ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՄԵԼՔՈՆԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆԻ ՀԵՏ

1201arsine

1201arsine1

 

«Ապրող Սփիւռք» Խորագրով Ձեռնարկների Շարքով Կը Նշուի Նարեկացի Ամբիոնի 50ամեակը

 

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

1201arsine«Մելքոնեան համաշխարհային նախաձեռնութիւն» կազմակերպութիւնը Յունուարի 19ին կ՛անցկացնի ձեռնարկների շարք՝ «Ապրող Սփիւռք» խորագրով, որը նշանաւորելու է «Եու.Սի.Էլ.Էյ» համալսարանի Նարեկացի հայագիտական ամբիոնի 50 ամեակը:

Կազմակերպութեան ատենապետ Արսինէ Շիրվանեանը նշում է, որ միջոցառումն անցկացւում է իրենց առաքելութեան շրջանակներում՝ կենսունակութիւն հաղորդել պատմական ու առանցքային նշանակութիւն ունեցող ազգային կրթամշակութային հաստատութիւններին՝ կատարելագործելով եւ 21րդ դարին համահունչ դարձնելով նրանց գործունէութիւնը: «Մեր հիմնական նպատակներից է Սփիւռքում հայ մանուկի, պատանու ու երիտասարդի հոգում հայոց լեզուի ու մշակոյթի նկատմամբ սիրոյ սերմանումը, ինչը հնարաւոր է իրականացնել նրանց համար ընկալելի ժամանակակից ձեւերով», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշում է Շիրվանեանը:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ նպատակով ստեղծուեց «Մելքոնեան համաշխարհային նախաձեռնութիւն»ը:

ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- «Մելքոնեան համաշխարհային նախաձեռնութիւնը», ՄՀՆ (Melkonian Global Overture) որպէս կազմակերպութիւն հիմնադրուել է 2017թ.ին, թէեւ մեր աշխատանքները սկսուել են երեք տարի առաջ: Գլխաւոր առաքելութիւնն է՝ օգնել Սփիւռքում գործող հայկական այն կազմակերպութիւններին, որոնք այսօր դժուարանում են ինքնուրոյն գործել ֆինանսական  խնդիրների պատճառով: Մենք ջանում ենք առաջին հերթին աջակցել նշուած կառոյցներին՝ յաղթահարելու ներկայ դժուարութիւնները, միաժամանակ, փորձում ենք երկարատեւ լուծում գտնել, որ նշուած հաստատութիւնները ձեռք բերեն ինքնուրոյնութիւն եւ վերաձեւակերպեն 21րդ դարում իրենց գործառոյթը՝ ելնելով ժամանակի մարտահրաւէրներից ու պահանջներից:

Ես յաճախել եմ Մելքոնեան Կրթական հաստատութիւն եւ ոգեշնչուած եմ եղել միշտ ազգային բարերարներ Գրիգոր եւ Կարապետ Մելքոնեան եղբայրների առաքելութեամբ: Նրանք, մեր ազգի համար ամենադժուար ժամանակներում, կառուցեցին դպրոցներ, հիմնեցին Երեւանի Մայր գրադարանն ու Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ հազարաւոր գրքեր կազմեցին, որ մեր երիտասարդները սովորեն հայոց լեզուն: Իրենք հաւատում էին, որ միայն ազգային կրթութեան միջոցով է հնարաւոր պահպանել ազգային ինքնութիւնն ու կրթել ապագայի ղեկավարների: Մենք Մելքոնեանների ժառանգութեան կրողն ենք:

