Հայ-Ամերիկեան Գործարար Խորհրդի Ձեռնարկի Բանախօսները Յորդորեցին Ներդրումներ Կատարել Հայաստանում

1213alec1

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Հայաստանի տնտեսութեան ներկայ իրավիճակին, գործարար միջավայրին ու ներդրումային հնարաւորութիւններին Լոս Անջելեսի գործարար հանրութիւնն առիթ ունեցաւ ծանօթանալու  Հայ-Ամերիկեան Գործարար խորհրդի կազմակերպած Նոյեմբերի 27ի ձեռնարկի ժամանակ:

«Հայաստանում գործ հիմնելու ճանապարհային քարտէզ» անուանումով միջոցառման գլխաւոր բանախօսն էր Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանը, Հայաստանում ներդրումների եւ ԱՄՆում հայկական արտադրանքը ներկայացնելու իրենց փորձով կիսուեցին տարբեր ոլորտների գործարարներ: Հայաստանի եւ Կալիֆորնիայի ու Լոս Անջելեսի միջեւ տնտեսական յարաբերութիւնների զարգացման հեռանկարների մասին ելոյթ ունեցան Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարեանն ու Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Փօլ Գրիգորեանը:

1213alec first

Արմէն Բայբուրդեանը մասնաւորապէս ներկայացրեց Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ տնտեսութեան ոլորտի ձեռքբերումները։ «Կարճ ժամանակում Հայաստանում արձանագրուել է  տնտեսական ազատութեան խոշոր աստիճան, շուկաներն առաւել հասանելի են դարձել, տրուած են հաւասար տնտեսական հնարաւորութիւններ: Յեղափոխութիւններին բնորոշ՝ տնտեսութեան վրայ հնարաւոր բացասական ազդեցութիւններ տեղի չեն ունեցել: Յեղափոխութեան մեծագոյն ձեռքբերումներից է՝ մենաշնորհների եւ կոռուպցիայի վերացումը՝ բիզնեսին առնչուող ոլորտներում: Իմ այս յայտարարութիւնը հաստատում են նաեւ բազմաթիւ գործարարներ, ովքեր վերջերս առնչութիւն են ունեցել համապատասխան մարմինների հետ եւ չեն հանդիպել կոռուպցիայի դէպքերի: Սա, բնականաբար, չի նշանակում, որ կոռուպցիան ամբողջովին արմատախիլ է արուել, սակայն նման ընթացքի դէպքում, մենք շուտով ականատես կը լինենք վերջնական դրական արդիւնքների», իր ելոյթում նշեց գլխաւոր հիւպատոսը: Նա, այնուհետեւ անդրադարձաւ Հայաստանի տնտեսութեան կառուցուածքին, որ երեք հիմնական բաժիններից է կազմուած. գիւղատնտեսութեան ոլորտը (18 տոկոս) արդիւնաբերութիւն (28 տոկոս) եւ ծառայութիւնների ոլորտ (55տոկոս): Հայաստանում մէկ շնչին ընկնող ՀՆԱն կազմում է շուրջ 3 880 դոլար: Արմէն Բայբուրդեանը նշեց, որ այս տարի մեծապէս աճել է զբօսաշրջիկների թիւը, միաժամանակ՝ նուազել են արտագաղթի թուերը (Մայիսից մինչ Սեպտեմբեր՝ 15 հազար մարդ է հեռացել Հայաստանից, նախորդ տարիների նոյն ժամանակաշրջանի շուրջ 55 հազարի փոխարէն): Ըստ նրա, մեծ է Հայաստան տարբեր պատճառներով, այդ թւում՝ գործ հիմնելու նպատակով, վերադարձողների քանակը:

1213alec5

Գլխաւոր հիւպատոսն անդրադարձաւ նաեւ Հայաստան-Միացեալ Նահանգներ տնտեսական յարաբերութիւններին՝ ներկայացնելով երկկողմ մի շարք պայմանագրեր, որոնք գործարարներին շահաւէտ պայմաններ են առաջարկում: Արմէն Բայբուրդեանը յորդորեց ներդրումներ կատարել Հայաստանում եւ շնորհակալութիւն յայտնեց Հայ-Ամերիկեան Գործարար խորհրդին՝ ի դէմս հիմնադիր Ալէք Բաղդասարեանի, ձեռնարկի անցկացման եւ կազմակերպութեան գործունէութեան համար:

2016թ.ին Լոս Անջելեսում հիմնադրուած Հայ-Ամերիկեան Գործարար խորհրդի (AABC) հերթական հիմնական նպատակներն են՝ խթանել եւ ամրապնդել Հայաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւնները, ստեղծել համապատասխան միջավայր երկու երկրների գործարարների համար ծանօթանալու եւ ներկայացնելու իրենց գործնական հնարաւորութիւններն ու արտադրանքը, նպաստել Հայաստանում ներդրումների աւելացմանը: «Սա մեր ծրագրային ձեռնարկներից մէկն է, որի նպատակն է՝ Հայաստանից եւ ԱՄՆից մասնագէտ բանախօսների միջոցով ընդգրկուն տեղեկութիւն տրամադրել Հայաստանում գործարարների համար առկայ հնարաւորութիւնների մասին: Մեր խորհրդի անդամների միջոցով էլ այսօր փոխանցում ենք ՀՀ կառավարութիւնից ստացած տնտեսութեան մի քանի ճիւղերի, այդ թւում՝ բարձր տեխնոլոգիաների, գիւղմթերքների, էներգետիկ ոլորտի, ոսկերչութեան ու դեղագործութեան մասին տեղեկութիւններ», նշեց Հայ-Ամերիկեան Գործարար խորհրդի ղեկավար Ալէք Բաղդասարեանը: Խօսելով կազմակերպութեան կատարած աշխատանքի մասին, նա նշեց Ամերիկեան հեղինակաւոր էքսպօ-ցուցահանդէսներում Հայաստանի եւ Արցախի ներկայացումը, այդ թւում՝ այնտեղ արտադրուող ապրանքներն ու մատուցուող ծառայութիւնները, Հայաստանից կառավարական պատուիրակութիւնների ընդունումն ու համատեղ նաեւ հանրային միջոցառումների անցկացումը եւ այլ:

1213alec

Հայաստանում ստեղծուած տնտեսական նոր իրավիճակը ներկայացրեց նաեւ ձեռնարկին ներկայ՝ ՀՀ ԱԳՆ գլխաւոր քարտուղար Վահագն Մելիքեանը: Այնուհետեւ խօսքը տրուեց Հայաստանում տարբեր ոլորտներում գործ հիմնած անհատների: «Լեւոն Թրեւլ» ընկերութեան նախագահ Կարպիս Թիթիզեանը, ով հայրենիքում բիզնես հիմնած սփիւռքահայ առաջին գործարարներից է, կոչ արեց ամերիկահայերին հնարաւորինս ներդրումներ կատարել Հայաստանում եւ խոստացաւ անձամբ խորհրդատուութիւն տրամադրել ցանկացողներին: «Արարատ» կոնեակի գործարանի Ամերիկեան ներկայացուցիչ Կարէն Մէյմարեանն էլ յայտնեց, որ Հայաստանում արտադրուող հանրայայտ ապրանքանիշի տեսականին մեծ յաջողութեամբ է իրացւում ամերիկեան շուկայում: Ոսկերչութեան ոլորտում, նաեւ սփիւռքահայ գործարարների ակտիւ մասնակցութեամբ Հայաստանում գրանցուած ձեռքբերումների եւ ոսկերչութեան գործում առկայ հնարաւորութիւնների մասին խօսեց Հայ ոսկերիչների համաշխարհային միութեան անդամ Սարգիս Նուրեանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ոսկերչական զարդերի արտահանման ծաւալները վերջին շրջանում բաւական մեծացել են՝ շնորհիւ նաեւ Գագիկ Գէորգանի ջանքերով  ժամագործութեան, ադամանդագործութեան, ոսկեգործութեան ոլորտի ընկերութիւնների համար ստեղծուած ազատ տնտեսական գօտու: Անդրադարձ եղաւ նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկայ գրաւիչ հնարաւորութիւններին, որ ՀՀ տնտեսութեան գերակայ ճիւղերից է:

1213alec2

Լոսանջելեսահայ համայնքում յայտնի հասարակական-ազգային գործիչ Տիգրան Պապիկեանը պատմեց Հայաստանում առողջապահական ոլորտում իր նախաձեռնութեան մասին: Խօսելով դժուարութիւններից ու մարտահրաւէրներից, նա նշեց, որ նոր գործ հիմնելու առումով խնդիրներ կարող են առաջանալ իւրաքանչիւր երկրում, եւ Հայաստանում դրանք նոյնպէս յաղթահարելի են: Պապիկեանը հայրենիքում գործ հիմնելու նպատակով ներգրաւել է նաեւ ոլորտում յայտնի գերմանացի գործընկերոջ, ում հետ միասին կառուցում են գործարան, որ կ՛արտադրի մասնաւորապէս ախտահանման համար անհրաժեշտ պարագաներ: Տիգրան Պապիկեանը նաեւ զբաղւում է ներմուծմամբ՝ աջակցելու համար հայ գինեգործներին: Նա բարձր գնահատեց  Հայ-Ամերիկեան խորհրդի դերը երկկողմ յարաբերութիւնների զարգացման գործում՝ յիշելով, որ Հայաստանում գործ սկսելու մտայղացումն իրականութիւն դարձաւ կազմակերպութեան՝ Լոս Անջելեսում անցկացուած ձեռնարկներից մէկի ժամանակ, որտեղ ծանօթացաւ Հայաստանի զարգացման հիմնադրամի անդամներին եւ նրանց հետ հաղորդակցութեան արդիւնքում ստացաւ անհրաժեշտ տեղեկութիւն եւ աջակցութիւն: Նա նշեց, որ պատրաստ է սիրով կիսուել իր փորձով:

Ձեռնարկի պաշտօնական մասի աւարտին, ձեռնարկին ներկայ շուրջ 200 հիւրերն առիթ ունեցան անձամբ ծանօթանալու եւ հարցեր ուղղելու բանախօսներին: Օգտուելով առիթից, արձանագրեցի մի քանի գործարարների յաջողութեան պատմութիւններ:

Ամերիկեան գործարար Շահէն Նազարեանը պատմեց Հայաստանում իր գործի՝ սոյա ցանելու եւ մշակելու մասին՝ ընդգծելով յաջողութիւնները, ինչի արդիւնքում նա ընդլայնում է իր գործը: «Լաք Փրոդուքթս» (LAC Products) ընկերութիւնը առաջինն էր, որ միջազգային դրամական փոխանցում է կատարել Արցախին (Արցախ Ալկօ ընկերութեանը): Տնօրէն Արա Քիւրքչեանը պատմում է, որ իրենք Հայաստանից Միացեալ Նահանգներ ալկոհոլային տարբեր տեսականի ներմուծող առաջին ընկերութիւններից են, եւ շարունակելով շուրջ երկու տասնամեակ՝ այժմ էլ ներկայացնում են այնպիսի յայտնի ապրանքանիշներ՝ ինչպիսիք են «Նոյ», «Տիգրան Մեծ», «Մեսրոպ Մաշտոց» եւ այլ կոնեակներ, հայկական գարեջուր, նաեւ՝ «Վան Արդի», «Վեդի Ալկո» եւ մի շարք այլ գործարանների գինիներ: «Մենք ընտրում ենք համեմատաբար փոքր գինեգործական ընկերութիւնների եւ համագործակցում նրանց հետ՝ քաջալերելով, որպէսզի չփակուեն եւ կարողանան ինքնուրոյն գործել», նշում է Քիւրքչեանը:

