պայմանաւորուա՞ծ է, թէ՞ ոչ: Պատերազմի մէջ եղած ժողովուրդ ենք մենք, պատերազմի մէջ եղող երկիր ենք մենք, ո՞վ է սրա պատասխանը տալու: Վերջապէս արտաքին քաղաքականութիւնը նշանակում է յաջողութիւն, յաջողութիւն մեր շահերը պաշտպանելու, յաջողութիւն մեր անվտանգութիւնը ապահովելու իմաստով: Արտաքին քաղաքականութիւնը յաջո՞ղ է եւ ես կարողանո՞ւմ եմ մեր շահերը պաշտպանուած տեսնել:

 

«ԱՐԱՐԱՏ».- Օր ու մէջ Նիկոլ Փաշինեանն ասում է Ռուսաստանի հետ յարաբերութիւնները փայլուն են:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ասում է փայլուն են, բայց փայլո՞ւն են: Փայլուն են, բայց զինամթերք չի մտնում Հայաստան: Փայլուն են, բայց մէկ էլ տեսնում ես, որ ինքը մի քատրային քաղաքականութիւն է գործադրում, որն ամբողջութեամբ հակառուսական է: Մինչեւ երէկ հակառուսական տրամադրութիւններ ունեցող մարդկանց տրւում էր բանալի պաշտօններ: Ես չեմ ասում, որ մենք պէտք է խեղճանանք Ռուսաստանի հետ յարաբերութիւններում: Ոչ: Առնուազն իմ կազմակերպութիւնը ներկայացնող անձը չի կարող նման բան ասել: Մենք նման բանի հաւատացած չենք, բայց հաւատացած ենք մի բանի՝ մեր շահերը կարողանո՞ւմ ենք ապահովել: Ես Ռուսաստանի շահերի մասին չեմ խօսում, ես խօսում եմ մեր շահերի մասին: Եթէ մենք նպատակ ենք դրել Ռուսաստանի հետ մեր յարաբերութիւնները շտկել եւ դրա համար գին ենք վճարում, Սիրիա խաղաղապահ զօրք ենք ուղարկում, թոյլ ենք տալիս, որ ռուսները գան այստեղ ամերիկեան ընկերութիւններին քննեն: Բաներ ենք անում, որ ենթակայի կեցուածք է եւ ոչ թէ համահաւասարի կեցուածք: Միւս կողմից ՆԱԹՕ 4 բժիշկ ենք ուղարկում մասնակցելու զօրավարժութիւնների, որի շահը որտե՞ղ է մեզ համար: Ես չգիտեմ, կան անտրամաբանական քայլեր: ՀԱՊԿի դէպքը, որքան էլ որ Պելոռուսի նախագահը եւ Ղազախստանի նախագահը անարդարացի են, ճիշդ չեն եւ սխալ են: Որքան էլ որ ասենք, բայց մենք պէտք է կարողանա՞նք այնտեղ յաջողել: Դիւանագիտութիւնը դա է, որ մենք կարողանանք մեր շահերը առաջ տանել, ոչ թէ տագնապներ ստեղծենք, տագնապներ ստեղծելով մենք Հայաստանի շահը չենք ապահովում, մենք դժուարութիւն ենք ստեղծում մեզ համար: Դիւանագիտութիւնը, քաղաքականութիւնը այն միջոցն է, որով մենք պէտք է կարողանանք մեր յաջողութիւնն ապահովել: Ես սկսում եմ նոյնիսկ յանկարծ մտածել, կարող է միտումնաւոր է տագնապը ստեղծւում, որովհետեւ գուցէ վերջին նպատակը դէպի արեւմուտք շարժուելն է: Դա էլ ինձ համար արգելուած հարց չէ, թապու չէ, բայց մենք ջրանցումի ժամանակ ձիերը չենք փոխելու: Մենք պատերազմի մէջ ենք: Այդ պատերազմի հարցով մենք պէտք է պատասխանն իմանանք: Դեռ աւելին ասեմ, Արեւմուտքը մեզ ձեռք է երկարելու Թուրքիայով:

 