Կազմակերպութեան կարգախօսն է՝ «Ճանաչել, վերակենսարկել, վերահատատել», ինչն առաջին հերթին ենթադրում է մեր ինքնութեան կարեւորագոյն սիւների՝ լեզուի ու մշակոյթի պահպանումն ու տարածումը՝ ներգրաւուելով նոր սերնդի ներկայացուցիչներին: Ըստ այդմ, կազմակերպութեան գործունէութիւնը հիմնականում ուղղուած է կրթական ոլորտին, եւ մեր հիմնական թիրախային խումբը՝ պատանիներն ու երիտասարդներն են:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Ապրող Սփիւռք» խորագիրն է կրում «Մելքոնեան համաշխարհային նախաձեռնութեան» Յունուարի 19ի միջոցառումը: Ի՞նչ ծրագիր է նախատեսուած:

ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- «Մելքոնեան համաշխարհային նախաձեռնութեան» հիմնանպատակներից է աջակցել կրթական հաստատութիւններին, որոնց գործունէութիւնն ուղղուած է մեր ինքնութեան պահպանմանը Սփիւռքում: «Եու.Սի.Էլ.Էյ» համալսարանի Նարեկացի ամբիոնը համարւում է հայագիտական  կարեւորագոյն կենտրոններից Միացեալ Նահանգներում: Այս հաստատութեան աշխատանքը բացառիկ է նաեւ նրանով, որ բացի դասական, միջնադարեան եւ արդի հայերէնի, գրականութեան ու մշակոյթի ուսումնասիրութիւնից եւ ուսուցումից, այստեղ փորձ է արւում խթանել հայալեզու ստեղծագործական ներուժը: Մեր կազմակերպութիւնը յոյժ կարեւոր է համարում Նարեկացի ամբիոնի ծրագրերի պահպանումն ու զարգացումը, եւ հաշուի առնելով ֆինանսական  մարտահրաւէրները՝ մեր աջակցութիւնն ենք յայտնել համայնքի համար կենսական նշանակութիւն ունեցող այս կենտրոնին: Նարեկացի ամբիոնի 50ամեակը հիանալի առիթ է համայնքի հետ միասին տօնելու տարեդարձը երեք տարբեր բնոյթի ձեռնարկներով, որոնք տեղի կ՛ունենան 2019 թուականի Յունուարի 19ին:

Ծրագրի առաջին մասում, կ՛ամփոփուի կարճամետրաժ շարժապատկերների մրցոյթը, որին դիմելու վերջնաժամկէտը Դեկտեմբերի քսանն է: Մրցոյթին կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրներից հայ երիտասարդներ՝ պատրաստելով եւ մեզ ուղարկելով 3-5 րոպէ տեւողութեամբ շարժապատկերներ՝ «Հայկական արմատները եւ լեզուն. կապեր, ձգտումներ, ներուժ» թեմայի շրջանակներում: Ֆիլմը պէտք է ներկայացնի հայ երիտասարդի կապն իր լեզուի ու մշակոյթի հետ, նրա պատկերացումներն ու տեսլականը իր ինքնութեան պահպանման մասին:  Երեք լաւագոյն ֆիլմերը կ՛արժանանան դրամական մրցանակի: Գնահատող խմբի անդամներն են յայտնի արուեստագէտներ՝ Վահէ Պէրպէրեանը, Սեւ Օհանեանը, Նաթալի Գասապեանը, Ալպերթ Խուտակոլեանը: Մրցոյթի մասին մանրամասներին կարելի է ծանօթանալ մեր կայքում:

Ծրագրի երկրորդ ձեռնարկը, «Կենդանի լեզու» խորագրով, մասնագիտական քննարկում է, որ կը վարի «Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժնի տնօրէն Ռազմիկ Փանոսեանը: Քննարկման հիմնական թեման լինելու է, թէ ինչպէ՛ս լեզուն արդիական միջոցներով ուսուցանել եւ տարածել երիտասարդների շրջանում՝ մայրենին դարձնելով առօրեայ խօսակցական, ապրող լեզու: Որպէսզի հնարաւորինս մեծ թուով հայ պատանիներ մասնակցեն ձեռնարկին, նախատեսել ենք հայկական եւ հանրային դպրոցներից նրանց հանրակառքերով բերել «Եու.Սի. Էլ.Էյ»:

Ծրագրի երրորդ մասը՝ «Ռոյս» սրահում նախատեսուած ժամանակակից երաժշտութեան համերգն է երեկոյեան ժամը 7ին: Հանդէս կը գան երաժշտական տարբեր ոճերի յայտնի ու սիրուած կատարողներ, այդ թւում՝ Կրեկ Հօշարեանի ղեկավարութեամբ «Արմինիան փոփս նուագախումբը», հիփ-հոփ ոճի կատարող R-Mean-ը, Ալին Առուստամեանը, Այլին Ամիրեանը, Ջոն Վարթօն, Յովիկ Դէմիջանը, փոքրիկ Թինի-Թին, պարուսոյց Միհրան Կիրակոսեանը, հարուածային գործիքների կատարող Ջէյքըբ Արմէնը:

Յունուարի 19ի ձեռնարկը լաւագոյն օրինակն է, թէ ինչպէս ենք փորձում ներգրաւել երիտաարդներին մեր ծրագրերում, որպէսզի նրանք սիրեն ու գնահատեն մեր լեզուն ու մշակոյթը, եւ իրենք էլ ներգրաւուեն մեր ինքնութեան պահպանման գործում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս կարելի է մասնակցել ձեռնարկներին:

ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- Հրաւիրում ենք մեր համայնքին ներկայ գտնուելու Յունուարի 19ի ձեռնարկներին, որոնց մուտքն ազատ է: Միայն համերգն է տոմսով, եւ պատճառն այն է, որ հասոյթը ուղղուելու է տարբեր կրթական ծրագրերի եւ հաստատութիւնների, այդ թւում՝ Նարեկացի ամբիոնին: Մեր համայնքի սրտում գործող հայագիտական այս կենտրոնի հայոց լեզուի դասաւանդման ծրագիրը վտանգուած է ֆինանսական խնդիրների պատճառով, եւ այն լուծելու համար համերգի հասոյթի մի մասը կը տրամադրենք ամբիոնին: Ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները կը մասնակցեն Յունուարի 19ի միջոցառմանը՝ տեղեկանալու, հաճելի ժամանց անցկացնելու եւ աջակցելու մեր նոր սերունդների հայեցի կրթման ու դաստիարակման գործին:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պատմէք խնդրեմ «Մելքոնեան համաշխարհային նախաձեռնութեան» կողմից իրականացուող այլ ծրագրերի մասին:

ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- Մեր կազմակերպութեան առաւելութիւնն այն է, որ անդամներ ունենք աշխարհի տարբեր անկիւններում, եւ ստանում ենք բազմապիսի տեղեկութիւն տարբեր համայքներում գործող հաստատութիւնների, նրանց առջեւ ծառացած մարտհարաւէրների մասին: Համադրելով մեր տեղեկութիւնները, առաջնահերթութեան կարգով աջակցում ենք  կառոյցներին:

Մեր կազմակերպութիւնը ֆինանսական օժանդակութիւն է տրամադրում Վենետիկում գործող Փադոքս-Արաքսես մշակութային հաստատութեանը, որ 34 տարի է կազմակերպում է ամառային ճամբար՝ աշխարհի տարբեր ծայրերից հայ աշակերտների առաջարկելով հայոց լեզուի, մշակոյթի եւ պատմութեան դասեր: «Մելքոնեան համաշխարհային նախաձեռնութիւն»ն անցեալ տարի մի քանի կրթաթաշոկ է տրամադրել Փադոքս-Արաքսես կենտրոնում ուսանել ցանկացող հայ պատանիների, ինչպէս նաեւ՝ որոշակի գումար կենտրոնի վարչական կարիքների համար:  Փորձում ենք շարունակել աջակցութիւնը՝ յաջորդ տարի եւս, եւ քաջալերում ենք ամերիկահայ երիտասարդներին յաճախելու այդ դասընթացներին:

«ՄՀՆ»ը շուրջ քսան հազար դոլար է նուիրաբերել Նարեկացի ամբիոնին՝ պահպանելու համար հայոզ լեզուի յաջորդ տարուայ դասաւանդումը:

Միւս ծրագիրը, որ մեզ համար շատ կարեւոր է, «Կիւլպէնկեան» հիմնարկութեան  «Զարմանզան» ամառային բանակումն է, որն ուղղուած է նաեւ արեւմտահայերէնի վերաշխուժացմանը: Ծրագիրը նախատեսուած է տարբեր տարիքային խմբերի համար եւ իւրայատուկ բնոյթ ունի: Լեզուն մատուցւում է տարբեր արդիական ձեւերով՝ երաժշտական, թատերական եւ պարային աշխատանոցներում, գեղարուեստի, գրական ընթերցումների միջոցով: Անձնական փորձառութեամբ կարող եմ փաստել, որ շատ հաճելի ու արդիւնաւէտ ծրագիր է. անցեալ տարի Ֆրանսիայի Ալպեան լեռներում անցկացուած ճամբարին մասնակցեց նաեւ աղջիկս եւ տուն վերադառնալուց յետոյ խօսում էր միայն հայերէն ու երգում հայկական երգեր, ինչը բաւական մեծ արդիւնք էր երեք շաբաթուայ համար: «Մելքոնեան համաշխարհային նախաձեռնութիւն»ն անցեալ տարի տասը կրթաթոշակ տրամադրեց ծրագրին, եւ շարունակելու ենք յատկացնել նաեւ 2019 թուականին:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Մելքոնեան համաշխարհային նախաձեռնութեան» ծրագրերը հնարաւոր են դարձել մեծապէս ձեր անձնական բարոյական ու ֆինանսական ներդրման շնորհիւ: Որքանո՞վ է կարեւոր հայ համայնքի մասնակցութիւնը ձեր նախաձեռնութիւններին:

ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- Ինձ համար Մելքոնեան Կրթահական հաստատութեան փակումը շատ մեծ վիշտ էր, եւ դա կարծես դաս լինէր, որ այնպէս անենք, որ որեւէ այլ հայկական կրթօջախ երբեւէ նոյն ճակատագրին չարժանանայ: Սա պատճառ դարձաւ ստեղծելու կազմակերպութիւնը՝ յստակ առաքելութեամբ, եւ որդեգրեցինք մեր ազգային բարերար Մելքոնեան եղբայրների հիմնական սկզբունքները:

Մենք հաւատում ենք, որ մեր դպրոցները մեր սերունդներին հայեցի կրթող դարբնոցներ են, որտեղ հայ մանուկն ու պատանին հաղորդակից են լինում հայոց լեզուին, սովորում սիրել ու գնահատել մայրենին: Միաժամանակ, մեր իւրաքանչիւր դպրոց նաեւ համամարդկային արժէքներ մատուցող մի դեսպանատուն է, որտեղ կերտւում են մեր ապագայի առաջնորդները:

Մենք մի ազգ ենք, որ դարեր ապրել է Սփիւռքում, եւ մեր լեզուն եղել է ոչնչացման եզրին: 300 տարի առաջ, օրինակ, Մխիթարեանները փրկեցին հայոց լեզուն: Եւ ուրեմն, մենք էլ չպէտք է յուսահատուենք եւ պայքարենք մեր լեզուն կենդանի պահել՝ սատարելով հայ կրթօջախներին: Այս գործում մենք ներգրաւում ենք նաեւ երիտասարդների, որպէսզի մեր նոր սերունդները պատասխանատուութեան զգացումով համակուեն առ այն, որ աշխարհասփիւռ հայ կենտրոնները պատկանում են նաեւ իրենց, եւ իրենք պէտք է շարունակեն մեր գործը:

Ակնկալում ենք, որ հայ համայնքի անդամները կը դառնան համախոհ, եւ իրենց նուիրատուութիւններով ու մասնակցութեամբ կ՛աջակցեն մեր ծրագրերին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top