Հայաստանաբնակ բժիշկ, դեղագործական ոլորտի առաջատար մասնագէտ Բագրատ Լալայեանը, ով ժամանակաւոր բնակւում է ԱՄՆում բաւականաչափ տեղեկութիւններ տրամադրեց Հայաստանում, իր ոլորտում առկայ հնարաւորութիւնների մասին՝ պատմելով իր յաջողութեան պատմութիւնը: Լալայեանի հիմնած ընկերութիւնը Հայաստանում ներկայացնում է համաշխարհային դեղագործական ընկերութիւնների, եւ ունի 50 աշխատող: Նա պատմեց նաեւ դեղերի հայկական արտադրութիւնների մասին, ովքեր ճանաչուած են միջազգային չափանիշներով: Նա նշեց, որ ոլորտը խոստումնալից է, կան բարձրակարգ մասնագէտներ եւ ներդրումները շահաւէտ կը լինեն:

1213alec1

Հայ-Ամերիկեան Գործարար խորհրդի անդամներից Մինաս Սահակեանն էլ ներկայացրեց գիւղատնտեսութեան ոլորտի հնարաւորութիւնների ու չիրացուած ռեսուրսների մասին: Ըստ նրա, ներդրումների, տեխնոլոգիաների եւ ռեսուրսների համակենտրոնացման պարագայում հնարաւոր է ստանալ բաւական լաւ արդիւնք եւ նպաստել նաեւ գիւղական բնակչութեան զբաղուածութեան բարձրացմանը: Անդրադառնալով Գործարար խորհրդի նշանակութեանը, Սահակեանը նշեց, որ  օտարեկրեայ, այդ թւում՝ սփիւռքահայ ներդրողների հիմնական խնդիրներից է այն, որ յաճախ չեն հասկանում հայաստանաբնակներին գործելաոճը, ինչը բխում է երկրին բնորոշ առանձնայատկութիւններից: «Մենք խօսում ենք նոյն լեզուով, բայց բիզնեսի հարցում մտածում ենք տարբեր եւ դա համակարգային տարբերութիւն է: Խորհրդի նպատակներից մէկն էլ մեր սփիւռքահայ հայրենակցիներին մատչելի ձեւով ներկայացնել այն փոքր խնդիրները, որոնք կուտակուելով կարող են աւելի մեծ խնդրի պատճառ դառնալ»:

Գործարար խորհրդի անդամներից Յովհաննէս Տէր Զաքարեանն էլ նշեց, որ Սփիւռքի ու Հայաստանի միջեւ պէտք է լինի հաւասար իրաւունքների վրայ հիմնուած  փոխշահաւէտ համագորակցութիւն:

Հայ-Ամերիկեան Գործարար խորհրդի անդամները կոչ ուղղեցին համայնքի գործարարներին, մասնագէտներին, ովքեր յաջողուած փորձ ունեն ԱՄՆում, իրենց նպաստը բերել հայրենիքի զարգացման գործին՝ կիսուելով փորձով, հմտութիւններով, եւ հանդէս գալով առաջարկներով՝ դրանք զետեղելով նաեւ կազմակերպութեան Ֆէյսբուքի էջում: Նրանք նաեւ յորդորում են ցանկացողներին անդամակցել կազմակերպութեանը

Հայ-Ամերիկեան Գործարար խորհրդի ձեռնարկի գործընկերն էր «Բիզնես Արմէնիա» կազմակերպութիւնը, (վերանուանուած՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը) որ ստեղծուել է ՀՀ կառավարութեան կողմից 2015թ.՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելութեամբ։

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top