«ԱՐԱՐԱՏ».- Թուրքիայո՞վ:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Բա ուրիշ ինչպէ՞ս պէտք է դա անի: Թուրքիայով է ձեռք մեկնելու մեզ: Ես մի անգամ Ամերիկայի դեսպանին եմ ասել, որ մենք հակաամերիկեան ուժ չենք, բայց քանի դեռ ձեր ձեռքը, որ մեզ էք մեկնում՝ թրքական է, մենք չենք կարող դա սեղմել:

 

«ԱՐԱՐԱՏ».- Պարոն Մարգարեան, Պոլթընը երբ Հայաստան եկաւ, ասեց, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ բոլոր կնճռոտ հարցերը կը լուծուեն: Պատմութեան կաղապարներից խօսեց, որ շատ լաւ ժամանակ է նաեւ Ղարաբաղեան հակամարտութեան հարցը լուծելու համար էլ: Այսինքն արտահերթ ընտրութիւններից յետոյ, ի՞նչ ճակատագիր է մեզ սպասւում, շարունակելով ձեր հնչեցրած մտահոգութիւնները: Գանք եզրայանգման:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Գիտէք դա միայն Պոլթընի յայտարարութիւնը չէ: Դեսպանի վերջին հարցազրոյցները նախքան մեկնելը…

 

«ԱՐԱՐԱՏ».- Միլզը, այո:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Պատահական չէր, Պոլթընի յայտարարութիւնները պատահական չէին: Ամերիկեան դեսպանատունը դեռ ամիսներ առաջ, երբ դեռ ոչինչ չկար, քաղաքական ուժերի հետ խօսել եւ ասել էր, թէ մենք չենք հասկանում, ինչու դուք խորհրդարանական ընտրութիւնները անմիջապէս չէք անում: Դա հասարակական պահանջ չէ՞ր: Նախքան այն, որ քաղաքական ուժերի պահանջն էր եւ կամ հասարակութեան պահանջը, դա ամերիկեան դեսպանատան կարծիքն էր: Սա շատ-շատ կարեւոր հարց է: Ես չգիտեմ ինչո՞ւ այսպէս հապշտապ, Դեկտեմբերի 9ին տեղի պէտք է ունենան այս ընտրութիւնները: Յուսամ, որ սա այնքանով է արդարացուած, որ Նիկոլ Փաշինեանը մտածում էր օր-օրի իր վարկանիշն ընկնում է, ուրեմն որքան շուտ անի այս ընտրութիւնները, այնքան աւելի մեծ յաջողութիւն կ՛ունենայ, որովհետեւ տեսնում էր, որ տնտեսութեան մէջ ոչ մի դրական փոփոխութիւն չկայ եւ չի կարող տեղի ունենալ յառաջիկայ ամիսներին եւ մենք դժուար ձմեռ ենք ունենալու, դրա համար արեց Դեկտեմբերին, որպէսզի քանի դեռ այդ ալիքը բարձունքի վրայ է, ինքը կարող է լաւ թուանշաններ արձանագրել: Յուսամ, որ դա լինի միայն: Բայց ունեմ լուրջ պատճառներ մտահոգուելու, որ մեզ դժուար օրեր են սպասւում: Մենք դժուար օրեր ենք ունենալու: Նախորդ հարցազրոյցիս մէջ ես խօսեցի Նախիջեւանի սահմանի վիճակից: Ես գիտեմ, որ ինքը աշխուժ է՝ յաճախ Ղարաբաղ է գնում, դիրքեր է այցելում, լաւ ելոյթներ է ունենում:

 

«ԱՐԱՐԱՏ».- Բայց մոռանում ենք Նախիջեւանի հարցի մասին:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Այս ամբողջը ինձ համար փափուկ բարձ չի դառնում իմ գլխի տակ, որովհետեւ ես նաեւ տեսնում եմ լուրջ վտանգները: Այդ լուրջ վտանգներից մէկը ասացի, Մայիսից այս կողմ զինամթերք չստանալն է: Այդ լուրջ վտանգներից մէկը՝ Պոլթընի յայտարարութիւններն էին, այդ լուրջ վտանգն այն է, որ այսօր Նախիջեւանի սահմանի վրայ իրավիճակը լաւ չի: Կայ լուրջ մտահոգութիւն: Տայ Աստուած, որ ես սխալուեմ, բայց ես իրաւունք չունեմ միամտանալ, ձեռքերս ծալել ու նստել, որովհետեւ ես կարող եմ ժողովրդի 70 տոկոս համակրանքը վայելող ղեկավարին յարգել, բայց ինձ համար Ղարաբաղը կեանքի իմաստ է:

