Վաչագան Ղազարեան Պատրաստ Է 6 Միլիոն Տոլար Փոխանցելու Պետութեան

1213vachaganghazarian

1213vachaganghazarian

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Պետական պահպանութեան ծառայութեան պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի թիկնազօրի պետ Վաչագան Ղազարեան յայտարարեց, որ պատրաստ է 6 միլիոն տոլարի չափով գումար փոխանցել պետութեան:

Ղազարեանի տարածած յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը. «Քրէական վարոյթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ եւ իմ կնոջ բանկային հաշիւներին շուրջ տասը տարի առկայ, ինչպէս նաեւ մեր բնակարանում խուզարկութեան ժամանակ առգրաւուած կանխիկ դրամական միջոցների ծագման աղբիւրները: Մասնաւորապէս, յայտնել եմ , որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀից դուրս բնակուող յայտնի գործարար եւ բարերար իմ մտերիմ ընկերոջը, որի տուեալները նպատակայարմար չեմ համարում այս պահին հրապարակել:

Այդ գումարների ծագման աղբիւրները օրինական են, ինչի վերաբերեալ ապացոյցներ ներկայացուել են վարոյթն իրականացնող մարմնին: Այդ գումարները ստացուել են մինչեւ ապօրինի հարստացման քրէականացումը, այսինքն՝ մինչեւ 2017 թուականի Յուլիս 1ը: Նշուած գումարները յօգուտ պետութեան բռնագրաւուելու նպատակով քրէական վարոյթն իրականացնող մարմնի յանձնարարութեամբ տարբեր պետական մարմինների կողմից փորձ է արւում տարբեր եղանակներով իմ եւ իմ ընտանիքի անդամների հետ կապել մի շարք ընկերութիւններ, բիզնեսներ, ապօրինի կալանքի տակ են գտնւում ինձ հետ ազգակցական եւ խնամիական կապի մէջ գտնուող անձանց պատկանող գոյքերը եւ դրամական միջոցները: Ինձ հետ կապ չունեցող ընկերութիւններում իրականացւում են հարկային ստուգումներ, որոնց արդիւնքները փորձ է արւում կապել իմ անուան կամ վերը նշուած դրամական միջոցների հետ:

Կարծում եմ, որ այս հանգամանքներով է պայմանաւորուած նաեւ դատական մարմինների սուբյեկտիւ (ենթակայական, կողմնակալ-Խմբ.) դիրքորոշումը, որոնք շարունակում են մերժել գրաւի դիմաց ինձ ազատ արձակելու մեր բոլոր հիմնաւորուած միջնորդութիւնները, եւ հիմք են ընդունում վարոյթն իրականացնող մարմնի ոչնչով չպատճառաբանուած փաստարկները: Նման պայմաններում ունեմ մտավախութիւն, որ առանց բաւարար հիմքերի դատարանի կողմից կ՛երկարաձգուեն նաեւ կալանքի տակ ինձ պահելու ժամկէտները: Անկախ այս ամէնից, ես եւ ընկերս քրէական վարոյթն իրականացնող մարմնի համաձայնութեան դէպքում պատրաստակամ ենք վերը նշուած ամբողջ դրամական միջոցները՝ մօտ 6 միլիոն դոլարի չափով, փոխանցել պետութեանը՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան ամրապնդմանն ուղղուած ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»:

Նշեքն, որ Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանը Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերին մերժեց Ղազարեանը գրաւով ազատ արձակելու միջնորդութիւնը:

Յիշեցնենք, որ Վաչագան Ղազարեան մեղադրուած է Հայաստանի բարձրաստիճան պաշտօնատար անձերու վարքի յանձնաժողովին ներկայացուցած յայտարարագիրներուն մէջ իր ունեցած դրամական միջոցներուն իրական չափը թաքցնելու եւ ապօրինի հարստացման յանցանքով:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top