 

«ԱՐԱՐԱՏ».- Մեր անվտանգութեան հարցն է:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Եւ մենք, իբրեւ կազմակերպութիւն, թոյլ չենք տալու, որ Ղարաբաղով գին վճարուի քաղաքական ուղղութիւն փոխելու համար: Մենք թոյլ չենք տայ, որ գունաւոր յեղափոխութեան համար, ինչպէս Ուքրանիան վճարեց Ղրիմը, Վրաստանը վճարեց Աբխազիան, Հայաստանը վճարի Ղարաբաղի գինը: Մենք դա թոյլ չենք տայ, որովհետեւ մեզ համար Ղարաբաղը շատ-շատ աւելի կարեւոր է, քան Ուքրանիայի համար Ղրիմն էր, Վրաստանի համար Աբխազիան: Սա մեր լինելիութեան հարցն է: Նորից եմ ասում, տայ Աստուած, որ ես սխալուեմ եւ իմ այս բոլոր նախազգացումները իրականութիւն չդառնան: Տայ Աստուած: Բայց ես ձեռքերս ծալելու, նստելու իրաւունք չունեմ, ես պէտք է զգօն լինեմ, հրապարակի վրայ լինեմ, ես պէտք է զգուշ լինեմ եւ նաեւ փորձեմ իմ ճիշդ խորհուրդներով թոյլ չտալ, որ ակամայ տեղի ունենայ այն, ինչ որ պէտք է տեղի ունենայ: Ես երբ խօսում էի Նիկոլի հետ, նրա բանտում եղած ժամանակ, սա էի ասում, որ այդ գինը մենք պէտք չէ վճարենք:

 

«ԱՐԱՐԱՏ».- Եւ ինչպիսի՞ն եղաւ արձագանգը, եթէ եղաւ:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ինքն ինձ հետ համաձայն եղաւ: Ես դա չեմ կարող հերքել: Ես յոյսով եմ, որ այսօր էլ ինձ հետ համաձայն է: Բայց իր քայլերը պէտք է նոյն տրամաբանութեամբ տեղի ունենան, նոյն տրամաբանութեամբ ինքը պէտք է քատրային քաղաքականութիւն ունենայ, քաղաքական ժեսթեր ունենայ, քաղաքական փոխյարաբերութիւնների մարտավարութիւն ունենայ եւ դրանք պէտք է իրար համապատասխանեն: Ապա թէ ոչ շինծու բան կը ստացուի:

 

«ԱՐԱՐԱՏ».- Պարոն Մարգարեան, մէկ ճշդում՝ սպառազինութեան չմատակարարման մասով սա փա՞ստ է, Մայիսից այս կողմ սպառազինութիւն չի՞ մատակարարուել:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Իմ տեղեկութեան համաձայն, որքան որ գիտեմ, այո:

 

«ԱՐԱՐԱՏ».- Շնորհակալ եմ, ծանր զրոյց ստացուեց, բայց խնդիրների մասին, ինչպէս ասում են, պէտք է բարձրաձայնել:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ծանր է երկրի վիճակը, ուրեմն ծանր զրոյցն աւելի իրական է:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

  1. Varouj Garabedian said:

    Երանի թէ ասանկ լուսաբանութիւններ տրվին ընտրութիւններու օրերէն դուրս, իրական փաստերով տրվին. օրինակ, ՀՄ կըսէ, որ որոշներուն չիքուէարկողը գործէ կը հանեն. քանի մը օրինակ տար, լսողները իրական կը համոզուին. ժողովուրդը բարի է եւ միայն այսօրւան բաները կը տեսնէ, երէկվանը կը մոռնայ, վաղւան համար ալ այսօրվան զօրաւորին կը հաւատայ: Պէտք է ժողովուրդին աչքը ամմէն վայրկեան բանանք, որպէսզի վաղը չիզղչայ «ժողովուրդ, ես քու ուզածդ կընեմ կոր» ըսողներուն: Աւելը եթէ իր ժամանակին չիգրծածես, օգուտ չունենար: Պարզ աւելը չիբաւեր. պէտք է էլէքտրոնիկ աւել բերենք:

*

Top